ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 20:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 30 » Այդ կախարդական հարկային փայտիկները /Քաղաքական որ ուժը ինչ ուղղությամբ է այն շարժելու/
10:35
Այդ կախարդական հարկային փայտիկները /Քաղաքական որ ուժը ինչ ուղղությամբ է այն շարժելու/

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերն էլ նախընըտրական ծրագրերում կամ ծրագրային հիմնադրույթներում ներկայացրել են, թե ինչպես են պատկերացնում Արցախի խնդրի լուծումը։ Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ միայն հզոր տնտեսություն ունենալով։ Իսկ տնտեսության շարժը, միտումներն ու հեռանկարները հիմնականում պայմանավորվում են հարկային քաղաքականությամբ։ Այս առումով մեզ հետաքրքիր էր՝ հասկանալ, թե քաղաքական որ ուժը խորհրդարանում հայտնվելու պարագայում ինչ քայլեր կձեռնարկի հարկային ոլորտը բարելավելու ուղղությամբ։ Սա շատ նուրբ ոլորտ է, որից դժգոհողները միշտ ավելի մեծաթիվ են։ Ու միայն հետեւանքն է խոսում այս կամ այն քայլի անարդյունավետության կամ արդյունավետության մասին։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը, օրինակ, հարկային ոլորտի հետ կապված առանձին բաժին նախընտրական ծրագրում չունի, իսկ տնտեսական քաղաքականությանը վերաբերող նրանց տեսլականը արդեն ներկայացրել ենք։
«Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական կուսակցությունը հավաստիացնում է, թե ձգտելու է հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամքին ունեցած անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից։ Մշակելու է մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսացող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար կկուտակվի մասնաբաժին։ Ներդնելու է բազմագործոն եւ ճկուն հարկային գոտիականություն եւ հասցեականություն՝ ապահովելու ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչաձ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։
«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը կներդնի պրոգրեսիվ հարկային քաղաքականություն, որի հիմքում դրվի «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը։ Շատ վաստակողը պետք է ավելի շատ հարկ վճարի, քանի որ դրա միջոցով է հնարավոր վերացնել եկամուտների բեւեռացվածությունը եւ սոցիալական անարդարությունը։ Եկամտահարկի դրույքաչափի առաջարկվող համահարթեցումը՝ անկախ եկամտի չափից միասնական մեկ դրույքաչափի կիրառումը, չի կարող մեղմել սոցիալական անհավասարությունը։ ՀՅԴ—ն վստահ է, որ պրոգրեսիվ հարկման տրամաբանությունը պետք է գործի նաեւ գույքահարկի եւ հողի հարկի պարագայում։ Ունեւոր մարդը պատրաստ է ավեի շատ հարկ վճարել, եթե դրան համապատասխան պետությունից ստանա իր սեփականության լիարժեք պաշտպանվածություն։
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, ըստ նախընտրական ծրագրի, հարկային քաղաքականությամբ թիրախավորելու է գործարարի եւ ներդրողի համար արդար, ընկալելի եւ կանխատեսելի միջավայրի ստեղծում եւ գլոբալ աշխարհում երկրի մրցունակության եւ ներդրումային գրավչության բարձրացում։ Բարենպաստ ներդրումային միջավայր ձեւավորելու համար նվազեցնելու է շահութահարկի, եկամտային հարկի եւ շահաբաժինների հարկման գործող դրույքաչափերը։ Մասնավորապես՝ շահութահարկի գործող 20 տոկոս դրույքաչափը իջեցնելու է՝ հասցնելով այն 18 տոկոսի։ 2019թ. կսահմանվի եկամտային հարկի համահարթ 23 տոկոս դրույքաչափ (ինչը, օրինակ, ՀՅԴ—ն արդար չի համարում,— Ա.Մ.), մինչեւ 2023 թվականը այն աստիճանաբար կնվազի մինչեւ 20 տոկոս։ «Իմ քայլը» վստահեցնում է, թե ինքն էլ է «արդարացի հարկման» գաղափարին համամիտ։ Եվ, ահա, արդարացի հարկման նպատակով ձեռնարկելու է քայլեր հարկային բեռը դեպի «վճարունակ հարկատուներ» տեղափոխելու ուղղությամբ, մասնավորապես՝ գույքահարկը հաշվարկելու է անշարժ գույքի շուկայական արժեքից եւ անցում է կատարելու մեկ անձի սեփականության մեջ գտնվող գույքային միավորների կոնսոլիդացված արժեքի հարկման։ Լրամշակելու է «Շքեղության հարկի մասին օրենքը», ընդլայնելու եւ հանրայնացնելու է շքեղության հարկի օբյեկտ եւ շքեղության հարկ վճարողների ցանկը՝ հավաքագրումների եւ բաշխումների նկատմամբ սահմանելով հանրային հսկողության առցանց գործիքակազմ՝ ուղղված սոցիալական արդարության վերականգնմանը։ Միջազգային առեւտրատնտեսական հարաբերություններն առարկայական դարձնելու նպատակով վերանայելու եւ ընդլայնելու է կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ցանկը, տրանսֆերային գնագոյացման կարգավորումներին վերաբերող եւ հարկման նպատակով տեղեկատվության փոխանակման համակարգերի ներդրմամբ ապահովելու է երկրի ներսում ձեւավորվող հարկման բազաների պաշտպանությունը։
«Իմ քայլը» խոստանում է նաեւ հասցեական հարկային քաղաքականություն. տարբերակված մոտեցումների կիրառմամբ նպաստելու է Երեւանից դուրս՝ հատկապես սահմանամերձ գոտիներում գործարար համայնքի կայացմանը։ Խոստանում է ներդնել գոտիական հարկման այնպիսի համակարգ, որի պայմաններում կկիրառվեն ավելացված արժեքի հարկի, հողի հարկի արտոնություններ, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի տարբերակված սակագներ, ինչն էլ ՀՀ տարածքում կնպաստի սահմանամերձ համայնքներում աշխատատեղերի ստեղծման կամ շարունակական ավելացմանն ուղղված հասցեական ներդրումային ծրագրերի իրականացմանը։
«Իմ քայլը» խոստանում է նաեւ, որ յուրաքանչյուր տնտեսավարողի հնարավորություն է տալու մասնակիորեն որոշելու իր կողմից վճարված հարկի ծախսման ուղղությունը։ Այսպիսով արմատավորելու է հարկային պարտավորությունները կամավորության սկզբունքով կատարելու պրակտիկան։ Հարկային պարտավորությունները բարեխղճորեն կատարող, օրինապահ հարկ վճարողների խրախուսման ճանապարհով ապահովելու է բոլոր գործարքների լիարժեք փաստաթղթավորում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ճիշտ է համարում ներդրողի ընտրությամբ ներդրումների կատարման պահին կիրառվող հարկային ռեժիմի մինչեւ 3 տարի ժամկետով պահպանման օրենսդրական երաշխիքի ներդրումը։ Նաեւ՝ սահմանի վրա ԱԱՀ գանձման վերացումը։ Ինչն է հարկատուներին այդքան զայրացնում, եթե ոչ հարկային օրենսգրքի արագ փոփոխությունները։ Հետեւաբար, ԼՀԿ—ն, հարկային համակարգի երկարաժամկետ վստահության ամրապնդման եւ պարբերական փոփոխությունները նվազեցնելու նպատակով, առաջարկում է հարկային օրենսգրքին տալ սահմանադրական օրենքի կարգավիճակ։ Ըստ ԼՀԿ—ի, անհրաժեշտ է աստիճանաբար անցում կատարել պատժողական քաղաքականությունից դեպի գործընկերային հարաբերությունների հաստատում հարկատուի հետ՝ պահպանելով չարամիտ կարգազանցություն դրսեւորող հարկատուների նկատմամբ վարչական ներգործության անհրաժեշտ գործիքակազմը։ Հարկային քաղաքականության ոլորտում անհրաժեշտ է շարունակաբար եւ հետեւողականորեն կրճատել ստվերը, նվազագույնի հասցնել ստվերային աշխատավարձերի վճարման արատավոր փորձը, վերանայել անշարժ գույքի հարկման մեխանիզմները՝ անցում կատարելով անշարժ գույքի միասնական հարկման արդարացի համակարգի, ընդլայնել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի շրջանակը։
ԼՀԿ—ն առաջարկում է հարկային բեռի վերաբաշխում անել դեպի խոշոր բիզնես՝ միջին եւ մանր բիզնեսների կամերալ ստուգումներ, հարկային արձակուրդներ 3 տարով եւ հարկերից ազատում գերփոքր տնտեսավարողների համար, որոնց վերջին երեք տարիների շրջանառությունը չի գերազանցում 60 մլն դրամը։ Քաղաքական այս ուժն առաջարկում է նաեւ շրջանառության հարկի շեմի հստակ ամրագրում՝ 115 միլիոն դրամի չափով, եկամտային հարկի միասնական դրույքաչափ՝ շահութահարկին հավասար, շքեղության հարկի ներդրում, նվազագույն աշխատավարձի մոտեցում սպառողական միջին զամբյուղի արժեքային մեծությանը, գույքահարկի հարկման բազայի վերանայում՝ հիմքում դնելով շուկայական արժեքը՝ նպատակ ունենալով գույքահարկի պարտավորության ծանրությունն ուղղել դեպի խոշոր սեփականատերեր։ ԼՀԿ—ն խոստանում է կրճատել հարկատեսակների թիվը։
«Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ծրագրային հիմնադրույթներում հարկային քաղաքականության հետ կապված ոչինչ չունի։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունն առաջարկում է հարկատեսակներն ու հարկային բեռը կրճատել մի քանի անգամ, հատկապես միջին խավի ու մանր ու միջին ձեռնարկատիրության համար, այդ թվում՝ պարզեցնել հարկային օրենսդրությունը։ Միաժամանակ առաջարկում է հարկային բեռը բարձրացնել միայն հանքարդյունաբերության ոլորտում, քանի որ այն չի համարվելու գերակա ճյուղ։ Խստացվելու է ֆինանսական ու քրեական պատասխանատվությունը հարկային օրենսդրության խախտման համար։
Քաղաքական այս ուժն ասում է նաեւ, թե պարտադիր կենսաթոշակային համակարգը փոխարինվելու է ամբողջությամբ կամավոր համակարգով՝ խթանիչ հարկային բաղադրիչով, որի պայմաններում պետությունն ապահովելու է նվազագույն կենսաթոշակի վճարում՝ անկախ անձի կողմից կամավոր կենսաթոշակային համակարգին միանալու հանգամանքից։ Հարկային արտոնությունների պայմաններում կամավոր կենսաթոշակային համակարգը բավականին կիրառելի կլինի եւ գրավիչ թե՛ աշխատողի եւ թե՛ գործատուի համար։ Առաջարկվում է նաեւ կիրառել եկամտահարկի դրույքաչափերի սանդղակ, ու նվազեցնել հարկային բեռը ամիսը մինչեւ 250 հազար դրամ եկամուտ ստացողների համար։ Եկամտահարկի ու շահութահարկի սանդղակները պետք է հնարավորինս մոտ կամ նույնական լինեն, իսկ մանր ու միջին ձեռնարկատիրությունը պետք է ընդգրկի մինչեւ 30 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարողներին։ Հարկային հստակ արտոնություններ ու խրախուսող պայմաններ պետք է ապահովել արեւային ու քամու էլեկտրակայանների հիմնադրման համար։ Մաքսատուրքից պետք է ազատել էլեկտրական ավտոմեքենաների ներմուծումը։
«Մենք» կուսակցությունների դաշինքը մրցունակ տնտեսության առաջնահերթություններից խոսելիս նշում է, թե ՓՄՁ զարգացումն ապահովելու եւ վարչարարությունն էապես նվազեցնելու նպատակով մինչեւ 50 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարողների համար պետք է սահմանել տարեկան 10.000 դրամ սիմվոլիկ հարկ, 50—200 մլն շրջանառության դեպքում՝ 5 տոկոս, իսկ 200—500 մլն—ի դեպքում 7—9 տոկոս շրջանառության հարկ՝ ըստ ոլորտների։ Իսկ ներդրումները խթանելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու համար պետք է 5 տարի ժամկետով շահութահարկի վճարումից ազատել բոլոր այն ներդրողներին, ովքեր 10 մլն դոլար եւ ավելի ներդրումներ կկատարեն Հայաստանում ու կստեղծեն 100 եւ ավելի աշխատատեղեր։ Տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը խթանելու ու նորարարությունը խրախուսելու նպատակով՝ գյուղատնտեսության, բժշկության, արդյունաբերության եւ այլ ոլորտներում կիրառվող տեխնիկական, տեխնոլոգիական եւ այլ սարքավորումների, տրանսպորտային միջոցների (բացի մարդատար ավտոմեքենաներից) ներմուծումը պետք է ազատել ԱԱՀ—ից։ ՏՏ ոլորտը զարգացնելու համար էլ պետք է երկարաձգել այս ոլորտի հարկային արտոնությունները։ «Պետության հարկային արտոնությունների, արտադրանքի սուբսիդավորման քաղաքականությունը պետք է ուղղված լինի նաեւ դեղագործության, ինովացիոն ու բարձր տեխնոլոգիական արտադրանքների, ռազմական տեխնիկայի, ոչ ավանդական էներգետիկայի բազային տարրերի, գյուղմթերքների ու սննդարդյունաբերության ապրանքների արտադրությանն ու արտահանմանը»,—համոզված է «Մենքը»։
«Օրինաց երկիր» կուսակցությունը նախընտրական ծրագրի 50 քայլերից 3—ով անդրադառնում է հարկային դաշտին։ Խոստանում է՝ 1. հարկային եւ մաքսային վարչարարության շարունակական պարզեցում, էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրում, հսկիչ գների վերացում, տնտեսավարողների տարաբնույթ ստուգումների եւ ուսումնասիրությունների կտրուկ եւ հետեւողական կրճատում, գործարարությանը հետեւողական աջակցություն, հաստատագրված վճարների ներդրում փոքր ու միջին գործարարների համար։ Սահմանամերձ տարածաշրջաններում, աղետի գոտում այս ձեռնարկությունների համար հարկային արտոնությունների սահմանում։ Մինչեւ 25 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ձեռնարկություններին եւ անհատ ձեռնարկատերերին՝ հարկերից ազատում։
2. Շքեղության հարկի կիրառում՝ սահմանելով համապատասխան սանդղակներ, որի արդյունքում հարուստները ավելի շատ պետք է վճարեն, քան անապահովները։
3. Կազինոների, խաղադրույքների, շահումով եւ շահադրույքով խաղերի ոլորտի շարունակական կրճատում, պետական բյուջե գանձվող հարկերի ավելացում, վերահսկողության ուժեղացում եւ օրենսդրության խստացում՝ հատկապես երիտասարդների ներգրավման մասով։
«Սասնա ծռեր» կուսակցությունը հարկային քաղաքականության մասով վստահ է, որ ժամանակն է վարելու ներդրումները եւ ռազմավարական ծրագրերը խթանող հարկային քաղաքականություն։ ՏՏ ոլորտում կիրառելու արտոնյալ հարկային քաղաքականություն, հնարավոր համարելով նաեւ ոլորտը հարկերից ամբողջությամբ ազատելու տարբերակը եւ դիտարկելու փոքր ու միջին բիզնեսի համար երկամյա հարկային արձակուրդ սահմանելու հարցը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլորովին նոր հարկային օրենսգիրք է ուզում, որն անհրաժեշտ է ընդունել սեղմ ժամկետում եւ որը պարզ, հասկանալի կանոններ կսահմանի տեւական ժամանակահատվածի համար։ Գործող հարկերի թիվը պետք է կրճատել։ Հարկային վարչարարության համար պետք է սահմանել էապես դյուրին հարկման ընթացակարգեր։ Լայն սպառման ապրանքներ ներկրողների համար պետք է սահմանել մաքսազերծման ու հարկման համար ընդունելի քաղաքականություն։ Այն է՝ ոչ թե հարկային բեռի ավելացման, այլ՝ իջեցման քաղաքականություն՝ զերծ մնալով տարբեր որակի կասկածելի միջնորդ ընկերությունների «ծառայություններից»։ ԲՀԿ—ն խոստանում է գործող եկամտային հարկը իջեցնել՝ հիմքում դնելով հարկման պրոգրեսիվ սանդղակը։
ԲՀԿ—ն խոստանում է նաեւ հանրային լայն աջակցություն ստանալու պարագայում այնպես անել, որ աղետի գոտում առաջիկա 5 տարիներին թեթեւ արդյունաբերական ձեռնարկություններում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրումներն ազատվեն հարկերից։
Նախընտրական շրջանում խոստումներ միշտ էլ տրվում են, ու դրանք, հիմնականում, մեկը մյուսից լավն են։ Կարեւորն այն է, թե կա՞ն արդյոք այդ խոստումները կատարելու մեխանիզմները, եւ եթե նույնիսկ կան, ինչքա՞ն է դրա, այսպես ասենք, օգտակարության գործակցի տիրույթը։ Հաջորդիվ մենք կանդրադառնանք մեր երկրի ու տնտեսության համար շատ կարեւոր ոլորտի՝ գյուղատնտեսությանը վերաբերող քաղաքական ուժերի պատկերացումներին։ hhprtess.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 304 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024