ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 24.07.2017, 22:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [427]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [616]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [478]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 3 » Անկախ դատական իշխանություն /Կամրապնդվեն սահմանադրական երաշխիքները/
14:28
Անկախ դատական իշխանություն /Կամրապնդվեն սահմանադրական երաշխիքները/

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում կապահովվի, մասնավորապես, անկախ, ինքնուրույն եւ օրենքի առջեւ հաշվետու դատական իշխանության կայացումը, կամրապնդվեն դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները։ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ դատական համակարգի վերաբերյալ բոլոր դժգոհություններն ուղղվում են արդարադատության նախարարին եւ այս առնչությամբ նախարարի սահմանափակ միակ լծակը օրենսդրական ճանապարհով համակարգը բարեփոխելու հնարավորությունն է։ «Վարչապետի 100 օրվա ամփոփման ժամանակ արդարադատության նախարարության կողմից դատական համակարգի վերաբերյալ ներկայացված ախտորոշումը, տարբեր գնահատումների համաձայն, պայմանավորված էր ցածր վարկանիշով, ձեւավորված ոչ միասնական դատական պրակտիկայով, կոռուպցիայի տարածված պատկերացումներով, դատավորների անկախության ցածր մակարդակով, գործերի ողջամիտ քննության խախտումներով եւ այլն»,–ասել է նախարարը եւ կարեւորել ներկայացվող օրենքի նախագիծը վերոնշյալ խնդիրները լուծելու համար։ Դատական օրենսգրքի նախագծի կարգավորումներից մեկը վերաբերում է «Բարձրագույն դատական խորհրդի» ձեւավորմանը եւ գործունեության կարգին, որտեղ դատավորները մեծամասնություն չեն կազմելու. ներկայացված են լինելու հավասար թվով 5 դատավորներ եւ ոչ դատավոր անդամներ, որոնք ընտրվելու են ԱԺ կողմից ձայների 3/5 մեծամասնությամբ։ Այդ առումով Դատական օրենսգիրքը գնացել է դատական իշխանության անկախության երաշխավորի՝ «Բարձրագույն դատական խորհրդի» լիազորությունների հստակ սահմանմամբ։ Վճռաբեկ դատարանի նախագահն իրավունք չի ունենալու հարուցել կարգապահական վարույթ վճռաբեկ դատարանի պալատի դատավորի նկատմամբ։ Դատարանների նախագահները չեն կարողանալու ընտրվել «բարձրագույն դատական խորհրդի» անդամի պաշտոնում, ինչպես նաեւ «դատավորների ընդհանուր ժողովի» հանձնաժողովների կազմերում։ Հաջորդ կարգավորումն այն է, որ «Դատարանների նախագահների խորհուրդն» այլեւս որպես դատական համակարգի համար պարտադիր որոշումներ կայացնող մարմին գոյություն չի ունենալու։ Վճռաբեկ դատարանի նախագահը չի հանդիսանալու բոլոր դատարաններին սպասարկող կառույցի հիմնադրի անունից հանդես եկող պաշտոնատար անձ։ Օրենսգրքով կարգավորվում է նաեւ դատավորների գնահատման եւ առաջխաղացման օբյեկտիվ գործընթացը։ Առաջխաղացման ցուցակներում կարող են ընդգրկվել այն դատավորները, որոնք քանակական եւ որակական ցուցանիշների հիման վրա ստացել են բարձր գնահատականներ։ Օբյեկտիվ գնահատման ապահովման հարցում ներդրվելու է որեւէ արտաքին միջամտություն բացառող էլեկտրոնային գնահատման համակարգ։ Նախագծում անդրադարձ է կատարվել նաեւ հանրության շրջանում մեծ դժգոհություն առաջացրած տեւական ժամանակ քննվող գործերին, ինչն ունի իր օբյեկտիվ պատճառը՝ դատավորների ծանրաբեռնվածությունը։ Մասնավորապես, դատավորների ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով կարեւորվել է միջդատական վարույթների գործերով՝ մասնագիտացված դատավորների առկայությանը։ Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ նախագիծը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով։
Կառավարության հավանությանն է արժանացել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրինագծով առաջարկվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1–ը, պարտավոր է հրապարակել հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում ՀՀ գլխավոր դատախազության կայքէջում։ Ընդ որում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները եւ եզրահանգումները ներկայացվում են առանձին։ Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ։ Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի իրավապահ մարմինների գործունեության թափանցիկությունը եւ հաշվետվողականության բարձրացումը։


Առաջարկություն արգելանք դնելու վերաբերյալ
 

Գործադիրի ղեկավարի երեկվա կառավարության նիստի առաջին հանձնարարականը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ էր։ «Մեր համաքաղաքացիների եւ հատկապես տնտեսավարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափին անհամաչափ արգելանք դնելու խնդիրն այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը կամ հակառակը։ Արդյունքում նման արգելանքները, հատկապես հաշվի առնելով, որ դրանք կիրառվում են դատական գործերով, որոնց տեւողությունը բավականին երկար է, հաճախ լուրջ խոչընդոտ են դառնում նաեւ բիզնեսի համար։ Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է լինում օրենսդրական մակարդակում առկա խոչընդոտներով»,–նշել է վարչապետը։ Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին 1–ամսյա ժամկետում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց որպես հայցի ապահովման միջոց արգելանքները գույքի կամ դրամական միջոցների վրա առավել համաչափորեն դնելու եւ այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարության աշխատակազմ։


Պարզեցված ընթացակարգեր
 

Անդրադառնալով բնապահպանական վճարներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ դրանց հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն թղթաբանությունը, հաշվետվությունների ներկայացման ձեւը եւ ծավալը նույնն է բոլոր աղտոտողների համար։ «Արդյունքում, չունենալով աղտոտման եւ վճարումների մեծ ծավալներ, փոքր ծավալի աղտոտողները զգալի ժամանակ եւ ռեսուրսներ են ծախսում նախագծերի, ուսումնասիրությունների եւ հաշվետվությունների համար, իսկ լիազոր մարմինները զգալի աշխատանքային եւ այլ ռեսուրսներ են ծախսում վերջիններիս հսկողության, տեղեկատվության հավաքագրման, ամփոփման եւ վերլուծության համար»,–ասել է կառավարության ղեկավարը եւ հանձնարարել ՀՀ բնապահպանության նախարարին 2–ամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ եւ նվազ վտանգավորություն ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների վճարման, նախագծերի եւ հաշվետվությունների համար, դիտարկել ըստ գործունեության տեսակի ընդհանրացված եւ տիպային վճարների ներդրման հնարավորությունները։
Վարչապետը նշել է նաեւ, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում այն համայնքներին, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն։ «Բնապահպանական վճարների բաշխման համակարգը համայնքների միջեւ թերի է կանոնակարգված, որն իր հերթին ակնհայտ անհամամասնություններ է ստեղծում վնասակար ազդեցություններ կրողների եւ մասհանումների չափերի միջեւ»,–ընդգծել է Կարեն Կարապետյանը։ Ելնելով դրանից՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 2–ամսյա ժամկետում մշակել ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին ՀՀ օրենքով մասհանումներ ստացող ազդակիր համայնքների որոշման կարգ, որը կներառի բոլոր ազդակիր համայնքներին եւ նպատակ կունենա հնարավորինս նվազեցնել վնասակար ազդեցությունները։


Կընդլայնվի մատուցվող ծառայությունների ցանկը
 

Կարեւորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի դարձնելու տեսանկյունից՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը։ Այդ նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած համապատասխան որոշման մեջ՝ առաջարկելով այդ օպերատորներին պատվիրակել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող ծառայությունների կատարումը։ Օպերատորն իրականացնելու է դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման եւ հանձնման գործառույթներ (փախստականի կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում)։ Նշենք, որ ներկայումս ծառայություններ մատուցող օպերատորները վեցն են՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ», «Հայէկոնոմբանկ» ընկերությունները։ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ երեք ամիս առաջ մեկնարկած ծրագրի արդյունքում այս պահի դրությամբ ՀՀ ողջ տարածքում գործում է 39 գրասենյակ, որից 14–ը՝ Երեւանում։ Ըստ նախարարի՝ 39 գրասենյակները մատուցում են 67 ծառայություններ, մոտ ժամանակներս նախատեսվում է պատվիրակել եւս 42–ը։ «Կոչ եմ անում կրկին մեր քաղաքացիներին օգտվել իրենց տարածքներում առկա մասնավոր օպերատորների գրասենյակներից եւ խնայել իրենց ժամանակն ու ռեսուրսները»,–նշել է Ա. Հովհաննիսյանը։ Կարեն Կարապետյանը, կարեւորելով նախաձեռնությունը, նշել է, որ այն պետք է շարունակական լինի եւ ընդգրկի ՀՀ ողջ տարածքը։


Բազան կհամալրվի նոր մեքենաներով
 

Բժշկական կազմակերպությունների համար շտապ բուժօգնության մեքենաներ ձեռք բերելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը գումար կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։ Նպատակը՝ հանրապետության շտապ բժշկական օգնության մեքենաների բազան նոր մեքենաներով համալրելն է։ Հիմնավորման համաձայն՝ երկար տարիներ բժշկական կազմակերպությունները չեն համալրվել նոր շտապ բժշկական օգնության մեքենաներով։ Որոշմամբ նախատեսվում է ձեռք բերել արդի սարքավորումներով հագեցած շտապ բժշկական օգնության 10 մեքենա։


Ընտանեկան դրամագլուխը՝ ամսական 25000 դրամի չափով
 

Երեք եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը սահմանող որոշման մեջ։ Համաձայն կարգի՝ ընտանեկան դրամագլուխը ընտանիքը կարող է օգտագործել՝ հիփոթեքային վարկի տոկոսագումար վճարելու եւ մայր գումար մարելու, ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու, սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկի տոկոսագումար վճարելու եւ մայր գումար մարելու եւ հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղական բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար։ Մինչեւ 2017թ. հունվարի 1–ը գործող իրավակարգավորումների համաձայն՝ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաեւ նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը։ Կառավարության այսօրվա որոշմամբ՝ ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31–ը։ Նշենք, որ այդ իրավունքից կօգտվի շուրջ 20000 ընտանիք։


Այլ որոշումներ
 

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքում եւ հարակից տարածքներում իրականացվող ներդրումային ծրագրերը ՀՀ կառավարության լիազոր մարմին ներկայացնելու, հավանության արժանացնելու եւ ծրագրերի նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում։
Կառավարության որոշմամբ թույլատրվել է «Վիսավտ» ՍՊԸ–ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ Ընկերությունը ներմուծվող սարքավորումն օգտագործելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2 մլրդ 138 մլն ՀՀ դրամ։ Ներկայումս ստեղծված է 20 աշխատատեղ՝ 250 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ընկերության ներդրումները կազմում են 4 մլրդ 632 մլն ՀՀ դրամ։
Գործադիրը հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2, Բաբաջանյան–Տիչինա ճանապարհահատվածի հողի օտարման եւ տարաբնակեցման ծրագիրը։ Դա հնարավորություն կտա Բաբաջանյան–Տիչինա ճանապարհահատվածում իրականացնել իրացման աշխատանքներ, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները։ Ծրագրի հիմնական նպատակն է լրացնել քաղաքային արեւմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները. նախատեսվում է կառուցել Դավթաշեն–Աշտարակ, Բաբաջանյան–Աշտարակ եւ Արգավանդ–Շիրակ ճանապարհահատվածները։
Գործադիրը հավանություն է տվել «Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Հյուպատոսության ստեղծումը կնպաստի երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմանը։
«Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր–Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր–Հայաստան, 3–րդ փուլ)» համագործակցության դրամաշնորհային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է այն ներառել ՀՀ 2017թ. պետբյուջե. այդ նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ նախադրյալներ կստեղծվեն ծրագրի հիմնական նպատակի՝ Հայաստանի Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ձեւավորման համար։
Կառավարությունը հաստատել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանի ընտրության արդյունքները։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 17 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017