ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 07:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 27 » Աշխատանքը՝ ճիշտ ժամանակին / ՀՀ—ի գործակցությունը ԵՄ գիտական ուղղության հետ գնալով մեծանում է/
10:23
Աշխատանքը՝ ճիշտ ժամանակին / ՀՀ—ի գործակցությունը ԵՄ գիտական ուղղության հետ գնալով մեծանում է/

ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, երեկ կառավարության մամլո կենտրոնում հրավիրած ասուլիսում ամփոփելով 2015թ. գործունեությունը եւ խոսելով հեռանկարային ծրագրերից, նկատեց, որ կառույցի գործունեությունը 2016թ. ուղղվելու է հիմնականում օրենսդրական դաշտի կատարելագործմանը, գիտական նոր մրցույթների կազմակերպմանը, միջազգային համագործակցության զարգացմանը։ Մասնավորապես, մշակվելու եւ գործադիրին է ներկայացվելու ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2016—2020թթ. ռազմավարական ծրագիրը։ Նախատեսվում է կազմակերպել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ու թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման, ասպիրանտների եւ երիտասարդ հայցորդների հետազոտությունների անհատական աջակցության, երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության, ինչպես նաեւ ՀՀ ԿԳՆ եւ Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարության միջեւ կնքված մտադրությունների հուշագրի շրջանակներում անցկացվող համատեղ գիտական ծրագրերի մրցույթ։ Պարբերաբար թարմացվելու է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում կամ թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների տվյալների շտեմարանը։
Սամվել Հարությունյանը շեշտեց, որ նախորդ տարի գիտության բնագավառում այնպիսի աշխատանքներ են տարվել, որոնք կարող են մեր երկրի համար կարեւորագույն նշանակություն ունենալ. «2015 թվականը եղել է բավական պատասխանատու տարի, իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, որոնք ոլորտի համար կարող են ունենալ բեկումնային նշանակություն»։ Նա միաժամանակ հավելեց, թե ընդունված «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքով ներդրվել է գիտական եւ գիտատեխնիկական ծրագրերի/թեմաների ընտրության ու հաշվետվությունների գնահատման միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգ, ինչը կնպաստի գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։ Բացի այդ, հաստատվել են կառավարության մի շարք որոշումներ, որոնք, ըստ Ս. Հարությունյանի, հիմնարար նշանակություն ունեն գիտության ոլորտի զարգացման համար։ Մասնավորապես, համաձայնություն է տրվել ԵՄ «Հորիզոն—2020» ծրագրին մասնակցությանը, հաստատվել են ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը եւ կազմը։
Որպեսզի ակնհայտ դառնան 2016թ. արվելիքների նպատակները՝ բանախոսը հարկ համարեց 2015թ. արված որոշ քայլերի հատուկ ուշադրություն դարձնել։ Օրինակ, նախորդ տարի ԳՊԿ—ն անցկացրել է գիտական ծրագրերի ֆինանսավորման 7 մրցույթ. «Կարեւորում եմ ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի հետ համատեղ անցկացվող նախագծերի աջակցության մրցույթը, որտեղ ստացվել է 27 հայտ, արդյունքներն ամփոփվում են։ Բացի այդ, բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչեւ 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթում ստացվել է 122 հայտ։ Արդյունքում՝ 35 գիտնականներ մեկ տարի ամսական կտրվածքով պետք է ստանան 75000 դրամ հավելավճար՝ ներառյալ հարկերը։ Մրցույթն իրականացվում է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հետ համատեղ»։ Նմանատիպ ծրագրեր նաեւ Արցախում են արվում։ Բացի այս՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ «CYCLONE 18/18» ցիկլոտրոնի վրա իրականացվելիք գիտական թեմաների մրցույթին մասնակցելու համար ստացվել էր 11 հայտ, ֆինանսավորվել է 4 թեմա։ Բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի համար ստացվել էր 284 հայտ։ Արդյունքում՝ 100 գիտնականներ մեկ տարի ստանում են ամսական կտրվածքով 135000 դրամ՝ ներառյալ հարկերը։ Իրականացվել են պետական բյուջեում ընդգրկված 16 գիտական եւ գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրեր՝ ընդհանուր 1.839.406,2 հազ. դրամ ֆինանսավորման ծավալով։ Հաշվետու ժամանակաշրջանում կոմիտեի միջոցով ֆինանսավորվել է երիտասարդ գիտնականների 9 դպրոց, 43 գիտական միջոցառում։
2016—ին կամփոփվեն 2015 թ. հայտարարված մրցույթների արդյունքները։ Գիտպետկոմի նախագահը կարեւորեց, որ աշխատանքներ են տարվել Եվրոպական միության «Հորիզոն—2020» ծրագրին մասնակցության ուղղությամբ։ Եվ այս տարի էլ քայլեր են նախատեսվում «Հորիզոն—2020» ծրագրին գիտական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունն ապահովելու ուղղությամբ։
Փորձեցինք հասկանալ, թե ո՞րն է լինելու տարբերությունը։ Բանախոսը պարզաբանեց, որ տարբերությունն այն է լինելու, որ դառնալու ենք ասոցացված անդամ, եւ ՀՀ—ն կարող է մասնակցել եվրոպական գիտական հայտնագործություններին։ Դա, Ս. Հարությունյանի խոսքերով, մեր գիտության համար կարող է վճռորոշ նշանակություն ունենալ, քանզի «այլ գումարներ են շրջանառվելու»։


Համատեղի ժամանակ ՀՀ—ի իրավունքը  չի անտեսվում
 

«Եթե խնդիրը դիտարկենք տոկոսային հարաբերության մասով, ապա Հայաստանն աշխարհում ավելի շատ գիտական ո՞ր ուղղության հետ է աշխատում». «ՀՀ»—ի հարցին ի պատասխան Սամվել Հարությունյանը նկատեց, որ Հայաստանն ընդհանրապես վերջին 10 տարիներին ինտեգրվել է եվրոպական գիտական ուղղությանը։ «Մեր համատեղ հետազոտական աշխատանքների 60 տոկոսը եվրոպական ուղղության հետ է, մնացյալը՝ ամերիկյան եւ ռուսական։ Ամերիկյանի հետ է վերջերս շատացել՝ հասնելով 25 տոկոս մասնաբաժնի»,—հայտնեց կոմիտեի նախագահը՝ միաժամանակ շեշտելով որ համապատկերում «Հորիզոն—20»—ի գործը ճիշտ ժամանակին արվեց։
«ՀՀ»—ի մյուս հարցը վերաբերում էր գիտության ոլորտում համատեղ գործակցությանը. «Համատեղ հետազոտության կամ հայտնագործության պարագայում դա, խորհրդային տարիների օրինակով, տվյա՞լ երկրի սեփականությունն է համարվում, թե՞ մեր»։ Սամվել Հարությունյանը պարզաբանեց, որ համատեղ գործակցության ժամանակ միջազգային պայմանագրով համապատասխանաբար ամրագրվում է, որ «արդյունքը համատեղ սեփականություն է համարվում թե հեղինակային իրավունքի եւ թե առեւտրայնացման տեսանկյունից»։
«Եթե գիտական հետազոտությունների՝ այսպես ասած տեսական շրջանակից գանք կիրառական հարթություն, կարո՞ղ ենք օրինակներ մեջբերել, երբ արդյունքը կիրառվել է տնտեսության որեւէ ճյուղում». «ՀՀ»—ի այս հարցին էլ ի պատասխան գիտպետկոմի ղեկավարը մեջբերեց ավտոմատ փակաների օրինակը (Հովհաննես Թոքմաջյան), որ կիրառվում է ջրամբարների ծրագրում։ Ռազմական նշանակության ծրագրերում էլ կիրառվող օրինակներ կան, որոնք, սակայն, բանախոսը հասկանալի պատճառներով չբացահայտեց՝ նշելով միայն, որ հետաքրքրություն է եղել անգամ ՆԱՏՕ—ի կողմից։
Հավելենք, որ այս տարի էլ նախատեսվում են աշխատանքներ Եվրոպական միության հետ։ Կշարունակվի համագործակցությունը Ռուսաստանի, Բելառուսի, Գերմանիայի, Ուկրաինայի, Չինաստանի եւ այլ երկրների գիտական կազմակերպությունների հետ։


Պետության անելիքը
 

Վերջում բանախոսին խնդրեցինք խոսել բացթողումների մասին։ Նա հստակեցրեց, որ կոմիտեն իր առջեւ դրված բոլոր խնդիրներն իրականացրել է առանց բացթողումների։ Եվ չի եղել մի բան, որ մտադրված լինենք ու չանենք. «Բացթողումներ գրեթե չեն եղել, միգուցե մանր—մունր բաներ եղել են, բայց այնպիսի բացթողումներ, որոնք արմատական բացասական ազդեցություն կարող էին ունենալ, չեն եղել»։
Նրա խոսքերով՝ գիտության երիտասարդացման ուղղությամբ քայլերը որոշակի դրական արդյունք տվել են, եւ ուրախալի է, որ այսօր Հայաստանում իրականացվող գիտական ծրագրերի մոտ 30 տոկոսը երիտասարդներ են ղեկավարում։ Սակայն այս ուրախալի լուրի հետ միասին խնդրահարույց մի հարց էլ կա, որ իբրեւ ամփոփում կներկայացնենք ուղիղ մեջբերմամբ։ «Այստեղ մենք ուրիշ խնդիր ունենք, որը լուծման կարիք ունի։ Բանն այն է, որ մինչեւ 35 տարեկանների խնդիրն ինչ—որ չափով լուծվեց, բայց 35—ից մինչեւ 45 տարեկանների միջակայքով, երբ արդեն գիտնականը լուրջ հաջողություններ ունի եւ սկսում է տպագրվել միջազգային բարձր հեղինակություն ունեցող ամսագրերում, անմիջապես սկսում են մտածել աշխարհի տարբեր կենտրոններում աշխատելու համար։ Իսկ այս միջակայքում մենք ունենք բավականին խորը մինիմում։ Գիտնականների համար այս տարիքը բավական վճռորոշ տարիք է, այդ տարիքային խմբի մարդիկ ուսուցիչներ են, նրանք պետք է վերարտադրեն իրենց նմանակներին։ Ցավոք, այս միջակայքում մենք անելիքներ ունենք, եւ այս հարցը պետք է գտնվի պետության հոգածության ներքո, որպեսզի այս մարդկանց համոզենք վերադառնալ»,—նկատեց Սամվել Հարությունյանը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 358 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024