ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 13:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 21 » Արեւմուտքը հարգանքով պիտի վերաբերվի
10:53
Արեւմուտքը հարգանքով պիտի վերաբերվի

Երեկ Արցախում քննարկումների գլխավոր թեման, բնականաբար, նախագահական ընտրությունների արդյունքներն էին, որոնց շուրջ իրենց տեսակետներն էին արտահայտում ինչպես հանրապետության քաղաքական—հասարակական կառույցների ներկայացուցիչները, այնպես էլ «շարքային» ընտրողները։
Եվ այսպես, ակնհայտ դարձավ, որ եւս 5 տարի երկրի ղեկը վստահված է Բակո Սահակյանին, ում հնարավորություն է ընձեռվել իրագործելու նախընտրական ծրագիրը եւ, ինչպես ասում են, տրամաբանական ավարտին հասցնելու իր կողմից ձեռնարկվող այն քայլերը, որոնք միտված են պետության առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը՝ տնտեսության առաջանցիկ զարգացմանը, պետականության ամրապնդմանը եւ բնակչության անվտանգության ապահովմանը։ Գաղտնիք չէ, որ այդ համատեքստում առաջնահերթությունների թվում է լինելու իշխանությունների կողմից ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերի գործադրումը՝ հակամարտության կարգավորման նպատակով կարեւորելով բանակցային գործընթացին Արցախը ներգրավելու անհրաժեշտությունը։ Ինչ վերաբերում է հիմնահարցի լուծման հետ կապված ղարաբաղյան կողմի դիրքորոշմանը, ապա գործող եւ ժողովրդի կողմից վերընտրված նախագահ Բ. Սահակյանը բազմիցս է շեշտել, որ «արցախահայությունը վաղուց կայացրել է իր որոշումը՝ նախընտրելով ինքնորոշման ճանապարհը, ու այլեւս այդ թեման սակարկման ենթակա չէ»։ Ասել է թե, Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր վճիռներում եւ շարունակելու է պաշտպանել իր զավակների արյամբ նվաճված ազատությունն ու անկախությունը։
Մինչեւ Արեւմուտքում եւ հարեւան Ադրբեջանում հայտարարություններ էին արվում հուլիսի 19—ին ԼՂՀ—ում կայացած նախագահական ընտրությունները չճանաչելու վերաբերյալ, Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող խմբերն ու տարբեր երկրներից ժամանած խորհրդարանների պատգամավորական պատվիրակությունները՝ երեկ ԿԸՀ—ի մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսների ժամանակ ճիշտ հակառակն էին պնդում՝ քաղաքական այդ նշանակալի իրադարձությունը դիտելով որպես ժողովրդավարության դրսեւորման յուրահատուկ օրինակ, ինչին, իրենց համոզմամբ, պիտի հետեւեն «ճանաչված շատ—շատ երկրներ»...
Առավոտյան մամուլի կենտրոնում առաջինը լրագրողների հետ հանդիպել էին Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամները։ Մրցակցային ընտրությունների հաջող կազմակերպման ու անկացման կապակցությամբ պատվիրակության անունից շնորհավորելով բոլոր արցախցիներին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե հիշյալ ընտրություններով հանրապետությունում անխուսափելի են դառնում ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը։ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցույց տվեց, որ կառուցում է անկախ, ժողովրդավարական, ազգային պետություն եւ ինքն է որոշելու սեփական երկրի ճակատագիրը»,–ասաց նա։ Հրանտ Բագրատյանի (ՀԱԿ) հավաստմամբ, նախագահի ընտրություններն անցել են եվրոպական չափանիշներին համապատասխան, ազատ, արդար ու թափանցիկ։ Մարդիկ լիովին օգտվել են ընտրական իրենց իրավունքներից եւ ոչ մի ճնշում նրանց վրա չի կիրառվել։ «Հաղորդակցվելով ընտրողների, թեկնածուների վստահված անձանց, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչների հետ, համոզվել ենք նաեւ, որ ընտրակաշառք հասկացողությունը, որպես պարազիտ երեւույթ, ընդհանրապես Արցախում գոյություն չունի։ Կարծում եմ նաեւ, որ երկրի քաղաքական դաշտում ընդդիմության առկայությունը եւս դրականորեն կանդրադառնա տնտեսության ամենատարբեր ոլորտներում՝ գործընթացների ակտիվացմանը»,–ասաց նա։
Ընդգծելով ընտրությունների թափանցիկությունը՝ Ռուբեն Գեւորգյանը (ԲՀԿ) կարծիք հայտնեց, թե պատերազմում հաղթանակած ժողովուրդն ընդունակ է պաշտպանել երկրի անվտանգությունը ու միաժամանակ ժողովրդավարական արժեքներ ստեղծել՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին եւ տարածաշրջանում հանդես գալով որպես խաղաղության ու կայունության ջատագով։ Արմեն Ռուստամյանն (ՀՅԴ) էլ այն միտքը շեշտեց, թե միջազգային կառույցները որքան էլ որ փորձեն «անտեսել» Լեռնային Ղարաբաղում իրականացվող նախագահական ընտրությունները, միեւնույն է, չի ստացվի, որովհետեւ երկիրը դե ֆակտո կայացած է, եւ անշրջելի են ժողովրդավարական այն գործընթացները, որոնք օր օրի ամրապնդելու են նրա անկախությունը։ Մհեր Շահգելդյանի (ՕԵԿ) հավաստմամբ, եվրոպական չափորոշիչներին համահունչ նախագահական ընտրությունների կազմակերպումն Արցախում լուրջ խթան կարող է դառնալ երկրի միջազգային ճանաչման տեսանկյունից։ «Դրսից շատ—շատ երկրներ տեսնում են առաջադիմական պետականության ամրապնդմանն ուղղված առաջադիմական քայլերը եւ իրողությունների նկատմամբ աչք փակել չեն կարող»,–հավատացած է նա։ Համակարծիք լինելով իր գործընկերների հետ՝ Կարինե Աճեմյանը (ՀՀԿ) հավելեց, թե ինքը հիացած է այն մթնոլորտով, որ տիրում էր ընտրությունների ողջ ընթացքում, եւ «թեկնածուների խոհեմ վարքագիծը, միմյանց նկատմամբ հանդուրժողականությունն ու հարգանքն արժանի են միմիայն դրվատանքի»։ Արտակ Զաքարյանի (ՀՀԿ) խոսքերով, դիտորդի կարգավիճակում իրեն հաճախ է բախտ վիճակվել առաքելություններ իրականացնել տարբեր երկրներում, սակայն Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները գերազանցեցին իր բոլոր սպասելիքները, ու անչափ տպավորված է «ընտրական դաշտում ձեւավորված բարձր մշակույթով»։ Անմասն չմնալով բարեհաջող ընտրությունների առիթով հնչեցված շնորհավորանքներից, Արտակ Դավթյանն (ՀՀԿ) այսպիսի շեշտադրում արեց. «Անշուշտ, ուրախալի է, երբ Հայաստանի խորհրդարանի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք են Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Այդ առնչությամբ ես էլ իմ համերաշխությունը հայտնելով գտնում եմ, որ հորդորներ հնչեցնելու փոխարեն միջազգային հանրությունը խոր հարգանքով եւ ըմբռնումով պետք է մոտենա Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին»։
Ռուսաստանի Դաշնությունից ժամանած դիտորդները, ԼՂՀ—ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հանդես գալով համատեղ հայտարարությամբ, որը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակեց ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը, հստակ ընդգծել են ընտրությունների կազմակերպման եւ անցկացման բարձր մակարդակը, ինչպես նաեւ քվեաթերթիկների հաշվառման ճշգրտությունն ու թափանցիկությունը։
Դիտորդների համոզմամբ, նախագահական ընտրությունները ԼՂՀ—ում անցել են քաղաքական բարձր մրցակցության եւ լիահավասարության պայմաններում։ Աննշան վրիպումները, որ ներկայացվել են որոշ ընտրական տեղամասերում, բացառապես տեխնիկական բնույթի են եղել եւ արագ վերացվել են։ Ամենուր ընտրություններն անցել են արդար, ազատ ու թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։ Ըստ դիտորդների, ԼՂ—ում կայացած թվով հինգերորդ նախագահական ընտրությունները, որին մասնակցել են երեք թեկնածուներ, վկայում են երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ քաղաքացիական հասարակության զարգացման մասին։ Դիտորդական առաքելությունը գտնում է, որ նախագահական ընտրությունները կարեւոր նշանակություն կարող են ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու գործում։ Հաշվի առնելով Արցախում ժողովրդավարական քայլերի ամրապնդմանը միտված ձեռնարկումները, Ռուսաստանի Դաշնության դիտորդներն այն համոզմունքն ունեն, որ Մինսկի խումբը, միջազգային հանրությունը հնարավոր բոլոր ջանքերը պետք է ուղղեն ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ տարածաշրջանում հաստատելով խաղաղություն։
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, լիբերալ—դեմոկրատական կուսակցության անդամ Ալեքսանդր Բալբերովի հավաստմամբ, ԼՂՀ—ում նման բարձր մակարդակով ընտրությունների անցկացումը պատիվ կարող է բերել ցանկացած զարգացած երկրի, ուր հավատարիմ են ժողովրդավարական արժեքներին եւ ձգտում են կառուցել իրավական պետություն։ Եվ նա համոզված է, որ Լեռնային Ղարաբաղը անպայման իր տեղը կգտնի մի օր ճանաչված երկրների շարքում, քանի որ «կոնկրետ քայլերով է ապացուցում միջազգային կառույցներին ինտեգրվելու պահանջը, ինչի բարոյական իրավունքը վաղուց նվաճել է»։
Ռազմագետ Անատոլի Ցիգանոկն իր անհամաձայնությունը հայտնելով Եվրոպական միության ներկայացուցչի՝ ԼՂՀ—ում նախագահական ընտրությունները չճանաչելու մասին արված հայտարարությանը, նշեց, թե «մի երկրում, ուր սեփական բանակը մարտունակ վիճակում է եւ իր ժողովրդի անվտանգության երաշխավորն է, ձգտում է միմիայն խաղաղության եւ կայունության, չեն կարող անտեսվել ժողովրդավարական այն գործընթացները, որոնք լիովին համապատասխանում են եվրոպական բարձր ստանդարտներին»։ Ուստի ռուս ռազմագետը գտնում է, որ Եվրամիությունը, շահագրգռված լինելով տարածաշրջանի կայունացմամբ, հենց ինքը պիտի քայլեր ձեռնարկի ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ։
ՌԴ Հանրային պալատի ներկայացուցիչ Դենիս Դվորնիկովը նշեց, թե դիտորդական խմբի հետ շրջելով տասնյակ ընտրական տեղամասերում, ընտրողներից ոչ մի բողոք չլսեց, ընդհակառակը, «բոլորի տրամադրությունը բարձր էր, տոնական, եւ նրանցից յուրաքանչյուրը գիտակցում էր, թե ինչի համար է քվեարկում»։ Պատգամավոր Իվան Սուխարեւն էլ հպարտությամբ խոսելով Արցախի ընտրական արժեհամակարգի առավելությունների մասին, նշեց, թե միմիայն ողջունել է պետք 20—ամյա երիտասարդ երկրի ձեռքբերումները։ «Ցավալի է, սակայն, երբ այսքանով հանդերձ Արեւմուտքը ինքնորոշվող երկրների հարցում կրկնակի ստանդարտներ է կիրառում։ Անհասկանալի է, ինչու, օրինակ, Կոսովոն պիտի ճանաչվի միջազգային հանրության կողմից, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ ոչ»,–նշեց ռուս պատգամավորը, գտնելով, որ այս ուղղությամբ Արցախին պիտի աջակցեն բոլոր նրանք, ովքեր իրենց այդ ժողովրդի բարեկամներն են համարում...
Նախագահական ընտրությունների վերաբերյալ երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ իրենց գնահատականներն են տվել բազմաթիվ միջազգային դիտորդական խմբեր։ Իսկ այդ առնչությամբ ընտրական համակարգերի միջազգային փորձագետների կենտրոնի դիտորդական առաքելության մեջ մասնավորապես ասվում է. «Կենտրոնը ԼՂՀ—ում նախագահական ընտրությունները որակում է կայացած եւ դիտարկում որպես հանրապետության քաղաքացիների կամարտահայտման ժողովրդավարական ակտ, որը համապատասխանում է ընտրական իրավունքի միջազգային նորմերին»։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 499 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024