ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 15.12.2018, 10:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 25 » Առաջին հանրապետության նախերգանքը / Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/
11:06
Առաջին հանրապետության նախերգանքը / Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/

Մայիսի 27—ին թուրքերը պահեստային խոշոր ուժեր մտցրեցին ճակատամարտի մեջ եւ ամբողջ ճակատով մեկ ոչ միայն կասեցրին հայկական զորքերի հարձակումը, այլեւ իրենք անցան վճռական հակահարձակման։ Հաջորդ օրը, մայիսի 28—ին հակառակորդն էլ ավելի զարգացրեց ձեռք բերված հաջողությունները եւ վերջնական բեկում մտցրեց ճակատամարտում։ 
Կոտրելով հայկական աջ եւ ձախ թեւերի դիմադրությունը, թուրքական զորքերը կտրեցին երկաթուղին Մ. Ղարաքիլիսայից դեպի հյուսիս, ինչպես նաեւ՝ գրավեցին քաղաքից արեւելք ընկած Վարդանլու գյուղը։ Շրջապատման օղակը Մ. Ղարաքիլիսայի շուրջը փակվեց։ Սակայն մինչ այդ հայկական ուժերի մեծ մասին հաջողվեց նահանջել դեպի արեւելք՝ Դիլիջան եւ դեպի հյուսիս՝ Շահալի կայարան։ Շրջապատման մեջ մնացածները հերոսաբար դիմադրեցին մինչեւ վերջ եւ ընկան զենքը ձեռքներին, իսկ նրանք, ովքեր զինամթերքի սպառման պատճառով գերվեցին, թուրքերի կողմից տմարդորեն գնդակահարվեցին։ Մայիսի 28—ի երեկոյան թուրքական 11—րդ դիվիզիայի առաջապահը մտավ Մ. Ղարաքիլիսա։
Ղարաքիլիսայի հերոսամարտում հայկական զորքերի կրած պարտությունը, սակայն, շատ թանկ նստեց թշնամու վրա։ Մեծ կորուստների հետեւանքով նա արդեն ռիսկ չարեց շարունակել հարձակումը Դիլիջանի ուղղությամբ, ուր այդ պահին գտնվում էին Ղարաքիլիսայի ջոկատի մնացորդները եւ Դսեղից այստեղ անցած Անդրանիկի բոլորովին թարմ բրիգադը (3—3,5 հազ. սվին եւ սուր)։ Այլ կերպ ասած, թուրքերը հաղթեցին Ղարաքիլիսայի ճակատամարտում, բայց ի զորու չեղան կատարել իրենց առջեւ դրված գլխավոր խնդիրը, այն է՝ ճեղքել դուրս գալ Ղազախ—Աղստաֆա։ Լիարժեք հաղթանակի եւ Դիլիջանի գրավման դեպքում, թուրքերը հնարավոր է՝ ոչ միայն դուրս գային Ղազախ, այլեւ փորձեին Սեմյոնովկայի լեռնանցքով եւ Ելենովկայի ու Ախտայի վրայով, շրջանց զորաշարժով հարվածել Երեւանին հյուսիս—արեւելքից։
Մայիսի 29—ի զինադադարը շուտով ուժի մեջ մտավ նաեւ Ղարաքիլիսայի ճակատում։ Հայկական հրամանատարության պահանջ—հիշեցումները՝ թուրքական զորքերը մինչեւ բաթումյան սահմանագիծը (մինչեւ Ջաջուռ կայարան) հետ քաշելու վերաբերյալ, բացարձակապես անտեսվեցին։ Լոռին բաժանվեց երեք գոտիների՝ հայկական, թուրքական եւ վրաց—գերմանական։ Առաջին աշխարհամարտում կրած պարտությունից հետո միայն թուրքական զավթիչները պարպեցին Լոռին։ Լոռու պլացդարմը մինչեւ վերջ իր ձեռքում պահելով՝ թշնամին նպատակ ուներ ոչ միայն վերահսկել Թիֆլիս—Ալեքսանդրապոլ երկաթուղին, այլ նաեւ հարկ եղած պահին, նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը հարվածել հյուսիսից՝ Համամլու—Բաշ—Ապարան ուղղությամբ։ Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո, այդ նույն պայմանագրի համաձայն, Մ. Ղարաքիլիսա—Դիլիջան—Քարվանսարա—Ղազախ ճանապարհով, թուրքերն իրենց 5—րդ դիվիզիան տրանզիտով տեղափոխեցին Ելիզավետպոլ, որտեղից էլ այն հետագայում արշավեց Բաքվի վրա։
1918թ. մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ—Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերը օրգանապես փոխկապակցված են։ Դրանցից, թեկուզ եւ մեկում, կողմերից որեւէ մեկի հաղթանակը կամ պարտությունը անմիջականորեն ազդում էր մյուս երկու ճակատամարտերի արդյունքի վրա։ Այս իմաստով գերագնահատել կամ թերագնահատել դրանցից որեւէ մեկի նշանակությունը՝ ճիշտ չէր լինի։ Այսպես, եթե Բաշ—Ապարանի ճակատամարտում հայերը պարտվեին, ապա թուրքերը հնարավորություն կունենային թիկունքից հարվածելու Սարդարապատի խմբավորմանը եւ ամենայն հավանականությամբ՝ պարտության մատնելու նրան։ Եվ հակառակը, եթե Սարդարապատի խմբավորումը պարտվեր, ապա թուրքերը հնարավորություն կունենային նաեւ հարավից հարվածելու Դրոյին եւ աքցանի մեջ վերցնելով՝ ջախջախել նրա զորախումբը։ Վերջապես, Ղարաքիլիսայի ճակատում հայկական կողմի պարտությունը ստիպեց, որ դադարեցվեն Սարդարապատի եւ Բաշ—Ապարանի հաղթական ճակատամարտերը, քանի որ ուրվագծվում էր հակառակորդի կողմից Երեւանին հյուսիս—արեւելքից՝ Դիլիջան—Սեմյոնովկա—Ախտա գծով հարված հասցնելու իրական վտանգը։ Թուրքերն իրենց հերթին վախեցան շարունակել Ղարաքիլիսայի ճակատամարտը, ոչ միայն իրենց կրած լուրջ կորուստների պատճառով։ Նրանց համար իր հերթին չափազանց իրական էր դարձել Սարդարապատի ճակատամարտում հաղթանակ տարած հայկական խմբավորման կողմից Ալեքսանդրապոլի գրավման վտանգը։ Եթե դա տեղի ունենար, ապա Բաշ—Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատներում մարտնչող թուրքական 9—րդ եւ 11—րդ դիվիզիաները, ինչպես նաեւ Թիֆլիսի վրա շարժվող 5—րդ դիվիզիան կհայտնվեին մահացու թակարդում։ Մայիսի վերջին եւ հունիսի սկզբին, ինչ խոսք, երկուստեք գոյություն ունեին ռազմական գործողությունները շարունակելու մի քանի տարբերակներ։ Սակայն կողմերը նպատակահարմար գտան դադարեցնել պատերազմը եւ կնքել նախ՝ զինադադար եւ ապա՝ հաշտություն։ Դրանով հանդերձ պետք է նշել, որ հաշտության անմիջական նախօրեին հայկական զորքերի դրությունն ավելի գերադասելի էր։
Այսպիսով, 1918թ. մայիսյան հերոսամարտերի արդյունքում կասեցվեց թուրքական հարձակումն Արեւելյան Հայաստանում, որի շնորհիվ արեւելահայության եւ արեւմտահայ գաղթականության մեծ մասը փրկվեց թուրք բարբարոսների կազմակերպած նոր ցեղասպանությունից։ 
1918թ. մայիսի վերջին ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը, որի գոյության հետ ստիպված էր հաշտվել օսմանյան Թուրքիան եւ նրա հետ կնքել հաշտության պայմանագիր Բաթումում։
1918թ. հունիսի 4—ի Բաթումի հաշտության պայմանագրով հայ—թուրքական սահմանագիծն անցնում էր Արագած լեռան գագաթով, Էջմիածնի եւ Երեւանի մերձակա մատույցներով։ Նորաստեղծ Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում էր 11 հազ. քառ.կմ։ Սա վկայությունն էր այն բանի, որ Թիֆլիսում կենտրոնացած հայ բարձրագույն քաղաքական ղեկավարությունը չկարողացավ լավագույնս օգտագործել մայիսյան հերոսամարտերի ռազմական արդյունքները։ Թուրքերի մասին կարելի է ասել ճիշտ հակառակը։ Նշված հերոսամարտերում կրելով պարտություն, նրանք փայլուն հաջողության հասան Բաթումի հաշտության կոնֆերանսում՝ հայկական կողմին պարտադրելով ստորացուցիչ պայմաններ։
Խոսելով Բաթումի պայմանագրի մասին՝ պատմաբան Լեոն գրել է. «Տասը հազար քառակուսի վերստ էր այդ Հայաստանը։ Մեծ մասամբ լեռ ու անապատ Սեւանա լճի չորս կողմը, հայ ժողովրդի ոչ թե բնակության տեղ, այլ գերեզման։ Պետական սահմանը անցնում էր Երեւանի տակով, հայերի ձեռքին մնում էր միայն վեց վերստ (6,5 կմ) երկարությամբ երկաթուղի»։
Երեւանում լույս տեսնող «Աշխատանք» լրագիրն իր 1918թ. հունիսի 5—ի համարում էլ ավելի խիստ էր արտահայտվում այդ պայմանագրի մասին. «Մի՞թե Երեւանի հայությունը կռիվ հայտարարեց, դիմադրություն կազմակերպեց, հաղթանակներ տարավ անոր համար, որպեսզի այսօր ստրկանա, ստորանա, որպեսզի թուրքերուն հանձնե իր երկրի կարեւոր հողամասերը եւ այդպիսով իր ձեռքով իր գերեզմանը փորե»։
Այս առումով տեղին է մեկ անգամ եւս հիշել այն իրական եւ մեծ հայրենասերներին, ովքեր դարձան 1918թ. մայիսյան հերոսամարտերի գլխավոր ճարտարապետները, եւ առանց որոնց հնարավոր չէր լինի շահել հաղթանակ թուրք ցեղասպանների դեմ մղվող օրհասական պայքարում։
«Երեւանի շրջանում ամբողջ իշխանությունը գտնվում էր Արամ Մանուկյանի ձեռքում, որը համերաշխ գործում էր ժողովրդին ու զորքին ոգեշնչող գեներալ Սիլիկյանի ու Դրոյի հետ։ Երեւանի շրջանի ռազմական եւ տնտեսական հզորության կազմակերպման նրանց ակնառու ունակությունը հայերին հնարավորություն տվեց զենքը ձեռքին պահել մի կտոր հողը, միակ քաղաք Երեւանը եւ Սուրբ Էջմիածնի վանքը, եւ եթե մեզ՝ հայերիս հետ հաշվի էին նստում այն ժամանակ եւ հաշվի են նստում այժմ, ապա դա ես վերագրում եմ բացառապես երեք անձանց՝ Արամին, գեներալ Սիլիկյանին եւ Դրոյին»։ Օրվա երեք մեծություններին այս գնահատականը տրվել է իրադարձությունների ակտիվ մասնակից, արդեն հիշատակված գնդապետ Ք. Արարատյանի կողմից եւ, անշուշտ, լիովին համապատասխանում է իրականությանը։
Հաջորդիվ կանդրադառնանք Սարդարապատի, Բաշ—Ապարանի–Ղարաքիլիսայի հերոսամարտերին առանձին—առանձին։

Շարունակելի

Էդիկ ՄԻՆԱՍՅԱՆ
Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 13 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018