ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 11:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մայիս » 11 » Առաջին հանրապետության նախերգանքը /Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/
14:08
Առաջին հանրապետության նախերգանքը /Մայիսյան հերոսամարտերի տարեգրություն/

Ծովածավալ բազմությունը, որ հուսալքված, ընկճված, հոգեկան ծանր տագնապի մատնված, մեկեն փոխվեցավ հմայված ու հիպնոսացած Նժդեհի հրաշունչ խոսքերեն։ Էլեկտրականացած ամբոխը ռազմական բարձր տրամադրություն ցույց տվավ ու սկսավ գոչել միաբերան՝ «Կեցցե Նժդեհը», «Մահ կամ Ազատություն»...
—    Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը,–կհնչեր Նժդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը։
Պետք էր տեսնել, թե Նժդեհի ճառեն ետք ինչպես պահ մը լքված ու այժմ գոտեպնդված այդ բազմության մեջեն մարտական ուժերը համախմբվեցան զինվորականների շուրջ եւ՝ ամբոխային վիճակեն դուրս եկած, կարգապահությամբ ենթարկվեցան հրահանգներու՝ կազմելով վաշտեր եւ գումարտակներ։ Այսպիսով Ղարաքիլիսեի ճակատը, որ բաց էր մնացեր եւ թշնամին պիտի կարողանար լիկվիտացիայի ենթարկել Արարատի/Արագածի եւ Սարդարապատի ռազմաճակատները, ապահովվեցան ու գոցվեցան բաց աչքերով դեպի մահ գացող զորամասերով։ Եվ այդ բոլորը՝ շնորհիվ Նժդեհին»։
Այդ ընթացքում թուրքական զորքերը վախեցել էին մտնել գյուղաքաղաք՝ զգուշանալով գոյություն չունեցող ծուղակից, իսկ նրանց առաջապահը դիրքավորվել էր Ղշլաղում եւ նրանից դեպի Գյադա—Մայմեխ լեռ ձգվող լեռնալանջերին։
Ղարաքիլիսայի ճակատամարտի նախօրեին, իսկ ապա նաեւ ճակատամարտի ընթացքում իր անձնական խիզախությամբ փայլեց նաեւ 4—րդ հրետանային մարտկոցի հրամանատար, ընդհանուրի սիրելի կապիտան Գուրգեն Մովսեսյանցը։ Նժդեհի հեծելախմբի (50 սուր) հետ միասին նրա մարտկոցը կազմեց Ղարաքիլիսայի ռազմաբեմ վերադարձող հայկական զորքերի առաջապահը։
Ղարաքիլիսայի ջոկատին նույն օրը հրամայվեց հարձակվել դեպի Համամլու. այդ նպատակով հայկական հետախուզությունը առաջ մղվեց դեպի արեւմուտք՝ Համամլուի ուղղությամբ (Արջուտ—Սարալ) եւ դեպի հյուսիս՝ Ջալալօղլու ուղղությամբ (Բգովդալ—Գյուլագարակ)։ Հակառակորդ կողմերի առաջապահների միջեւ տեղի ունեցավ թույլ փոխհրաձգություն Ղշլաղ—Արջուտ գծում։
Հակառակորդ կողմերի ուժերը.
հայեր. 1—ին հրաձգային դիվիզիա եւ կորպուսային այլ զորամասեր, փոքրաթիվ կամավորական խմբեր. ընդամենը՝ 6000 — 7000 սվին եւ սուր, 10 հրանոթ (այլ տվյալներով՝ 14), 20 գնդացիր, ջոկատի պետ՝ գնդապետ Ալ. Բեյ—Մամիկոնյան։ Ջոկատի շտաբը տեղավորված էր Ղարաքիլիսայում, ուր ճակատամարտի սկզբում ժամանեց նաեւ Նազարբեկյանը։
Թուրքեր. 11—րդ Կովկասյան հետեւակային դիվիզիա (հրամ. Ջավիդ—Բեյ) եւ 5—րդ Կովկասյան հետեւակային դիվիզիայի մի մասը. ընդամենը 10000 — 12000 սվին եւ սուր, 70 հրանոթ, 40 գնդացիր։ Հայկական ուժերը դասավորված էին հետեւյալ կերպ։
Կենտրոնում՝ Ղշլաղ—Դարբաս—Արջուտ ուղղությամբ հիմնականում գործում էր Հավաքական հեծյալ ջոկատը (1—ին հեծյալ գունդ — գնդ. Ա. Մելիք—Շահնագարյան, Կարսի հեծյալ գունդ, Նժդեհի հեծյալ եւ այլ կամավորական խմբեր — 2000 սուր եւ սվին, հրամ.՝ գնդ. Նիկոլայ Ղորղանյան) եւ 2—րդ Հավաքական գունդը՝ գնդապետ Գոձիեւի հրամանատարությամբ։ Հեծյալ ջոկատի օպերատիվ ենթակայության տակ էր գտնվում 1—ին Հրետանային բրիգադի 4—րդ մարտկոցը (4 հրանոթ) շտաբս—կապիտան Գուրգեն Մովսեսյանցի գլխավորությամբ։
Հայկական ձախ թեւում՝ Հաջիղարա գյուղ — Գյադա—Մայմեխ լեռ հատվածում գործող գլխավոր ուժը 3—րդ հրաձգային գունդն էր՝ գնդապետ Ս. Սամարցյանի գլխավորությամբ։
Աջ թեւում՝ Բզովդալի ուղղությամբ գործում էր 1—ին Հավաքական գունդը, որի կորիզը կազմում էր Էրզրումի հետեւակային գունդը (հրամ. փոխգնդ. Հալաբյան)։
Ղարաքիլիսայի ջոկատի մյուս խոշոր զորամասերից էր նաեւ 4—րդ հրաձգային գունդը (հրամ. գնդ. Հովսեփյան), որը գործում էր կենտրոնում եւ աջ թեւում։
Հայկական կողմի առավել թույլ զորատեսակը հրետանին էր (10 կամ 14 հրանոթ՝ արկերի անբավարար պաշարով), որի կազմի մեջ մտնում էին 1—ին Հրետանային բրիգադի 3 մարտկոցներ — 4—րդ (հրամ. շտաբս—կապ. Գ. Մովսեսյանց), 5—րդ (հրամ. գվարդիայի շտաբս—կապ. Վեքիլյան) եւ 6—րդ (հրամ. շտաբս—կապ. Փիրումյան). հրետանու ընդհանուր պետն էր գեներալ Ղամազյանը։
—Մայիսի 25 — Հայկական ուժերը 3—4—ժամյա կռվից հետո գրավեցին Ղշլաղը եւ Դարբասը, երկուստեք հարձակվող կողմերի միջեւ հանդիպակաց կատաղի մարտեր ծավալվեցին Արջուտ կիսակայարան — 750 բ. — 1010բ. — Հաջիղարա գծում։ Ն. Ղորղանյանի կողմից Արջուտ կիսակայարանի վրա նետված հեծելավաշտը կանգնեցվեց հրետանային կրակով։ Օրվա ընթացքում թուրքերն ամրացան 750բ. (կենտրոն) — 962բ. (ձախ թեւ) բնագծում։ Աջ թեւում նրանց ձեռքում մնացին Հաջիղարան, Գյադա—Մայմեխ լեռը եւ Հալլավարը։ Հաջիղարայի արյունահեղ մարտում հերոսաբար զոհվեց բոլորի կողմից մեծապես սիրված եւ հարգված, 4—րդ մարտկոցի հրամանատար Գ. Մովսեսյանցը։ Զոհվելուց առաջ խիզախ հրետանավորը, սպառելով իր հրանոթների ամբողջ զինապաշարը, հրամայեց իրենց լծասարքերից ազատել մարտկոցի բոլոր ձիերին եւ ապա դրանց հեծած սրամերկ գրոհել հակառակորդին, ինչը եւ կատարվեց անհապաղ։ Հիշեցնենք, որ ինքնասպանության համազոր խոլական այդ գրոհից առաջ հայ հերոս սպան արդեն 3 անգամ վիրավորվել էր։
Մայիսի 25—ի երեկոյան կենտրոնում գործող Ն. Ղորղանյանի տրամադրության տակ ուղարկվեց գնդապետ Գոձիեւի 2—րդ հրաձգային գունդը, որը դիրքավորվեց Դարբասից անմիջապես դեպի արեւմուտք եւ 962բ—ի հյուսիսային լանջերին։ Նույն գիշեր նա ստացավ նաեւ շտաբս—կապիտան Վեքիլյանի 5—րդ մարտկոցը եւ Էրզրումի հետեւակային գնդի 2 վաշտեր։
—Մայիսի 26 — Գնդապետ Բեյ—Մամիկոնյանից ստանալով հարձակման հրաման՝ Ն. Ղորղանյանի ուժերը մինչեւ երեկոյան ժ. 5—ը գրավեցին 962 եւ 750 բարձունքները, հայկական 2 հեծելավաշտեր հետապնդեցին նահանջող թշնամուն։ Էրզրումյան 2 վաշտեր գրավեցին Իրխանլի ձմեռոցը։ Լիովին ձախողվեցին հակառակորդի մի շարք կատաղի հակագրոհներ։
Գիշերը նահանջող թշնամին զբաղեցրեց Արջուտ — 904բ. դիրքերը, իսկ Ն. Ղորղանյանի ուժերը՝ Իրխանլի — 750բ. — 962բ. գիծը։ Այս հաջողությունները արդյունք էին նախեւառաջ գնդապետ Գոձիեւի 2—րդ Հավաքական գնդի եւ շտաբս—կապիտան Վեքիլյանի 5—րդ լեռնային մարտկոցի գերազանց գործողությունների։
Ռազմավարական շատ մեծ նշանակություն ունեցող Գյադա—Մայմեխ լեռան վրայով, հայկական հաջող հարձակման հետեւանքով, ստիպված էր նահանջել նաեւ թուրքերի աջ թեւը։ Հակառակորդը ետ շպրտվեց նաեւ 1010բ—ից եւ Հաջիղարայից։ Ըստ դեպքերի ականատես Մ. Ղազարյանի, հայկական զորքերը գրավեցին նաեւ Սարալը, ուր շրջապատվեց հակառակորդի ուժերի մի մասը։
Օրվա ընթացքում թուրքերը կրեցին շատ մեծ կորուստներ, միայն հայկական հեծելազորի կողմից սրածվեց 200 ասկյար։ մայիսի 26—ի մարտը հետեւյալ կերպ է ներկայացվում «Ռազմիկ» թերթում (1920.XI.22). «Վեց ժամվա լարված թնդանոթաձգությունից հետո, ուղիղ կեսօրին մեր զորքերն ընդհանուր հարձակման անցան։ Կռվի ճակատը ձգվում էր 6—8 վերստ (6,5—8,5 կմ)։ Թուրքերի գնդացրային կրակը սոսկալի էր, յուրաքանչյուր 50 սաժենի (ավելի քան 100 մ) վրա գործում էր համարյա մեկ գնդացիր, թշնամու փամփուշտները անձրեւի նման էին տեղում։ Փոշու ամպեր էին բարձրանում։ Մեր զորքերը առաջանում էին ամբողջ ճակատում, լուռ, անկրակ, հերոսաբար։ Երկու ժամ չանցած, մեկ էլ այս ու այն կողմից լսելի եղան ուռաների ձայներ, մեր զորքերն էին, նրանք մոտեցել էին թուրքերի խրամատներին, մի քանի ուժեղ ուռաներ եւ մեր զորքերն արդեն դուրս էին քշել թշնամուն իր դիրքերից, այնուհետեւ սկսվում է թուրքերի հետապնդումը, մեր ձախ թեւը գրավում է Հաջիղարան եւ առաջանում բռնում է թուրքերի 2—րդ դիրքերը, Կուրսալ թուրք գյուղի առջեւ ձգվող ժայռուտները, որ տարածվում են դեպի Իլանդաղ լեռնագագաթը։
Սակայն շուտով մեր զորքերի հետապնդումը կանգնեցվում է մեր զորահրամանատարության կողմից, ոչ միայն կանգնեցվում, այլեւ հրաման է տրվում մեր ձախ թեւի զորամասերին հետ նահանջել բռնած դիրքերից»։
Հայկական հրամանատարության այդ վարանոտ եւ ոչնչով չարդարացված քայլը, որ արդյունք էր սեփական ուժերի հանդեպ վստահության պակասի, բացասական մեծ ազդեցություն ունեցավ ճակատամարտի ամբողջ հետագա ընթացքի վրա։
—Մայիսի 27 — Ռազմաճակատի կենտրոնում՝ Արջուտ գյուղի ուղղությամբ, Ն. Ղորղանյանը հարձակման նետեց Էրզրումի գունդը։ Գրեթե ամբողջ օրը տեւած անհաջող հարձակումը դադարեցվեց ժ. 16։30—ին՝ որպես հետեւանք թուրքերի ուժեղ հրետանային կրակի եւ նրանց կողմից սկսված հայկական աջ եւ ձախ թեւերի շրջանցման։
Նպատակ ունենալով լիովին շրջապատել Ղարաքիլիսայի ջոկատը, թուրքական հրամանատարությունը օգտագործելով իր ունեցած կենդանի ուժի գրեթե կրկնակի եւ հրետանու բացարձակ գերակշռությունը, օրվա առաջին կեսին համալրումների եւ զորաշարժերի միջոցով կարողացավ ստեղծել հարվածային ուժեղ խմբավորումներ հայկական աջ եւ ձախ թեւերի դեմ եւ օրվա 2—րդ կեսին անցնել վճռական հակահարձակման. առավոտյան ժ. 10—ին թուրքական 2 զորասյուներ՝ 800—ական ասկյարով, Համամլուից շարժվեցին դեպի Էֆենդի, նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը հայկական կենտրոնի եւ աջ թեւի վրա։ Հակառակորդի եւս մեկ գունդ Ղուրսալիից ուղղվեց դեպի Հայդարլի՝ բացահայտորեն ձգտելով շրջանցել հայկական ձախ թեւը, իսկ ժ. 15—ին Գյուլագարակ—Գյառգյառով (Ջալալօղլուց) դեպի Բզովդալ շարժվեց թշնամու 2000—անոց ջոկատը 6 հրանոթով (5—րդ ԿՀԴ—ի կազմից)՝ մահացու սպառնալիք ստեղծելով հայկական աջ թեւի եւ ընդհանրապես ողջ զորախմբի համար։ Վերոհիշյալ թուրքական թարմ համալրումները կազմում էին Ղարաքիլիսայի ջոկատի անձնակազմի գրեթե կեսը, այն դեպքում, երբ ճակատամարտի ամբողջ ընթացքում հայկական ուժերը չստացան եւ ոչ մի համալրում։
Նշված միջոցառումների շնորհիվ՝ թուրքական կողմին հաջողվեց բեկում մտցնել ճակատամարտի մեջ։ Ժ. 15—ին հակառակորդի մեկ հետեւակային գունդ, հրետանիով եւ հեծելազորով, սկսեց խորը շրջանցել հայկական ձախ թեւում գործող 3—րդ հրաձգային գնդի ձախ թեւը։ Վերջինիս որպես օգնություն՝ Ղորղանյանի կողմից ուղարկվեց 2 հեծելավաշտ, որոնք 912 բ.—ից դեպի հարավ փորձեցին կանգնեցնել առաջ նետվող թշնամուն։ Օրվա վերջում, կատաղի մարտերից հետո, հակառակորդին հաջողվեց գրավել Գյադա—Մայմեխ լեռը՝ հայկական ձախ թեւի պաշտպանության բանալին։ Ահա թե ինչ է գրում այդ մասին Ավետիս Ահարոնյանը. «Երեք օրերի կռիվներից հետո թուրքերի առաջին եւ վճռական հաջողությունն էր այս, որ մերոնց դրությունը դարձնում էր տագնապալի»։
Լեռան համար մղվող պայքարում, հակագրոհներից մեկի ժամանակ հերոսի մահով զոհվեց էրզրումցի Կոտոշ Արամը, որի կամավորական փոքրիկ հեծելախումբը, Վարդան Շահբազի հեծյալ 100—յակի հետ միասին, մարտնչում էր Ղարաքիլիսայի ճակատի ձախ թեւում՝ գնդ. Սամարցյանի ընդհանուր հրամանատարության ներքո։
Գյադա—Մայմեխի անկումը հետեւանք էր ոչ միայն թշնամու ճակատային, այլ նաեւ թիկունքից հասցված ուժեղ եւ անսպասելի հարվածի։ «Ռազմիկ» թերթը (1920.%1.22) այսպես է ներկայացնում հակառակորդի գործողությունները. «Հետագայում պարզվում է, որ Մայմեխի գագաթը բարձրացող թրքական զորագունդը, դեռեւս մայիսի 24—ից, ուղարկված է լինում Բաշ–Ապարանի մեր զորամասի թիկունքն անցնելու համար։
Թուրքական այդ զորագունդը հրահանգ է ստանում անցնել Սարալ, Հաջիղարա, Հայդարլի եւ Հալլավար թուրք գյուղերի վրայով, ապա Օյուխլու եւ Դիբախլի լեռնային ճանապարհով մտնել Միսխանայի ձորը եւ թուրքական Ուլաշիկ, Կարակալա, Թաքյալլու, Կաբախլոլ եւ Սոուխ—Բլախայի գծով զարնել Դրոյի զորամասի թիկունքին։ Սակայն, երբ լուրջ ընթացք են ստանում Ղարաքիլիսայի կռիվները, Դիբախլի բարձունքից այդ զորագունդը շեղում է իր ճանապարհը եւ անցնում է Ղարաքիլիսայի մեր զորքերի թիկունքը»։

Շարունակելի

Էդիկ ՄԻՆԱՍՅԱՆ
Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 370 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024