ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 11:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Սեպտեմբեր » 4 » Արցախը ոչ միայն մարտունակ է, այլեւ կենսունակ եւ մրցունակ / Տոնական հանդիսությամբ նշվեց Արցախի ծննդյան 26—րդ տարեդարձը/
10:31
Արցախը ոչ միայն մարտունակ է, այլեւ կենսունակ եւ մրցունակ / Տոնական հանդիսությամբ նշվեց Արցախի ծննդյան 26—րդ տարեդարձը/

Հանրապետության հռչակումը ժամանակի հրամայականն էր։ Այս համոզմունքն ունեն Արցախում՝ տոնական հանդիսության մասնակիցները, ովքեր աշխարհի համայն հայության հետ նշեցին ազատ Արցախի ծննդյան 26—րդ տարեդարձը։
Սեպտեմբերի 2—ին վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտը ցնծության մեջ էր։ Իսկ ուրախ եւ զվարթ տրամադրության «մեկնարկը» տվել էին պաշտպանության բանակի զինծառայողները, ովքեր շարասյուներով, խրոխտ քայլերգով անցնում էին կենտրոնական փողոցներով՝ ցուցադրելով հայ զինվորի մարտական ոգին։ Ամենուր տոնական տրամադրություն եւ ոգեւորություն էր տիրում։ Մարդիկ միմյանց շնորհավորում էին հիշարժան իրադարձության կապակցությամբ եւ խաղաղություն մաղթում, արժեւորում օրը։ Բնականաբար, բոլորն էլ, մեծ ու փոքրով, hուշահամալիր էին շտապում ծաղիկներով՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին, ում արյան գնով նվաճվել է Արցախի անկախությունն ու ազատությունը։
Վերածննդի հրապարակում թնդում էր երիտասարդների միասնական շուրջպարը։
Հանրապետության հռչակման տոնակատարություններին մասնակցելու համար Արցախ էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում էին խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ եւ գերատեսչությունների ղեկավարներ, ՊՆ բարձրաստիճան սպաներ։ 
Արցախի անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ։
Քսանվեց տարի առաջ՝ այս օրը, արցախահայությունը հռչակեց իր անկախ պետականությունը։
Պատերազմի կրակների եւ ավերակների միջից նա կարողացավ բարձրանալ եւ աշխարհին ներկայանալ իր հերոսական բանակով, պետական հաստատություններով, տնտեսական լուրջ առաջընթացով, կրթական ու մշակութային օրինակելի օջախներով եւ վերջապես՝ իր կազմակերպված հասարակությամբ։ Հասարակություն, որ հավատարիմ է իր ազգային ավանդույթներին, բայց նաեւ ժամանակակից է եւ ընդունակ տեղայնացնելու այն լավագույնը, որ մարդկությունը ստեղծել է գիտության ու մշակույթի, տնտեսության ու քաղաքականության եւ այլ ասպարեզներում։
Անցած քսանվեց տարիների ընթացքում Արցախը կայացավ որպես ամուր, ազատ ու ժողովրդավարական պետություն։
Խաղաղ Արցախը ոչ միայն մարտունակ է, այլեւ կենսունակ եւ մրցունակ։ Արցախի պաշտպանները գիտեն կռվել եւ հանուն ինչի կռվել։ Արցախի զինված ուժերը պաշտպանում են ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի եւ մեծ հաշվով՝ ողջ հայության անվտանգությունը։
Անցած տարվա ապրիլյան ռազմական գործողությունները, որ սանձազերծված էին Ադրբեջանի կողմից, եւս մեկ անգամ ի ցույց դրեցին Արցախի հարցի ռազմական լուծման անհնարինությունը։ Այդ արկածախնդրությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ պաշտպանության բանակն ամուր է, իսկ Արցախի թիկունքին Հայաստանն է եւ ողջ հայությունը։
Այս փառավոր օրը մենք գլուխ ենք խոնարհում Արցախի ազատության համար ընկածների հիշատակի առջեւ։
Կեցցե՛ ազատ ու անկախ Արցախը։
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»։ 
Հայաստանյան պատվիրակությունը՝ բարձր պաշտոնյաներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, արցախյան ազատամարտի վետերաններ, մեծաթիվ հյուրեր՝ արտերկրից, Արցախի նախագահ Բակո Սահակյանի ու պետական մյուս այրերի ուղեկցությամբ ժամը 10—ին հրապարակից միացավ հարգանքի եւ հիշատակի երթին ու շարժվեց դեպի Ստեփանակերտի հուշահամալիր։ Երթի սկզբից ուսանողական—երիտասարդական կառույցների ներկայացուցիչները հաղթականորեն, գուրգուրանքով տանում էին ՀՀ եւ Արցախի Հանրապետության պետական դրոշները՝ առանձնակի շուք հաղորդելով տոնին։ Իսկ շենքերի պատշգամբներից ու պատուհաններից հանդիսության մասնակիցներին իրենց ժպիտներով եւ բազմերանգ փուչիկներով ողջունում էին փոքրիկները՝ համերաշխ վանկարկելով «Շը—նոր—հա—վո՜ր»։
Հավերժական կրակի մոտ կանգնած էր պաշտպանության բանակի պահակախումբը։ Հայկական երկու հանրապետությունների առաջնորդների կողմից ծաղկեպսակներ դրվեցին հուշահամալիրին։ Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ծաղիկներ խոնարհեցին նաեւ երկրի ազատության եւ անկախության համար նահատակված հայորդիների ու Արցախի Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին։
Եթե նախկինում ցավն ու ափսոսանքն էր ուղեկցում աշխարհի հայերին, ապա այսօր Արցախը բոլորի հպարտությունն է։ Հայաստանի, սփյուռքի աջակցությամբ երկիրը բուժել է վերքերը՝ հաղթահարելով փորձություններն ու դժվարությունները, կառուցում է իր ապագան՝ ամրապնդելով իր անկախությունն ու անվտանգությունը։ Այդ մասին էին վկայում իրենց խոսքում նաեւ մեր զրուցակիցները՝ արժեւորելով Արցախի ժողովրդի անցած պատվաբեր ճանապարհը։ Օրվա գլխավոր խորհուրդը արյան գնով ձեռք բերվածը սրբորեն պահպանելն է, այն սերունդներին կտակելը։ Դրանում միակարծիք են ինչպես քաղաքական, այնպես էլ՝ ռազմական գործիչները։
Կարեն Միրզոյան, Արցախի Հանրապետության արտգործնախարար։ «Բոլորս քաջ գիտակցում ենք, որ անկախության լիակատար ձեռքբերումը ժամանակ եւ համբերություն է պահանջում։ Միեւնույն ժամանակ համոզված ենք, որ երկրի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, եւ գործընթացը վաղուց մեկնարկել է։ 26 տարի է, ինչ Արցախի ժողովուրդը վստահ շարունակում է կառուցել ինքնիշխան, ժողովրդավարական պետություն, սեփական հողի վրա շենացնում իր հայրենի օջախը՝ անառիկ պահելով սահմանները։ Անցած տարիների հաջողությունները հնարավոր դարձան հայության հավաքական ուժի ու միասնության շնորհիվ։ Այսօր նշելով հիշարժան տոնը եւ հայացք ձգելով մեր անցած ճանապարհին, նվաճումների հետ մեկտեղ ուրվագծում ենք եւ անելիքները, առավել հաստատակամ առաջ շարժվում։ Իսկ բոլորիս նպատակը մեկն է՝ հասնել համազգային իղձերի իրագործմանը»։
Էդուարդ Շարմազանով, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ։ «Այսօր արցախցիների հետ երկրի ծնունդն են նշում եւ Հայաստանի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր միասնական են Արցախի ինքնորոշման հարցում ու ջանք չեն խնայելու նրա միջազգային ճանաչման համար։ Արցախի անկախությունն արդեն 26 տարեկան է՝ կայացած իր ինստիտուտներով, իր իշխանությամբ, մարտունակ բանակով, քաղաքացիական իր կառույցներով, իր ժողովրդի կուռ միասնությամբ, եւ այս իրողությունը ոչ ոք չի կարող չեղարկել։ Երկիրը հպարտ ու խրոխտ քայլերով ընթանում է առաջ դեպի իր լուսավոր ապագան՝ անկախ այն բանից՝ աշխարհը ճանաչու՞մ է իր անկախությունը, թե՞ ոչ։ Համոզված եմ, որ ազգովի հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերները, որքան էլ որ դրանք դժվարին լինեն, քանզի մեր ժողովուրդը դատապարտված է հաղթելու եւ ապրելու խաղաղությամբ»։
Փարավոն Ադամյան, Արցախյան շարժման ակտիվ մասնակից։ «Երեկվա պես եմ հիշում այն պատմական օրը, երբ հավաքվել էինք մարզգործկոմի նիստերի դահլիճում, եւ հրապարակում հավաքված ժողովուրդը անհամբեր սպասում էր համատեղ նիստի որոշմանը։ Բոլորս քաջ գիտակցում էինք պահի լրջությունը եւ պատասխանատու էինք կայացվելիք որոշման համար։ 26 տարիների հեռվից վերստին համոզվեցի, որ լիովին արդարացված էր ԼՂՀ հռչակումը, այլապես այսօր մենք անկախ պետություն չէինք ունենա, եւ ցեղասպանության վտանգը մշտապես կախված կմնար արցախահայության գլխին։ Երջանիկ եմ, որ իմ սերնդին վիճակվել է ճաշակելու անկախությունը»։
Վրեժ Իշխանյան, Արցախի պաշտպանության նախարարության ռազմահայրենասիրական դաստիարակության եւ հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ, գնդապետ։ «Մեր ընտրած ճանապարհի անխաթար ընթացքը պայմանավորված է մեր պետության, պաշտպանության բանակի հպարտությամբ։ Բոլորս քաջ գիտակցում ենք, թե ինչ դերակատարություն ունի բանակը տարածաշրջանում։ Ահա թե ինչու պարտավորված ենք հայրենիքին ծառայել առավել նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ։ Մենք մեր ձեռքբերումների ականատեսն ենք ու հավատում ենք մեր հաղթանակներին։ Հայտնի ճշմարտություն է. հաղթում է նա, ով հետեւողական է իր վճիռների մեջ, հաստատակամ ու սկսված պայքարը հասցնում է տրամաբանական ավարտին»։
Վարուժան Իսկանդարյան, Ավստրիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ «Երջանիկ եմ, որ այսօր իմ ընտանիքի անդամներով նույնպես այստեղ եմ ու մասնակցում են տոնակատարություններին։ Սա իմ 25—րդ այցն է ազատագրված ու անկախ Արցախ։ Եվ ամեն անգամ այստեղ ոտք դնելիս հոգիս պայծառանում է կատարված բարեփոխումներից։ Այս անգամ եւս անակնկալ ունեինք՝ եկանք նորակառույց մայրուղով ու ավելի համոզվեցինք մեր ժողովրդի միասնության ու հաղթանակների մեջ։ Այո, նաեւ կառուցելով, տնտեսությունը զարգացնելով ու երկիրը շենացնելով պիտի հաղթենք եւ հզորանանք, ամրապնդենք սահմանների անվտանգությունը։ Իսկ գաղտնիք չէ, որ ուժեղ երկիրն անպարտելի է։ Հավատացած եմ նաեւ, Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր եւ այն շատ չի ուշանա»։
Այս միտքն առավել հստակ ընդգծված է ԼՂՀ հռչակման տարեդարձի կապակցությամբ ժողովրդին ուղղված՝ նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքում, ուր մասնավորապես նշվում է. «Վստահ եմ, որ քաղաքակիրթ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի արդարացի եւ օրինական որոշումը, անպայման կընդունի ստեղծված իրողությունները, որոնք վկայում եմ համամարդկային արժեքներին եւ միջազգային նորմերին ու սկզբունքներին մեր հավատարմության մասին։ Քանզի մեր ժողովուրդն ապացուցել է, որ ի վիճակի է սեփական ուժերով կառուցել ու շենացնել երկիրը, պաշտպանել հայրենի օջախը, իր անկախությունը»։
Տոնական հանդիսությունները եզրափակվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած տոնական համերգով եւ հրավառությամբ, որին ներկա էր նաեւ Հայաստանից ժամանած պատվիրակությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ hhpress.am

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 353 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024