ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 19.07.2018, 11:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [526]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [413]
Մշակույթ [14]
Հասարակություն [721]
Սպորտ [1]
Տեսակետ [43]
Տարածաշրջան [69]
Զանազան [152]
Քաղաքականություն [567]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 29 » Ապագայում՝ մեկ նստավայր /Բաղրամյան 26–ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին/
11:36
Ապագայում՝ մեկ նստավայր /Բաղրամյան 26–ը կվերադարձվի նախագահի աշխատակազմին/

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Անցնելով նիստի օրակարգային հարցերի քննարկմանը՝ գործադիրն ընդունված որոշմամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանել Երեւանի Մարշալ Բաղրամյան պողոտա 26 եւ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները։ Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Քանի որ այս հարցը որոշակի հանրային հետաքրքրություն է ներկայացնում, ուզում եմ երկու բառ ասել այս կապակցությամբ։ Տվյալ որոշումն ընդունում ենք զուտ օրենքի տեխնիկական պահանջը կատարելու համար, բայց ցանկանում եմ արձանագրել, որ իսկապես տարօրինակ իրավիճակ ունենք, երբ կառավարությունը պարզ է, որ մի շենքում կարող է տեղակայված չլինել, բայց որ վարչապետը երկու շենքում տեղակայված լինի, դա իսկապես մի փոքր տարօրինակ իրավիճակ է։ Ուզում եմ հստակ արձանագրել, որ մենք ամենեւին չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել, որովհետեւ հիմա այդ կապակցությամբ որոշակի կարծիքներ են հնչում, որ մենք կառավարությունում հայտնվելով մոռանում ենք, թե ինչն ենք քննադատել։ Դա ամենեւին այդպես չէ։ Իհարկե, կարծում եմ, որ այն, ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք, եւ կարծում եմ, որ հարցերին ոչ թե անձնավորված մոտեցումներ պետք է ցուցաբերել, այլ ինստիտուցիոնալ։ Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26–ի նստավայրից, եւ այդ նստավայրը ժամանակի ընթացքում մենք կվերադարձնենք նախագահի աշխատակազմին, ինչպես նախկինում եղել է։ Այս պահին մենք մի քանի արարողակարգային խնդիրներ ունենք լուծելու։ Գիտեք, որ վարչապետի եւ նախագահի կարգավիճակի փոփոխությունների առումով որոշակի արարողակարգային պարտականություններ կան, եւ հիմա նոր Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը։ Արարողակարգային որոշակի պարտականություններ կան, որոնք կապված են շենքային պայմանների հետ, եւ մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչպես ենք այդ խնդիրը լուծելու, նաեւ աշխատակազմի եւ որոշ մարմինների տեղակայման հետ կապված խնդիրները պետք է լուծենք. եւ, իհարկե, այս հարցը հնարավորինս կարճ ժամանակում կլուծենք»։


ՓՄՁ–ն ունի լուրջ պաշտպանվածության կարիք
 

Գործադիրը հավանություն է տվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններին։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ կառավարությունը տնտեսավարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմանների, ինչպես նաեւ փոքր ու միջին բիզնեսի աջակցության գաղափարներն ընդունելի է համարում՝ դրանք համապատասխանում են տվյալ ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությանը։ Սակայն նախագծում առկա են որոշ կարգավորումներ, որոնք լրացուցիչ քննարկման, վերանայման, հստակեցման եւ խմբագրման կարիք ունեն։ Դրանք վերաբերում են առեւտրային ցանցերի բնորոշմանը, առեւտրային օբյեկտների տեսակների ցանկում առեւտրային ցանցերն ավելացնելուն, առեւտրի օբյեկտներում ներմուծող եւ մեծածախ առեւտուր իրականացնող իրավաբանական անձանց մանրածախ առեւտուր իրականացնելու սահմանափակմանը եւ այլն։ Արծվիկ Մինասյանն անդրադառնալով նախագծի 4–րդ հոդվածում ամրագրված՝ առեւտրային ցանցերում մանրածախ առեւտրի իրականացումը շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 20։00–ից մինչեւ ժամը 22։00–ն ընկած ժամանակահատվածում դադարեցնելու դրույթին՝ նշել է, որ այն լրացուցիչ հիմնավորման կարիք ունի։ Մասնավորապես՝ ինչ չափանիշների հիման վրա է նախատեսվել հենց նշված ժամերին առեւտրի իրականացումը դադարեցնելու վերաբերյալ կարգավորումը։ Բացի դրանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ առաջարկը կարող է էական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի վրա՝ կառավարությունը կարծում է, որ վերջինիս հիմքում պետք է լինի հստակ վերլուծություն, որը, ըստ էության, բացակայում է։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս հարցը պետք է դիտարկել շատ կարեւոր եւ առաջնահերթություն հանդիսացող փոքր եւ միջին բիզնեսի աջակցման գործընթացի շրջանակներում։ «Մենք, իհարկե, լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ։ Վաղը խորհրդակցություն եմ հրավիրել փոքր եւ միջին բիզնեսի աջակցության թեմայով, որպեսզի մենք արդեն շատ կոնկրետ որոշենք մեր անելիքները եւ ուղղությունները, թե ինչ քայլեր պետք է անենք փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու համար։ Իհարկե, այո, գաղափարների որոշակի մոդիֆիկացիաներ մենք նախնական քննարկել ենք եւ եկել նույն եզրակացության, որ ավելի լավ է այստեղ յոթ չափել, մեկ կտրել, այսինքն՝ լուրջ վերլուծություն անել։ Փոքր եւ միջին բիզնեսը ՀՀ–ում ունի լուրջ պաշտպանվածության կարիք եւ կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու դրա համար, ամեն ինչ անելու է, որ միջոցները լինեն արդյունավետ։ Դա միանշանակ է, եւ բոլորս այդ հարցում համաձայն ենք»,–ասել է վարչապետը։ Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարեւորել է քննարկումներում ՓՄՁ–ների ներկայացուցիչների մասնակցության ապահովումը։ «Պետք է իրենք էլ դառնան այդ պրոցեսի օրգանական մասը, որպեսզի, ի վերջո, հանրության բոլոր շերտերը տեսնեն, որ իրենք ունեն ռեալ հնարավորություն որոշումների կայացմանը մասնակցելու եւ որոշումների կայացման վրա ազդելու համար»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։


Օրենսդրական նախաձեռնություններ
 

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը։ Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած նախագծով առաջարկվում է գործատուին հնարավորություն ընձեռել պայմանագրով սահմանված պարտականություններն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ նախքան դրա գործողության ժամկետի լրանալը։ Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113–րդ հոդվածի 1–ին մասի 5–րդ կետի գործող կարգավորումների համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսանում նաեւ աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը, այսինքն՝ օրենսգրքում արդեն իսկ առկա է համանման կարգավորում։
Կառավարության մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագծին։ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է եւ ներկայում շրջանառվում է կառավարությունում, որով տրվել է Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած առաջարկությանը նմանատիպ, առավել համապարփակ, կարգավորում։ Առաջիկայում նշված նախագիծը կառավարության հավանությանն արժանանալուց հետո օրենսդրական նախաձեռնությամբ կներկայացվի Ազգային ժողով։ Այդ կապակցությամբ նախագծի հեղինակներին առաջարկվում է առայժմ ձեռնպահ մնալ իրենց օրենսդրական նախաձեռնության քննարկումից եւ դրա դրույթներին անդրադառնալ կառավարության կողմից ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակներում։
Գործադրի որոշմամբ հաստատվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ՊՈԱԿ–ներին ամրացված եւ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում ՀՀ 2003–2007 թվականների պետական բյուջեների «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի մնացորդ հաշվառված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու կարգն ու պայմանները։ Նախագծի նպատակն է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, շուրջօրյա խնամքի հաստատություններից երեխաներին ընտանիք վերադարձնելը եւ այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնումը, ինչպես նաեւ տարեցների տուն–ինտերնատում բնակվող տարեցներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը։ Նախագծով նախատեսվել է որպես սոցիալական աջակցություն գույք հատկացնել ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին, նվիրաբերել ընտանեկան խնամքի այլընտրանքային ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությանը՝ որպես պետության կողմից ներդրված համաֆինանսավորում, ինչպես նաեւ գույք ամրացնել տուն–ինտերնատին։


Այլ որոշումներ
 

Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել 2018 թվականի մարտի 6–ի համապատասխան որոշումը եւ փոփոխություն կատարել 2017 թվականի նոյեմբերի 9–ի որոշման մեջ։ Այսպիսով, դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2019 թվականի հուլիսի 1–ը՝ բացառությամբ թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող եւ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ եւ իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի։ Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է. «Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ոլորտում ունենք խնդիր, որը պետք է անպայման կարգավորել, բայց այս ժամկետների հետաձգումներն ի վերջո անիմաստ են դառնում, եթե այս ընթացքում հանրության հետ տեղի չի ունենում երկխոսություն։ Մենք հիմա ասում ենք՝ հետաձգենք եւս մեկ տարով, այդ ընթացքում գնում, մոռանում ենք, զբաղվում ուրիշ գործերով, մեկ էլ մյուս տարվա հուլիսի 1–ից ուժի մեջ է մտնում, մարդիկ այդ մասին տեղեկանում են լուրերի թողարկումից ու զարմանում։ Այսինքն, այս հետաձգումների իմաստն այն է, որ մենք խնդիրներն ինքներս խորությամբ հասկանանք ու մարդկանց ներկայացնենք, պատրաստենք այդ փոփոխություններին։ Ի վերջո, փիլիսոփայության առումով այս փոփոխությունները մի հսկայական մասով տրամաբանական են։ Խնդիրն այն է, երբ կա գործիք, եւ մարդը չգիտի այդ գործիքն ինչպես պետք է օգտագործի, այդ գործիքն իր դե՞մ է, թե՞ իր օգտին։ Սա ընդամենը հանրային իրազեկման խնդիր է։ Հետեւաբար, եթե մոռանանք թեմայի մասին եւ կրկին հիշենք հաջորդ տարվա հունիսի 30–ին՝ նույն խնդրի առաջ ենք կանգնելու եւ նորից ասելու ենք՝ եկեք մի տարի էլ հետաձգենք։ Պետք է այս մեկ տարին օգտագործենք հանրության հետ մասնագիտական պրակտիկ երկխոսություն ծավալելու եւ ամեն ինչը բացատրելու, ներկայացնելու համար, մինչեւ մարդկանց համոզենք, որ այս մեխանիզմը պետք է կիրառվի հօգուտ եւ ոչ թե ընդդեմ իրենց»։
Գործադիրը հավանություն է տվել 2018 թվականի մարտի 20–ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ՝ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 3 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018