ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 22 » Առկա տնտեսական ներուժը պետք է իրացնել /Երեւանում տեղի ունեցավ «Հայաստան—Իրան» գործարար համաժողովը/
14:48
Առկա տնտեսական ներուժը պետք է իրացնել /Երեւանում տեղի ունեցավ «Հայաստան—Իրան» գործարար համաժողովը/

Երեւանում երեկ տեղի ունեցավ հայ—իրանական առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված 4—րդ խոշոր միջոցառումը վերջին մեկ տարում՝ «Հայաստան—Իրան» գործարար համաժողովը։ Այն կազմակերպվել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից։
Համաժողովին մասնակցում էր ավելի քան 170 գործարար, որից շուրջ 90—ը՝ ԻԻՀ—ից, այդ թվում՝ հայազգի ձեռներեցներ։ Հայ եւ իրանցի գործարարները ներկայացնում էին տնտեսության ամենատարբեր ոլորտները. ֆինանսաբանկային, սննդի վերամշակման, տեքստիլի, ոսկերչության, դեղագործության, բժշկական սարքավորումների եւ գյուղատնտեսական տեխնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինանյութի եւ այլն։
Համաժողովի ընթացքում տեղի ունեցան նաեւ գործարար հանդիպումներ (B2B), որոնց ընթացքում հայ եւ իրանցի գործարարները հնարավորություն ունեցան հաստատելու նոր կապեր, խորացնելու առկա համագործակցությունն ու հանդես գալ համատեղ նախագծերով։
Հայաստանի ու Իրանի միջեւ առեւտրատնտեսական կապերի դինամիկ զարգացման ուղղությամբ իրականացվում են ակնառու քայլեր, ինչի վկայությունն են վերջին շրջանում կազմակերպված մի շարք համատեղ միջոցառումները։ Դրանցից են 2015թ. հոկտեմբերի 15—ին Երեւանում անցկացված հայ—իրանական գործարար համաժողովը ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի՝ Հայաստան այցի շրջանակում, Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ ԻԻՀ—ում Հայաստանի դեսպանության ջանքերով՝ 2015թ. նոյեմբերի 9—ին Թեհրանում տեղի ունեցած Հայաստան—Իրան գործարար համաժողովը, որին ներկա էին պետական եւ մասնավոր հատվածի մոտ 70 ներկայացուցիչ։ 2016թ. հոկտեմբերի 5—8—ն էլ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացավ «Armenia Expo 2016» հայկական արտադրանքի ու ծառայությունների խոշոր ցուցահանդեսը, որին ներկայացվել էր 103 ընկերության արտադրանք։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, շեշտեց, որ Հայաստանն Իրանը դիտարկում է որպես բարեկամ երկիր, հետեւաբար՝ մեր երկրում միշտ մեծ հետաքրքրություն է եղել տնտեսական ու առեւտրային հարաբերությունները հնարավորինս զարգացնելու առումով։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանը սահմանակից է Իրանին, երկու երկրների միջեւ ակտիվ տրանսպորտային փոխադրումներ կան, կարելի է պնդել, որ կան լավ նախադրյալներ հարաբերությունները տնտեսական տեսանկյունից էլ ավելի զարգացնելու համար։
«Տնտեսական հարաբերությունների կարգավորումների առումով Հայաստանը բավական լիբերալ երկիր է՝ օտարերկրյա գործարարների համար առաջարկելով շահավետ պայմաններ։ Իրանցի գործարարը, կազմակերպությունը կամ անձը Հայաստանում բիզնես սկսելու համար օգտվում է այն նույն պայմաններից, ինչ հայաստանցին, եւ որեւէ սահմանափակումներ չկան օտարերկրյա ներդրողների համար։ Նաեւ առկա են Հայաստանից արտահանման հնարավորություններ դեպի երկու խոշոր շուկաներ՝ Եվրամիություն ու ԵԱՏՄ, որոնք եւս հետաքրքրական են Իրանի համար։ Մենք առաջարկում ենք այս հնարավորությունը, որովհետեւ Հայաստանը տարածաշրջանում այն երկիրն է, որ բավական բալանսավորված առեւտրային հարաբերություներ ունի խոշոր շուկա ունեցող երկրների միավորումների հետ։ Մեր երկրում արտադրված ապրանքն ազատորեն, առանց մաքսային ձեւակերպումների արտահանվում է ԵԱՏՄ անդամ երկրներ»,— նշեց Գ. Մելքոնյանը։
Նա հավելեց, որ այսպիսով Հայաստանը կարողանում է առաջարկել լավագույն պայմանները երկու խոշոր շուկաների միավորումներից օգտվելու համար։ Բացի այդ, ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ Հայաստանը հումքային ապրանքները Ռուսաստանից ներմուծում է զրոյական մաքսատուրքերով. «Տնտեսական եւս մեկ առավելություն են ազատ տնտեսական գոտիները։ Հայաստանում փաստացի երկու ազատ տնտեսական գոտի է գործում, դրանցից մեկը ոսկերչության, ադամանդագործության ոլորտում է, երկրորդը՝ էլեկտրոնիկայի։ Ազատ տնտեսական գոտիներում տեղակայվելու պարագայում նաեւ իրանցի գործարարները, Հայաստանի օրենքների համաձայն, չեն վճարի ո՛չ ավելացված արժեքի հարկ, ո՛չ շահութահարկ, ո՛չ էլ գույքահարկ»։
Գ. Մելքոնյանը տեղեկացրեց, որ Հայաստանն Իրանի հետ ունի 280—290 մլն ԱՄՆ դոլարի տարեկան ապրանքաշրջանառություն. «Համատեղ ծրագրերի իրականացման մեծ պոտենցիալ կա։ Միայն 2016թ. 20 տոկոս արտահանման աճ է գրանցվել, ինչն արդեն մեր աշխատանքի արդյունքն է, եւ վստահորեն արտահանումն ավելանալու է։ Առաջարկում ենք գալ Հայաստան, բիզնես ծրագրեր մշակել, օգտվել մեր երկրի ընձեռած հնարավորություններից»։ 
Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի խորհրդական Հոմայուն Հայերին իր հերթին խոսեց էներգետիկ ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության մասին՝ շեշտելով, որ համաժողովը երկու կարեւոր նպատակ է հետապնդում։ Առաջինը՝ կարիք կա լրջորեն անդրադառնալ երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների մեծացմանը, որը կարող է կյանքի կոչվել երկուստեք ներդրումների միջոցով։
«Եվ երկրորդ, ինչը բխում է առաջինից, այստեղ կարեւոր է տրանսպորտային կապի ապահովման խնդիրը։ Հայաստանում իրականացվող «Հյուսիս—հարավ» ճանապարհային միջանցքը կարեւոր հանգույց կլինի Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ։ Այս ծրագրի իրականացումը նոր էջ կբացի երկու երկրների միջեւ համագործակցության որոտում, հետեւաբար, իրանական կողմը ամբողջական պատրաստակամություն է հայտնում ցանկացած աջակցություն ցուցաբերելու»,— նշեց Հ. Հայերին։
ԻԻՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիի համոզմամբ, երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների մակարդակը գոհացուցիչ չէ, քանի որ այն չի համապատասխանում Հայաստանի ու Իրանի միջեւ քաղաքական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակին։ Նրա կարծիքով, հնարավոր համագործակցության ոլորտները չափազանց շատ են, եւ, գուցե, ոչ գոհացուցիչ մակարդակի պատճառը նախկինում առկա սահմանափակումներն էին, սակայն հիմա ստեղծվում են նոր պայմաններ։
«Գործարարները պետք է օգտվեն նոր հնարավորություններից՝ փոխհատուցելով ոչ միայն անցյալի բացը, այլեւ ապագայում մեծ ցատկով արդյունք գրանցելով։ Օրինակ, էներգետիկայի ոլորտում Իրանից Եվրոպա բնական գազի արտահանման ծրագրում Հայաստանը կարող է ազդեցիկ դերակատարում եւ հարատեւ համագործակցություն ունենալ։ Հայաստանն իր օրակարգում կարող է ունենալ այդ հարատեւ զարգացումը։ Քննարկվում է նաեւ Իրանի եւ ԵԱՏՄ միջեւ տնտեսական համագործակցության առավել լայն պայմաններ ստեղծելու գաղափարը, անգամ՝ ազատ առեւտրի գոտու ստեղծման հնարավորությունը։ Մեզ հետ միության անդամ երկրներից ընդհանուր սահման ունի միայն Հայաստանը, որը կարող է շատ հիմնավոր հանգույց հանդիսանալ ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ. այս հարցը քննարկվել է Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի մեր գործընկերների հետ»,–հավելեց իրանցի պաշտոնյան։
Նա նկատեց, որ Հայաստանում իրանական բիզնեսի կողմից արտադրված ապրանքը զրոյական մաքսատուրքով հնարավոր է արտահանել ԵԱՏՄ երկրներ։ Հայաստանը կարող է նաեւ կապող օղակ լինել Իրանի եւ Եվրամիության շուկաների միջեւ։ Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է ամեն ինչ պլանավորել՝ ստեղծելով ապագայի համար անհրաժեշտ հիմքը. «Քննարկման եւս մեկ թեմա է Մետաքսի ճանապարհի վերականգնումը, որով մտադիր ենք Իրանը կապել միջերկրածովյան ավազանի հետ։ Հայաստանն այստեղ էլ կարող է կարեւոր կետ հանդիսանալ, որպեսզի իրանական ապրանքները Հայաստանի միջոցով բաշխվեն տարածաշրջանում եւ առաքվեն նաեւ հակառակ ուղղությամբ՝ Չինաստան, Ճապոնիա։ Սա հնարավորություն կտա Հայաստանին արտահանելու նաեւ իրեն հետաքրքրող ապրանքատեսակները։ Համագործակցության ոլորտները չափազանց շատ են՝ էներգետիկ, նավթաքիմիական, հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, հատկապես՝ բժշկական զբոսաշրջությունը եւ այլն։ Այս առումով կարեւոր է տրանսպորտի եւ տարանցման խնդիրը, քանզի պետք է զարգացնել ԵԱՏՄ եւ ԵՄ շուկաների հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տրանսպորտային տարանցիկ միջավայրը»։
Հայ—իրանական գործարար խոշոր համաժողովը կարող է բավականին օգտակար լինել հայ եւ իրանցի գործարարների միջեւ բիզնես համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից։ Լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։ Նրա խոսքով, ակնկալվում է, որ համաժողովը հնարավորություն կտա երկու երկրների միջեւ ավելացնելու առեւտրաշրջանառության ու երկկողմանի ներդրումների ծավալները։
«Իրանական կողմի համար այստեղ բավական գրավիչ կլինի դեղագործության ոլորտը, քանի որ Իրանը ունի բավականին զարգացած դեղագործական արդյունաբերություն։ Այս տեսանկյունից մենք տեսնում ենք հնարավորություն համատեղ ընկերությունների ձեւով դեղերը դեպի ԵԱՏՄ շուկա արտահանելու՝ հաշվի առնելով, որ հունվարի 1—ից գործելու է դեղերի միասնական շուկան։ Իրանական կողմը քննարկում է նաեւ քիմիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ որոշակի համատեղ արտադրությամբ զբաղվելու հեռանկարները, որոնք նույնպես մեծ հնարավորություն ունեն ԵԱՏՄ շուկա արտահանվելու. խոսքը վերաբերում է, օրինակ, լվացող միջոցների արտադրությանը։ Իրանական կողմից հետաքրքրությունը մեծ է նաեւ հայկական ոչխարի, տավարի մսի, շոկոլադի, ոչ ալկոհոլային խմիչքների, շշալցված ջրերի նկատմամբ»,–հավելեց փոխնախարարը։
Հ. Ազիզյանը հիշեցրեց, որ  Հայաստանից Իրան արտահանման ծավալը կազմում է տարեկան մոտ 70—80 մլն ԱՄՆ դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը՝ մոտ 150—170 մլն ԱՄՆ դոլար։
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի համոզմամբ, իրանցի գործարարների համար Հայաստանը բավական բարենպաստ պայմաններ է առաջարկում, ավելին, փոքր շուկա լինելով՝ մեր երկիրը շատ լուրջ ներուժ ունեցող գործընկեր է Իրանի ներդրողների համար։
«Համաժողովը հնարավորություն կտա սկսելու Իրանի հետ ենթակառուցվածքային մի քանի ծրագրեր, դրանցից մեկն այլընտրանքային գազատարի կառուցումն է, որի շնորհիվ կմեծանա Հայաստանի տարանցիկ դերը։ Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասնում է գրեթե 300 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանին, սակայն ճիշտ համագործակցության արդյունքում այն կարող է հասնել մինչեւ մեկ միլիարդի։ Հայ—իրանական տնտեսական կապերը պետք է ակտիվացնել Հայաստանում արտադրություն սկսելու, Հայաստանում ապրանք արտադրելու եւ երրորդ երկիր արտահանելու միջոցով»,— շեշտեց Ա. Ղազարյանը՝ խորհուրդ տալով իրանցի գործարարներին համարձակ լինել իրենց հետագա քայլերում։
Երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացման լավ հեռանկարներ ունի նաեւ բժշկության ոլորտում։ Նման համոզմունք հայտնեց իրանցի գործարար, բժիշկ Հոջադ Հանան։ Նրա խոսքով, նախատեսվում է նաեւ կազմակերպել փորձի փոխանակում հայ եւ իրանցի բժիշկների, համագործակցություն բժշկական կենտրոնների միջեւ, ինչպես նաեւ բժիշկների փոխանակման ուղղությամբ։
«Մենք ցանկանում ենք Իրանից բժիշկներին բերել Հայաստան, որպեսզի նրանք կարողանան այստեղ համագործակցել տեղի բժիշկների հետ։ Ինչպես նաեւ նախատեսվում է Հայաստանից բժիշկներ ուղարկել ԻԻՀ՝ կրկին փորձի փոխանակման նպատակով։ Հույս ունենք, որ նման հանդիպումների ընթացքում երկու երկրների համագործակցությունն էլ ավելի կխթանվի»,–հավելեց նա։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 293 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024