ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 23 » Ժամանակաշրջանի հայելին / Հայաստանի առաջին Հանրապետության մամուլը 1918—1920թթ./
11:23
Ժամանակաշրջանի հայելին / Հայաստանի առաջին Հանրապետության մամուլը 1918—1920թթ./

Հարյուր տարի առաջ Հայաստանի անկախ պետության վերականգնումը նշանակալի իրադարձություն էր ոչ միայն պատմաքաղաքական, այլեւ մշակութային եւ հասարակական կյանքի աշխուժացման առումով։ Առաջին հանրապետության ընդամենը 2.5 տարվա ընթացքում երկրում բուռն ծաղկում ապրեց պարբերական մամուլը։ Մի քանի տասնյակ անուն պարբերականներ են հրատարակվել Երեւանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, Գորիսում, Շուշիում եւ այլուր։ 
Լրատվական դաշտի կայացման համար նշանակալի իրադարձություն էր 1918 թվականի վերջում Հայաստանի պառլամենտի որոշմամբ Հայաստանի Հանրապետության հեռագրական գործակալության ստեղծումը (Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 200, ց. 1, գ. 86, թ. 18 տպագիր)։ Ընդունված օրենքի համաձայն՝ բոլոր պետական եւ հասարակական հիմնարկությունները պարտավորվում էին տեղեկություններ տալ գործակալությանը։ Արգելվում էր տեղեկություններ տալ մասնավոր անձանց եւ հաստատություններին, նախքան գործակալությանը հաղորդելը։ Գործակալության հեռագրերի բաժանորդագինը Երեւանի պարբերական հրատարակությունների համար ամսական 300 ռ. էր, գավառինը՝ 200 ռ., իսկ մասնավոր անձանց համար՝ առանց օրինակների բազմացման իրավունքի՝ 50 ռ.։ Հայաստանի խորհրդի նիստերի մասին եղած հեռագրերի համար նախատեսված էր լրացուցիչ 100 ռ.։ Գործակալությունն իր աշխատանքները սկսել է 1919թ. հունվարի 15—ից։ Վերջինիս աշխատանքների կանոնավոր ընթացքն ապահովելու համար բոլոր պետական եւ հասարակական հիմնարկությունները պարտավորվում են ամեն օր եւ պարտադիր սկզբունքով տեղեկություններ տալ գործակալությանը հասարակական նշանակության բոլոր իրադարձությունների վերաբերյալ։ Լուրեր հաղորդելու ժամեր էին սահմանվել ցերեկվա 12, եւ երեկոյան 5—ը (ՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 36)։ Գործակալության հասցեն էր՝ Երեւան, Տեր—Ղուկասյան փողոց 64, Խնամատարության մինիստրության գրասենյակ։ Նշենք, որ Հայաստանի հեռագրական գործակալությունը 1920—1922 թթ. կոչվել է «Արմենկավռոստա», ապա՝ «Արմենռոստա», 1922—1972 —ին՝ ՀՀԳ (Հայկական հեռագրական գործակալություն), իսկ 1972—ից առայսօր՝ «Արմենպրես»։
Անդրադառնալով տպագիր մամուլին, ներկայացնենք այն պայմանական բաժանմամբ՝ ըստ պաշտոնական, այդ թվում նաեւ կիսապաշտոնական թերթերի, կուսակցական եւ, ի վերջո, անկախ համարվող մամուլի։


Պաշտոնական մամուլ
 

Հայաստանի առաջին Հանրապետության պաշտոնական մամուլի նպատակն էր հրապարակել եւ տարածել կառավարության եւ խորհրդարանի ընդունած օրենքները, օրենսդրական ակտերը, որոշումներն ու հրամանները։ Պետական առաջին տպագիր լրատվամիջոցը 1918թ. հուլիսից լույս տեսնող «Հայոց ազգային խորհրդի լրատու» եռօրյա թերթն էր, որի տպագրությունն ընդհատվեց հուլիսի 23—ին։ Դրան հաջորդեց կառավարության պաշտոնաթերթ «Կառավարության լրաբերը», որն էլ դարձավ հանրապետության գլխավոր տպագիր լրատվամիջոցը 1918—1920 թթ.։ Այն լույս էր տեսնում երեքշաբթի եւ ուրբաթ օրերին, գինը՝ 50 կոպեկ։ Գործել է նաեւ բաժանորդագրություն՝ մեկ տարվա համար 12, մեկ ամսվա համար՝ 3 ռուբլի։ Հասցեն է եղել Հասարակապետության տուն, «Լրաբերի» խմբագրատուն, Երեւան։ Պաշտոնական լրահոսը ներկայացվել է հայերեն եւ ռուսերեն լեզուներով։ «Կառավարության լրաբերը» լույս է տեսել 1918թ. սեպտեմբերի 1—ից մինչեւ 1920թ. հուլիսի 20—ը։
Գրքույկներով հրատարակվել է Հայաստանի խորհրդի՝ պառլամենտի օրենքների հավաքածուն։ Պաշտոնական մամուլի շարքին էր դասվում ռազմական նախարարության «Ռազմիկ» (Զորական) 16 էջանոց շաբաթաթերթը։ Այն սկսել է լույս տեսնել 1920թ. օգոստոսից մինչեւ թուրք–հայկական պատերազմը։
ՀՀ կիսապաշտոնական պարբերականների թվին էր դասվում Հայկոոպի օրգան «Հայաստանի կոոպերացիա» (Երեւան, 1919—1920թթ.) երկշաբաթաթերթը, որի կարգախոսն է եղել. «Միությունը ուժ է»։ Այն անդրադարձել է կոոպերացիաների գործունեությանը, խնդիրներին ոչ միայն Հայաստանում, այլեւ ներկայացրել է համաշխարհային փորձը։ Երկշաբաթաթերթը հրատարակման երկրորդ տարվանից (1920թ.) ունեցել է գրական բաժին, որտեղ տպագրվել են Եղիշե Չարենցի, Ստեփան Զորյանի, Արմենուհի Տիգրանյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Լեոյի, Հովհաննես Թումանյանի, Վրթանես Փափազյանի, Խորեն Լորենցի, Վահան Տերյանի եւ ժամանակի գրողների ստեղծագործությունները։
Կիսապաշտոնական պարբերականների թվին կարելի է դասել Կարսում լույս տեսած «Աշխատավորի ձայն» բանվորագյուղացիական երկօրյա թերթը (1920թ.), որի գինն էր 25 ռուբլի։ Գործել է բաժանորդագրություն՝ 1 ամիսը 250, 2 ամիսը՝ 500, 3 ամիսը՝ 750 ռուբլի, արտասահմանի համար գները կրկնակի են եղել։ Առաջին համարը լույս է տեսել 1920թ. հունիսի 13—ին, կիրակի օրը։ Ինչպես նշված է թերթի առաջին համարի խմբագրականում, այն պետք է պաշտպաներ աշխատավորների եւ գյուղացիների տեսակետն ու շահերը եւ հանդես գար իբրեւ Վանանդի աշխատավորության շահերի պաշտպանության արտահայտիչ՝ իր էջերում առաջնակարգ տեղ հատկացնելով աշխատանքի պաշտպանությանը, արհեստակցական միությունների, կոոպերատիվների խնդիրներին։
1920թ. հոկտեմբերի 14—ին Կարսում սկսում է լույս տեսնել «Դիրքերում» օրաթերթը։ Այն անդրադարձել է դիրքերում ապրողների, այսինքն՝ զինվորների առօրյային, խնդիրներին՝ կարեւորելով թիկունքի եւ առաջնագծի ամուր կապը։ 1918 թ. սկսում է լույս տեսնել Ալեքսանդրապոլի հայ զինվորական կոմիտեի «Մարտիկ» շաբաթաթերթը։ Այն անդրադառնում էր բանակային գործին եւ ռազմական ոլորտին ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ՝ աշխարհում տեղի ունեցող ռազմական իրադարձություններին։
Արցախում լույս են տեսել «Ղարաբաղի սուրհանդակ» (Շուշի, 1918թ.) եւ «Արցախ» (Շուշի, 1919թ.) թերթերը։
1919թ. հուլիսի 29—ին Մինիստրների խորհուրդը որոշում է ընդունում Հանրային կրթության եւ արվեստի մինիստրության օրգան «Բանբերի» հրատարակության համար 27 000 ռ. հատկացնելու մասին (ՀԱԱ, ֆոնդ 199, ց. 1, գ. 57, թ. 178 բնագիր, ձեռագիր)։
Հայաստանի պառլամենտի նախագահության կողմից 1919թ. դեկտեմբերի 21—ին մեկ համարով հրատարակվել է «Բանակի օր» թերթը։ Խմբագրական կազմի մեջ էին Դ. Անանունը, Սիմոն Վրացյանը, Եր. Հարությունյանը։ 
Խմբագրության կողմից գրված էր, որ դեկտեմբերի 19, 20 եւ 21—ը հայկական բանակի մեծարանքի օրերն են։ Հայ գրականության մշակները մեր զինվորներին են ուղղել իրենց բարեմաղթանքները եւ նրանց տոնին նվիրել միօրյա թերթը։ «Բանակի օր»—ից գոյացած եկամուտը տրամադրվելու էր զինվորների համար տոնական նվերներ առնելու նպատակով։ Թերթում տեղ են գտել բանաստեղծություններ, որոնք պատկանել են Հովհաննես Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի, Արմենուհի Տիգրանյանի, Վահրամ Փափազյանի գրչին։ Նիկոլ Աղբալյանն անդրադարձել է զորքի դաստիարակության խնդիրներին, Լեոն գրել է Գանձասարի մասին, ներկայացվել են Լեւոն Շանթի «Շղթայված Արտավազդ»—ից մի հատված, Ստեփան Զորյանից՝ «Բանտը»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Շարունակելի

 

Կատեգորիա: Հայրենիք | Դիտումներ: 455 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024