ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 12:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 2 » Արտահերթ ընտրությունները՝ տնտեսությունն աշխուժացնելու միջոց
17:24
Արտահերթ ընտրությունները՝ տնտեսությունն աշխուժացնելու միջոց

Վարչապետը խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումներ է սկսել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է՝ քանի դեռ Հայաստանում տեղի չեն ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, տնտեսությունը, բիզնեսը լինելու են շունչը պահած վիճակում մինչեւ ինչ—որ միջնաժամկետ հեռանկար ստանա։ Վարչապետի խոսքով՝ բիզնեսը պետք է իմանա, որ 5 տարի լինելու է կայուն խորհրդարանական մեծամասնություն, որն աշխատելու է կառավարության հետ։ «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ վերջին ամիսները ցույց են տվել, որ խորհրդարանում այդպիսի վստահելի իրավիճակ չունենք։
«Եվ, բացի դա, այսօր հստակ ժողովրդական պահանջ է ձեւավորվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եւ ես այսօրվանից խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ առայժմ աշխատանքային կարգով քննարկումներ կսկսեմ այս թեմայի վերաբերյալ»,— ասել է Նիկոլ Փաշինյանը (ի դեպ, երեկ նա արդեն հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ)։
Նա հավելել է, որ աշխատանքային քննարկումներին կհաջորդեն պաշտոնական քննարկումները՝ շեշտելով, որ դրանք, ըստ էության, իրարից մեծապես չեն տարբերվելու, քանի որ հայտնի է, թե ինչի մասին են խոսելու։ «Մենք քննարկելու ենք, թե ինչպես, ինչ մեթոդներով կարող ենք հասնել շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ես հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ քաղաքական ուժերի, խորհրդարանական ուժերի հետ մեզ կհաջողվի գալ համաձայնության եւ քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի։ Չնայած, եթե կլինի այդպիսի անհրաժեշտություն, հույս ունեմ, որ դուք բոլորդ պատրաստ կլինեք քաղաքական այդ գործընթացին աջակցություն ցուցաբերել այս կամ այն ձեւով»,–եզրափակել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության տրամաբանությունը դնել երկրի տնտեսության վերափոխման հիմքում։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հեղափոխությունն արել է ոչ թե քաղաքական առաջնորդների թիմը, այլ արել են մարդիկ, ժողովուրդը։ «Մեր դերակատարումն այն էր, որ մենք ստեղծենք հնարավորություն, ստեղծենք հարթակ, ստեղծենք դաշտ, հրապարակ, որտեղ դուք հնարավորություն կունենաք այդ հեղափոխությունն անելու։ Նույն տրամաբանությունը մենք տեսնում ենք տնտեսության մեջ։ Մենք պետք է ստեղծենք պայմաններ՝ արդար հարկային համակարգ, տնտեսական մրցակցության պայմաններ, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա իր ընդունակությունների եւ տաղանդի սահմաններում իրականացնել տնտեսական գործունեություն»,–ասել է նա։
Վարչապետը հավելել է, որ շատ կարեւոր է նաեւ մտածել ոչ միայն հասանելիության, այլ նաեւ գնի առումով ֆինանսավորման, վարկավորման մատչելի միջոցներ գեներացնելու եւ դեպի բիզնես ներարկելու մասին։ «Ահա այս մեխանիզմներով մենք պատկերացնում ենք մեր տնտեսության հետագա զարգացումը։ Իհարկե, նախկինում ես ներկայացրել եմ տնտեսության առաջընթացի մասին իմ պատկերացումը։ Ահա այս բարեփոխումներին զուգընթաց, նաեւ քաղաքական կայունություն ապահովելով պետք է կարողանանք ներգրավել ներդրողների, որպեսզի մեր տնտեսությանը հնարավոր լինի նոր թափ հաղորդել»,–մանրամասնել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2019թ. պետական բյուջեի այս պահին առկա նախագիծը համարում է իներցիոն, որովհետեւ նախագիծը ձեւավորել են նախկինից եկած իներցիայի տրամաբանության շրջանակներում։ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ընդունված է, որ բյուջեն հիմնված լինի ոչ թե կանխատեսումների, այլ ավելի շատ օրվա իրողությունների վրա հենված կանխատեսումների վրա։
«Եվ, ըստ էության, բյուջեի այս պահին առկա նախագիծը եւ նույնիսկ վաղը ընդունված նախագիծը որեւէ խոչընդոտ չէ, որ մենք ընթացս աշխատենք բյուջեի պարամետրերի բարելավման վրա, այդ թվում՝ մեզ հուզող բազմաթիվ խնդիրների լուծման տրամաբանության առումով, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի բարձրացման առումով եւ այլն»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ նշել է նա։
Վարչապետը հավելել է, որ բյուջեի նախագծի վերաբերյալ պաշտոնական քննարկումներն առաջիկայում կսկսվեն. «Մենք բյուջեի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ եւ պարզաբանումներ կունենանք»։
Նա ընդգծել է, որ պետք է քայլ առ քայլ բարեփոխումներ իրականացնելու միջոցով առաջ շարժվեն, որը ունենալու է երկու հիմնական նպատակ։ «Առաջինը Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելն է, երկրորդը՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է, որովհետեւ առանց պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու Հայաստանի վերաինդուստրիալիզացիայի խնդիրը շատ դժվար կլինի լուծել, եւ մենք այստեղ քայլ առ քայլ ու վստահորեն առաջ պետք է գնանք»,–եզրափակել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաեւ ներկայացրել է սահմանամերձ համայնքներում աշնանացանի սուբսիդավորման նոր ծրագրի մանրամասները։ Ըստ նրա՝ կառավարության նոր որոշմամբ ցորենի, գարու եւ կերակրային մշակաբույսերի աշնանացան կատարելու համար սահմանապահ Երասխ, Վահան, Ճամբարակ, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձունի, Ներքին Կարմիրաղբյուր Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մովսես, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սեւքար, Այգեհովիտ, Վերին Կարմիրաղբյուր համայնքների բնակիչները իրականացրած մեկ հեկտար ցանքի համար կստանան 60 հազար դրամի աջակցություն։ «Այն գյուղացիները, ովքեր այս համայնքներում 1—7 հեկտար աշնանացան կիրականացնեն, մեկ հեկտարի համար կստանան 60 հազար դրամ աջակցություն։ Այսինքն, եթե մեկ հեկտարի մասին է խոսքը, կստանան 60 հազար դրամ, եթե երկու հեկտար է, աջակցությունը կլինի 120 հազար դրամ եւ այդպես շարունակ»,–մանրամասնել է վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ սա նույնպես Հայաստանում աշխատանքը խրախուսելու շրջանակներում իրականացված քայլ է։ ՀՀ վարչապետը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանում տնտեսական կառուցվածքի հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Նրա գնահատմամբ՝ տնտեսությունը պետք է այնպես վերափոխեն, որ Հայաստանն ագրարային երկրից դառնա արդյունաբերական երկիր, իսկ որպես դրա նախաքայլ երկրում հարկավոր է խրախուսել աշխատանքը։ «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ եւ գյուղում, եւ քաղաքում մարդիկ շահագրգռված լինեն աշխատել»,–ընդգծել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ հետագա որոշումներով եւս փորձելու են լուծել այդ խնդիրը։ 
Նիկոլ Փաշինյանը ուշագրավ տեղեկություններ է ներկայացրել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շարունակության նոր փուլի վերաբերյալ։ Մասնավորապես կառավարության որոշման համաձայն՝ երիտասարդ ընտանիքների համար արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերելու պայմաններն ընդլայնվել են։ «Եթե նախկինում երիտասարդ ընտանիք էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային առավելագույն տարիքը 65—ն էր, հիմա այն ավելացվել է եւ դարձել է 70։ Այս երիտասարդ ընտանիքները կարող են երկրորդային շուկայից, այսինքն՝ ոչ նորակառույց շենքերից բնակարաններ ձեռք բերել հետեւյալ պայմաններով՝ հիփոթեքային վարկի առավելագույն տոկոսադրույքը Երեւանում կլինի 7.5 տոկոս, իսկ մարզերում կլինի 5.5 տոկոս։ Ըստ էության, մենք այստեղ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների էական փոփոխություն ենք ունեցել։ Ընդ որում, խոսքն առավելագույն տոկոսի մասին է, որովհետեւ որոշակի աշխուժության եւ բանկային մրցակցության պայմաններում տոկոսները կարող են ավելի ցածր լինել։ Քիչ առաջ այս թեմայով զրուցել եմ կենտրոնական բանկի նախագահի հետ, ով ասել է, որ արդեն կան բանկեր, որոնք հայտարարել են, որ ավելի ցածր տոկոսով վարկեր կտան»,–նշել է վարչապետը։
Ներկայացնելով հաջորդ կարեւոր փոփոխությունը՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ եթե նախկինում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար կանխավճարը 30 տոկոս էր, հիմա հնարավորություն կա, որ կանխավճարը լինի 10 տոկոս, եթե կա երկրորդ գույքի գրավ։ «Այսինքն, եթե երիտասարդ ընտանիքը բնակարան է ձեռք բերում եւ ծնողներից մեկի բնակարանը գրավ է դնում, հնարավորություն է ստանում 10 տոկոս կանխավճարով բնակարան ձեռք բերելու։ 10 տոկոս կանխավճարը հնարավոր է նաեւ այն դեպքում, եթե կլինի բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով ապահովագրություն։ Այսինքն, նաեւ ապահովագրական ընկերությունների միջոցով համագործակցելով կարելի է ունենալ 10 տոկոս կանխավճարի հնարավորություն»,–ասել է ՀՀ վարչապետը։
Հաջորդ կարեւոր նորությունն այն է, որ նորակառույց շենքերից բնակարանների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է։ Վարչապետի խոսքով՝ սա աննախադեպ ժամկետ է Հայաստանի համար, քանի որ նախկինում Հայաստանում երբեք այսպիսի մարման ժամկետով հիփոթեքային վարկեր չեն տրվել։ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտնել է, որ ոչ նորակառույց շենքերից բնակարան ձեռք բերելու համար կգործի 20 տարվա ժամկետ։ «Մեր օրենսդրության եւ նոր որոշման մեջ կա հետեւյալ դրույթը, որ առաջնային շուկայից, այսինքն՝ նորակառույց շենքերից այս ծրագրով եւ ընդհանրապես բնակարան ձեռք բերող քաղաքացիները հետ են ստանում իրենց վճարած եկամտային հարկը։ Սա նշանակում է, որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերողների համար կարող են գործել եւ, ամենայն հավանականությամբ, կգործեն անտոկոս վարկեր։ Ես կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է, եւ հույս ունեմ, որ այն մարդիկ, ովքեր միջինից բարձր վարձատրվող աշխատանք ունեն, այս հնարավորությունից կօգտվեն»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ շատ լավ հասկանում է, որ կան մարդիկ, ովքեր աշխատանք չունեն, ինչպես նաեւ մարդիկ, ովքեր աշխատանք ունեն, բայց ցածր են վարձատրվում եւ չեն կարող օգտվել վերը նշված հնարավորություններից, սակայն հավելել է, որ կառավարության քաղաքականության հիմքում լինելու է աշխատանքը խրախուսելը։ «Շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ բազմաթիվ բնակարանային խնդիրներ ունեն, ու ինչպես ենք մենք պատրաստվում այդ խնդիրները լուծել։ Մենք անելու ենք այնպես, որպեսզի լինեն հնարավորինս մատչելի հիփոթեքային վարկեր, խրախուսելու ենք, որպեսզի մարդիկ աշխատեն, նրանց աշխատավարձը բարձրանա, եւ այդ ճանապարհով լուծվեն այս խնդիրները։ Իհարկե, սա չի վերաբերվում այն խավերին, որոնց նկատմամբ պետությունն ունի բնակարանով ապահովելու պարտավորություն։ Խոսքը, մասնավորապես, այն զինվորականների մասին է, որոնց նկատմամբ պետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել»,–եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 356 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024