ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 21:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 29 » Ազգային արժանապատվության 11 երանգները /Քաղաքական որ ուժն ինչպես է գունավորում այն/
09:59
Ազգային արժանապատվության 11 երանգները /Քաղաքական որ ուժն ինչպես է գունավորում այն/

Արցախը հայերիս համար դարեր շարունակ մեր կոտրված մեջքը շտկելու հնարավորություն է, կամք, երաշխիք, ազգային արժանապատվություն։ Մեր ազգային նպատակներին ի վերջո հասնելու սրտապնդումն է։ Մեր շնչառությունն է՝ բառիս բուն իմաստով։ Արցախի խնդրի հարցում ինչ քայլեր են ուզում ձեռնարկել այն քաղաքական ուժերը, ովքեր հավակնում են արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով մտնել։
Հայաստանի հանրապետական կուսակցությունն այս առումով «ազգ—բանակի» գաղափարն է շեշտադրում եւ խոստանում է անզիջում լինել. «Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում։ Դրանցից առաջինն ու ամենագլխավորն Արցախն է։ Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ։ Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է»։ ՀՀԿ—ի համոզմամբ, միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, «ազգ—բանակ» դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվել այդ վտանգներին։ Չի՛ կարող լինել լուծում առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բոլորի կողմից։ Չի՛ կարող լինել միակողմանի զիջում։ Այո՛, հայ ժողովրդի բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է։ Բայց ՀՀԿ—ն կտրականապես դեմ է «Խաղաղության դիմաց՝ տարածքներ» թեզին, որովհետեւ այս գաղափարի ամրապնդումն ու հատկապես իրականացումը էլ ավելի հավանական կդարձնեն լայնածավալ պատերազմի վտանգը։ Քաղաքական այս ուժը ջանքերն ուղղելու է միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող եւ կանխարգելող որոշումների ընդունմանը։ Արցախի սոցիալ—տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարեւորագույն առաջնահերթություն։ ՀՀԿ—ն հայցում է ընտրողի քվեն՝ Արցախի անվտանգ ապագան ու կայուն զարգացումն ունենալով որպես մեր օրակարգի թիվ մեկ խնդիր։
«Քաղաքացու որոշում» սոցիալ—դեմոկրատական կուսակցությունը համարում է, որ Արցախի շուրջ հակամարտությունն իր հիմքում ունի 1991թ. ԱՊՀ կառույցին Հայաստանի Հանրապետության առանց հատուկ կարծիքի միանալու եւ նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճանաչման Եվրոպական խորհրդի 1991թ. որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որոշումները, որոնք Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել։ Եվ, հետեւաբար, արտաքին քաղաքականության մարտահրավեր են դիտարկում Ադրբեջանին այդ իրավունքից զրկելը։ Հայաստանը ստանձնել է Արցախի բնակչության կյանքի, ինքնիշխան լինելու, անվտանգ ապրելու, միջազգային իրավունքով ճանաչված սեփական կարգավիճակը որոշելու իրավունքների երաշխավորի դերը։ Հետեւաբար, ՔՈ կուսակցության քաղաքականությունն այս հարցում հիմնված է լինելու նաեւ Արցախի հանրության այս իրավունքների ազատ կենսագործման հնարավորությունների ապահովման վրա։ ՔՈ—ն որպես Հայաստանի առանձնահատկություն է դիտարկում այն հանգամանքը, որ արցախյան պատերազմից հետո երկիրը դարձել է տարածաշրջանային անվտանգության արտահանող։ Որպես մարտահրավեր են դիտարկում երկրի տնտեսական շահի արդյունավետ սպասարկումը, դիվանագիտական քրտնաջան աշխատանքի արդյունքում Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված սահմաններում ֆիզիկական անվտանգության լավագույն պաշտպանությունը, արցախյան հարցի խաղաղ կարգավորումն ու տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատումը։
«Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ՀՀԿ—ի պես շեշտադրում է «ազգ—բանակի» գաղափարը՝ քաջ գիտակցելով, որ ինքներս պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը, քանզի միայն պատերազմին պատրաստ լինելն է կանխում պատերազմի վտանգը։ Այս հարցում միակողմանի զիջումների մասին հայտարարությունները միայն մոտեցնում եւ ավելի իրական են դարձնում պատերազմի սպառնալիքը։ ՀՅԴ—ն առաջարկում է ամրապնդել Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական համագործակցությունը եւ ընդգծում՝ Հայաստանն Արցախի անվտանգության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության երաշխավորն է։ Եվ Հայաստանի ու Արցախի միջեւ պետք է կնքել ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր։ ՀՅԴ—ն առաջարկում է «ազգ—բանակ» հայեցակարգի տրամաբանությամբ զարկ տալ հայրենական գիտական եւ տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համալիրի ստեղծմանը։ Առաջարկում է նաեւ խրախուսել պրոֆեսիոնալ կամավոր զինվորական ծառայության շրջանակի ընդլայնումը։ Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինվորի կողքին միշտ պետք է կանգնած լինի պրոֆեսիոնալ զինվորականը։ Սպան ու զինվորը չպետք է նյութական նեղություն զգան։ Եվ, ընդհանրապես, արտաքին քաղաքական հատվածում հաջողելու համար ՀՅԴ—ն կարեւոր քայլ է առաջարկում. այն է՝ ձեւավորել անհրաժեշտ դիմակայություն ընդդեմ թուրք—ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերի։
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի արտաքին քաղաքական առանցքային նպատակն է լինելու Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության ապահովումը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։ «Արցախը հայ ժողովրդի արժանապատվության միջնաբերդն է։ Հայաստանի համար Արցախը պարզապես հողատարածք չէ, ինչպես եւ Արցախի հարցը տարածքային հարց չէ։ Արցախը ժողովուրդ է, սեփական ճակատագրին տեր կանգնած ժողովուրդ՝ իր միակ ու անզիջելի հայրենիքով։ Այդ հայրենիքի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը։ Մեզ համար գերնպատակ է լինելու ազգերի ինքնորոշման իրավունքի կենսագործմամբ Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի անխախտելիությունը եւ միջազգային ճանաչումը ապահովելը»,—ասված է այս դաշինքի նախընտրական ծրագրում։ Արցախի ժողովրդի, միջազգային իրավունքի նպատակներին եւ սկզբունքներին համապատասխան, ինքնորոշման իրավունքի իրականացման նպատակով դաշինքի քայլերն ուղղվելու են՝ 1. ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացմանը, 2. Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի՝ կարգավորման գործընթացում որոշիչ ձայնի ճանաչմանը եւ բանակցություններին ներգրավվածության ապահովմանը, 3. հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը եւ հետաքննման մեխանիզմների ներդրմանը, 4. Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացմանը, 5. Արցախի միջազգային կապերի, բնակչության ազատ տեղաշարժի եւ հումանիտար շփումների օժանդակմանը։ «Իմ քայլը» հավաստիացնում է. ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման որեւէ տարբերակ, որն ընդունելի չէ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների համար, ընդունելի չի լինելու Հայաստանի կառավարության համար։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընդգծում է, որ արցախյան հիմնահարցի լուծման եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը Հայաստանի հզոր տնտեսությունն է։ Ունենալով հզոր տնտեսություն՝ Հայաստանը կարող է առավել ինքնավստահ եւ ուժեղ դիրքերից հանդես գալ դիվանագիտության ոլորտում, հարկ եղած դեպքում՝ նաեւ ռազմական հակամարտության վերսկսման պայմաններում։ Ընդ որում՝ Արցախի հիմնախնդիրը կարելի է լուծել միմիայն առաջավոր, դիվերսիֆիկացված, իրավունքի գերակայության պայմաններում զարգացող տնտեսություն կառուցելու միջոցով։ Ուստի, բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են Հայաստանի տնտեսական զարգացմանը, էականորեն վնասում են արցախյան հարցի կարգավորմանը, թուլացնում են Հայաստանի ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական հնարավորությունները։ ԼՀԿ—ն սատարում է արցախյան խնդրի արդար եւ խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Զուգահեռաբար մտադիր է ավելացնել մեր պաշտպանական հզորությունները՝ վերականգնելով խախտված տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը։ Արցախի քաղաքական եւ տնտեսական զարգացումը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության կարեւորագույն առաջնահերթություն։ Քաղաքական այս ուժը ասում է, թե շարունակելու է աջակցել Արցախի Հանրապետությունը՝ որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։
«Քրիստոնեա—ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ծրագրային հիմնադրույթներում Արցախի մասին առանձին չի խոսում՝ այն ներառելով անվտանգության ոլորտում։ Ըստ այդմ, ինչպես նշում է ՔԺՎԿ—ն, «նկատի ունենալով աշխարհակարգի հարափոփոխ եւ անկայուն վիճակը՝ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովումը եւ դրան ուղղված ջանքերի որոնումը կենսական նշանակություն են ձեռք բերում։ Այս համատեքստում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խնդիրները կապված են տվյալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության միջավայրից։ Հետեւապես, մեծ է նաեւ Հայաստանի պատասխանատվությունը հատկապես տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ դրան ուղղված քայլերի գործում։ Տարածաշրջանում ժողովրդավարական արժեհամակարգի եւ ժողովրդավարական քաղաքական կյանքի կազմակերպումը անպայմանորեն կհանգեցնի տարածաշրջանում անվտանգության շեմի բարձրացմանը եւ ամրապնդմանը»։
«Ազգային առաջընթաց» կուսակցության կարծիքով. «Արցախի հարցի հանգուցալուծումն ունի մեկ տարբերակ՝ Արցախում տնտեսության զարգացման, ազգաբնակչության քանակային էական աճի եւ հզոր պաշտպանական բանակի ստեղծման միջոցով Արցախի դե յուրե միավորում Հայաստանի հետ։ Որպես հնարավոր իրավական լուծում առաջարկվում է Արցախում եւ Հայաստանում անցկացնել նոր հանրաքվե՝ քաղաքացիների նախաձեռնությամբ, որը պետք է դիտարկել որպես երկու հայկական պետությունների միավորման հարցի իրավական լուծման միջազգայնորեն ընդունելի տարբերակ՝ ինքնիշխան ժողովրդի կողմից ուղղակի կամահայտնության եւ ժողովրդավարական գործընթացների արդյունքում։ Նման լուծումը չի կարող չընդունվել ժողովրդավար որեւէ երկրի կողմից»։
«Մենք» կուսակցությունների դաշինքի համոզմամբ, Արցախի միջազգային ճանաչումն ու ինտեգրումը, անվտանգության ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրն է։ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ խորհրդային Ադրբեջանից ապագաղութացման իրավունքն անքակտելի է, դրա իրացումը՝ միջազգային իրավունքին համապատասխան, անշրջելի եւ անբեկանելի։ Արցախի Հանրապետությունը բավարարում է որեւէ ազգ—պետության ներկայացվող միջազգային չափանիշներին եւ արժանի է միջազգային ճանաչման, եւ եթե ճանաչման պահը կարող է ենթարկվել քաղաքական պատեհության, ապա հիմքը բացառապես միջազգային իրավունքն է, ոչ թե Ադրբեջանի կամ որեւէ երրորդ պետության ցանկությունը։ Արցախի խնդրի բանակցային գործընթացը պետք է ընթանա բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ—ի կանոնադրության եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, ինչպես նաեւ 1994—95թթ. հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրերի համաժամանակյա հարգման ու պահպանման պայմաններում։
Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց։ Արցախի իշխանությունները նրա բնակչության կամքի օրինական ներկայացուցիչներն են թե՛ ներքին կյանքը ժողովրդավարության միջազգային չափանիշներով կառավարելիս ու որոշումներ ընդունելիս, թե՛ միջպետական հարաբերություններ հաստատելիս եւ նրա անվտանգությանն ու ապագային վերաբերող բանակցություններ վարելիս։ «Մենքը» ընդգծում է. Արցախի իշխանությունների այդ մանդատը նույնպես չի կարող ենթակա լինել որեւէ պետության, առավել եւս Ադրբեջանի քաղաքական կամքին։ Որպես հակամարտության շուրջ բանակցությունների լիիրավ երրորդ կողմ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց։ Իսկ Հայաստանի հետ Արցախի ռազմաքաղաքական, պետաիրավական, սոցիալ—տնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում սերտ ինտեգրումը, առաջին հերթին՝ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը հրամայական են։ Հայաստան—Արցախ տնտեսական ինտեգրացիան ուղղված կլինի համատեղ ձեռնարկությունների, արդյունաբերական, գյուղատնտեսական եւ ծառայությունների ոլորտներում կոոպերացիայի, արտադրանքի համատեղ մարքետինգի ստեղծմանն ու իրականացմանը։ ՀՀ պետական պատվերի եւ պետական գնումների ծրագրերում Արցախի տնտեսավարող սուբյեկտների համար կսահմանվեն պարտադիր քվոտաներ։ Քաղաքական այս ուժը անհրաժեշտ է համարում Արցախի ինտեգրումը միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին։ Քանզի Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության կատարյալ միջազգային երաշխիքը նրա ճանաչվածությունն ու լիարժեք ինտեգրումն է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին։
«Օրինաց երկիր» կուսակցությունը խոսում է արցախյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումից՝ միաժամանակ դիմագրավելով Ադրբեջանի դիվանագիտական, ռազմական եւ քարոզչական ագրեսիվ գործողություններին։ Կարեւորում է նաեւ Հայաստան—սփյուռք—Արցախ եռամիասնության ամրապնդումը։
«Սասնա ծռեր» կուսակցությունը համոզված է, որ ժամանակն է որդեգրելու Փարիզի 1920թ. վեհաժողովի որոշումների եւ Վիլսոնյան իրավարար վճռի դրույթների ոգուն համապատասխան Արցախը ՀՀ կազմի մեջ ներառելու ձեւով ՀՀ—ին դե յուրե միացնելու եւ այդպիսով նոր հանրապետություն հիմնադրելու ռազմավարություն՝ զուգահեռաբար անվավեր եւ չեղյալ ճանաչելով Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջնական նպատակը Արցախի միջազգային ճանաչումն է համարում։ Ըստ ԲՀԿ—ի, ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության հիման վրա։ Առանց Արցախի մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել։ Ու պետք է առաջիկա երկու տարիների ընթացքում կտրուկ ավելացնել Հայաստանի եւ Արցախի առեւտրաշրջանառության ծավալները, բոլոր ուղղություններով ընդլայնել փոխադարձ տնտեսական ինտեգրացման գործընթացը։
Բոլորն ուզում են լուծել Արցախի խնդիրը։ Բայց այն կարելի է լուծել միայն հզոր տնտեսություն ունենալով, ինչը մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք։ Իսկ տնտեսության շարժը մեծապես պայմանավորված է հարկային քաղաքականությամբ։ Թե սրա հետ կապված ինչ քայլեր են մտածում ձեռնարկել քաղաքական ուժերը կամ մտածում են արդյոք, կներկայացնենք հաջորդիվ։ hhhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 334 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024