ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 15.12.2018, 10:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 26 » Առաջին հանրապետության նախերգանքը /Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/
11:06
Առաջին հանրապետության նախերգանքը /Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/


Սարդարապատի հերոսամարտը

—Մայիսի 5 — Սասունցիների գունդը (500 սուր, հրամանատարներ՝ Սասունցի Մուշեղ, Սասունցի Մանուկ, Մորուք Կարո, Չոլո) գրավեց Թուրքի Թալինի (Ն. Թալին) անառիկ համարվող բերդը։ Այդ չափազանց կարեւոր տակտիկական հաջողությունը ռազմական տեսակետից հետագայում մեծ դեր խաղաց Սարդարապատի ճակատամարտում. ե՛ւ նահանջի, ե՛ւ հակահարձակման ժամանակ՝ հայկական զորքերը հյուսիսային թեւից ապահովագրված էին թուրքի՝ Թալինի կողմից հասցվելիք հնարավոր հարվածներից։ Այդ մասին իր հիշողություններում գնդի հրամանատար Սասունցի Մուշեղը (Ավետիսյան) հայտնում է հետեւյալը. «Թալինի բերդը ռազմական բացառիկ նշանակություն ուներ մեր փոքր երկրին համար, անիկա ոչ միայն կիշխեր Էջմիածնի եւ Աշտարակի, այլ նաեւ տեւական սպառնալիք մըն էր Երեւանի համար։ Հետագային, երբ Սարտարապատի կռիվները տեղի ունեցան, այն ատեն միայն հասկցվեցավ մեր շարժման կարեւորությունը»։
Եռօրյա մարտերում թուրք—թաթարական տարրից մաքրվեց նաեւ Արագածի ամբողջ լեռնազանգվածը։ 1926—ին, Դաշնակցության դատի ժամանակ, հայ բոլշեւիկները սասունցիներին ներկայացվող մեղադրանքների շարքում հիշեցին նաեւ... Արագածի հայացման «մեղքը»։
—Մայիսի 17—19 — Թուրքերի առաջացումը Ալեքսանդրապոլ—Երեւան երկաթուղու երկայնքով։ Ախուրյանի (Արփաչայ) ձախ ափը պաշտպանող հայկական զորքերի Արագածի ջոկատը (1—ին եւ 2—րդ հետեւակային հատուկ բրիգադներ, հայկական հատուկ հեծյալ գունդ, այլ զորամասեր—հրամ. գնդ. Կազիմիրսկի) սկզբում նահանջեց դեպի Ղարաղուլա կիսակայարան, իսկ այնուհետեւ՝ Դարաբուրուն կայարան։ Մայիսի 19—ին, թուրքերը հարվածեցին նաեւ Ախուրյանի արեւմտյան ափից՝ Կամբինսկի ծանծաղուտի հատվածում։
Թշնամու հայտնվելը Արարատյան դաշտում՝ առաջ բերեց նման դեպքերում սովորական դարձած խուճապ եւ գաղթ, որը հետեւյալ կերպ է ներկայացնում Երեւանում լույս տեսնող արեւմտահայ «Աշխատանք» թերթը. «Թուրքական զորքերու կողմ Ալեքսանդրապոլի վրա կատարված հանկարծական հարձակումն ու գրավումը, ինչպես եւ Սարդարապատի ուղղությամբ հառաջխաղացումը՝ շրջակա թուրք ազգաբնակության օժանդակությամբ, մայիս 15—ին եւ 16—ին անօրինակ խուճապի մատնեցին Սարդարապատ—Ղուրդուղուլի շրջանի 50 000—ի հասնող տեղացի ու փախստական ժողովուրդը։
...Անօրինակ եւ հանկարծական խուճապն այնպիսի սրտաճմլիկ դրվագներու եւ տեսարաններու հանդիպեցնել տվավ մեզի, որ Վանի 11—օրյա նահանջի (1915թ. հուլիսի) տանջալից թշվառությունները այլեւս նսեմացան մեր աչքին»։
Շնորհիվ Երեւանի Հայոց ազգային խորհրդի (նախագահ՝ Արամ Մանուկյան) ձեռնարկած եռանդուն միջոցների՝ հնարավոր եղավ վերահսկելի դարձնել գաղթը եւ թույլ չտալ, որ այն վերաճի ամենակործան հեղեղի, այդ նպատակով տրամադրվեցին հարյուրավոր սայլեր, եւ բացվեցին սննդի կետեր։ Մայիսի 22—23—ից սկսած, երբ հայկական զորքերն անցան հակահարձակման, գաղթը վերջնականապես դադարեց։ Այդ գործում որոշիչ դեր խաղաց նաեւ հենց բուն Երեւանում տիրող կայուն իրավիճակը. դեռ փետրվարի 22—ին, Դանիել Բեկ–Փիրումյանի հրամանով քաղաքում հայտարարվել էր ռազմական դրություն եւ մտցվել պարետային ժամ։ Ստեղծվել էր նաեւ ռազմա—հեղափոխական տրիբունալ՝ մահապատժի իրավունքով։
Սարդարապատի ռազմաճակատի թիկունքում խուճապի արագ սանձահարումը եւ կարգուկանոնի վերահաստատումը դարձան ապագա հաղթանակի կարեւորագույն գրավականներից մեկը։
—Մայիսի 18 — Երեւանի քաղաքային դուման որոշում ընդունեց քաղաքն էվակուացնելու (հանձնելու) մասին։
—Մայիսի 18—20 — Թուրքական զորքերը հարձակման անցան Սուրմալուի գավառում, արեւմուտքից՝ Կողբի կողմից եւ հարավից՝ Հայկական Պար լեռնաշղթայի լեռնանցքներով։ Նպատակը՝ արագ գրավելով Արաքսի վրայի Կարակալայի եւ Մարգարայի կամուրջները, նախ՝ մեկուսացնել եւ ոչնչացնել Սուրմալուն պաշտպանող Իգդիրի ջոկատը եւ ապա՝ նշված կամուրջներով անցնելով Արաքսի հյուսիսային ափ՝ հար— վածել Սարդարապատի ջոկատի թեւին եւ թիկունքին։
Թշնամու գերակշիռ ուժերի ճնշման տակ, արիերգարդային մարտեր մղելով, Իգդիրի ջոկատը կատարելով գեներալ Սիլիկյանի հրամանը՝ մայիսի 18—ին Կարակալայի, իսկ մայիսի 20—ին Մարգարայի կամուրջներով անցավ Արաքսի ձախ ափ։ Ռազմական մեծ կարեւորություն ունեցող հիշյալ երկու կամուրջները պայթեցվեցին, որի հետեւանքով Սուրմալուն գրաված թուրքական զորքերը (5—րդ հետեւակային դիվիզիա, հրամ. Սյուրսել փաշա) մնացին կտրված Սարդարապատի ռազմաբեմից։ Հայկական կողմից կամուրջների մոտ տեղակայվեց ուժեղ պահպանություն, որը ձախողեց Սարդարապատի ճակատամարտի օրերին Արաքսը գետանցելու եւ Սարդարապատի ջոկատին թիկունքից հարվածելու թշնամու փորձերը։
—Մայիսի 20 — Հակառակորդի գերակշիռ ուժերի ճնշման տակ հայկական զորամասերը նահանջեցին Մաստարայից, Թալինից, Աշնակից, ինչպես նաեւ Ղարաբուրուն ու Արաքս կայարաններից։
Գեներալ Մ. Սիլիկյանի այցը Գեւորգ Ե կաթողիկոսին. վերջինս վճռականապես մերժեց գեներալի առաջարկը՝ թողնել Ս. Էջմիածինը եւ ապաստանել Սեւանա կղզում. «Ասացեք հայ բանակին թե ես տեղիցս չեմ շարժվում։ Ես չեմ թողնում Ս. Էջմիածինը։ Եթե մեր զինվորները այն չեն կարողանում պաշտպանել, եւ թուրքերը մտնելու են Էջմիածին, իմ դիակը պիտի գտնեն Ս. Իջման սրբավայրում»։
Հայոց Վեհափառի նման կեցվածքը, միացած Երեւանի Հայոց ազգային խորհրդի նախագահ եւ դիկտատոր Արամ Մանուկյանի դրսեւորած անսասան կամքին՝ Երեւանի մատույցներում կանգնեցնել եւ ջախջախել անարգ ոսոխին, մեծապես նպաստեց զորքի եւ ժողովրդի հոգեբանական շրջադարձին։ Մայիսի 21—29—ը՝ Արագածից մինչեւ Սեւան Գեւորգ Ե—ի հրամանով անընդհատ ղողանջում էին բոլոր եկեղեցիների զանգերը՝ զենքի կոչելով ժողովրդին։ Երեւանում այդ գործի նախաձեռնողները Եղան թեմական դպրոցի միջին դասարանների աշակերտները (բարձր դասարանցիները զինվորագրվել էին որպես կամավոր), ովքեր առաջինը բարձրանալով Ռուսական հսկայածավալ եկեղեցու (ներկայիս Ստ. Շահումյանի արձանի տեղում) զանգակատուն՝ անդադար հնչեցնում էին զանգերը։ Ճակատագրական այդ օրերին հայ հոգեւորականության շատ ներկայացուցիչներ՝ Ս. Էջմիածնի միաբան, մեծանուն հայագետ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս), Էրզրումի հոգեւոր առաջնորդ Զավեն եպիսկոպոս Մահտեսի—Բաբայանը, Մշո Ս. Առաքելոց վանքի միաբան Թադե— վոս վարդապետը, Աղթամարի վանքի միաբան Դանիել վարդապետը, գյուղական քահանաներ՝ իրենց գլխավորած աշխարհազորային ջոկատներով (Էջմիածնի շրջանի Գրամփա գյուղի քահանա տեր Հովհաննես, Ջաֆարապատ գյուղի քահանա տեր Մահակ, Կոտայքի Թազագյուղի քահանա տեր Զաքար), 5—րդ դարի Սբ Ղեւոնդյանց օրինակով, որպես մահապարտներ միացան հայ զորքին՝ մարտի եւ հաղթանակի առաջնորդելով նրան։
Արարատյան դաշտում թշնամու վճռական ճակատամարտ տալու որոշման գործում շատ մեծ դեր խաղաց նաեւ Դրոյի անսասան դիրքորոշումը։ Այդ առթիվ Բոստոնի «Հայրենիք» օրաթերթը (1956.IV. 28) հաղորդում է հետեւյալ արժեքավոր տեղեկությունը. «Դրոն եւ Սիլիկյանը, խորհրդակցելուց հետո, գնում են Երեւանի Հայոց ազգային խորհրդի նախագահ Արամի մոտ։ Շշուկներ կան, որ թրքական վտանգի մոտենալը նկատի ունենալով, որոշված է պարպել Երեւանը։
–Մենք որոշել ենք, կռիվ պիտի տանք Երեւանի փողոցների մեջ եւ մեր դիակները պիտի թափենք Երեւանի մեջ, հայտարարում է Դրոն։
–Ես էլ ձեզ խոսք եմ տալիս, որ Էջմիածնում կմեռնեմ, մյուս կողմից ավելացնում է զորավար Սիլիկյանը»։
Արամի հրամանով սկսվեց պաշտպանական բնագծի ստեղծումը Երեւանից արեւմուտք ընկած Ուչթափալար (Եռաբլուր) բլուրների երկայնքով։ Նա հրամայեց ամրացնել նաեւ Կոնդի Ս. Սարգիս եւ Ս. Աստվածածին եկեղեցիների մատույցները, այլ կերպ ասած՝ Հրազդան գետի արեւելյան բարձրադիր ափը։ Դրանով Արամ Մանուկյանը փաստորեն Երեւանը նախապատրաստում էր փողոցային մարտերի։ Նրա գաղտնի հրամանով զինամթերքի որոշակի պաշար տեղափոխվեց Կոտայք՝ Երեւանի անկման դեպքում պայքարը շարունակելու համար։
—Մայիսի 21 — Թուրքական հարձակումը շարունակվեց։ Երեկոյան կողմ (ժ. 17։00) Սարդարապատի ջոկատը նահանջեց Քյուրաքյանլու—Քյորփալու—Հայի Զեյվա գիծը, ընդ որում թշնամին ընդհուպ մոտեցավ Քյորփալուին։ Երկաթգծի ուղղությամբ թուրքերը գրավեցին Սարդարապատ կայարանը եւ գյուղը, ինչպես նաեւ Դեչրլուն։
Օրվա մարտերին մասնակցում էր հակառակորդի 3000—անոց հետեւակը։
Չնայած նահանջին, զգալիորեն ուժեղացվեց Արաքսի գետանցումների (Մարգարա, Կարակալա) պահպանությունը։
Հակառակորդ կողմերի ուժերը.
Հայեր՝ Երեւանյան զորախումբ, ներառյալ մայիսի 23—ից Բաշ—Ապարանի ճակատ տեղափոխված ուժեր 2—րդ դիվիզիա՝ ոչ լրիվ կազմով, 3—րդ հետեւակային բրիգադ, նախկին Արագածի ջոկատ (1—ին եւ 2—րդ առանձին բրիգադներ), նախկին Իգդիրի ջոկատ (Վանի բրիգադ, Իգդիրի գունդ եւ Պարտիզանական գունդ), կորպուսային հետեւակ եւ հեծյալ այլ զորամասեր, մեծ թվով կամավորական խմբեր — 10 000 սվին եւ սուր, 28 հրանոթ, հրամանատար՝ գեներալ Մ. Սիլիկյան, տեղակալ՝ գնդապետ Դանիել Բեկ–Փիրումյան։ Երեւանյան զորախմբի (Սարդարապատի ջոկատի) շտաբը գտնվում էր Վաղարշապատում՝ Գեւորգյան ճեմարանի շենքում, շտաբի պետն էր փոխգնդապետ Իվան Վեքիլյանը։ Թուրքեր՝ 36—րդ հետեւակային դիվիզիա (106, 107, 108 հետեւակային գնդեր, հրետանային գունդ եւ 36—րդ հարվածային գումարտակ)՝ ուժեղացված հետեւակային եւ հեծյալ զորամասերով — մինչեւ 6000 սվին եւ սուր, 40 հրանոթ, թուրք—քրդական անկանոն ուժեր՝ 3 000։
—Մայիսի 22 — Հայկական հակահարձակման սկիզբը, երկաթգծի ուղղությամբ հարձակվող թշնամին հասավ Ղամշլու եւ Արդաշար գյուղերը (Երեւանից 20 կմ արեւմուտք), որին էլ հետեւեց հայկական կողմի վճռական հակահարվածը։ Հարձակման անցնելով Քյուրաքյանլյու–Քյորփալու— Հայի Զեյվա–Ղուրդուղուլի գծից, հայկական ուժերը ետ վերցրին Սարդարապատ կայարանը եւ գյուղը, ինչպես նաեւ Գեչրլուն եւ Մոլլա — Բայազեթը։ Հակառակորդի գլխավոր ուժերը նահանջեցին Արաքս կայարանի ուղղությամբ՝ ամրանալով նրա մատույցներում եւ հատկապես նրանից հյուսիս—արեւելք ընկած 449 (Թյուլքի—Թափա) եւ 440 (Չիննի—Ղըռ) բարձունքներում։ Ռազմաճակատի հյուսիսային հատվածում 5—րդ գնդի մեկ գումարտակ, վաղ առավոտյան ժ. 6։00—ին հարձակման անցնելով Կոշ—Թալիշ ուղղությամբ, մինչեւ երեկո գրավեց Ուջանը, Վանք—Խարաբան եւ Կոշը։
Օրվա ընթացքում հայկական զորքերը առաջ շարժվեցին 15—20 կմ։ Թուրքերի առաջապահը գլխովին ջախջախվեց, նրանց կորուստները կազմեցին 500 սպանված եւ վիրավոր։
—Մայիսի 22—ի հաղթական մարտին մասնակցում էին 5—րդ (գնդ. Պավել Բեկ–Փիրումյան), 6—րդ (գնդ. Դոլուխանյան), Պարտիզանական (գնդ. Ա. Պերեկրյոստով) եւ Իգդիրի հետեւակային գնդերը, Պարտիզանական հեծյալ գունդը (փոխգնդ. Կորոլկով), Հատուկ հեծյալ գունդը (գնդ. Ամիրխանյան), գնդապետ Սիլինի սահմանապահ ջոկատը ինչպես նաեւ կապիտաններ Խ. Իգիթխանյանի, Ն. Կլիչի, Վ. Սակելյարիի եւ Ս. Աթանեսյանի մարտկոցները. Սարդարապատի ճակատամարտում հայկական հրետանու ընդհանուր հրամանատարությունն իրականացնում էր գնդապետ Քրիստափոր Արարատյանը (հետագայում գեներալ մայոր, ՀՀ ռազմական նախարար)։
Կանոնավոր զորքերի հետ միասին ուս ուսի տված խիզախորեն մարտնչում էին նաեւ մեծ թվով կամավորական, հիմնականում հեծյալ խմբեր՝ Պանդուխտի, Թռուցիկ Հովսեփի, Մակեդոնի, Բուլանխցի Մուրադի եւ այլ, ընդամենը՝ 700 սուր։
Հայկական զորքերի հակահարձակմանը ամենաակտիվ կերպով մասնակցեց նաեւ եզդիական հեծյալ ու հետիոտն աշխարհազորը Ջահանգիր աղայի եւ Ուսուբ—բեկի գլխավորությամբ։ Կռվի բռնվելով թշնամու հետ ռազմաճակատի առավել վտանգավոր՝ երկաթգծից հարավ ընկած հատվածում, եզդիները Ղուրդուղուլիի մատույցներից ջախջախիչ հակահարվածով ետ շպրտեցին թուրքերին։ Այդ մասին Երեւանի «Աշխատանք» օրաթերթը (1918.V1.B) գրում էր հետեւյալը. «Այստեղ չենք կարող առանձին գոհունակությամբ չհիշատակել եզդիներու ցեղապետ Ջահանգիր աղայի գունդի խիզախ եւ անվեհեր ճակատամարտերը գեներալ Սիլիկյանի զորամասերուն հետ, անոնց կողքին եւ առաջին գիծերուն վրա։
Ջահանգիր աղայի եւ իր գունդի մասնակցությունը վճռական նշանակություն ունեցավ այդ շրջանի փախստական եւ տեղական ժողովուրղի ճակատագրի վրա...»։ Սարդարապատի ռազմաճակատում նվաճված առաջին հաղթանակից հետո, եզդիական աշխարհազորը գեն. Սիլիկյանի հրամանով նետվեց Բաշ—Ապարանի ճակատ, որտեղ նույնպես իրեն դրսեւորեց ամենափայլուն ձեւով։

Շարունակելի

Էդիկ ՄԻՆԱՍՅԱՆ
Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, 
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 18 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018