ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 14:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 8 » Անկարան շարունակում է սպառնալիքներ տեղալ /Բեռլինի համար այդ վարքն անհասկանալի է/
14:52
Անկարան շարունակում է սպառնալիքներ տեղալ /Բեռլինի համար այդ վարքն անհասկանալի է/

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն «պատմական սխալ» է անվանել Գերմանիայի Բունդեսթագի քայլը, որն օրերս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ է ընդունել։
«Գերմանիան պետք է ուղղի իր պատմական սխալը, որը նա թույլ է տվել Անկարայի հանդեպ»,–ասել է Չավուշօղլուն թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այնուհետեւ նա ասել է, թե Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ընդունելու փոխարեն Գերմանիան պետք է հաշվի առնի Թուրքիայի եւ այնտեղ ապրող թուրքերի շահերը։
«Անկարան առանց հետեւանքների չի թողնի Հայոց ցեղասպանության մասին Գերմանիայի Բունդեսթագի որոշումը եւ միջոցներ կձեռնարկի,–հայտարարել է Չավուշօղլուն։–Մենք միջոցներ կձեռնարկենք գերմանական խորհրդարանի բանաձեւի դեմ, մենք չենք կարող լռել»։
Դիվանագետի խոսքով՝ Անկարան սպասում է, որ Գերմանիայի կառավարությունն այդ առիթով իր պաշտոնական դիրքորոշումը կարտահայտի, որը «չի համապատասխանի Բունդեսթագի դիրքորոշմանը»։ Նա Բեռլինից պահանջել է պաշտոնապես հայտարարել, որ գերմանական խորհրդարանի որոշումը հակասում է Գերմանիայի արտաքին քաղաքականությանը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անհասկանալի են Թուրքիայի կողմից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների հասցեին հնչող պահանջներն ու մեղադրանքները, որոնք քվեարկել են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին։
«Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւի կապակցությամբ հայտնի է, որ գոյություն ունի Գերմանիայի Բունդեսթագի եւ թուրքական կողմի երկու տարբեր կարծիք։ Այդ կապակցությամբ ես անձամբ կշարունակեմ հանդես գալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղղակի բանակցություններ սկսելու օգտին։ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն, առանց բացառության, ազատորեն ընտրված պատգամավորներ են, եւ այն պահանջներն ու հայտարարությունները, որոնք այժմ հնչում են Թուրքիայի կողմից, ես անհասկանալի եմ համարում»,–ասել է Մերկելը՝ մեկնաբանելով Գերմանիայի ծագումով թուրք խորհրդարանականների հասցեին Թուրքիայի նախագահ Էրդողանի արած հայտարարությունը, որը նրանց, մասնավորապես, մեղադրել է իրենց երակներում թուրքական արյան բացակայության մեջ։
«Գերմանիայի հետ հարաբերությունները վատթարացնելով՝ Թուրքիան առաջին հերթին վնասում է իրեն,–նշել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը։–Գերմանիան այն երկիրն է, որը համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց կարողացավ ոտքի կանգնել եւ տարիներ հետո ապրել շատ ավելի լավ, քան իրեն հաղթողները։ Այսօր Գերմանիան Եվրոպայի լոկոմոտիվն է, եւ հասկանալի է, որ շատ երկրներ, նրա հետ հարաբերությունները վատթարացնելով, առաջին հերթին տուժելու են հենց իրենք։ Ի դեպ, դա վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլեւ Ադրբեջանին»։ 
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը թուրքական եւ ադրբեջանական արձագանքին՝ Ալեքսանդր Սաֆարյանը նշել է, որ թե՛ զանգվածային լրատվամիջոցների, թե՛ հասարակական, քաղաքական գործիչների ճնշող մեծամասնության մոտ ծայրահեղ նեգատիվ, ջղագրգիռ դրսեւորում էր։ Ըստ նրա՝ դա մի կողմից խոսում է Թուրքիայում եւ Ադրբեջանում որոշակի խառնաշփոթի, մյուս կողմից՝ Բունդեսթագի որոշման բացառիկ կարեւորության մասին։
«Անշուշտ, Գերմանիայի որոշումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ամբողջ գործընթացում կարեւոր օղակ է, բայց դա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։ Չպետք է մոռանանք, որ Հայոց ցեղասպանությունը վաղուց ճանաչված ցեղասպանություն է։ Բազմաթիվ երկրներ, կազմակերպություններ, ամերիկյան բազմաթիվ նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Իհարկե, պետք է նաեւ ընդգծել, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն իր ազդեցությունն է թողնելու ճանաչման գործընթացի վրա»,–ասել է Ալեքսանդր Սաֆարյանը՝ չբացառելով, որ առաջիկայում Գերմանիային կարող են միանալ նոր երկրներ։
Ինչ վերաբերում է ճանաչմանը հաջորդած Թուրքիայի գործողություններին, ապա Ալեքսանդր Սաֆարյանը նշել է, որ այդ ամենը կարող է նրա դեմ աշխատել։ Այսօր Թուրքիան հարցականի տակ է դնում Բունդեսթագի այն թուրք պատգամավորների ազգային պատկանելությունը, որոնք կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձեւին։ Ըստ նրա՝ դա եվրոպական ընկալման տեսանկյունից բացարձակապես անընդունելի է։ Դա եվրոպական մտավորականության տեսանկյունից կարող է ընկալվել որպես ռասիզմի դրսեւորում։ Թուրքագետն ընդգծել է, որ այն արտաքին ագրեսիվ քաղաքականությունը, որը որդեգրվել է թուրքական վերնախավի կողմից, անպայման մի օր խնդիրներ է հարուցելու հենց բուն Թուրքիայի ներսում։
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը բանաձեւի ընդունումը Բունդեսթագի կողմից երեք գործոնով է պայմանավորում։ «Գործոններից առաջինը՝ գերմանական մարդասիրությունն է։ Երկրորդ գործոնը իսլամական ահաբեկչություններն էին Եվրոպայում, որոնք կարող էին կրկնվել Գերմանիայում։ Երրորդ գործոնը՝ միգրացիոն հոսքերն են»,– ասել է Լեւոն Շիրինյանը։ Նա նկատել է, որ Գերմանիան դեռ մեկ տարի առաջ չէր ուզում լսել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, շրջադարձային որոշումը, ըստ քաղաքագետի, Գերմանիայի քաղաքական շահերից էր բխում, ինչից Հայաստանը շահող դուրս եկավ։ Նա համոզված է, որ բանաձեւի ընդունումից հետո հայ մասնագետները հեշտորեն կկարողանան մուտք գործել գերմանական արխիվներ եւ անհրաժեշտ փաստաթղթեր ուսումնասիրել։
«Չնայած տարբեր մեկնաբանություններ կան Հայաստանում, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զուտ էգոցենտրիկ եւ քաղաքական որոշում էր, Գերմանիան իր շահերից ելնելով դա արեց, այնուամենայնիվ, փաստաթուղթը միջազգային իրավունքի առումով շատ կարեւոր երեւույթ է»,–նշել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Չի կարելի չգնահատել այն կարեւոր մարդկային բովանդակությունը, որ իր մեջ կրում է այդ քայլը։ Սա մեծ ազգի մեծ որոշում է եւ կապված է ոչ միայն 100 տարի առաջ Թուրքիայի վարած քաղաքականության հետ, այլեւ՝ ինքնաքննադատություն ու մեղայական է։ Եվ դա սպասելի էր,– նշել է նա՝ հավելելով, որ մեր դիվանագիտությունը որոշակի քայլեր պետք է կատարի։–Պետք է Եվրոպայի ուշադրությունը հրավիրել Հարավային Կովկասի վրա ու ասել՝ տեսեք, դուք Թուրքիայի արարքը դատապարտեցիք, բայց Թուրքիայից պակաս ստոր քաղաքականություն չի վարում նաեւ Ադրբեջանը։ Ադրբեջանը, փաստորեն, փորձում է կատարել երկրորդ ցեղասպանությունը։ Սա մենք կարող ենք օգտագործել ու Եվրամիությանը նպատակամղել լուծելու Ղարաբաղի հարցը՝ ելնելով արդարության ու միջազգային իրավունքի սկզբունքներից»։
Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, անգլիական պառլամենտը եւս մոտ ժամանակներում կճանաչի Հայոց ցեղասպանությունը. «Բացի այդ, պետք է դրդել Ֆրանսիային ընդունելու քրեականացման բաղադրիչը, որից նա ժամանակին հրաժարվեց։ Այս ամենին զուգահեռ, Հայաստանը պետք է բարձրացնի նաեւ փոխհատուցման հարցը։ Բոլոր գործընթացները փաստում են՝ տեսանելի ապագայում Թուրքիան կործանվելու է»։
Ըստ դեսպանի՝ Գերմանիան այդ քայլին գնաց, որովհետեւ դանակը հասել էր ոսկորին. «Գերմանիան հոգնել էր Էրդողանի լկտի քաղաքականությունից՝ մասնավորապես, փախստականների հարցում։ Մերկելն իր հերթին վերջին շրջանում անցել էր կարմիր գիծը եւ ստիպված գնաց այդ քայլին՝ կասեցնելու համար Էրդողանի վայրիվերումները»։
Հ. Գ. Ի դեպ, երեկ գերմանական արտգործնախարարություն է կանչվել թուրք բարձրաստիճան պաշտոնյա՝ քննարկելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի արձագանքները։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով գերմանական դիվանագիտական գերատեսչության իր աղբյուրը։
«Գերմանիան հստակ ընդգծել է, որ Թուրքիայից հնչող վերջին մեկնաբանությունները՝ գերմանացի օրենսդիրների հասցեին անընդունելի են»,– Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյայի խոսքերն է մեջ բերում գործակալությունը։ hhpress.am
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 284 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024