ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 15:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 23 » Մեծամորը ժամանակագրությամբ
11:39
Մեծամորը ժամանակագրությամբ

Մեծամոր քաղաքի բնակարանային շինարարությունը սկսվել է 1970 թվականին /շինարարության պետ` վաստակավոր շինարար Արշալույս Մելիքսեթյան/: Գլխավոր հատակագիծը և հասարակական շենքերը նախագծվել են 1968 թվականին /ճարտարապետ` Մ. Միքայելյան, համահեղինակներ Գ. Հովսեփյան, Կ. Տիրատուրյան/: Մեծամորը հիմնադրվեց 1969 թվականին` որպես ՀԱԷԿ-ը կառուցող շինարարների ժամանակավոր ավան: 1972 թվականին դարձել է բանավան, իսկ 1992 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ: Առաջին բնակելին` թիվ 2-րդ շենքը շահագործման է հանձնվել 1972 թվականին: Քաղաքի առաջին բնակիչները վաստակաշատ շինարար Վահրադ Վահրադյանի ընտանիքի անդամներն են: Քաղաքի առաջին երկարակյացը Վահրադ Վահրադյանի 111 ամյա մայրն էր` Փեփրոն Վահրադյանը: 1972 թվականին քաղաքի առաջին նորաբաց դպրոցն ուներ 16 դասարան և 183 աշակերտ: Գրիգոր Նարեկացու անվան առաջին դպրոցը 1973-98 ուսումնական տարիներին տվել է 1425 շրջանավարտներ, որոնցից 26-ը ոսկե և արծաթե մեդալակիրներ են: Շրջանավարտներից 250 ավարտել են բարձրագույն տարբեր ուսումնական հաստատություններ: Այս ցուցանիշները մինչև 2015 թվականը աճման կարգով պահպանվել են, թեպետ եղել են տարիներ, երբ աճ չի գրանցվել աշակերտների թվի նվազման պատճառով: Մեծամորի թիվ 2 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1980 թվականին, իսկ 1996 թվականին տեղափոխվել է նոր շենք: 1980-98 ուսումնական տարիներին դպրոցը տվել է 584 շրջանավարտ, որից 24-ը մեդալակիր: 262 շրջանավարտ ստացել է բարձրագույն կրթություն: Հետագա տարիներին բարձրագույն կրթություն ստացածների թիվը ավելացել է: 1988 թվականին բացվեց քաղաքի թիվ 3 դպրոցը, որը մինչ1998 ուսումնական տարին տվեց 550 շրջանավարտ և երեք մեդալակիր: Բուհական կրթություն ստացան 84 շրջանավարտ: 1999 թվականին քաղաքի երեք դպրոցները ունեին 2237 աշակերտ և 242 ուսուցիչ: 1975 թվականին Մեծամորն ուներ 4450 բնակիչ: 1977 թվականին շահագործման հանձնվեց մշակույթի տունը: 1977 թվականին հանրակացարանում բացվեց երաժշտական դպրոցը, իսկ 1982 թվականին շահագործման հանձնվեց շենքը: 1999 թվականին այն վերանվանվեց արվեստի դպրոց: 1978 թվականին բացվեց 120 մահճակալանոց հիվանդանոցը, որի բազայի վրա սկսեցին գործել վիրաբուժական,մանկական, թերապևտիկ, ինֆեկցիոն, վերակենդանացման, գինեկոլոգիական-մանկաբարձական բաժանմունքները: 1978 թվականին բացվեցին քաղաքի թիվ 2 և 3 մսուր-մանկապարտեզները, իսկ 1982 թվականին թիվ 4-ը: Ներկայումս գործում են երեք մսուր մանկապարտեզները: 1978 թվականին լույս տեսավ “Խաղաղ ատոմ” թերթի առաջին համարը: 1979 թվականին շահագործման հանձնվեց 130 տեղանոց հյուրանոցը: 1979 թվականին քաղաքն ուներ 7845 բնակիչ: 1980 թվականին շահագործման հանձնվեց կապի բաժանմունքի շենքը` 4000 համարանոց ավտոմատ հեռախոսակայանով: 1981 թվականին շահագործման հանձնվեց սանիպիդկայանի /ծառայությունը կազմակերպվել է 1976 թվականից/ շենքը: 1982 թվականին շահագործման հանձնվեց Մեծամորի քաղաքապետարանի շենքը: 1983 թվականին “Մեծամոր 83” ֆուտբոլային թիմը /մարզիչներ` Ա. Պետրոսյան և Ա. Հակոբյան/ դարձավ “Կաշվե գնդակի” ԽՍՀՄ չեմպիոն: Իսկ 1988 թվականին դարձավ դարձավ “Կաշվե գնդակի” ԽՍՀՄ բրոնզե մեդալակիր: 1986 թվականին շահագործման հանձնվեց մշակույթի պալատի շենքը` 660 և 160 տեղանոց դահլիճներով: 1992 թվականից քաղաքում գործում էր “Մեծամոր” կաբելային հեռուստատեսությունը: ՀԱԷԿ-ի շինարարության և շահագործման աշխատանքներում ունեցած ծառայությունների համար նախկին ԽՍՀՄ մեդալներով ու շքանշաներով Մեծամորից պարգևատրվել են` Աշոտ Գրիգորյանը` “Աշխատանքային կարմիր դրոշի” շքանշանով, Սմբատ Արսենյանը և Ժյուլվեռն Սեյրանյանը` “Ժողովուրդների բարեկամության” շքանշանով, Համլետ Մակարյանը` “Պատվո նշան” շքանշանով: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերագործարկման աշխատանքներում ունեցած ծառայությունների համար Գերա Սևիկյանը պարգևատրվել է ՌԴ “Ժողովուրդների բարեկամության” շքանշանով: 1999 թվականին Մեծամորը նշեց իր հիմնադրման 30 ամյակը, որի տոնակատարությունների և միջոցառումների շարքից էր Մեծամորի քաղաքապետի և ավագանու որոշմամբ լույս ընծայված “Մեծամոր” գրքույքը /հեղինակ` ”Խաղաղ ատոմ” թերթի խմբագիր Վաչիկ Ղազարյան/, որը Մեծամորի տարեգրությանը նվիրված առաջին քայլն էր և օգտակար ուղեցույց հետագա մշակումների համար: Մեջբերելով այստեղ պարոն Ղազարյանի ներածական խոսքից մի քանի հատված, կամբողջացնենք անցած տարիների ժամանակագրությունը հաղորդելով նրան գեղարվեստական իմաստ և շունչ, որը արտահայտիչ կերպով ներկայացնում է ՀԱԷԿ-ի և քաղաքի առաջին շինարաներին ու կառուցողներին. “ 1969 թ. Հոկտեմբերի 4-ն էր: Հոկտեմբերյան ամպաշող առավոտյան անհարթ ճանապարհով, որն ավելի շուտ Արագածի լանջն ի վեր ձգվող բյուր կացաներից մեկն էր, հսկա քարաբեկորներն ու մանրումեծ քարակույտերը շրջանցելով վեր էր բարձրանում մի մեքենա: Հաղթահարելով արգելքները` փոշեթաթաղ ուղևորները հասան մի տափարակ տարածության, որտեղ պետք է կառուցվեր Անդրկովկասի առաջին “ծիծեռնակը”` Հայկական ատոմային էլեկտրակայանը: Ուղևորների մեջ էին ատոմակայանի նորընծա տնօրեն Ռոբերտ Ղալեչյանը և շինվարչության պետ Արշալույս Մելիքսեթյանը` հանրապետության էներգետիկայի և էներգաշինարարության բնագավառների այդ տարիների թերևս ամենալավագույն մասնագետները: Քարքարոտ վայրից նրանց առջև մի գեղատեսիլ պատկեր բացվեց. Հեռվում հրդեհվում էր ձյունափայլ Արարատը, որի փեշերին արծաթե գոտի կապած ոլոր-մոլոր ձգվում էր Արաքսը, իսկ թիկունքում քառագագաթ Արագածն էր, որից փչող մեղմ զեփյուռը շնկշնկալով սահում էր բարձրագահ լեռները միմյանցից զատող Արարատյան դաշտավայր: … Խփվեցին առաջին վրաները, բերվեցին առաջին փայտյա տնակները, չորացած ու ճաքճքած շուրթերով ամայի հողակտորներ հասան ու հռնդացին առաջին բոլդոզերները, փոշեպատ ճանապարհներին սկսեցին փնչացնել հսկա “Բելազ”- ներն ու “Կրազ”-ները, ընդմիշտ խաթարվեց դարավոր անդորրը: Օրերը գլորվելով տարիներ դարձան, և կառույցը հայտարարվեց համաժողովրդական, ուր անմնացորդ նվիրումով աշխատելու եկան հանրապետության տարբեր շրջաններից և նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններից: Համաժողովրդական կառույցում իրենց կենսագրության լավագույն էջերը լրացրին բազմազգ երկրի 32 ազգերի ավելի քան 6500 ներկայացուցիչներ: …Ատոմակայանի շինարարությանը զուգահեռ, Սև ջրի չքնաղ եզերքից մի փոքր հեռու, ուր Արարատյան դաշտը գրկախառնվում էր Արագածի փեշերին, Մեծամոր պատմական անվամբ բանվորական ավանի հիմքը դրվեց: Կառուցվում էր ապագայի քաղաքը…Երախտագիտությամբ պիտի հիշենք այն հազարավոր էներգաշինարարներին ու էներգետիկներին, որոնք իրենց աշխատանքով փառք ու պատիվ վաստակեցին ատոմակայանն ու Մեծամորը կառուցելիս…Որդիական անկեղծ շնորհակալություն և մեծագույն հարգանք այն մարդկանց, ովքեր կյանք պարգևեցին Հայկական ատոմային էլեկտրակայանին ու Մեծամոր քաղաքին”: Մեծամոր քաղաքի պատվավոր քաղաքացիները. Այո, յուրաքանչյուր բնակավայր ինքնատիպ ու յուրահատուկ է իր մարդկանցով, նրանց ստեղծագործական աշխատանքով, նրանց արարումով: Մեծամորի երախտիքի զգազումով տոգորված քաղաքացիները անմնացորդ վաստակի համար պատվավոր քաղաքացիներ ընտրեցին սիրված ու հարգված մարդկանց, որոնցից շատերը այսօր էլ քաղաքի կողքին են, նրա անբաժան մասը: Երախտիքի մեծ զգացումով պիտի հիշենք Սուրեն Ազատյանին, որը 1975-81թթ. աշխատել է ՀԱԷԿ-ի արտադրամասի պետ, 1981-85թթ. ատոմակայանի գլխավոր ինժեների տեղակալ: 1993 թվականից ՀԱԷԿ-ի տնօրեն: Անուրանալի է Սուրեն Ազատյանի ծառայությունը ՀԱԷԿ-ի, Մեծամոր քաղաքի և “Մեծամոր” թանգարանի կենսագործունեության ապահովման համար: Սպարտակ Կարապետյանին. վաստակաշատ ուսուցչին, որին քաղաքում բոլորն են սիրում, լուսավոր մարդ, որը իր հետքը թողեց քաղաքի զարգացող սերնդի հոգիներում: Սպարտակ Կարապետյանը 1972 թվականից աշխատել է Մեծամորի նորաբաց 1-ին դպրոցում որպես ուսմասվար: 1988 թվականից Մեծամորի թիվ 3 դպրոցի հիմնադիր տնօրեն: Անդրանիկ Ապերյանին. նա 1977-97թթ. հիմնադրել և ղեկավարել է Մեծամորի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը: Մահացել է 1999 թ.: Մեծամորի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը կոչվում է առողջապահության երախտավոր Անդրանիկ Ապերյանի անունով: Արշալույս Մելիքսեթյանին. որը 1969-88թթ. ղեկավարել է ՀԱԷԿ-ը և Մեծամոր քաղաքը կառուցող շինարարական կոլեկտիվը: ՀՀ վաստակավոր շինարար է, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1988թ. դասավանդում էր Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտում: Աշոտ Գրիգորյանին, որին քաղաքացիները գիտեն ինքնատիպ վառ բնավորությամբ: 2005թ ընտրվել է Մեծամորի քաղաքապետ: Աշոտ Գրիգորյանի իր վաստակը ներդրեց քաղաքի “Սուրբ Ղազար” եկեղեցու շինարարության և համայնքի բարեկարգման ու կանաչապատման գործում: Քաղաքի սիրված ու վաստակաշատ մարդիկ. Քաղաքի դեմքն ու դիմագիծը նրա մարդիկ են, ինքնատիպ անհատականությամբ` մտավոր պոտենցիալով օժտված քաղաքացիները, որոնք իրենց աշխատանքով ու ապրելակերպով իրենց հետքն են թողել քաղաքի զարգացման ու քաղաքային մշակույթի ձևավորման վրա: Քաղաքային գունապնակի ձևավորման վրա իրենց ազդեցությունն են թողել համայնքի մտավորականները` հանրային ծառայողներ, առողջապահության, մշակույթի և արվեստի, սպորտի, կրթության և արտադրական ոլորտների ներկայացուցիչները և նշանավոր մարդիկ, որոնք քաղաքի պատմության ու նրա համայնապատկերի անբաժան մասն են: Նրանցից շատերը արժանի են ակնածանքով հիշատակման: Արժևորելով նրանց գործն ու հեղինակությունը, անցած աշխատանքային ուղին ու կենսագրությունը, կարևորելով անձնական ու հասարակական բնութագիրը, համայնքի բնակիչները մշտապես կհիշեն Յուրա Սարգսյանին, որը Մեծամորի ավանային խորհրդի նախագահն էր: Յուրա Սարգսյանի կառավարման տարիները համընկան Սպիտակի երկրաշարժի, Արցախյան պատերազմի ու երկրի անկախացման դժվարին ժամանակաշրջանին: Սամվել Ստեփանյանին, որի կառավարման տարիներին Մեծամորը ստացավ քաղաքի կարգավիճակ: Նախկին քաղաքապետ` լուսահոգի Մերուժան Խարազյանին, որի կառավարման տարիները նշանավորվեցին քաղաքի կազմավորման 30 ամյա հոբելյանական միջոցառմամբ: Նախկին քաղաքապետ և ներկայումս քաղաքապետի տեղակալ Սամվել Գալստյանին, որը բարձր մասնագիտական ու աշխատանքային գործունեությամբ անուրանալի լումա ունի հանրային ծառայության ոլորտի մասնագետների ուսուցման ու պատրաստության, քաղաքի համար կարևոր ծրագրերի մշակման ու իրագործման գործում: Պարոն Գալստյանի կառավարման տարիներին քաղաքապետարանում աշխատանքների բարելավման համար լայնորեն կիրառվեց համակարգչային տեխնիկան և էլեկտրոնային կառավարումը: Աշոտ Գրիգորյանին` քաղաքի կանաչապատման ու եկեղեցու շինարարության վաստակի համար: Քաղաքին մատուցված ծառայության ոլորտում իր անուրանալի դերն ու հեղինակությունը ունի քաղաքի “ԲՇՏ” նախկին պետ Ռոբերտ Նիկոլյանը, որին հարգանքով են հիշում համաքաղաքացիները իր անմոռաց աշխատանքային նվիրումի համար: Մեծամորցիները հպարտությամբ են խոսում իրենց նախկին համաքաղաքացիների մասին, որոնք նշանավոր ու ճանաչված մարդիկ են հասարակական ու պետական կյանքի տարբեր ասպարեզներում, նրանցից են` ազգային բանակի զորավար, երիտասարդ ու տաղանդավոր գեներալ Պողոս Պողոսյանը: ՀԽՍՀ գերագույն Խորհրդի նախկին դեպուտատ Լևոն Իսկանդարյանը, որին հիշում են ՀԱԷԿ-ը փակելու կոչերին դեմ արտահայտվելու և 1988 թվականին Գերագույն Խորհրդի նստաշրջանի ժամանակ այս հարցի շուրջ համարձակ ելույթներից: Առողջապահության ոլորտում /բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Վանյան/, անուրանալի է Մեծամորի հիվանդանոցի նախկին տնօրեն, ներկայումս բժիշկ վիրաբույժ Սամվել Ալեքսանյանի մարդկային բարձր կերպարը, որը իր աշխատանքային գործունեությամբ խորը հետք թողեց մարդկանց սրտերում: Համաքաղաքացիների հարգանք են վայելում ատամնաբույժ Ռևիկ Գրիգորյանը, շտաբ օգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանը, մանկական ինֆեկցիոն բաժնի բժիշկ Վարդան Մանվելյանը, գինեկոլոգ Շողիկ Մաթևոսյանը, սանեպիտկայանի բժիշկ Աշխեն Այվազյանը, գինեկոլոգիայի նախկին բաժնի վարիչ, բժշկուհի Ժուժանան, պոլիկլինիկայի նախկին պետ` բժշկուհի` տիկին Վարսիկ Աբրահամյանը, դեղատան տնօրեն Արծրուն Ալեքսանյանը, թերապևտիկ բաժնի նախկին պետ, լուսահոգի Խաչիկ Դաբաղյանը և առողջապահության ոլորտի շատ այլ նվիրյալներ որոնք իրենց աշխատանքով ու գործունեությամբ կազմում են քաղաքի տարեգրության անբաժանելի մասը: Կրթության ոլորտը առանձնանում է իր վառ անհատականություններով, ժամանակակիցները լավ են հիշում Մեծամորի դպրոցի առաջին տնօրեններ` լուսահոգի Մնացականյանին և Մուրադյանին, առաջին դպրոցի նախկին տնօրեն Արեգնազ Առաքելյանին, երկրոորդ դպրոցի նախկին տնօրեն Ասյա Առաքելյանին, երրորդ դպրոցի տնօրեն Սպարտակ Կարապետյանին, երկրորդ դպրոցի նախկին տնօրեն Ալիսա Երիցյանին: Ուսուցչական կոհորտայի անմոռանալի մասն են կազմում լուսահոգի Արշալույս Անտոնյանը, Սաշիկ Հակոբյանը, Հայկ Բարսեղյանը, Քնարիկ Մեհրաբյանը իրենց նշանակալի ու անմոռաց դերն ունեն Գոհար Բագոյանը, Լևիկ Ասրյանը, Ալեքսեյ Դանիելյանը, Սլավիկ Ղազարյանը, տիկին Անահիտ Սայադյանը, տիկին Անահիտ Հայրապետյանը, վաստակաշատ ուսուցչուհի Ժաննա Մելիքյանը, վաստակաշատ ուսուցչուհի Սվետլանա Խաչատրյանը, Սիլվա Մեհրաբյանը, Անյա Մանուկյանը, Արևիկ Ղումրյանը, Ռիտա Հովհաննիսյանը, Կարինե Հովհաննիսյանը, Սոնյա Սարիբեկյանը, Քնարիկ Սարգսյանը, Նունե Ասրիյանը, Ամալյա Բոշյանը, Դոնարա, Նիկողոսյանը և շատերը, որոնք իրենց անխոնջ, հայրենաշահ ու դժվարին աշխատանքով սեր սերմանեցին մանուկ հոգիներում առ գիտելիք ու մայրենին: Քաղաքային կյանքը առանձնանում է իր արվեստագետներով, բազմաճյուղ արհեստներով ու մշակույթային կյանքի հագեցվածությամբ: Քաղաքացիները հիշում են առաջին մշակույթի տան տնօրեն Հենրիկ Մարգարյանին, որի տնօրինության տարիներին ակտիվորեն գործում էին թատերական, վոկալ գործիքային կատարման խմբեր, սպորտային խմբակներ, կինո դահլիճը: Այն առաջին տարիներին մեծամորցիների հանգստի կազմակերպման ու անցկացման սիրելի վայրն էր: Երախտիքի զգացումով պետք է հիշենք Մեծամորի կառուցապատման առաջին տարիներին հիմնված գրադարանի նախկին վարիչ` տիկին Սուսսանա Բաղդասարյանին և այդ հրաշալի դպրանոցի երկարամյա աշխատակիցներին, որոնց մարդկային ու աշխատանքային գործնեությունը իր հետքը թողեց քաղաքի աճող ու հասակ առնող ընթերցասեր բնակիչների սրտում: Ուշագրավ է Մեծամորի թատրոնը և այն կատարելության հասցրած մարդկանց մասին խոսելը: Իրենց հրաշալի կատարումներով աչքի ընկան Մայիսը, Ժիրայրը, Հայկ Իսայանը, Վանիկ Դավթյանը և այլոք, որոնց վարպետ խաղը և կատարումները մինչ օրս էլ հիշվում են: Այս գործում մեծ լումա ունեն թատրական արվեստի նվիրյալներ` ռեժիսոր Լեյլա Պետրոսյանն ու Սուրիկ Թադևոսյանը: 1988 թվականից մշակույթի պալատում իր գործունեությունը սկսեց “Տրուբադուր” մանկապատանեկան թատրոն ստուդիան Լեյլա Պետրոսյանի ղեկավարությամբ, որի սաները համալրեցին հանրապետության լավագույն մշակույթային օջախները: Այսօր այս դպրոցի լավագույն ավանդույթները շարունակում են տաղանդավոր երիտասարդները` Նախկին սաներ` Արա Հակոբյանը, Սամվել Գրիգորյանը և շատերը, որոնք իրենց կազմակերպչական գիտելիքներով նպաստում են համայնքային և այլ կարգի միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը, հաջողությամբ ներկայացնում են Մեծամորը մշակույթի բազմաժանր բնագավառում: Մեծամորը թատերական աշխարհում ունի իր վառ ներկայացուցիչը, հանձինս Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարջան Ավետիսյանի: Ուշագրավ էր նաև մշակույթի տանը գործող ազգագրական երգի պարի համույթի գործունեությունը` լուսահոգի Սամվել Սարգսյանի ղեկավարությամբ: Ռազմիկ Գեղամյանի տնօրինությամբ գործող մշակույթի պալատը իր գործող մշակութային խմբերով և այն ղեկավարող նվիրյալներով նպաստում է երիտասարդ սերնդին գեղեցիկի հետ հաղորդակցմանն ու արվեստի ու մշակույթի աշխարհում ինքնության հաստատմանը: Արվեստի բնագավառի ամենացայտուն ու վառ ներկայացուցիչն է մեր նախկին համաքաղաքացի, ճանաչված օպերային երգիչ` ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, որը լավագույն իր կատարումներով ներկայացնում է մեր երկիրը միջազգային բարձր բեմերում: Մեծամորի Շարլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցը` Անահիտ Ասատրյանի երեք տասնյակից ավել տնօրինությամբ շարունակում է իր լավագույն ավանդույթները, այս կրթօջախի լավագույն սաներից է նաև Աշոտ խաչատրյանը, որի վարպետ կատարումները հիացմունք են պատճառում արվեստասեր հասարակությանը: Նոր ծագող աստղ է Թաթուլ Համբարձումյանը, որի հնչեցրած դուդուկի մեղեդին գերեց ու հուզեց ցեղասպանության 100 ամյակի միջոցառման մասնակիցներին: Արվեստագետ սերնդի աճեցման ու դաստիարակման գործում մեծ է նաև իրենց գործին հավատարիմ այն արվեստագետ ուսուցիչների աստղաբույլը, որը գեղեցիկն է սերմանում մանուկ հոգիներում, այսօր էլ երախտիքի զգացումով հիշվում են արվեստի դպրոցի նախկին տնօրեն` տիկին Ագատիին, ուսուսչուհի` տիկին Ջուլիետային, իրենց գործի վարպետներ Տիգրան Պատարյանին, Գագիկ Մամյանին, Արայիկ Բաղդասարյանին և շատերին, որոնք շարունակում են իրենց լուսավոր ու շնորհակալ աշխատանքն ու գործունեությունը: Երաժշտական աշխարհում փայլում են Սմբատ Խալաթյանը, Լուսինե Աբրահամյանը, Նարե Գևորգյանը` վոկալ երգեցողության երիտասարդ հրաշալի կատարողները, որոնք հայտնի ու սիրված անուներ են, բազմաթիվ փառատոնների, մրցանակաբաշխությունների հաղթողներ և հեռուստատեսային երաժշտական հաղորդումների մշտական մասնակիցներ: Մեծամորը հայտնի է իր ստեղծագործող մարդկանցով, նկարիչներով, գրողներով, քանդակագործներով, փորագրողներով և ժողովրդական արհեստների ինքնաոճ վարպետներով: Մարդիկ մինչ օրս էլ սիրով են հիշում ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ` լուսահոգի Էլմիր Սարուխանյանին, կյանքից վաղաժամ հեռացած վաստակավոր նկարիչ Ապետ Ալեքսանյանին, որոնց կտավները իրենց գունային լուծումներով և ասելիքի արտահայտչությամբ, ժանրային ինքնատիպությամբ ոչ միայն քաղաքի, այլ մեր մշակույթի հարստությունն են: Այս գործի նվիրյալներից է բազմատաղանդ նկարիչ` կերպարվեստի ուսուցչուհի Ռիտա Սարգսյանը, որը հաճախ է կազմակերպում ստեղծագործական ցուցահանդեսներ, հաղորդակից դարձնելով համայնքի բնակիչներին թե իր և թե իր սաների բազմաժանր ստեղծագործություններին: Մակրամեի ժանրում հրաշալի աշխատանքներ ունի բազմաշնորհ` տիկին Անահիտ Բաբայանը, տիկին Անահիտ Աբրահամյանը, որը նաև հրաշալի կտավների հեղինակ է, ասեղնագործության բնագավառում տիկին Հրանդուխտ Հովհաննիսյանը: Ստեղծագործական բնագավառի մարդկանց փաղանգը ամբողջանում է քանդակագործներով ու փորագրողներով, Մարդիկ մինչ օրս հիացմունքով են հիշում լուսահոգի քանդակագործ Աշոտ Թովմասյանի փղոսկրի ու կորալների վրա արված փորագրություններն ու քանդակները, նրա նուրբ ձեռքերից արարված կամեաները: Այս գործի լավագույն ներկայացուցիչներից են Արտակ Ասատրյանը, որի փայտի վրա արված նրբահյուս փորագրություններն ու քանդակները խոսում են նրա ինքնաոճ արվեստի մասին, իրենց նուրբ կատարմամբ ու արտահայտչականությամբ ի ցույց են դնում երիտասարդ արվեստագետի տաղանդն ու հմտությունը: Խաչքարագործության ավանդույթները շարունակում է Բենիկ Բաբախանյանը, որի մտահղացած պատկերային ու քանդակային լուծումները նոր բովանդակություն ու իմաստ է տալիս ժողովրդական արվեստի հնագույն այս ճյուղին: Գրական ստեղծագործական կյանքում հայտնի են ՀՀ գրողների միության անդամներ` Սիրակը, Սերունցը և Հայաստանի գրողների միության անդամ` լուսահոգի Ֆերդինանդ Մուրադյանը /Ռութ/: Խոսքի ասելիքով, բանաստեղծական քերտվածքի կառուցվածքով, բազմաժանրությամբ ու փիլիսոփայական գրական աշխարհընկալմամբ մեծամորցի գրողները հարստացրին հայ գրական կյանքը իրենց ստեղծագործություններով, ինչպես նաև ժանրային ինքնատիպության առումով նորություն հաղորդեցին գրական աշխարհին: Իրենց ստեղծագործություններով հայտնի են տիկին Լիաննա Հակոբյանը, Անահիտ Հայրապետյանը, Լեյլա Պետրոսյանը, Օլյա Միրզոյանը, գրոտեսկի ժանրում Ֆրեդ Գրիգորյանը, Սուրիկ Հակոբյանը և շատերը, որոնց բանաստեղծությունները հագեցված են լիրիկական քնքշանքով, խոսքի խորությամբ ու ստեղծագործական նուրբ ու ինքնաոճ արտահայտչականությամբ: Կրկեսային օրիգինալ ժանրի ներկայացուցիչ է մեր համաքաղաքացի` Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում բնակվող և այնտեղ իր գործունեությամբ հանդես եկող Արտակ Հարությունյանը: Քաղաքի հետաքրքիր ու տաղանդավոր մարդկանց շարքը անվերջանալի կարելի է շարունակել, քանի որ կյանքը և ժամանակը ի հայտ են բերում նոր տաղանդներ ու մասնագիտություններ, հնին տալով նոր շունչ, առաջ մղում ապագան…Նրանք մշտապես մեր կողքին են, հետաքրքիր, տաղանդավոր, քաղաքի գունապնակը զարդարող այդ հրաշալի մարդիկ: Իրենց մարդկային հմայքով ու երկարատև աշխատանքային գործունեությամբ համաքաղաքացիների սերն ու վստահությունն են վայելում կապի հանգույցի պետ Աբրահամ Միրզոյանը, ոստիկանության Մեծամորի բաժանմունքի նախկին պետ Հրաչիկ Քարամյանը, ոստիկանության համակարգում երկարատև տարիներ տարբեր բաժիներ ղեկավարած` լուսահոգի Ֆրեդիկ Գրիգորյանը, ԱԱԾ Մեծամորի բաժնի նախկին պետեր` Սամվել Սուքիասյանը և Գրիշա Գասպարյանը համակարգի նախկին աշխատակից Մուշեղ Շահինյանը, ՀԱԷԿ նախկին տնօրեններ` Վարդանյանը, Գագիկ Մարկոսյանը, նույն հիմնարկությունում տարբեր բաժիներ ու արտադրամասեր ղեկավարած` ինժեներական կոլեկտիվի արհեստավարժ փունջը հանդիսացող նախկին ու ներկայիս աշխատակիցները: Մեծամորի անմահացած հերոսները. 1988 թվականից սկսված Արցախյան պահանջատիրությունը վերածվեց ազգամիջյան հակամարտության, որի արդյունքում սկսվեց հայերի զանգվածային տեղահանությունն ու բռնարարքները, ի վերջո այն հանգեցնելով պատերազմի: Հայրենիքի սահմանների ու Արցախի բնակավայրերի պաշտպանության գործում մեծ դեր ունեցան մեծամորցի հայրենասերներից կազմավորված ջոկատներն ու տարբեր նշանակության մարտական ստորաբաժանումները: Հարյուրավոր մեծամորցիներ անդամագրվեցին ազգային ազատագրական սրբազան գործին, նրանցից շատերը փայլեցին խիզախությամբ ու սխրանքներով, հակառակորդին ցույց տալով հայկազուն անկոտրում ոգին, հայկյան պողպատի շլացնող փայլն ու պատժող սայրը: Նրանցից շատերը անմահացան հերոսաբար ընկնելով մարտի դաշտում, շատերն էլ համալրեցին անհայտ կորածների ցուցակը: Մեծամորը մշտապես է հիշում իր խնկելու արժանի որդիներին, սգում նրանց կորուստն ու անհայտությունը: Մինչ օրս էլ իրենց որդիներին ու հայրերին պատերազմ ճամփած ընտանիքները սպասում են անհայտությունից նրանց վերադարձին… Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերեցին ազգային ոգին կրող, քաղաքի լավագույն սերուցքը հանդիսացող նրա զավակները: Ակնածանքով ու խոնարհումով հիշում ենք մարտի դաշտում խոնհարված` Խաչիկ Փոթուրյանին, Մուշեղ Քոչարյանին, Ռազմիկ Աղաբեկյանին, Էդիկ Առաքելյանին, Սուրիկ Ավանեսյանին, Գևորգ Սահակյանին: Մարտական առաջադրանքից չվերադարձան` Իսրայել Եղիազարյանը, Սուրեն Խաչատրյանը, Արամ Ստեփանյանը, Սուրեն Տեպիկյանը, Գուրգեն Քերոբյանը, Սուրիկ Ստեփանյանը: Հավերժ փառք մեր խիզախ ու քաջարի հերոսներին, որոնք իրենց անունը սրբացրեցին հայոց հնադարյա ու փառավոր պանթեոնում: Պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացված է քաղաքային գերեզմանոցում կառուցված հուշապատով: Քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի կողմից 2009 թվականին հանգստյան գոտում կառուցված հուշարձան կոթողն էլ ամբողջացրեց բոլոր հերոսների անուները և ամեն տարի հուշարձանի մոտ կատարվում են խնկարկման արարողություն և պատերազմի մասնակիցների, քաղաքի բնակիչների համար ազգային ազատագրությանը նվիրված հիշարժան միջոցառումներ: Պատերազմի մասնակիցներ. Ազգային ազատագրական պատերազմին իրենց դերակատարությունը ունեցան նաև շատերը, որոնք ոչ պակաս խիզախությամբ ու արիությամբ այսօր էլ մեր կողքին են ու վայելում համընդհանուր սեր ու վստահություն: Նրանցից շատերը անդամագրվեցին դաշտային “Արծիվ”, “Տիգրան Մեծ”, “Անկախության Բանակ”, “ՀԱԲ”. “5-րդ բրիգադ” և այլ մարտական ստորաբաժանումներին: Շատ են հերոսական դրվագներն ու դրամատիկ պահերը մասնակիցների հուշերում: Քաջության ու ավեհերության ժամերն ու րոպեները, հաղթանակի բերկրանքն ու կորստի ցավը… Ականի վրա պայթած հետևակի բեռնատարն ու ընկերների կորուստը: Կազմավորված ազգային բանակի հաղթարշավն ու թշնամու խայտառակ փախուստը, խրամատում մենակ մնացած զինվորի սխրանքն ու տանկիստի անվեհերությունը, թշնամու գնդակի տարափների տակ առաջ գնալու կամքն ու ընկերների հատու ոգին, գնդացրի կարկտահար կրակոցների տակ վիրավոր ընկերոջը փրկող զինվորի սխրանքը, ընկերովի կիսած մի պատառ հացն ու վերջին ծխախոտը, լքված ու այրվող բնակավայրերի ծխահոտը, տանկի վրա նետված չպայթած նռնակի համար ափսոսանքն ու տանկը լքած թշնումու զավեշտալի վիճակը, հակառակորդի խփված կործանիչի պատճառած ուրախությունը: Յուրաքանչյուր զինվոր իր պատմությունն ունի, իր պատերազմը, նրա դրոշմված պատկերները: Այդ հուշերը իրենց կյանքի անբաժան մասն են, այն նաև մեր հուշերն են, մեր բոլորի պատկերը: Ազատամարտիկների մարտական անպարտելի փաղանգի մասնակիցներից են` Աշոտ Գրիգորյանը, Կարապետ Կարապետյանը, Մնացական Փանոսյանը, Միքայել Վիրաբյանը, Էդվարդ Ղումաշյանը, Մուշեղ Քոչարյանը, Նորիկ Ղումաշյանը, Դանիել Սարիբեկյանը, Հովհաննես Մխոյանը, Կորյուն Չոլոյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սաշա Ավետիսյանը, Մնացական Կիրակոսյանը, Սպանդար Աբաջանը, Արամ Գրիգորյանը, Արմեն Ծատուրյանը, Համլետ Միքայելյանը, Վահրամ Պողոսյանը, Մայիսը, Պավլիկը, Գառնիկը, Արշակը, Հունանը, Հակոբը… Նրաք հարյուրներն են, հերոս ու առնական տղաներ, որոնք ունեն պատիվ ու անուն, իրենց մարտական ուղու և գործի արժևվորում: Անուրանալի է նրանց դերը դժվարին ու արյունով ձեռք բերված հաղթանակների գործում: ԵԿՄ Մեծամորի տարածքային գրասենյակը այսօր նրանց հավաքատեղին է, համախմբում է նրանց, որտեղ կան հրաշալի հուշեր, պատկերներ, կերտված այդ մարդկային կենսագրություններով… Նախասրահում լավ ձևավորված ստենդները պատմում են նրանց մասին, իսկ ցուցանմուշները խոսում են անցած ու դեռ չավարտված պատերազմի մասին… Պատերազմի մասնակիցների շարքում պետք է հիշենք նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաներին, որոնց սխրանքը միշտ վառ է համաքաղաքացիների հուշերում, այսօր նրանց շարքերը նոսրացել են, բայց մեզ հետ են հայրենական պատերազմի վետերաններ` Պավել Բարսեղյանը, Սուրեն Աղաջանյանը և Ավագ Գրիգորյանը: Պատերազմի մասնակիցները մշտապես գտնվում են քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի հոգածության ներքո: Ամեն տարի հիշարժան օրերին նրանց համար կազմակերպվում են հյուրընկալություններ և մեծարման հանդիպումներ, ցերեկույթներ: Մեծամորն այսօր. 2008 թվականի ՏԻՄ ընտրություններում /երկրորդ անգամ 2012թ./, Մեծամորի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց երիտասարդ ու ավյունով լեցուն, առաջադեմ արժեքային հայացքներ կրող մեր համաքաղաքացին` պարոն Ռոբերտ Գրիգորյանը: Պաշտոնը ստանձնելու առաջին օրվանից պարոն Գրիգորյանը մտահղացավ շինարարական ու բարեկարգման, քաղաքի շենացման գործուն ծրագիր, որը հաջողությամբ կյանքի կոչեց իր կառավարման ժամանակահատվածում: Արդեն 2009 թվականին կատարվեց պատերազմի մասնակիցներին նվիրված հուշարձան կոթողի հիմնարկեքը: Նույն տարում վեր հառնեց ճարտարապետ Մերուժան Նալբանյանի նախագծած հուշարձանը, որը համընկավ քաղաքի հիմնադրման 40 ամյա հոբելյանական միջոցառմանը: Այն շուքով ու մեծ խանդավառությամբ նշվեց այլ քաղաքներից ժամանած ու տարբեր բնագավառներ ներկայացնող հյուրերի, համայնքային կառույցների աշխատակիցների ու քաղաքի բնակիչների մասնակցությամբ: Այս աշխատանքներով սկսվեց Մեծամորի շինարարական, կանաչապատման ու բարեկարգման աշխատանքների լայն գործընթացը, որը հաջողությամբ շարունակվում է անկախ ֆինանսական դժվարություններից: Հետագա տարիներին ամբողջացվեց ու նոր տեսք ստացավ քաղաքի հանգստի գոտին, կառուցվեցին սպասարկման ու հանգստի անցկացման նոր վայրեր, ծառուղիներում տեղադրվեցին քաղաքային նստարաններ, կարգավորվեց փողոցային լուսավորության, ճանապարհների անհարթ ու անանցանելի մասերի հարթեցման, մայթեզրերի կառուցման շինարարական լայն աշխատանքներ: Լուծում ստածան քաղաքաշինական նշանակության մի շարք հարցեր, հնարավոր իրողություն դարձավ քաղաքի բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման խնդիրները, նորացվեցին քաղաքի բնակելի և հասարակական նշանակության մի շարք շենքերի տանիքները: Վերանորոգման աշխատանքներ կատարվեցին վարչական ու համայնքային ենթակայության շենքերում ու հիմնարկություններում: Մեծամորի այցեքարտերից մեկն էլ դարձավ 2012 թվականին հանգստյան գոտում կառուցված շատրվաները, որը ոչ միայն փոխեց քաղաքի դիմագիծը, այլ դարձավ մեծամորցիների հանգստի անցկացման սիրված վայրը: Այսօր էլ բազմաշնորհ քաղաքապետ `պարոն Ռոբերտ Գրիգորյանը շարունակում է իր սկսած շինարարական ու կառուցողական գործունեությունը, կան նոր մտահղացումներ ու ծրագրեր որոնց իրագործումը ի շահ է ծառայելու համայնքի հետագա բարգավաճման գործին: Համայնքի ավագանու, բազմավաստակ ու նոր աշխատակիցների, համայնքային ենթակայության հիմնարկությունների հետ միասին հարգարժան քաղաքապետը կերտում է Մեծամորի ապագան: Տեղական ինքնակառավարման մարմինը. Քաղաքապետի որոշումների ու պլանային աշխատանքների հաստատման, քաղաքում եղած խնդիրներին ու բնակիչների հնչեցրած հարցերին ուղղություն տալու համար մեծ է համայնքային ավագանու դերը: Ավագանու նիստերի ընթացքում նրանց կողմից հնչեցված հարցերը մշտապես բարյացակամորեն են ընդունվում քաղաքապետ` պարոն Ռ. Գրիգորյանի կողմից, ստանում աջակցություն և հնարավոր լուծումներ: Ավագանու անդամներ` Արմեն Արտենյանը, Գնել Գաբոյանը, Աշոտ Մկրտչյանը, Մասիս Ղուլիջանյանը, Մեսրոպ Փոթուրյանը, Կարապետ Մնոյանը, Արարատ Մարտիրոսյանը, Հայկ Հովհաննիսյանը, Սուրեն Ղումաշյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Հերմեն Հովհաննիսյանը ակտիվորեն են մասնակցում նիստերին և հետևողական են հաստատված որոշումների իրագործման ու կատարման ուղղությամբ: Համայնքի ղեկավարի աշխատակազմը` իր հին ու նոր` բանիմաց, փորձառու աշխատակիցներով քաղաքապետի առաջին օգնականն ու ծրագրավորված աշխատանքների կատարողն է: Քաղաքապետի տեղակալ` պարոն Սամվել Գալստյանը իր իրավաբանական մասնագիտության ու երկարամյա աշխատանքային գործունեության շնորհիվ, ոչ միայն աշխատակազմի, այլ քաղաքի բնակիչների օգնականն է և բարի խորհրդատուն: Նրանց կողմից բարձրացված հարցերին մշտապես դրական լուծում ու հնարավոր ելք առաջարկողը: Պարոն Ս. Գալստյանի մարդկային ու մասնագիտական կարողությունները բարձր են գնահատում ոչ միայն քաղաքապետը, համակարգի և աշխատակազմի մասնագետները, այլ Մեծամորի քաղաքացիները, որի հանդեպ բոլորը տածում են մեծ հարգանք և վստահություն: Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար` երիտասարդ ու աշխատանքային ավյունով լեցուն Նինա Թաթևոսյանը հրաշալի գիտի իր գործը և հմտորեն է կազմակերպում աշխատակազմի աշխատակիցների աշխատանքը: Աշխատակազմի ֆինանսական գծով գլխավոր մասնագետ` տիկին Ֆլորա Բավեյանը, ներքին աուդիտի բաժնի պետ Քնարիկ Գալստյանը, առաջատար մասնագետներ` Սուրեն Հակոբյանը, Վահագն Սահակյանը, Լեյլա Պետրոսյանը, Մարտին Ավետիսյանը, Նաիրա Մարկոսյանը, Մարինե Վարդազարյանը, Լիլիթ Թադևոսյանը, Անահիտ Հակոբյանը, պայմանագրային աշխատակիցներ` նախկին աշխատակազմի քարտուղար` տիկին Գոհարիկ Գրիգորյանը, ցանցային ադմինիստրատոր Արտակ Բաբախանյանը և ուրիշներ հմտորեն ու սիրով են կատարում իրենց պարտականությունները, որը զուգորդված է տարիների փորձով ձեռք բերված մասնագիտական հմտություններով և աշխատանքի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ: Մունիցիպալ համակարգում անցած տարիները նշանավորվեցին նրանով, որ էլ ավելի կատարելագործվեցին աշխատանքների կազմակերպման և քաղաքացիներին սպասարկման ժամանակակից մեթոդներն ու ծրագրերը: Ժամանակակից տեխնոլոգիական նորամուծությունները մունիցիպալ կառավարման համակարգ և անցած տարիների գործունեությունը ցույց տվեց, որ համայնքի և քաղաքապետարանի ծառայության ոլորտի զարգացման առումով արդարացված էր տեղեկատվական համակարգի ձևավորումը, որի առաջին դրսևորումը եղավ 2003 թվականին "Մեծամոր" շաբաթաթերթի լույս ընծայումը: Վերջինս ոչ միայն կրում է մունիցիպալ համակարգի թափանցիկության ու հրապարակայնության գաղափարը, ինչը էական նշանակություն ունի, այլև նպաստում է ՏԻՄ աշխատանքային գործընթացներում ձեռքբերումների ու առկա հիմնահարցերի բացահայտմանը: Քաղաքապետարանի ենթակայության հիմնարկությունների կողմից ներկայացված թղթակցությունները, տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող իրավական ակտերը, հոդվածներն ու այլ կարգի հրապարակումները ոչ միայն ուղղված էին տեղեկատվության աղբյուր ստեղծելուն, այլև քաղաքապետարանում կատարվող տեղաշարժերն ու նորությունները քաղաքացիների համար առավելագույնս մատչելի դարձնելուն և նրանց քննարկումներին ներկայացնելուն: Մեծամորի քաղաքապետարանի մասնագետների կողմից ստեղծվեց "Մեծամոր Metsamor city" կայքը: Այնուհետև ներդրվեց “Մեծամոր քաղաքային համայնք” ՏՀՎԶԿ հկ-ի կողմից ստեղծված կայքը: կայքերում ստեղծված բաժիները հնարավորություն են տալիս կայքի հաճախորդներին գրանցվելու և մշտապես ունենալու իրենց էջը: Հնարավորություն է ընձեռնված ունենալու Բլոգ, Լուսանկարների ալբոմ, մասնակցել Ֆորումի քննարկումներին, թողնել հայտարարություններ և հարցեր ուղղել քաղաքապետարանի ադմինիստրացիային, դիտել պաշտոնական և հասարակական կյանքին առնչվող նյութեր, մասնակցել վարկանիշային հարցումներին, ինչպես նաև օգտվել այլ ծառայություններից: Մեր համայնքի քաղաքացինները մուտք գործելով վիրտուալ աշխարհ էլ ավելի կօգտագործեն իրենց քաղաքացիական մասնակցությունը մեր համայնքի առջև ծառացած խնդիրների բացահայտմանը, սակայն պետք է հուսալ, աշխատակազմն ամեն ինչ կանի հրապարակվող նյութերի ու հոդվածների հանդեպ հասարակական հետաքրքրությունը մեծացնելու, ինչպես նաև շահագրգիռ քաղաքացիների առաջարկների ու անաչառ վերաբերմունքի արտահայտողը դառնալու ուղղությամբ: Արդիականացվել են նաև սպասարկման տարբեր գործառույթներ, հարկերի ու տուրքերի հավաքագրման, փաստաթղթաշրջանառության փոստային գրությունների ստացման ու առաքման, հաշվետվությունների ու այլ կարգի գրությունների կազզման ու ներկայացման գործընթացները: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ու էլեկտրոնային կառավարման շնորհիվ աշխատանքների կազմակերպումը և սպասարկումը դարձել է ժամանակակից պահանջներին հարիր և շարունակում է էլ ավելի է կատարելագործվել: Համայնքային ենթակայության հիմնարկությունները. Համայնքի առջև ծառացած խնդիրներին և առօրյա հարցերին օպերատիվ լուծում տալու նպատակով քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի կողմից ամենօրյա ուշադրության կենտրոնում է գտնվում համայնքային ենթակայության հիմնարկությունները: ,,Մեծամորի Բարեկարգում” կազմակերպության աշխատանքները, որը իրականացվում է կազմակերպության տնօրեն Վահրամ Հակոբյանի և նրա գլխավորած կոլեկտիվի աշխատակիցների կողմից: ,,Մեծամորի Բարեկարգում” կազմակերպության տնօրեն` Վահրամ Հակոբյանը, իր գործունեությամբ ավելի մոտ գտնվելով մեր քաղաքի բնակչությանը և քաջատեղյակ լինելով համայնքի պայմաններին, ղեկավարելով քաղաքապետարանի կարևորագույն կառույցը, այսօր մեծ պատասխանատվությամբ է մոտենում համայնքի առջև ծառացած խնդիրներին ու հոգսերին: Բնակարանային ֆոնդի և հասարակական վայրերի սպասարկում, սանիտարական մաքրում, աղբահանություն, բարեկարգում, կանաչապատում. ահա այն կարևոր բնագավառների ոչ լրիվ ցանկը, որոնց գործունեության կազմակերպումը կազմակերպության խնդիրն է: Մշտական ուշադրության կենտրոնում են նաև համայնքի խմելու և ոռոգման ջրագծերի և ջրամատակարարման բարելավման ու զարգացման հարցերը: Կազմակերպության ճարտարագետ` Աշոտ Զաքարյանի, երկարամյա աշխատակիցներ` գլխավոր հաշվապահ` Ալվարդ Հարությունյանի, հաշվապահ Էմմա Արսենյանի, հյուրանոցաառողջարանային բաժնի պետ` Արմեն Գևորգյանի, ու մյուս բոլոր աշխատակիցների անձնվեր աշխատանքի շնորհիվ է, որ այսօր տեսանելի են կատարված աշխատանքները: Կազմակերպության կարևոր օղակներից մեկն էլ ԲՇՏ ծառայությունն է, որը գլխավորում է բազմամյա բաժնի պետ` տիկին Քնքուշ Խաչատրյանը: Ամեն ամիս Մեծամորի ԱԾ-ն /Անձնագրային ծառայություն/ հաշվետվություն է տալիս բնակչության հանման և հաշվառման վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի զինկոմիսարիատ են ներկայացնում զինակոչային տարիքի 16 և բարձր տարիքի պատանիների ցուցակ: Քաղաքապետարան է ներկայացվում 16-30 տարեկան արական սեռի բնակիչների մասին տեղեկություն: Զինկոմիսարիատին և ոստիկանությանը ներկայացվում է քաղաքից բացակայող զինակոչային տարիքի պատանիների վերաբերյալ տեղեկանքներ: Այցելություններ են կատարվում բնակարաններ, իրականացվում են ստուգումներ, և կազմվում ակտեր: Բնակչության մասին տրվում են բնութագրեր, որոնք հաշվառվում են ոստիկանությունում: ԲՇՏ կողմից տրվում են մեր բնակիչներին նաև այլ կարգի տեղեկանքներ` բնակության, գրանցման, ընտանիքի անդամների և այլնի մասին: Նպատակասլաց ծրագրերի շնորհիվ օրեցօր էլ ավելի է բարձրանում կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը և ավելի կատարելագործվում բնակչության հետ տարվող աշխատանքները: Համայնքի բնակելի շենքերի բնակիչների անունից գոհունակության և շնորհակալության բազմաթիվ խոսքեր են հայտնվել Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանին և հիմնարկության տնօրեն Վահրամ Հակոբյանին, ցուցաբերված գործնական, սրտացավ օժանդակության և մարդկային վերաբերմունքի համար, որով լուծվեց տարիներ շարունակ շատ շենքերի բնակիչներին հուզող ջրամատակարման, ջրահեռացման և կարծես անլուծելի թվացող շարքից դուրս եկած տանիքների կապիտալ նորոգման խնդիրը: Ծավալված աշխատանքները և քաղաքում կատարված դրական տեղաշարժերը, իհարկե, վկայում են համայնքի ղեկավարի սրտացավ վերաբերմունքի և ,,Մեծամորի Բարեկարգումկազմակերպության տնօրեն` պարոն Վահրամ Հակոբյանի և նրա կոլեկտիվի սրտացավ աշխատանքի մասին, որը, հույսով ենք, առաջիկայում ավելի ծավալուն եւ տեսանելի կլինի: Մնում է ցանկանալ հիմնարկության երիտասարդ ղեկավարին և աշխատակիցներին բարի երթ` իրենց հանրաշահ, ազնիվ աշխատանքում: Մեծամորի Շարլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցը, իր երկարամյա բազմաշնորհ տնօրեն` տիկին Անահիտ Ասատրյանի գլխավորությամբ հաջողությամբ շարունակում է կրթոջախի լավագույն ավանդույթները: Բազմաթիվ են անցկացված միջոցառումներն ու տարբեր փառատոներից ստացված մրցանակներն ու դիպլոմները: Հրաշալի կոլեկտիվի զարդը կազմում են շնորհաշատ սաները, նրանց ուսուցիչները, որոնք իրենց նվիրումի ու մասնագագիտական հմտությունների շնորհիվ, հանձինս իրենց տաղանդավոր սաների համալրում են արվեստի աշխարհը: Դպրոցը ունի լավ ճանաչում ոչ միայն մարզում ու հանրապետությունում, այլ նրա սահմաններից դուրս: Նրա նախկին շրջանավարտները հաջողությամբ նվաճում են արտասահմանյան լավագույն բեմերը, որի վառ ներկայացուցիչը օպերային ճանաչված երգիչ Գևորգ Հակոբյանն է: Դպրոցում այսօր ծնունդ են առնում նոր աստղեր, նոր անուններ, որոնք արդեն իրենց գերող կատարումներով հիացմունք են պատճառել շատերին…Բարի երթ այս հրաշալի կոլեկտիվին իր լուսավուր ու պայծառ ճանապարհին: Մշակույթի տունը այն սիրված վայրն է, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում քաղաքի բնակիչները, մասնակցելով պաբերաբար անցկացվող տարբեր մշակութային միջոցառումներին: Մշակույթի պալատի տնօրեն Ռազմիկ Գեղամյանի կոլելեկտիվը մշտապես լավագույն ձևով է սպասարկում քաղաքացիներին, նրանց տարիներով ձեռք բերված փորձը և գիտելիքները հմտորեն են օգտագործվում քաղաքացիների մշակութային պահանջների բավարարման գործում: Մշակույթի տանը մշտապես գործում են տարբեր խմբակներ, որոնց սիրով է մասնակցում քաղաքի պատանի սերունդը, այն ունի իր լավագույն ավանդույթներն ու կենսագրությունը, ձեքբերումները…Պարբերաբար են անցկացվող քաղաքային, մարզային, հանրապետական ու այլ նշանակության միջոցառումները: Մշակույթի պալատում հանդես են եկել ճանաչված շատ արվեստագետներ ու մշակութային բնագավառի գործիչներ, պետական ու քաղաքական ճանաչված գործիչներ… Մասսայական գրադարանը մնում է Մեծամորի քաղաքացիների նախընտրած սիրված օջախը: Տարիներ շարունակ այն եղել է կրթության, գրական հեքիաթային աշխարհին հաղորդակցվելու լավագույն կենտրոնը: Գրադարանի տնօրեն` տիկին Փիրուզա Մալխասյանը իր երկարամյա մասնագիտական փորձառությամբ լավագույնս է կազմակեպում նրա աշխատանքները: Գործող երեք բաժիները մշտապես լիքն են ըներցասեր աշակերտներով, ուսանողներով ու տարբեր մասնագիտության տեր քաղաքացիներով: Պարբերաբար են անցկացվող գրական ցերեկույթները, հիշարժան օրերին նվիրված միջոցառումները: Գրադարանի կոլեկտիվը հմտորեն ու բարյացակամ է կատարում իր աշխատանքը, որը բարձր են գնահատում գրադարանի մշտական այցելուները: Քաղաքում գործում է նաև պատանի տեխնիկների կայանը, որի նվիրյալ Վահրամ Մելքոնյանը իր սաների հետ միասին շարունակում է հին ու բարի ավանդույթները: Նրանց կողմից ստեղծած ավիամոդելները քիչ մրցանակներ չեն բերել հանրապետական մրցությունների ժամանակ: Պատանի տեխնիկների կայանում կան նոր մտահղացումներ ու գաղափարներ, որոնց իրագործման համար կա նրանց սերը և հետաքրքրությունը իրենց սիրված ղեկավարի հմտության ու գործի հանդեպ: Քաղաքում գործող երեք մսուր մանկապարտեզները շարունակում են ծառայել իրենց գործին: Նրանք միշտ գտնվում են քաղաքապետի հոգածության ներքո: Մանկապարտեզների երկարամյա փորձառու տնօրեններ` տիկին Լաուրա Աբրահամյանը /թիվ 4/, Գայանե Հակոբյանը /թիվ3/, և տիկին Մարինե Խաչատրյանը /թիվ 2/ շարունակում են մանուկների կրթության ու դաստիարակության լուսավոր ու պատասխանատու գործը: Մանկապարտեզներում ձևավորվել է հմուտ մասնագետների ընտրանի, որոնք սիրով լծված են դաստիարակչական ու մեթոդական աշխատանքներին: Նրանց շնորհիվ է ձևավորվում մանուկ հոգիներում գեղեցիկի ընկալումը, երգը, պարը, ասմունքը և արվեստի հանդեպ սերը: Պարբերաբար անցկացվում են տարաբնույթ ավանդական դարձած հանդեսներ, միջոցառումներ, որոնց սիրով մասնակցում են ծնողներն ու համայնքի ներկայացուցիչները: Բարձր է նրանց հանդեպ վստահությունն ու հարգանքը ոչ միայն քաղաքի ղեկավարության, այլ համաքաղաքացիների շրջանում: Քաղաքապետ Գրիգորյանի կողմից մանկապարտեզներին հատկացված միջոցներով հաճախակի են անցկացվում երեխաների համար կազմակերպվող էքսկուրսիանները և տարաբնույթ այլ կարգի միջոցառումները… Մեծամորի մարզադպրոցը` տնօրեն` Սուրեն Քոչարյանի գլխավորությամբ հաջողությամբ շարունակում է իր ձեռքբերումները և պահպանում բարի համբավը, որը գործում է մարզահամալիրում: Ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, հունա-հռոմեական ըմբշամարտի, ծանրամարտի և ատլետիկայի խմբերը մշտապես համալրվում են և մարզումները անցկացվում են հմուտ մարզիչների կողմից: Կա նաև քինգբոքսինգի, կարատեի և ակրոբատիկայի վարձակալական խմբեր: Մարզադպրոցի սաները մշտապես մասնակցում է հանրապետական ու միջազգային մրցաշարերին և քիչ չեն մրցանակներն ու մեդալները տարբեր մրցաձևերից: Քաղաքի կրթական գլխավոր օջախներն են հանդիսանում առաջին դպրոցը, տնօրեն Գևորգյան և ավագ, երկրորդ դպրոցը` տնօրեն Մայիս Նիկողոսյան: Համայնքի հանրակրթական դպրոցները շարունակում են հին ավանդույթները շարունակելով մնալ երիտասարդ սերնդի կրթության կարևորագույն ու գլխավոր դարբնոցները: Ուսուցչական կոլեկտիվները նվիրումով են կատարում իրենց լուսավոր ու այնքան գնահատելի հանրաշահ աշխատանքը, շարունակելով գիտելիքներ սերմանել վաղվա ուսանողների հոգիներում…Նրանցից շատերը սիրված մանկավարժներ են, բարձր մարդկային արժեքներ կրողներ, որոնք վայելում են աշակերտության ու համաքաղաքացիների հարգանքը, նրանց կերպարը մնայուն է սերունդների սրտում, միշտ արժանի հիշատակման ու մեծարման… Համայնքում գործում են մի շարք հասարակական կազմակերպություններ ու քաղաքական կուսակցությունների սկզբնական կառույցներ: հասարակական կազմակերպություններից իրենց գործունեությամբ ակտիվ դերակատարում ունեն “Հուսո Կամուրջ”, “Ընտանիք և համայնք” և ԵԿՄ Մեծամորի տ/կ-ն: Հասարակական կազմակերպությունները մշտապես գտնվում են պարոն Ռ. Գրիգորյանի հոգածության ու հոգեբարձության ներքո, և քիչ չեն այն շնորհակալությունները, որ քաղաքապետը ստանում է այդ կառույցների ղեկավարներից, նրանց գործունեությանը աջակցելու համար: Քաղաքական կուսակցությունները ներկայացված են ՀՀԿ, ՀՅԴ, “Օրինաց երկիր”, “Ժառանգություն”, ՀՀՇ, ԲՀԿ, ՀԱԿ տեղական կառույցներով: Տեղական ու համապետական ընտրություններում այս կառույցները հանդես են գալիս մեծ ակտիվությամբ, ինչպես նախընտրական շտաբների կազմավորման, քարոզչության, վստահված անձանց, ինչպես նաև տեղամասային հանձնաժողովներում ըստ իրենց տեղերի անդամների ընդգրկմամաբ: ՏԻՄ ընտրություններում ակտիվ պայքար է ծավալվում ավագանու տեղերի, նաև քաղաքապետի թեկնածուի առաջադրման, ձայների ապահովման և անցկացման ընտրապայքարում: Ակտիվ կառույցներից մեկը ՀՀԿ Մեծամորի կազմակերպությունն է /հիմնադրվել է 1990 թվականին, կուսակցության լիազոր ներկայացուցիչ Մարտին Ավետիսյան/, որը ներկայացված է կանանց հարցերի հանձնախմբով, գաղափարախոսական ու երիտասարդական հանձնաժողովով ու թևով:Գործում են չորս ս/կ, որոնցից հները առաջին և երկրորդ ս/կ-են /կազմակերպության նախագահներ` Սամվել Գալստյան և Մարտին Ավետիսյան/: Կազմակերպությունը 2005 թվականից հրատարակում է “Արիաց Կանչ” ամսօրյան: Մեծամորի տեսարժան վայրերից է եկեղեցին և հանգստի գոտին իր հուշարձան կոթողով և շատրվանով: Երևան Արմավիր մայրուղու աջակողմյան մասում գտնվող պուրակը: Վարչական և մի քանի այլ նշանակության շենքերի ու համալիրների իրարից տարբերվող ճարտարապետական մտահաղացումները: Համայնքի հավատացյալ բնակիչները իրենց կրոնական զգացմունքներն ու հավատքը առ Աստված բավարարում են այցելելով “Սուրբ Ղազար” Առաքելական լուսավորչական եկեղեցի և բավականին ընդգրկուն բողոքական ուղղության Ավետարանչական աղոթատուն: Մեծամորցին լավատեսորեն է նայում իր ապագային, իր քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը: ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության, քաղաքի ենթակառուցվածքների հիմնանորոգման ու նոր բնակելիների կառուցման հետ նոր հույսեր ու ծրագրեր են արթնանում: Մնում է այն կյանքի կոչվի… Մեր խորին ներողությունն ենք հայտնում այն բոլոր արժանավորներին ու մեր քաղաքի հրաշալի մարդկանց, որոնք չհիշատակվեցին այս շարքում, բայց նրանց գործը և բարձր անունը կա մեր սրտերում, նրանց գիտեն ու գնահատում են քաղաքում և նրա սահմաններից դուրս: Քաղաքը ամբողջական ու հետաքրքիր է իր մարդկանցով, ինքնատիպ հումորով, պատմություններով, իր հոռետեսներով, կյանքին ու ապագային փարված լավատեսներով, տնային տնտեսուհիններով ու շքեղ կանանցով, հպարտ ու վեհ այրերով, խելոք ու չար երեխաներով, պահպանողական հայացքներով պապիկ տատիկներով, ազգային արժեքները սրբությամբ դավանող ընտանիքներով, կենսունակ զվարճախոսներով ու անվերջ պոկ չեկող զազրախոսներով, վարսավիրանոցներում ու բակերի զրուցարաններում քաղաքի նորություններն ու “երդումով պահված գաղտնիքները” իրար փոխանցող աննուղղելի բերանբացներով: Սա մենք ենք, մեր քաղաքը ամբողջությամբ… Արդեն կա մտահղացում ամբողջական մի այլ կարգի ժամանակագրություն կազմելու համար, որի համար նախադրյալներ ու գաղափարներ կան արդեն, մնում է հնարավորություն և ժամանակ այն ընթերցողի սեղանին դնելու համար: Թե ինչպիսին այն կլինի, ցույց կտա ժամանակը: Եվս մեկ անգամ հայցելով բոլորի ներողամտությունը հույս ենք տածում, որ հաջորդ հրատարակություններում ավելի ամբողջական պատկերացում կկազմվի քաղաքի ու նրան կյանք տվող մարդկանց մասին: Նոր ժամանակները բերում են նոր անուններ, նոր գործեր, ստեղծագործող ու բանիմաց մարդկանց ընտրանի, նրանք են կերտում իրենց ժամանակի պատմությունը, հիշատակման արժանի գործեր ու համընդհանուր առաջընթաց … Հարգանքներով` Մեծամորի քաղաքապետարան

Կատեգորիա: Համայնք | Դիտումներ: 1140 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024