ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 16.12.2017, 07:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [455]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [369]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [522]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 19 » Աճ կա, եւ զարգացումն էլ շարունակական է /Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը մանրամասնում է/
14:20
Աճ կա, եւ զարգացումն էլ շարունակական է /Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը մանրամասնում է/

«Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությունն ամբողջովին արդարացվել է, եւ մեկ տարի առաջ ներկայացված մեր տեսլականն իրականացել է»,–երեկ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին՝ հրավիրած մամլո ասուլիսում ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Նա միաժամանակ ընդգծեց, թե գործադիրը հետագա զարգացումը տեսնում է արտահանելի տնտեսության ձեւավորման մեջ։ Այն արդյունքները, որոնք արձանագրվել են ընթացիկ տարվա ութ ամիսներին, մասնավորապես ապրանքների արտահանման 21.7 տոկոս աճը, նախարարի խոսքերով, թույլ են տալիս ենթադրել, որ այս տարվա արդյունքներով ՀՆԱ—ում ապրանքների ու ծառայությունների տեսակարար կշիռը առաջիկա տարիներին կկարողանանք հասցնել 37—38 տոկոսի։
Տնտեսության զարգացման տեմպերից խոսելով՝ բանախոսը վիճակագրական որոշ տվյալներ ներկայացրեց՝ վկայելու համար շարունակական զարգացումը։ Ըստ այդմ, 2017թ. հունվար—օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5 տոկոս. աճին նպաստել են արդյունաբերության, առեւտրի եւ ծառայությունների ճյուղերում երկնիշ աճերը։ Ի դեպ, այս տարվա 1—ին կիսամյակում ՀՆԱ աճը կազմել է 5.9 տոկոս։ Ընդհանուրի նկատմամբ առաջանցիկ աճ են արձանագրել արդյունաբերության ոլորտը, որի ՀՆԱ աճը կազմել է 7.7 տոկոս, ինչպես նաեւ առեւտրի ու ծառայությունների ոլորտը՝ 8.1 տոկոս։ Դարձյալ այս տարվա հունվար—օգոստոսին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի աճը կազմել է 12.4 տոկոս։ Առավել բարձր է եղել մշակող արդյունաբերության արտադրության ծավալների աճը՝ 16.4 տոկոս, որն ապահովել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների աճի ավելի քան 10 տոկոսային կետը կամ 82 տոկոսը։
Ըստ նախարարի, տպավորիչ աճ են արձանագրել խմիչքների (այդ թվում՝ կոնյակ, գինիներ) արտադրությունը՝ 35.3 տոկոս, մանածագործական արտադրատեսակների արտադրությունը՝ 47.4 տոկոս, հագուստի արտադրությունը՝ 24.4 տոկոս, դեղագործական արտադրանքի արտադրությունը՝ 17.6 տոկոս, էլեկտրական սարքավորումների արտադրությունը՝ 2.6 անգամ, ինչպես նաեւ՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը՝ 40.3 տոկոս։ 2017թ. 1—ին կիսամյակի արդյունքներով մշակող արդյունաբերությունում գրանցվել է աշխատանքի արտադրողականության զգալի աճ՝ շուրջ 20 տոկոս։ Առեւտրաշրջանառության ծավալն էլ այս տարվա 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12.3 տոկոսով է ավելացել։ Ընդ որում, մեծածախ առեւտրի շրջանառությունն ավելացել է 20.8 տոկոսով, ինչը մեծապես կրում է տեղական վերամշակող արդյունաբերության աճի ազդեցությունը, իսկ մանրածախ առեւտրի շրջանառությունն աճել է 5.8 տոկոսով։ «Նկատեմ, որ այս դեպքում իր դրական ազդեցությունն է ունեցել այս տարվա ընթացքում ներգնա տուրիզմի զգալի աճը»,–ասաց Սուրեն Կարայանը։
Ինչ վերաբերում է ծառայություններին, ապա դրա ծավալն էլ տարվա առաջին 8 ամիսների ընթացքում աճել է 12.4 տոկոսով։ Բարձր աճի տեմպեր են արձանագրել ծառայությունների այն ճյուղերը, որոնք ուղղակիորեն կապված են տուրիզմի ծավալների ավելացման հետ։ Մասնավորապես, կացության եւ հանրային սննդի կազմակերպման ծառայությունները նախորդ տարվա համեմատ աճել են 18.8 տոկոսով, մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ծառայությունները՝ 15.2 տոկոսով, իսկ տրանսպորտի ծառայությունները՝ 14.9 տոկոսով։
Ու քանի որ տնտեսական աճի համար շատ կարեւոր է արտահանման բաղադրիչը, նախարարն ասաց, որ այս տարվա հունվար—օգոստոսին ապրանքների արտահանումը կազմել է 1383.2 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 246.3 մլն դոլարով։ Դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալն ավելացել է 33 տոկոսով, ԵՄ երկրներ՝ 32.6 տոկոսով, այլ երկրներ՝ 11.0 տոկոս—ով։ «Սա թույլ է տալիս մեզ ենթադրել, որ այս տարվա արդյունքներով ՀՆԱ—ի մեջ ապրանքների ու ծառայությունների արտահանման տեսակարար կշիռը կկարողանանք հասցնել 37—38 տոկոսի։ Սա էլ իր հերթին հիմք է տալիս մտածելու, որ առաջիկայում կկարողանանք ապահովել այն ցուցանիշը, որ կառավարության ծրագրում է ամրագրված՝ ապրանքների եւ ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ—ում հասցնել 40—45 տոկոսի»,–նշեց Սուրեն Կարայանը։


Լավատեսության  հիմքերը՝ ըստ նախարարի
 

«Քանի որ մեր տնտեսական միտումների առումով այդքան լավատես եք, խնդրում եմ ասացեք, պարոն նախարար, ապագայի Ձեր պատկերացրած շարժերը կարո՞ղ ենք ապահովել առանց էներգետիկական անվտանգության, մասնավորապես, առանց ԱԷԿ—ի». հարցիս ի պատասխան Սուրեն Կարայանը նկատեց. «Տնտեսական զարգացման առումով միայն ես չէ, որ լավատես եմ, այլ նաեւ՝ միջազգային կառույցները։ Համաշխարհային բանկն, օրինակ, բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումները։ Այդ լավատեսության մասին են խոսում առաջին ութ ամիսների վիճակագրական ցուցանիշները։ Առաջիկայում կամփոփվեն 9 ամիսների տվյալները, եւ դրական տենդենցները պահպանվելու են։ Իսկ ԱԷԿ—ի մասով ասեմ, որ ամեն ինչ կախված է էներգետիկ համակարգի զարգացումներից եւ տեխնոլոգիաներից»։
«ՀՀ»—ն նախարարին ուղղեց երկրորդ հարցը. քանի որ մշակող արդյունաբերությունում էլ դրական շարժ կա, ինչու՞ կտրուկ քայլեր չեն ձեռնարկվում այդ շարժն ամրապնդելու համար։ Ասենք՝ ինչու՞ չեն արգելում անմշակ, հում կաշվի արտահանումը, մանավանդ որ զարգացած շատ երկրներում հում հաշվի արտահանումն արգելված է, քանզի այն ռազմավարական ապրանք է համարվում։ Բացի այդ՝ կաշեգործության ոլորտի մեր գործարարներից մեկը հումքի պակաս ունի։ Միանգամից այդ հարցն էլ կլուծվի։ Սուրեն Կարայանը պարզաբանեց, որ այդ հարցը իրենք քննարկել են. «Համենայնդեպս, այս պահի դրությամբ հակված չենք արգելելու արտահանումը, հակված ենք տուրք սահմանելու։ Բայց հակված ենք նաեւ այդ հումքը տեղական արտադրողին վաճառելու»։
Ի պատասխան այն հարցի, դարձյալ կարո՞ղ ենք խոսել 2040թ. 4 մլն բնակչություն ունենալու մասին, Սուրեն Կարայանը ընդգծեց, որ տնտեսության զարգացման առումով միտումները խոսում են այդ մասին։ «Տնտեսության ակտիվացումը՝ հատկապես մշակվող արդյունաբերության, ծառայությունների ոլորտի, առեւտրի ոլորտի, նպաստելու է, որ բնակչության կենսամակարդակը միանշանակ աճի։ Դուք տեսնում եք, որ ՀՆԱ—ի աճի տեմպերը տպավորիչ են, ինչը նպաստելու է բնակչության թվի աճին, արդյունքում, ավելի շատ մեր հայրենակիցները կվերադառնան Հայաստան, քան կհեռանան երկրից»,— համոզմունք հայտնեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը։


ԵԱՏՄ—ի ու ԵՄ—ի ուղեծրում
 

Հայաստանը վարում է փոխլրացումային քաղաքականություն, եւ այդ ձեւաչափը շարունակվելու է։ Հասկանալի է՝ նույնն է տնտեսության ոլորտում։ Եվ ուրեմն՝ ինչ քայլեր ենք ձեռնարկում ԵԱՏՄ—ի ու ԵՄ—ի հետ հարաբերություններում եւ ոչ միայն։
Ինչպես ներկայացրեց նախարարը, ավարտին է մոտենում ԵԱՏՄ անդամ երկրների եւ ԻԻՀ—ի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցային փուլը։ Իրանական շուկա հայկական ապրանքների արտահանման նպատակով 40 ապրանքներ ներառվել են համաձայնագրի բանակցությունների գործընթացում, որոնց գծով նախատեսվում է մաքսատուրքի իջեցում, ինչպես նաեւ՝ ոչ սակագնային կարգավորումների պարզեցում։ Ավարտվել են Չինաստան—ԵԱՏՄ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ ձեռք են բերվել սկզբունքային համաձայնություններ փոխադարձ առեւտրի բնագավառում ոչ տարիֆային կարգավորումների դյուրացման վերաբերյալ։ Փաստաթղթի ստորագրումը կխթանի ԵԱՏՄ անդամ երկրների եւ Չինաստանի երկկողմ առեւտուրը ու կնպաստի հայկական արտադրանքի արտահանման ավելացմանը դեպի Չինաստան։ Քննարկումներ են ընթանում պետություն—մասնավոր գործընկերությամբ հայ—իրանական համատեղ արտահանող ընկերություն ստեղծելու ուղղությամբ։ Նշված ընկերության ստեղծումը կնպաստի դեպի իրանական շուկաներ հայկական ապրանքների արտահանման ծավալների զգալի աճին։ «ԵԱՏՄ կառույցների շրջանակում շարունակվել են խնդրահարույց հարցերին լուծումներ տալու ուղղությամբ քննարկումները։ Վեր են հանվել մի շարք խոչընդոտներ, որոնք ներկայումս քննարկվում են ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության կոմիտեի հարթակում։ ԵԱՏՄ շրջանակներում քննարկվել եւ բանակցային տարբեր փուլերում են գտնվում մի շարք երկրների՝ Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Սինգապուրի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրերի նախագծեր»,–տեղեկացրեց Սուրեն Կարայանը։
Համապատկերում նշենք, որ արտահանումը խրախուսելու համար կապեր են հաստատվել հայ արտադրողների (գինիներ, մսամթերք, բնական հյութեր, պահածոներ, պանիր) եւ ռուսական խոշոր առեւտրային ցանցերի միջեւ (METRO AG, «Լենտա» եւ X5)։ Հայկական կազմակերպություններն սկսել են ձկնամթերքի ու պանրի արտահանման գործընթացը նշված ցանցեր։ Բանակցություններ են տարվում նույն ցանցերում թեթեւ արդյունաբերական արտադրանքի ներկայացման ուղղությամբ։
ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ արդյունաբերական կոոպերացիայի շրջանակներում ԵԱՏՄ պատվիրատու կազմակերպությունների եւ տեղական արտադրողների միջեւ տարբեր սարքերի ու կոմպլետավորող այլ արտադրանքի արտադրության եւ արտահանման վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ ՌԴ—ից ալմաստի հումքի մատակարարումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հանդիպում է կազմակերպվել ՌԴ պետական գանձարանի (Գոխրան) ղեկավարի եւ «ԱԼՌՈՍԱ» ընկերության նախագահի հետ։ Աշխատանքներ են տարվում հայաստանյան արտադրողների կողմից ալմաստի հումքի ձեռքբերման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ։ ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության կոմիտեի հարթակում ներկայումս մշակվում է ԵԱՏՄ անդամ պետություններում ոսկերչական իրերի հարգադրոշման փոխճանաչելիության հարցը, ինչի կանոնակարգումը կպարզեցնի Հայաստանում արտադրված ոսկերչական արտադրանքը ԵԱՏՄ ներմուծման ընթացակարգերը։
Ու քանի որ ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի, նաեւ այլ երկրների հետ փոխգործակցական հարաբերություններում որակի հարցն անտեսել չենք կարող, նախարարը մանրամասնեց նաեւ որակի ենթակառուցվածքների հետ կապված խնդիրը։ Ըստ այդ, ԵՄ շուկա մուտքը դյուրացնելու համար 2016 թ. նոյեմբերին ՀՀ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ—ը դարձել է հավատարմագրման եվրոպական համագործակցության ասոցացված անդամ։ Այն հնարավորություն է ընձեռում մի քանի տարվա համապատասխանեցման աշխատանքներից հետո հասնելու անդամակցության։ «Արդյունքում՝ հավատարմագրման ազգային մարմնի հավատարմագրած լաբորատորիաների կողմից ներկայացված փորձաքննության արդյունքները կճանաչվեն ԵՄ երկրներում՝ նվազեցնելով հայաստանյան ապրանքներն արտահանողների վարչարարական բեռն ու ծախսերը»,—շեշտեց նախարարը։
ԵԱՏՄ հանձնաժողովին ներկայացվել են տեղական արտադրատեսակների առանձնահատկությունը սահմանող ստանդարտներ, որոնց ընդունումը թույլ կտա առանց խոչընդոտների ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանել տեղական այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են հանքային ջրերը, կոնյակի սպիրտը, հայկական կոնյակը, «Նարինեն», բաստուրման, սուջուխը, կերակրի աղը եւ մածունը։
Բացի այդ՝ այս տարի Երեւանում բացվել է «Հալալ» գրասենյակը, որի տրամադրած «Հալալ» սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության 57 անդամ երկրներում։ Մշակվել եւ այս տարվա հուլիսին իրանական կողմին փոխանցվել է փոխըմբռնման հուշագրի նոր մի նախագիծ, որի ստորագրմամբ հնարավոր կդառնա իրանական եւ ԵԱՏՄ շուկաներում պարենային ու ոչ պարենային արտադրանքի նկատմամբ կիրառվող անվտանգության պարտադիր նորմերի փորձարկումներ իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների (փորձարկման լաբորատորիաների) մասնաճյուղերի հիմնումը ՀՀ—ում եւ Իրանում։
Սուրեն Կարայանը տեղեկացրեց նաեւ, որ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ ԱՀԿ շրջանակներում մաքսատուրքի սահմանային ամրագրված դրույքաչափերի ՀՀ ստանձնած պարտավորությունների փոփոխման շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի իրավական հիմքն ապահովելու նպատակով ԵԱՏՄ խորհրդի կողմից հաստատվել են համապատասխան բանակցային գործընթացի դիրեկտիվները։ Շարունակվում է բանակցային գործընթացը ԱՀԿ 11 անդամ երկրների հետ (ԱՄՆ, Ուկրաինա, Թայվան, Շվեյցարիա, Ճապոնիա, Վրաստան, Չինաստան, Կանադա, Բրազիլիա, Արգենտինա եւ Եվրամիություն)։ ԵԱՏՄ շրջանակներում ընթանում է համապատասխան բանակցային փաթեթների եւ փոխհատուցումային առաջարկների մշակման ու հաստատման գործընթացը։
Գանք ԵՄ—ի հետ փոխգործակցությանը։ Նկատենք, որ 2018թ. հունվարի 1—ից Հայաստանը կմիանա Եվրամիության ինքնահայտարարագրման REX համակարգին, որը հնարավորություն կտա ձեռներեցներին՝ յուրաքանչյուր անգամ մինչեւ 6 հազար եվրո արժողությամբ ապրանքների արտահանումը դեպի ԵՄ երկրներ իրականացնել առանց ծագման սերտիֆիկատ ներկայացնելու։
ՀՀ նախագահի՝ 2017թ. փետրվարին բրյուսելյան այցի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է ԵՄ—Հայաստան ՀԸԳՀ շուրջ բանակցությունների ավարտը։ Համաձայնագիրը նախաստորագրվել է մարտի 21—ին։ Եվրոպական կողմի հետ իրականացվել է ՀԸԳՀ—ի՝ առեւտրի եւ առեւտրին առնչվող մասի իրավական հղկման գործընթացը։ ԵՄ—ի հետ համագործակցությամբ հաստատվել է ՀՀ—ում Սիգմա գործիքի աշխատանքային ծրագիրը, հստակեցվել են 2016—2018թթ. աջակցության ոլորտներն ու ժամկետները։


Ներդրումների շրջանակում
 

Նախարարն անդրադարձավ նաեւ ներդրումներին։ Պարզվում է՝ այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 մլն դոլար (2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում՝ համապատասխանաբար 36.6 տոկոս եւ 26.3 տոկոս)։
Թե այդ 1 մլրդ դոլարի ներդրումների մեջ որքանն են վարկային հոսքերը, նախարարն ասել չի կարող. դրա համար լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա։
Նախարարը հայտնեց նաեւ, որ մասնավոր հատվածից, ճյուղային նախարարություններից եւ վարչապետի մարզեր այցերի արդյունքում հավաքագրվել է 200—ից ավելի քննարկման ենթակա ներդրումային ծրագիր, որոնցից մոտ 110—ը՝ մարզերում։ Շուրջ 40 ծրագրեր, որոնք օտարերկրյա ներդրում են պահանջում, թարգմանվել են եւ ներկայացվել արտերկրում։ Վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր։ Սեպտեմբերի 1—ի դրությամբ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ—ի կողմից թվով 14 ներդրումային ծրագրի համար հաստատվել է 385 մլն դրամ եւ տրամադրվել 377 մլն դրամի ֆինանսավորում։ ՀՀ ՏԶՆՆ կողմից ներկայացվել է մոտ 70 ներդրումային ծրագիր, որոնք ներկայումս իրականացման տարբեր փուլերում են։ 2017թ. կիրականացվի մոտ 493 միլիոն դոլարի ներդրում եւ կստեղծվի մոտ 7300 նոր աշխատատեղ։ Տարվա 8 ամիսների արդյունքներով իրականացվել է շուրջ 250 միլիոն դոլարի ներդրում, որից շուրջ 70 միլիոն դոլարը՝ Երեւանում, եւ ստեղծվել է 3200 նոր աշխատատեղ, որից շուրջ 800—ը՝ Երեւանում։
Գերակա ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում 2016թ. հոկտեմբերից ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել 27 ընկերություն։ Ընկերությունների ներդրումային ծրագրերով նախատեսված է մոտ 445 մլն դոլարի ներդրում եւ մոտ 3000 նոր աշխատատեղի ստեղծում։
Սուրեն Կարայանը խոսեց նաեւ ազատ տնտեսական գոտիների գործունեությունից։ Ըստ այդմ, ԱՏԳ—ներում շահագործողի թույլտվություն է ստացել 7 ընկերություն։ Նրանք նախատեսում են 74 մլն դոլարի ներդրում անել եւ ստեղծել մոտ 1340 նոր աշխատատեղ։ Ներկայումս քննարկվում է շահագործման թույլտվության տրամադրման եւս 1 հայտ։
Ստեղծվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ եւ «Մեղրի» ԱՏԳ հիմնման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ։ Աշխատանքներ են կատարվում Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտու ձեւավորման համար։ Մշակվել են ազատ տնտեսական գոտու ստեղծման հայեցակարգային մոտեցումներ եւ գործարար ծրագիր, դրան համապատասխան իրականացվում են գոտու կառուցապատման աշխատանքներ։ Ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում առաջիկա 10 տարվա ընթացքում ակնկալվում են 50—60 ընկերության մուտք, 120—150 մլն դոլարի ներդրումներ, 1000—1500 նոր աշխատատեղ։ ԻԻՀ նախագահի խորհրդական, առեւտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ԱՏԳ—ների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները սահմանելու շուրջ։ Այն նպատակ ունի հիմքեր ստեղծել «Մեղրի» ԱՏԳ եւ «Արաս» տնտեսական հատուկ գոտու միջեւ։
Եվ վերջում իբրեւ հավելում նշենք, որ զբոսաշրջային ոլորտում էլ դրական տեղաշարժ կա։ Այցելությունների ընդհանուր թիվը. 2017թ. հունվար—հունիսին 1.350.791 է, աճը 2016թ. հունվար—հունիսի համեմատ կազմել է 24.3 տոկոս։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 14 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017