ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 24.09.2017, 07:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [439]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [632]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [130]
Քաղաքականություն [493]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 15 » Արդյունավետ եւ անկեղծ քննարկումներ /Կառուցողական տրամադրվածություն ու փոխադարձ աջակցություն/
10:55
Արդյունավետ եւ անկեղծ քննարկումներ /Կառուցողական տրամադրվածություն ու փոխադարձ աջակցություն/

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել կազմակերպության անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաեւը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
ՀՀ նախագահի նստավայրում նրանց դիմավորել է ՀՀ նախագահ, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը։
Դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների եւ կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ սեղմ կազմով նիստը։
Այն վարել է հավաքական անվտանգության խորհրդում 2015—2016թթ. նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Սերժ Սարգսյանը։
Ողջունելով նստաշրջանի մասնակիցներին եւ նշելով, որ  փաստացիորեն ամփոփվում է Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ—ում, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս երեւանյան գագաթնաժողովի հաջող անցկացմանը։
«Մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր համատեղ աշխատանքը լինի բովանդակալից եւ արդյունավետ, լինի կազմակերպությունում մեր երկրների փոխգործակցության օգտին եւ, ընդհանուր առմամբ, նպաստի ՀԱՊԿ զարգացմանը։
Այսօր ակնկալվում է մեր կողմից ավելի վաղ ընդունված պայմանավորվածությունների հետ կապված հարցերի բավականաչափ լայն շրջանակի քննարկում։ Ակնկալվում է մի շարք փաստաթղթերի քննարկում, որոնց ընդունումը կսահմանի մոտակա ապագայում մեր զարգացման ուղենիշները։
Վստահ եմ, որ կառուցողական տրամադրվածությունն ու փոխադարձ աջակցության ավանդույթները կուղեկցեն մեզ նաեւ այս նստաշրջանի ընթացքում, թույլ կտան օպերատիվ կերպով համաձայնեցնել եւ ընդունել նոր կարեւոր որոշումներ։
Այսօրվա միջոցառման ընդունող կողմի իրավունքով եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Հայաստանում։ Բարի գալուստ Երեւան»,–ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է ՀՀ նախագահը։


Կայացել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
 

Սերտ կազմով հանդիպումից հետո կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդում 2015—2016թթ. նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նստաշրջանում քննարկվել են ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված առաջնահերթությունները։
Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում անդրադարձ է արվել միջազգային իրավիճակին եւ հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցերին, դիտարկվել են մինչեւ 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության եւ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը։ 2016—2017թթ. ՀԱՊԿ—ում նախագահությունն ստանձնել է Բելառուսի Հանրապետությունը։ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքական անվտանգության խորհրդին գրավոր կներկայացնի Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել իր երկրի նախագահության շրջանում։
Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի շրջանակներում ստորագրվել են նաեւ կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, զինվորական կադրերի պատրաստմանը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման համակարգի զարգացմանը վերաբերող փաստաթղթեր։
Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշել են օրակարգից հանել կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ հարցը՝ դրա քննարկումը տեղափոխելով ընթացիկ տարեվերջ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լիագումար նստաշրջանում պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներին տեղեկացրել է սեղմ կազմով նիստի ժամանակ քննարկված հարցերի մասին։
«Իմ կարծիքով, մենք անցկացրել ենք բավականին արդյունավետ եւ անկեղծ քննարկում այն հարցերի շուրջ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր գործերին եւ ազդում են մեր երկրների անվտանգության հարցերի վրա, պրոեկտվում եւ դրսեւորվում են տարածաշրջանային մակարդակներում եւ ոչ միայն։ Իհարկե, խոսել ենք նաեւ այն մարտահրավերների ու սպառնալիքների մասին, որոնց հետ բախվում է ամբողջ համաշխարհային հանրությունը, նախ եւ առաջ նկատի ունեմ ահաբեկչության եւ բռնության աննախադեպ բռնկումը, որի համար չի կարող լինել որեւէ արդարացում։
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Երեւանյան նստաշրջանն ամփոփում է կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը։ Նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում ձեռնարկվել են որոշակի միջոցներ ՀԱՊԿ—ում հետագա փոխգործակցության համալրման ուղղությամբ։ Աշխատանքն ուղղված է եղել կազմակերպության ներուժի մեծացմանը՝ ելնելով այն նպատակներից եւ խնդիրներից, որոնք սահմանված են հավաքական անվտանգության մասին պայմանագրով, որի 25—ամյակը տոնելու ենք հաջորդ տարի»,–ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նստաշրջանում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։


Ամփոփվել են նստաշրջանի արդյունքները
 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ ամփոփել երեւանյան նստաշրջանի արդյունքները։


Սերժ Սարգսյանի հայտարարությունը խորհրդի նստաշրջանի արդյունքների վերաբերյալ
 

Հարգելի՛ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք եւ պարոնա[յք,
Հենց նոր վերջացավ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը։ Միանգամից նշեմ, որ այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք կարեւոր փաստաթղթեր եւ որոշումներ՝ ուղղված կազմակերպության ներուժի զգալի ամրապնդմանը, հավաքական անվտանգության եւ նրա աշխատանքային մարմինների մեխանիզմների կատարելագործմանը։
Նստաշրջանի գլխավոր արդյունքներից կընդգծեմ ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության ընդունումը։ Փաստաթղթի մշակման ուղղությամբ ավելի քան հինգ տարի տեւած աշխատանքն ավարտված է, ինչպես եւ մենք նշել էինք ՀԱՊԿ—ում Հայաստանի առաջնահերթությունների մեջ։
ՀԱՊԿ երեւանյան ռազմավարությունը ամրագրում է կազմակերպության գործունեության առաջնահերթությունները մինչեւ 2025թ., ամրապնդում է համագործակցության բոլոր հիմնական ուղղությունների հետագա զարգացման ուղենիշները։ Անդամ պետությունները կրկին հաստատեցին միջազգային հանրության հետ հավասարության եւ անվտանգության անքակտելիության հիման վրա հարաբերություններ կառուցելու, միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից խուսափելու, եւ, միեւնույն ժամանակ, առաջացող խնդիրների լուծման ընթացքում քաղաքական—դիվանագիտական մեթոդներին առաջնահերթություն տալու իրենց պատրաստակամությունը։ Կարծում եմ՝ ռազմավարության ընդունումը վկայեց ՀԱՊԿ—ում համակարգման նոր որակի մասին։
Անկասկած, դա, ինչպես նաեւ ավելի վաղ ձեռք բերված որոշումների ու նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված առաջնահերթությունների կյանքի կոչումը հնարավոր դարձավ բոլոր մակարդակներում լուրջ, առարկայական եւ, ինչպես տեսնում եք, արդյունավետ աշխատանքի արդյունքում։
Հանդիպման արդյունքներով ընդունվել է միջազգային հիմնական արդի հարցերի շուրջ մեր մոտեցումներն արտացոլող հայտարարություն, տրված են գնահատականներ ներկայիս իրավիճակին՝ հաշվի առնելով, իհարկե, նոր սպառնալիքներն ու մարտահրավերները։ Պետությունների ղեկավարների կողմից մեկ անգամ եւս հաստատվեց կազմակերպության դերը՝ որպես խաղաղության, կայունության պահպանմանը նպաստող, եւ անդամ պետությունների անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովող կարեւորագույն գործիք։
ՀԱՊԿ շրջանակներում գործընկերներն աջակցություն են հայտնել ընթացիկ տարում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի լարվածության աճի կանխարգելմանը, իրադրության կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը։ Նստաշրջանում վերահաստատվել է ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, աջակցություն է հայտնվել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ—ի կանոնադրության, հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող դրույթների վրա։
Քննարկվել են շատ այլ կարեւոր հարցեր։ Մենք ամփոփել ենք կազմակերպության գործունեության կատարելագործման, նրա ռազմական բաղադրիչի ամրապնդման եւ գործառնական հնարավորությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքները։ Որոշում է ընդունվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որի վրա դրվում են կանոնադրական մարմինների կողմից համապատասխան որոշումների ընդունման տեղեկատվական—վերլուծական եւ կազմակերպչական—տեխնիկական, ինչպես նաեւ իրական ժամանակի ռեժիմում տեղեկատվության փոխանակման ապահովման գործառույթները։
Ստորագրվել են զինվորական կադրերի համատեղ պատրաստման համակարգի զարգացման հայեցակարգի, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակներում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ստանդարտացման վերաբերյալ որոշումներ։ Այդ փաստաթղթերի նպատակն է ավելի բովանդակալից դարձնել ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, ներդնել այսօրվա պահանջներին հարմարեցված աշխատանքի ձեւաչափեր, ինչը նույնպես շատ կարեւոր է։
Փաստաթղթեր են ստորագրվել նաեւ միջազգային ահաբեկչությանը հակազդեցության ոլորտի հետ կապված։ «ՀԱՊԿ ձեւաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցանկի ձեւավորման մասին կանոնակարգի վերաբերյալ որոշումը» կարեւոր փաստաթուղթ է։
Ցանկանում եմ ընդգծել նաեւ ՀԱՊԿ միասնական շտաբի գործունեությունը կանոնակարգող դրույթների վերաբերյալ որոշումները, որոնք շտաբի կառուցվածքի, զինծառայողների քանակի եւ քվոտային պաշտոնների բաշխման վերաբերյալ ընդունված փաստաթղթին համապատասխան ուղղված են նշված մարմինների արդյունավետության բարձրացմանը։ Ցանկանում եմ նաեւ տեղեկացնել, որ սեղմ կազմով հանդիպման ժամանակ մենք օրակարգից հանել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, որը մենք կքննարկենք տարվա վերջին՝ Սանկտ Պետերբուրգում։
Նախագահությունը կազմակերպությունում անցել է մեր բելառուս բարեկամներին։ Անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյին եւ Բելառուսին ընդհանրապես՝ երեւանյան գագաթնաժողովի ընթացքում ընդունված որոշումների իրականացման գործում, այդ թվում՝ նաեւ 2017 թվականին կայանալիք հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25—ամյակին եւ ՀԱՊԿ 15—ամյակին նվիրված միջոցառումների մասով։
Իհարկե, պատրաստ ենք ցուցաբերել համակողմանի օժանդակություն։
Շնորհակալություն ուշադրության համար։

ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունները երեկ մեկնեցին Երեւանից։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 24 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017