ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 25.11.2017, 05:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 17 » Արցախի անվտանգությունը խաթարող լուծում չկա /ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները/
14:19
Արցախի անվտանգությունը խաթարող լուծում չկա /ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները/

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւի ՄԱԿ—ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները։
Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ։
Հանդիպումից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը։
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հնարավորությունները։ Բանակցությունների արդյունքում նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու եւ հավելյալ քայլեր կատարելու շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով։
Համանախագահները գոհունակություն են հայտնել երկար ընդմիջումից հետո կայացած ուղղակի բանակցությունների առթիվ։ Նրանք ընդգծել են, որ պատրաստակամ են կողմերի հետ շարունակել միջնորդական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններին արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գագաթնաժողով անցկացրեցին երեկ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում։ Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը նույնպես մասնակցեցին հանդիպմանը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո (Իգոր Պոպով (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շեֆեր (ԱՄՆ))։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւս մասնակցեց գագաթնաժողովին։
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում։
Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ եւ հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում։
Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ։ Նրանք պատրաստակամ են մնում աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ։ Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ»։
Ժնեւում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել նաեւ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանրապետության նախագահը հանդիպման ժամանակ իր ներածական խոսքում նաեւ ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները։
«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որեւէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին։ Բայց պայմանավորվել ենք, որ միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր։ Պետք է ասեմ՝ ե՛ւ Ադրբեջանի նախագահը, ե՛ւ ես դրանում խորապես շահագրգռված ենք։
Տա Աստված, որ միշտ այդպես կարծի։ Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու։ Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք՝ մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ—որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը։ Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս։ Երբեք որեւէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում եւ իրականացնել, եւ դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,–ասել է հանրապետության նախագահը։
Արտերկրյա այցերի ժամանակ տեղի հայ համայնքի հետ ավանդաբար կազմակերպվող հանդիպումների համատեքստում շվեյցարահայ համայնքի հետ ունեցած հանդիպմանը հանրապետության նախագահը խոսել է նաեւ համահայկական օրակարգի հարցերի եւ Հայաստան—սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, անդրադարձել նաեւ հայրենիքի զարգացման գործում շվեյցարահայ համայնքի կարեւոր ներդրմանը՝ նշելով, որ համայնքը, թեեւ մեծաթիվ չէ, բայց իր կարեւոր եւ առանձնատուկ տեղն ունի սփյուռքահայ համայնքների շարքում։
Համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ հանրապետության նախագահը պետական բարձր պարգեւներ է հանձնել շվեյցարահայ գործիչներ Վարդան Սիրմաքեշին եւ Ալբեր Պողոսյանին։ Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ բարեգործական եւ հասարակական ակտիվ գործունեության համար Վարդան Սիրմաքեշը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1—ին աստիճանի շքանշանով, իսկ Ալբեր Պողոսյանը՝ հայրենիք—սփյուռք կապերի ամրապնդման, բարեգործական եւ հասարակական ակտիվ գործունեության համար՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1—ին աստիճանի մեդալով։
Նախագահը շնորհակալություն է հայտնել շվեյցարահայ գործիչներին իրենց հայրենանվեր գործունեության համար եւ մաղթել հաջողություններ հետագա բոլոր նախաձեռնություններին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017