ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 16.12.2017, 07:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [455]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [369]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [522]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 2 » Բանակցություններին այլընտրանք չկա /Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է դիվանագիտական տարվա արդյունքները/
11:35
Բանակցություններին այլընտրանք չկա /Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է դիվանագիտական տարվա արդյունքները/

Երեկ «ՀՀ»—ն հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության 2016 թվականի գործունեության ամբողջական հաշվետվությունը։
Նույն օրն արդեն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, մանրամասն պատասխանեց նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերին։
Ապրիլից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում հանդիպումներ կայացան, եւ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որոնք, սակայն, հետագայում Ադրբեջանը հրաժարվեց կատարել։ 
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԳ նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ այդ հարցի հետ կապված զարգացումներին եւ նշեց, որ Ադրբեջանը շարունակում է այն, ինչ արել է բազմիցս՝ փորձում է խոչընդոտել Հայաստանի եւ եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը. «Բաքուն հարցականի տակ դրեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կամ այն աստիճանի աղավաղեց դրանք, որ եռանախագահող երկրները դա կոչեցին այլասերում։ Եռանախագահները ստիպված են նորից ու նորից կրկնել, որ պետք է անխտիր պահպանվի հրադադարի ռեժիմը, որ պետք է անհապաղ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների, կարողությունների ընդլայնման վերաբերյալ։ Սա է գլխավոր ուղղությունը, որով ուղղորդվում են եռանախագահները եւ Հայաստանը, որը ուղղված է համապատասխան պայմաններ ստեղծելուն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը առաջ մղվի։ Այնպես որ, սրանով ենք զբաղվում»։
Հնարավոր է, որ Ադրբեջանն այդպես էլ չկատարի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սակայն Հայաստանն այդ դեպքում եւս չի պատրաստվում հրաժարվել խնդրի խաղաղ կարգավորման ջանքերից։ «Բանակցություններին այլընտրանք չկա։ Հայաստանը շարունակում է եռանախագահող երկրների հետ ջանքերը՝ ուղղված հանգուցալուծման այնպիսի տարբերակի ամրագրմանը, որը կապահովի Արցախի ժողովրդի իրավունքները եւ անվտանգությունը։ Սա է պատճառը, որ, իհարկե, պետք է շարունակել բանակցությունները»,– նշեց նախարարը։
Իսկ Ադրբեջանն, անտեսելով խաղաղության կոչերը, դեկտեմբերի 29—ին դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկեց հայ—ադրբեջանական սահմանին։ Ըստ նախարարի. «Ոմանք հարց են տալիս, թե ինչու է դա արվել, եւ ով է հրաման տվել։ Ադրբեջանի ղեկավարությո՞ւնը, թե՞ տեղական ինչ—որ հրամանատարներ, թե՞ ինքնաբուխ է արվել ինչ—որ խելքը կորցրած դիվերսանտների կողմից»։ Նալբանդյանի խոսքով, բոլոր տարբերակներն էլ շատ վատ են։
Նախարարը նշեց, որ արդեն ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը եւ, առաջին հերթին, եռանախագահող երկրները սթափեցնեն Ադրբեջանին, որը դեմ է գնում իրենց կոչերին, դեմ է գնում իրենց պահանջներին եւ կորցրել է իրականության զգացումը։ «Ինչ վերաբերում է ադրբեջանցի դիվերսանտի դիակի վերադարձին, որն, ինչպես ասում են, որպես «մարդասիրական ժեստ» պետք է վերադարձվի։ Սակայն ի՞նչ մարդասիրության մասին է խոսքը, երբ իրենք գերի էին վերցնում զինվորներին եւ տեսախցիկների առջեւ «ԴԱԻՇ»—ի ոճով հարցաքննություններ անում եւ այլ խայտառակություններ, կամ դիվերսանտին հռչակում են ազգային հերոս եւ կոչ անում երիտասարդությանը հետեւել այդ օրինակներին»,–շեշտեց արտգործնախարարը։


Հանգուցալուծում՝ հիմնված  փաթեթային տարբերակի վրա
 

Էդվարդ Նալբանդյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման փուլայի՞ն, թե՞ փաթեթային կարգավորման կողմնակիցն է։
Նախարարը նշեց, որ ինքը չէր ցանկանա վերադառնալ այդ մոտավորապես 20 տարվա վաղեմության քննարկումներին, որովհետեւ 2007թ. ի վեր բանակցություններն ընթանում են Մադրիդյան առաջարկների շուրջ։
«Այսինքն՝ խոսքը խնդրի հանգուցալուծման մասին է, որը հիմնված է այս փաթեթային մոտեցման վրա։ Մենք ասել ենք, որ փաթեթային տարբերակին պետք է հաջորդեն փուլային տարբերակները։ Բայց այն, որ ընդհանուր մոտեցումը փաթեթային է, դա միանշանակ է»,– ասաց Նալբանդյանը։
Նախարար Նալբանդյանն անդրադարձ կատարեց հիմնահարցի կարգավորման նպատակով ԱԳ նախարարների մակարդակով անցկացվող հանդիպման հնարավորությանը՝ ասելով. «Նախեւառաջ բանակցությունների, ես կասեի՝ հանդիպման մասին. ավելի շուտ՝ այո, այդպիսի հանդիպում առաջարկվել է եռանախագահների կողմից՝ Մյունխենի անվտանգության համաժողովի նախաշեմին եռանախագահների հետ, եւ նաեւ եռանախագահներն առաջարկել են հանդիպում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ։
Մենք, իհարկե, հայտնի է ձեզ, երբեւէ չենք հրաժարվում որեւէ հանդիպումից. ես նկատի ունեմ ԱԳ նախարարների եւ այլ մակարդակով։ Խոսքը չի գնում եռանախագահների մասին, պարզ է, որ եռանախագահները մշտապես այցելում են տարածաշրջան, հանդիպումներ են ունենում, բազմաթիվ տեղերում ենք հանդիպում։ Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել, որովհետեւ հայտնի չէ, թե ինչ խաղեր այս անգամ կտա Ադրբեջանը, ով գիտի. ինչպես դա եղավ Համբուրգում կամ Համբուրգից բազմաթիվ անգամներ առաջ։
Այսինքն՝ պայմանավորվում ենք մի բան, հետո վերջին րոպեին իրենք ձեւացնում են իբրեւ թե ինչ—ինչ պատճառներ են ի հայտ եկել, անգամ մեղադրում են, թե հայկական կողմն է հրաժարվում։ Այսինքն տեսնենք, միգուցե եւ նախարարների մակարդակով էլ այդ հանդիպումը կայանա, եթե Ադրբեջանը չհրաժարվի»։
Նախարարն անդրադարձավ նաեւ միջնորդական առաքելության վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխության ազդեցության հնարավորությանը՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողներն արտահայտում են իրենց երկրների մոտեցումներն ու դիրքորոշումները։ «Կարծում եմ, անձերի փոփոխությունը էական, լուրջ ազդեցություն դժվար թե ունենա միջնորդական ջանքերի, գործընթացի վրա»,–նշեց նա։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո առ այն, որ ԼՂ հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն օրերս հնչեցրել է հայտարարություն, թե՝ եթե Ռուսաստանն ավելի մեծ ջանքեր գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ապա հնարավոր է «ստատուս քվո»—ի փոփոխություն։ «Ռուսաստանի հնարավորությունները շատ մեծ են՝ որպես միջնորդ երկիր, ինչպես եւ ԱՄՆ—ինը, Ֆրանսիայինը։ Նրանք միասին աշխատում են այս ուղղությամբ»։ Ինչ վերաբերում է Մամեդյարովի՝ ՌԴ—ին հնչեցրած կոչին, Նալբանդյանի խոսքով. «Մեղադրել պետք է ոչ թե Ռուսաստանին, ԱՄՆ—ին, Երեւանին կամ Ստեփանակերտին, այլ տեսնել՝ ո՞վ է խոչընդոտում այս ամենին։ Իհարկե՝ Բաքուն… Երբ Բաքուն ցանկություն ունենա իսկապես լուծել հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով, հնարավոր կլինի առաջ շարժվել»։


Ադրբեջանի տարօրինակ  գործողություններն անվերջ են
 

«Հունվարի 17—ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տրված ագրեսիվ հարցից հետո աշխատանքից հեռացված ադրբեջանական «Lider TV» հեռուստաալիքի թղթակից Անար Հասանովը, ըստ էության, ընդամենը կրկնել է դրանից առաջ ԵԱՀԿ խորհրդում այդ երկրի դեսպան Գալիբ Իսրաֆիլովի կողմից արված հայտարարությունը, մինչդեռ լրագրողի դեպքում պաշտոնական Բաքուն պնդում է, թե Հասանովը «ինքնագործունեությամբ» է զբաղվել,–ասաց Նալբանդյանը։–Ադրբեջանից հնչեցին տեսակետներ, թե նախաձեռնությունը եղել է լրագրողի կողմից, հարցն ինքն է հորինել, տվել, եւ այլն։ Դա Ադրբեջանի պարագայում մի քիչ կասկածելի է։ Բայց հարցն այն է, որ մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախարարին տրված հարցի էությունը, փաստորեն, կրկնեց Ադրբեջանի դեսպանը Վիեննայում՝ մշտական խորհրդում իր ելույթի ընթացքում։ Լավ, լրագրողը հորինել էր, իսկ դեսպա՞նը։ Թե՞ դեսպանին էլ կասեն, որ ինքնագործունեությամբ է զբաղվել»։
Նախարարի խոսքով, ամեն անգամ, երբ Ադրբեջանը ԵԱՀԿ—ում, ՄԱԿ—ում եւ այլ կառույցներում իր դեսպանների միջոցով փորձում է հարցականի տակ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կամ հրադադարի ռեժիմի վերաբերյալ եռակողմ փաստաթղթերը, եռանախագահները հատուկ հայտարարություններով կամ այլ կերպ ստիպված են լինում «տեղը դնել Ադրբեջանին», իսկ վերջինս էլ արդարանում է, թե նման հայտարարություն անող դեսպանները «ինքնագլուխ են գործել»։ «Չեմ պատկերացնում որեւէ երկրի դեսպան, ով ինքնագլուխ այսպիսի նոտաներ է տարածում ինչ—որ կառույցներում։ Հիմա էլ այդ լրագրողի վերաբերյալ են ասում։ Իրենք իրենց ստերի մեջ այնքան են խճճվել, որ չգիտեն՝ ինչպես դուրս գալ այդտեղից։ Իրենց հանրային կարծիքն այնքան են մոլորության մեջ գցել, որ հետո, երբ առաջանում են այսպիսի իրավիճակներ, հայտնվում են իսկապես բավական տխուր եւ ծիծաղելի իրավիճակում»,–նշեց նա։
«Մարդկանց հիմնարար իրավունքներին ու ազատություններին խոչընդոտելը խայտառակություն է,–անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին, ասաց ՀՀ արտգործնախարարը.–Չգիտեմ, թե ով եւ ինչ կարող է վաստակել Լապշինի գործից, բայց վստահ եմ, որ այն ոչ մեկին հեղինակություն չի ավելացնի։ Հակառակը՝ խայտառակություն է հետապնդել կամ խոչընդոտել մարդկանց հիմնարար ազատությունների կամ հիմնարար իրավունքների իրականացման համար»։
Ըստ արտգործնախարարի՝ Լապշինի գործը նախադեպային չի դառնա ու չի ազդի Ղարաբաղ կատարվող այցելությունների վրա. «Ղարաբաղ գնացել են, գնալու են եւ ավելի շատ կգնան։ Ադրբեջանի «սեւ ցուցակում» կա մոտ 500 մարդ՝ տարբեր ոլորտներից, այդ թվում, համաշխարհային համբավ ունեցող դեմքեր, որեւէ մեկը կարո՞ղ է Ադրբեջանի հետ համագործակցել այդ հարցով ու հանձնել իրենց. իհարկե, ո՛չ։ Ընդ որում, պետք է ասեմ, որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղ ավելի շատ են լինում այցելություններ։ Ղարաբաղը դարձել է ձգող ուժ, ու ինչքան իրենք խոչընդոտում են, այդքան գովազդ են անում Ղարաբաղին, ու բոլորը ցանկանում են գնալ տեսնել»։
Նրա խոսքով՝ իրավիճակը ստիպում է, որ Ադրբեջանի նյարդերը տեղի տան։
Ադրբեջանցի դիվանագետները իրենց ԱԳ նախարար Մամեդյարովի գլխավորությամբ Էդ. Նալբանդյանին մեղադրեցին 1994—1995 թվականների զինադադարի համաձայնագրերի էությունը խեղաթյուրելու մեջ։ «ՀՀ»—ի այս հարցի կապակցությամբ նախարար Նալբանդյանն ասաց. «Դիվանագետի պաշտոն զբաղեցնելը դեռ չի նշանակում, որ դիվանագետ ես, ինչպես որ 10 մատ ունենալը չի նշանակում, որ դաշնակահար ես։ Այս դիվանագետները անհեթեթություններ են ասում»։ Ինչ վերաբերում է 1994—1995 թվականների զինադադարի համաձայնագրերին, ապա նա նկատեց, որ դրանք գաղտնիք չեն. «Դրանց կարելի է ծանոթանալ կայքէջերում, դրանք հրապարակված են, եւ որեւէ կասկած չկա, որ մենք ինչ—որ ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը։ Ադրբեջանցիները փորձում են աղավաղել, բայց ստի կյանքը շատ կարճ է։ Մի քանի օր առաջ համաձայնագրերի հեղինակը՝ դեսպան Կազիմիրովն արձագանքեց, որտեղ ասաց, որ Ադրբեջանի կողմից ստելու փորձերը կա՛մ ցածր պրոֆեսիոնալիզմի մասին են խոսում, կա՛մ ինչ—որ կասկածելի դիվիդենտներ շահելու նպատակով էժանագույն քարոզչություն են։ Կարծում եմ ավելի դիպուկ, քան հեղինակն է նշել, դժվար է ասել եւ որեւէ բան ավելացնել։ Դա է պատճառը, որ ադրբեջանցիները հանկարծակի լռեցին։ Ամնեզիա է իրենց մոտ. մի մասը հիշում են, մի մասը չեն հիշում, մյուս մասն այլ կերպ են մեկնաբանում, բայց դա անում են այնպիսի ինքնավստահությամբ, որ հանրային կարծիքն էլ է փոխվում։ Ժողովուրդը սկսում է հավատալ. ընկնում է «ամբոխային խելագարությունների» մեջ, եւ լինում են անկանխատեսելի հետեւանքներ»։
Ադրբեջանի մյուս «տարօրինակությունը» ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը փակելու փորձն է։
Էդվարդ Նալբանդյանը Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակման հարցի կարգավորման նպատակով սեփական նախաձեռնությամբ մեկնել է Վիեննա, որտեղ փոխըմբռնման մթնոլորտում հանդիպումներ է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Հանդիպման արդյունքներն ակնհայտ են դարձել հենց նույն օրը՝ մշտական խորհրդի նիստում, որտեղ նշվել է, որ «մի երկիր», որը պարզ է, թե որ երկիրն էր, մտահոգություններ ուներ, որ ԵԱՀԿ գրասենյակը զբաղվում է գործունեությամբ, որը չի համապատասխանում իր մանդատին եւ վնաս է հասցնում Ադրբեջանին։ Նալբանդյանը լրագրողներին հիշեցրեց, որ խոսքը ոչ թե Հայաստանի գրասենյակի, այլ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի մասին է։ «Փաստորեն, Ադրբեջանը դուրս գալով ԵԱՀԿ գրասենյակի դեմ՝ դուրս է գալիս ԵԱՀԿ—ի դեմ»,–ասաց նա։
Ադրբեջանը փակել է ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում, եւ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակը միակն է տարածաշրջանում. «Ադրբեջանի այս դժգոհությունների իրական պատճառն այն է, որ մեր երկրին միշտ օրինակ են բերում, որ Հայաստանը ընդունում է ԵԱՀԿ—ի միակ գրասենյակը, լավագույն ձեւով համագործակցում է այդ գրասենյակի հետ բոլոր հարթություններով, այդ թվում՝ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, ընտրությունների հետ կապված գործընթացները եւ այլն։
Ի միջի այլոց, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, Շվեյցարիան եւ Կանադան հայտարարեցին, որ աջակցում են ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը Երեւանում, ինչպես նաեւ բարձր են գնահատում մեր կառուցողական դիրքորոշումը։
Բոլորը հասկանում էին, թե ինչ է տեղի ունենում։ Բաքուն մնաց լրիվ մեկուսացման մեջ նաեւ այս կառույցում։ Չնայած, եթե իրանց լսես, բոլորն իրենց աջակցում են, իրենց կողքին են»։
Նալբանդյանը նշեց, որ ԵԱՀԿ—ն ստիպված էր տարածաշրջան ուղարկել մի առաքելություն, որը եկավ այստեղ, մանրակրկիտ ուսումնասիրեց այդ հարցը, վերադարձավ Վիեննա եւ զեկույց ներկայացրեց՝ եզրակացնելով, որ ադրեջանական պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ԵԱՀԿ գրասենյակը գործում է համապատասխան այն մանդատին, որը հաստատվել եւ տրվել է ԵԱՀԿ գրասենյակին. «Չնայած դրան՝ Ադրբեջանը շարունակում էր դեմ դուրս գալ։ Ապա Ադրբեջանը գնաց ավելի հեռու։ Ասաց, որ այդ գրասենյակը պետք է չզբաղվի որեւէ գործունեությամբ, որը վնաս է հասցնում Ադրբեջանի անվտանգությունը։ Այսինքն՝ 17 տարի է՝ այդ գրասենյակը գործել է, չի վտանգել, հիմա հանկարծ սկսեց վտանգել»։


Համագործակցության  զարգացման ջանքերը շարունակվելու են
 

Էդ. Նալբանդյանը խոսեց նաեւ միջազգային ասպարեզում Հայաստանի հետ կապված զարգացումների մասին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը երկար ժամանակ հետաձգվում է։ Այս հարցի հետ կապված նշեց, որ շատ վաղուց էր հայտնի, եւ դա ընդհանուր որոշում է, որ հաջորդ գլխավոր քարտուղարը լինելու է Հայաստանի ներկայացուցիչը։ Այդ կապակցությամբ մի քանի օր առաջ նաեւ մամուլում տեղեկատվություն հրապարակվեց, որ կայացել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է ընդունվել գլխավոր քարտուղարի պաշտոն ստանձնելու վերաբերյալ, եւ այդ որոշման նախագիծը ուղարկվել է արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք անհատական կարգով հաստատեն այդ որոշումը, համաձայնություն տան։ Դրանից հետո դա կներկայացվի ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովին, որի անցկացման ժամկետները հավանաբար շուտով կհստակեցվեն. «Խոսվում էր ապրիլի մասին։ Պետք է սպասել, որ ժամկետները հաստատվեն։ Հուսով եմ, որ այդ գագաթնաժողովի ժամանակ վերջնական լուծում կստանա այդ հարցը»։
ԵԱՏՄ անդամակցությունը չի՞ կաշկանդում արդյոք Հայաստանին այլ տնտեսական միավորումների կամ երկրների հետ համագործակցության հարցում։ Նալբանդյանը կարծում է, որ՝ ոչ. «ԵԱՏՄ վերաբերյալ. գիտեք, հոռետեսներ կային, որ պնդում էին, թե ԵԱՏՄ—ին մեր անդամակցությունը որոշ խնդիրներ կստեղծի այլ ձեւաչափերում եւ այլ երկրների հետ տնտեսական եւ այլ հարաբերությունների զարգացման իմաստով։ Բայց մենք հայտարարել էինք, որ մեր անդամակցությունը ԵԱՏՄ—ին չի նշանակում, որ նվազեցնելու ենք մեր ներգրավվածությունը կամ համագործակցությունը այլ կառույցների կամ երկրների հետ։ Եվ փաստերը խոսում են հենց դրա մասին։ ԵԱՏՄ—ին անդամակցությունից անմիջապես հետո եւ դրան հետեւած ժամանակահատվածում, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք կնքեցինք կարեւորագույն՝ առեւտրի եւ ներդրումների համապարփակ համաձայնագիրը, կամ՝ հենց ԵԱՏՄ—ին ՀՀ անդամակցությունից հետո էր, որ ԱՄՆ—ը Հայաստանում կատարեց իր ամենամեծ ներդրումը։
Եվրոպական միության հետ սկսեցինք բանակցությունները եւ միայն մենք չենք ասում, այլ նաեւ Բրյուսելից էլ են ասում, որ այդ բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում՝ նաեւ ոլորտային, տնտեսական ուղղություններով։
ԵԱՏՄ—ին անդամակցությունց հետո կայացավ Հայաստանի նախագահի պետական այցը Չինաստան, որի ընթացքում կարեւորագույն պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, համաձայնագրեր ստորագրվեցին, եւ Չինաստանի հետ հարաբերությունները նոր զարգացում ապրեցին։
Այնպես որ, հոռետեսությունը արդարացված չէր։ Հայաստանը կողմնակից է հարաբերությունների, համագործակցության զարգացմանը բոլոր նրանց հետ, ովքեր շահագրգիռ են դրանում, եւ մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը»։
Լրագրողները նաեւ նախարարից հետաքրքրվեցին, թե երբ կավարտվեն Հայաստան–Եվրոպական միություն բանակցությունները։ 
Նալբանդյանը հիշեցրեց, որ 2015 թվականի դեկտեմբերին Եվրոպական միության հետ մեկնարկեցին նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, եւ մինչ այսօր կայացել է բանակցությունների ութ փուլ։ Մինչեւ անցյալ տարվա դեկտեմբերի վերջը՝ բանակցությունների յոթ փուլ։ Հաջորդ փուլը՝ իններորդը, նախատեսվում է փետրվարին. «Կարծում եմ՝ մենք մոտենում ենք արդեն եզրափակիչ փուլին, որովհետեւ գրեթե համաձայնեցված է համապատասխան դրույթների եւ գլուխների ճնշող մեծամասնությունը, որոնք ընդգրկված են այդ նոր համաձայնագրի մեջ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մասերով։ Մոտակա օրերին սպասվում է Եվրոպական միությունից Հայաստան բավական կարեւոր պատվիրակության այց, որի մեջ ընդգրկված են նաեւ եվրոպական կողմի բանակցողները, եւ, կարծում եմ, մենք մոտ ապագայում հնարավորություն կունենանք եզրափակել այս բանակցային գործընթացը»։
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի կազմակերպության դերին՝ Նալբանդյանն ասաց, որ այն. «ներկայացնում է խոշորագույն կառույցներից մեկը միջազգային հարթակում՝ ութսունչորս անդամ, ասոցացված անդամ եւ դիտորդ երկիր եւ կառավարություն, եւ նաեւ ասոցացված անդամ, եւ դիտորդ երկիր։ Այդ կազմակերպության գագաթնաժողովն անցկացվելու է հաջորդ տարի, արդեն Հայաստանում»։ Անկախությունից հետո այս գագաթնաժողովը ամենամեծ, լայնածավալ եւ ընդգրկուն համաժողովն է լինելու Հայաստանում՝ նախագահների, վարչապետների մակարդակով, եւ ոչ միայն գագաթնաժողով. դրանից առաջ լինելու է արտգործնախարարների հանդիպումը, որին նախորդելու է մշտական խորհրդի նիստը. «Երեք—չորս օր առաջ ես Փարիզում հանդիպեցի նաեւ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ։ Քննարկում ունեցանք ոչ միայն կազմակերպչական աշխատանքների, այլեւ այս կարեւորագույն միջազգային համաժողովի բովանդակային հագեցվածության մասին»։ Նախարարը կարծում է, որ սա Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է. «Նախեւառաջ սա կարեւոր միջազգային հարթակ է երկխոսության եւ հարաբերությունների զարգացման համար հատկապես այնպիսի երկրների հետ, որոնք Հայաստանում դեսպանություններ չունեն։ Հատկապես եթե Աֆրիկյան մայրցամաքի մասին ենք խոսում, այդ գագաթնաժողովները եւ արտգործնախարարների հանդիպումները միշտ օգտագործվել են ակտիվ շփումներ իրականացնելու բազմաթիվ երկրների հետ։ Սա կարեւոր հարթակ է, որը հնարավորություն է տալիս ներկայացնելու մեր մոտեցումները տարբեր տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ այն խնդիրների, որոնք մեզ համար հատուկ կարեւորություն ունեն։ Ինչպիսին է, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»։ 
ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ հարցին, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու գործընթացի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի խորհրդի որոշումը։ Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց այն հանգամանքը, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերը ցանկանում են Հայոց ցեղասպանության ճանաչում եւ դատապարտում. «Կարեւորն այն է, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերն անխտիր միաձայն են եւ այլ կարծիք չունեն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ։ Գիտեք, որ Ֆրանսիան այն երկիրն է, որը համապատասխան օրենքի ուժով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»։
Ամփոփելով՝ նախարարը նկատեց, որ նախորդ տարին արտաքին քաղաքականության համար մարտահրավերներով բավականին լի էր։ «Մենք բախվեցինք Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային եւ դրա հետեւանքով ստեղծված իրավիճակին։ Մեր կողմից ծավալուն քայլեր ձեռնարկվեցին Բաքվի նոր արկածախնդրության փորձերը կասեցնելու եւ եռանախագահների հետ միասին Ադրբեջանին իրականության դաշտ բերելու ուղղությամբ»,–ասաց նա։
Նալբանդյանն ընդգծեց, որ շարունակվել են ջանքերը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով։
Նա նշեց, որ 2016 թվականին շարունակվեցին ջանքերն ուղղված Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանը։ Հայ—ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանը եւս օրակարգում կարեւոր տեղ է հատկացվել։ Ուշադրության կենտրոնում է եղել անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ, համագործակցության առավել զարգացումը։ Շարունակվել են ընդլայնվել եվրոպական պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները։ Քայլեր են ձեռնարկվել ԱՊՀ մասնակից պետությունների հետ ավանդական կապերի զարգացման նպատակով։ Հայաստանը գործնական ջանքեր է գործադրել ասիա—խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, հատկապես՝ Չինաստանի հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։ Աշխատանքներ են տարվել արաբական պետությունների հետ համագործակցության խորացման համար։ Հայաստանը շարունակել է քայլեր ձեռնարկել ամերիկյան աշխարհամասի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնման նպատակով, աֆրիկյան պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
Շարունակվել է ներգրավվածությունը միջազգային կառույցներում եւ բազմակողմ ձեւաչափերում։ Հայաստանը ակտիվ գործունեություն է ծավալել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, գործնական մասնակցություն ունեցել Անկախ պետությունների համագործակցության կառույցներում ծավալվող գործընթացներին։ Շարունակել է խորացնել համագործակցությունը ՄԱԿ—ի, ԵԱՀԿ—ի, ԵԽ—ի եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բնականոն ընթացք է ունեցել Հայաստան—ՆԱՏՕ գործընկերությունը։
Նախարարը շեշտեց, որ արտգործնախարարության գործունեության առանցքային ուղղություններից է եղել Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացումը։
2016 թվականի կարեւորագույն իրադարձություններից նա առանձնացրել է նաեւ Հռոմի պապի պատմական այցելությունը Հայաստան, նշել, որ նախորդ տարի պետությունների ղեկավարների, խորհրդարանների նախագահների, վարչապետների, արտգործնախարարների եւ միջազգային կառույցների ղեկավարների մակարդակով կայացել է 120—ից ավել փոխայցելություն։
«Ինչպես տեսնում եք, 2016 թվականը բավականին ակտիվ տարի էր։ Կարծում եմ՝ 2017 թվականը ոչ պակաս հագեցած է լինելու»,–եզրափակեց արտաքին գերատեսչության ղեկավարը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 15 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017