ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 16.12.2018, 13:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [563]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [444]
Մշակույթ [14]
Հասարակություն [752]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [161]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 19 » Ազատ մրցակցությունը երաշխավորվում է / Պատրաստվում ենք բարձր մակարդակի ընտրությունների/
15:56
Ազատ մրցակցությունը երաշխավորվում է / Պատրաստվում ենք բարձր մակարդակի ընտրությունների/

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Մենք ըստ էության լիարժեք թեւակոխել ենք նախընտրական փուլ, ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու ժամկետը, եւ ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը։ Մենք խնդիր ենք դրել անցկացնել երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ եւ լավագույն ընտրությունները։ Կարծում եմ՝ այս նշաձողը պետք է բարձրացնել, ոչ թե երրորդ հանրապետության լավագույն ընտրությունը պետք է անցկացնենք, այլ պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ։ Այս առումով, ես ուզում եմ ընդգծել, երեկ Ազգային ժողովում նույնպես ասացի, որ մենք պետք է բացառենք այս ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը։ Մասնավորապես, նախկինից հայտնի մի շարք ավանդույթներ, երբ այս օրերին, մասնավորապես, հանրակրթության ոլորտն ամբողջովին ներքաշվում էր քաղաքական եւ քարոզչական պրոցեսների մեջ, պետք է լիարժեքորեն բացառել։ Պետք է բացառել եւ այս ընտրություններում արմատախիլ անել այն երեւույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողներին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու։ Մեր ընտրություններում միշտ եղել է, չակերտավոր ասած, ասողների ինստիտուտը, ովքեր ասում են՝ ում օգտին պետք է քվեարկել։ Այդ երեւույթը պետք է իսպառ բացառել, եւ ընտրողների որոշումները պետք է ձեւավորվեն քարոզչական, քաղաքական բովանդակության արդյունքում։ Ո՞րն է մեխանիզմը որեւէ ընտրություն կատարելու, ո՞րն է ընտրողի ազատ կամարտահայտությունը. ընտրողը պետք է հետեւի քարոզարշավին, քարոզչությանը, ներգրավվի, դառնա քաղաքական բովանդակության մասնակից եւ, ըստ այդմ, որոշում կայացնի, թե ում օգտին է ուզում քվեարկել»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները պետք է ձեւավորվեն բացառապես ընտրողի կատարած քվերակության արդյունքներով։ «Պետք է բացառենք անգամ մի քվեաթերթիկի, ինչպես ընդունված է ասել, սխալ տրցակում տեղադրելը, ընդ որում, ոչ միայն միջկուսակցական ֆորմատով, այլեւ՝ ներկուսակցական։ Ի՞նչ նկատի ունեմ. քանի որ նաեւ ռեյտինգային ընտրակարգն է գործում, ձայները բաշխվում են ոչ միայն կուսակցությունների միջեւ, այլեւ նույն կուսակցության ներսում տարբեր թեկնածուների միջեւ, եւ պետք է բացառել որեւէ նման երեւույթ։ Իհարկե, մենք շատ հստակ եւ խիստ ուղերձ պետք է հղենք, որ նման այսպիսի փորձ կատարող ցանկացած մեկին անպայման կհակազդի օրենքն իր ողջ ուժով»,–ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը։
Հաջորդ խնդիրն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ընտրակաշառքի ուղիղ կամ անուղղակի պրակտիկան է։ «Հույս ունեմ, որ մեր իրավապահ մարմինները, մասնավորապես ոստիկանությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը պատրաստ են ոչ միայն արձագանքնելու իրավիճակին, այլեւ պրոֆիլակտիկ աշխատանքի միջոցով կանխելու այդ երեւույթը։ Պետք է հասկանանք, որ այդ երեւույթը չի կարող մեր իրականության մեջ տեղ ունենալ, եւ պարզապես ամենակոշտ հակազդեցությանը կարժանանա ընտրողի կամքի վրա փողով, նյութական այլ միջոցներով ազդելու որեւէ փորձ։ Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում կապահովենք քաղաքական ուժերի միջեւ իրապես ազատ մրցակցությունը, պետք է դահլիճների հասանելիության սահմանափակումներ չլինեն, բոլոր քաղաքական ուժերը պետք է իսկապես ունենան հավասար հնարավորություններ՝ ընտրողների հետ շփվելու, երկխոսելու»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ընտրացուցակների հետ կապված հարցին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ դրա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է ոստիկանությունը։ «Նախորդ ընտրություններից գիտենք երեւույթ, որ ընտրողների միգրացիա է լինում այս ընտրատարածքից այն ընտրատարածք։ Հույս ունեմ, պարոն Օսիպյան, տեղեկատվությունը կստանանք եւ համարժեք միջոցներ կձեռնարկենք։ Իսկապես մենք պետք է անցկացնենք բարձր մակարդակի ընտրություններ, եւ ես որեւէ կասկած չունեմ, որ այդպես էլ տեղի կունենա»,–ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը։ 


Կապահովվի «Հին Երեւան» քաղաքաշինական ծրագրի իրականացումը
 

Կառավարությունը որոշել է լիազորել Երեւանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Ի Էմ Սի» ՓԲԸ–ի հետ կնքել Երեւան քաղաքի Արամի, Փ. Բուզանդի, Եզ. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր։ Հիմնավորման համաձայն՝ ընկերությունը խնդրել է օտարման գործընթացի վերջնաժամկետ սահմանել առնվազն երկու տարի՝ 2020թ. հունվարի 1—ը։ «Ի Էմ Սի»–ը չի կարողացել տարածքում առկա գույքային միավորների սեփականատերերի եւ գույքային իրավունքներ ունեցողների մի մասի՝ մոտ 48 միավոր անշարժ գույքի սեփականատերերի հետ կնքել օտարման պայմանագրեր։ Ըստ այդմ՝ առաջարկվում է լիազորել Երեւանի քաղաքապետին ընկերության հետ կնքել նոր պայմանագրեր։ Դրանից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ եւ ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը։ Մասնավոր ներդրումների հաշվին Գլխավոր պողոտայի՝ Փ. Բուզանդ, Եզ. Կողբացու, Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրը, եւ հնարավորություն կստեղծվի քաղաքաշինական գեղագիտական միջավայրի վերստեղծման համար։ Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19—րդ դարի եւ 20—րդ դարասկզբի շինություններն են։ Թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական—գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ, հատուկ փակ գոտու սահմանումը։
Կարեւորելով ծրագրի իրականացումը՝ Նիկոլ Փաշինյանն նշել է. «Մենք պետք է աշխատենք, որ այն իրականացվի։ Այնտեղ կա նաեւ ճարտարապետական հուշարձան հանդիսացող 8 միավոր շենք։ Մեր քաղաքականությունն այն է, որ դրանք որեւէ կերպ չպետք է վնասվեն։ Բնականաբար, չեմ խոսում դրանք քանդելու մասին։ Ներդրողի հետ համատեղ աշխատում ենք, որ նախագիծն այնպես վերափոխվի, որպեսզի հուշարձանները մնան անձեռնմխելի, եւ նախագիծն իրականացվի։ Այս առումով, ներդողի հետ ունենք լիարժեք ըմբռնում, գնդակը ճարտարապետների դաշտում է, որպեսզի նրանք կարողանան ե՛ւ տրամաբանական, ե՛ւ գեղագիտական, ե՛ւ քաղաքաշինական, ե՛ւ ներդումային առումներով նախագծում փոփոխություններ կատարել, որից անմիջապես հետո ներդրումային ծրագիրն ամբողջ թափով կշարունակվի»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը։ Նա նշել է նաեւ, որ նախագծի փոփոխությունների համար նախատեսված է երեք շաբաթ, եւ աշխատանքներում ներգրավված են կառավարության, քաղաքապետարանի եւ ներդրողի ներկայացուցիչները։
Ծրագրի շուրջ ծավալված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ բնակարանների եւ տարածքների հետ կապված խնդիրներին եւ դրանց լուծման հնարավոր տարբերակներին։


Հաստատվել է ՀՀ կառավարության ԲԿԳ 4-րդ ծրագիրը
 

Հաստատվել է ՀՀ կառավարության «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների չորրորդ ծրագիրը։ Այն մշակվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա։ 4—րդ ծրագիրը բաղկացած է 11 հանձնառություններից՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բյուջետային միջոցների թափանցիկությունը, իրական սեփականատերերի ռեգիստրի ներդրումը՝ միջազգային ստանդարտների հիման վրա, կրթության, առողջապահության, ջրային եւ հողային տվյալների թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովումը, համայնքային կայքերում ծառայությունների հասանելիության ապահովումը, պետական ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների հետադարձ կապի ապահովումը եւ մի շարք այլ առանցքային բարեփոխումներ։


Օրենսդրական նախաձեռնություններ
 

Գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Նախագծի մշակումը պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում ընդգրկված՝ առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող 2 կազմակերպությունների՝ հետագայում եւս որպես պետական ընկերություն գործելու անհրաժեշտությամբ։ Փոփոխությամբ առաջարկվում է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» եւ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ—ները մասնավորեցման ցանկից հանել։ Արդյունքում կստեղծվեն նշված բժշկական հաստատությունների կառավարման եւ գործունեության արդյունավետության, ինչպես նաեւ հետագա զարգացման նախապայմաններ։
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի առաջարկությամբ որոշման նախագծում կներառվի նաեւ հանձնարարական՝ ներկայացնել այդ հաստատությունների հետագա արդյունավետ կառավարման, գործունեության համար նախատեսվող քայլերը։ «Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ պարոն Գրիգորյան, որովհետեւ ե՛ւ մասնավորեցման, ե՛ւ չմասնավորեցման որոշման հիմքում պետք է լինի բովանդակություն։ Այսինքն մենք ի՞նչ խնդիր ենք կոնկրետ ուզում լուծել մասնավորեցնելով կամ չմասնավորեցնելով»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։ 
Հավանություն է տրվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Գործող կարգավորումների պահանջներին համապատասխան՝ ինչպես կառավարության եւ վարչապետի որոշումները, այնպես էլ դրանց հավելվածները ներկայումս ստորագրվում են վարչապետի կողմից։ Նախագծի ընդունման պարագայում՝ կառավարության նիստերն այլեւս, որպես կանոն, կանցկացվեն դռնբաց, իսկ կառավարության եւ վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի կառավարության եւ վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ եւ արդյունավետ կազմակերպումը։ «Այսինքն՝ այսպիսով մենք լուծում ենք ժամանակին աղմուկ հանած հարցը։ Հիշում եք, որ հիմա օրենքով նախատեսված է, որ սովորաբար կառավարության նիստերը լինում են դռնփակ, իսկ դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում։ Հիմա մենք հակառակն ենք անում. նիստերն անում ենք դռնբաց։ Բնականաբար, կլինի նաեւ դռնփակ նիստերի անհրաժեշտություն եւ այդ պարագայում կկայացնենք որոշում դռնփակ անցկացնելու վերաբերյալ»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Գործադիրը հավանություն է տվել նաեւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Նախագծի ընդունման դեպքում կձեւավորվի առողջ մրցակցություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջեւ, որը բարենպաստ կանդրադառնա քաղաքացիների սպասարկման ոլորտի զարգացման վրա։ Օրինագծով, մասնավորապես, սահմանվում է քաղաքացիների իրավունքը՝ դիմել ՔԿԱԳ մարմինների համապատասխան գործառույթների իրականացման նպատակով, ինչը չի սահմանափակվի որեւէ վարչական տարածքով։ Հնարավորություն է ստեղծվում նաեւ ՔԿԱԳ մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, ՔԿԱԳ մարմինների սպասարկման որակը բարելավելու համար։ Բացի այդ, ՔԿԱԳ մարմինների գործունեությունը կհամապատասխանեցվի զարգացող հասարակության ժամանակակից պահանջներին։ Նախագծի ընդունման դեպքում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը համակարգող եւ վերահսկող գերատեսչությունը, ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, ոլորտային համակարգի ամբողջական փոփոխությանն ուղղված նախագծերի նախապատրաստումը կհիմնի խնդիրների պրակտիկ լուծման վրա։
Հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը։ Փոփոխությամբ նախատեսվում է սահմանել իրավական հիմք, որի համաձայն՝ Հարկային մարմնի կողմից հարկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կարող է տրամադրվել օրենքով այդ տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարելու իրավասություն ունեցող պետական մարմիններին։
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ԱԺ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած 3 օրինագծերի վերաբերյալ։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բոլոր այդ հարցերին հնարավոր է անդրադառնալ Հարկային օրենսգրքի բարեփոխումների քննարկումների համատեքստում։ «Հիմա պարզապես ստացվում է, որ քաղաքական պրոցեսների պատճառով նաեւ Հարկային օրենսգրքի հետ կապված մեր պլանները որոշակի փոփոխությունների են ենթարկվում զուտ ժամանակացույցի առումով»,–նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ պետք է աշխատել այն հունվարին ընդունելու համար։ 
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչությունը նույնպես լավ առիթ է Հարկային օրենսգրքի բարեփոխումների թեմայով հանրային ընդարձակ քննարկումներ կազմակերպելու համար։ «Մենք շատ հստակ մեր նպատակադրումների մեջ կողմնորոշվել ենք, եւ կարծում եմ՝ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչությունը նույնպես լավ առիթ է, որ այս թեմաներով հանրային ընդարձակ քննարկում ունենանք եւ որոշակի հղկումներ, շտկումներ անենք»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ կառավարման, օրենսդրական փոփոխությունների մշակման գործընթացում հնարավորինս շատ շահառուներ ներգրավելու համար։ «Շատ գործուն մեխանիզմ, որպեսզի մենք այս խնդիրը լիարժեք լուծենք, ցավոք, դեռեւս չկա։ Խնդիրն այն է, որ ամեն ոլորտ ունի հարյուրավոր, հազարավոր շահառուներ։ Հետեւաբար, սա նաեւ մեր լուծելու խնդիրն է, եւ գուցե այստեղ նաեւ կառավարությունը պետք է խթանի արհեստակցական միությունների, այլ միությունների զարգացումը եւ ընդհանրապես օրենսդրությամբ կարգավորի այնպես, որպեսզի որոշ կազմակերպությունների հետ հարաբերվելիս մենք համոզված լինենք, որ շփվում ենք ներկայացուցչական մանդատով օժտված սուբյեկտների հետ եւ կարողանում ենք աշխատանքային ռեժիմով այդ հարցերը քննարկել։ Դա շատ կարեւոր է ընդհանուր առմամբ գործընկերություն—կառավարություն—հանրություն նոր հարաբերությունները հաստատելու համար»,–նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը։
Գործադիրը հավանություն է տվել «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը։ Օրինագծով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջեւ ամուսնությունների կնքման արգելքը։ Ըստ օրինագծին կից հիմնավորման՝ արդյունքում կբացառվի նույն սեռի անձանց միջեւ ամուսնությունների կնքումը։ Կառավարությունն առաջարկում է գործող օրենքը թողնել անփոփոխ, քանի որ ՀՀ Սահմանադրության 35—րդ հոդվածի 1—ին մասով եւ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10—րդ հոդվածով արդեն իսկ կարգավորվում է օրենքի նախագծով կարգավորման ենթակա խնդիրը։ Մասնավորապես, Սահմանադրությամբ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ եւ տղամարդու միջեւ։
Հավանության են արժանացել «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը եւ «Պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին» կառավարության եզրակացությունը։ Օրինագծով առաջարկվում է ավելացնել կուսակցությունների ֆինանսավորման համար ՀՀ պետբյուջեով նախատեսվող միջոցների չափը։ Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ օրենքի փոփոխությունը թույլ կտա կուսակցությունների ֆինանսավորման ավելացմամբ ձեռնամուխ լինել ՀՀ—ում կուսակցությունների դերի բարձրացմանն ուղղված նոր բարեփոխումների իրականացմանը։ Կառավարության եզրակացության համաձայն՝ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որոշ երկրներում քաղաքական կուսակցությունները ընտրություններին մասնակցելու եւ որոշակի թվով ձայներ հավաքելու պարագայում ֆինանսավորվում են պետության կողմից, իսկ որոշ երկրներում ընդհանրապես արգելված է կուսակցությունների պետական ֆինանսավորումը։ Նկատի ունենալով, որ նախագծի ընդունման դեպքում կառաջանա պետբյուջեից տարեկան շուրջ 700.0 մլն դրամի լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն՝ կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքի նախագծով նախատեսված փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը նպատակահարմար չէ, եւ առաջարկում է գործող օրենքի քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ։
Կառավարության որոշմամբ առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նոյեմբերի 21—ին ժամը 11։00—ին գումարել ԱԺ արտահերթ նիստ։


Այլ որոշումներ
 

Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ—ն կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից։ Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում արդեն իսկ գործող 30 հեկտար պտղատու այգիներում կառուցել ամբողջովին նոր տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ մոտ 20 հեկտար, սառնարանային պահեստներ եւ ընդլայնել հյութերի արտադրամասը։ Ինտենսիվ այգիները համալրվելու են ժամանակակից համակարգերով՝ ներառյալ հակակարկտային համակարգով։ Կաթիլային ոռոգման համակարգը կկանխարգելի զգալի քանակությամբ ջրի կորուստը եւ կապահովի ծառերի արդյունավետ սնուցումը։ Ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 990 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից ցանկով նշված ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 484 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 25 նոր աշխատատեղ՝ 110 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Կառավարության որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարությանը կհատկացնի 270 միլիոն 858 հազար դրամ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։ Ըստ հիմնավորման՝ հիմնանորոգման կարիք ունեն «Վարդաշեն» ՔԿՀ—ի արտաքին ջրահեռացման համակարգը, «Նուբարաշեն» ՔԿՀ—ի արտաքին ու ներքին ջրահեռացման ցանցը, «Սեւան» ՔԿՀ—ի արտաքին ջրահեռացման ցանցը։ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ 10 տարուց ավելի է այդ ՔԿՀ—ներում կապիտալ վերանորոգումներ չեն կատարվել։
Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հորդորել է այն պահել ուշադրության կենտրոնում։ «Քրեակատարողական հիմնարկներում կան «ավանդույթներ», երբ պետբյուջեից գումար է հատկացվում ՔԿՀ—ում որեւէ աշխատանք կատարելու համար, սակայն այն հաճախ իրականում կատարվում է դատապարտյալներից հավաքվող գումարների հաշվին։ Պետք է այս հարցում շատ հստակ լինի ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնդիրները լուծել։ Նաեւ աշխատանքի որակի հետ կապված հարցերը պետք է կարողանանք լուծել, որպեսզի ամեն անգամ ստիպված չլինենք գումարներ ծախսել»,–ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը։
Գործադիրի որոշմամբ 2019թ. փետրվարի 17—ին ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018