ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 05:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 22 » Բաքվի խոսքը գործ չէ /Իսկ Հայաստանը երբեւէ հետքայլ չի կատարել/
14:43
Բաքվի խոսքը գործ չէ /Իսկ Հայաստանը երբեւէ հետքայլ չի կատարել/

Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի նախագահի նախօրեին կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ կարգավորելու իր ձգտման մասին։
Երեկ Երեւանում պաշտոնական այցով ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դրանք ընդամենը խոսքեր են եւ տարբեր օրինակներ բերելով՝ հիշեցրեց, թե Բաքուն ինչպես է հրաժարվել տարբեր պայմանավորվածություններից։
«Խնդիրն այն է, որ խոսքերը գործից չտարբերվեն։ Ի՞նչ է տեղի ունենում։ Ձեզ հիշեցնեմ կարգավորմանն ուղղված ամբողջ գործընթացի մի քանի այդպիսի փուլ։ Կազան. մենք նախքան Կազանը երեք—չորս անգամ հանդիպել էինք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով, որպեսզի համաձայնեցնեինք հիմնական սկզբունքների տեքստը, որը հետագայում պետք է ներկայացնեինք նախագահներին։
Եվ գագաթնաժողովից անմիջապես առաջ, նույնիսկ ոչ թե անմիջապես, այլ տասը օր առաջ մենք ստացանք, ինչպես եւ պայմանավորվել էինք, ուղեկցող նամակը, այդ թվում եւ տեքստերը, որտեղ մեր միջնորդի՝ Ռուսաստանի արտգործնախարարի կողմից պարզ գրված էր, որ ինչպես եւ պայմանավորվել էինք, տեքստում փոփոխություններ չեն մտցվելու։
Սակայն, ինչպես գիտեք, դրա մասին մենք բազմիցս ասել ենք, որ ադրբեջանցիները Կազան եկան տասը, իրականում նույնիսկ տասներկու փոփոխություններով։ Այսինքն՝ պայմանավորվածություններից հետքայլ կատարեցին։
Բայց դա առաջին անգամ չէր։ Մինչեւ Կազանը նույնը եղավ Սոչիում՝ 2011 թվականի մարտին, դրանից առաջ Աստրախանում՝ հոկտեմբերին, 2010 թվականի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում։ Ավելի չեմ խորանա պատմության մեջ։ Դա կրկնվեց նաեւ հետագայում։ Որպեսզի չանդրադառնամ բոլոր հանդիպումներին եւ գագաթնաժողովներին, հիշեցնեմ, որ բառացիորեն վերջին հանդիպումներին՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, մենք ինչ—որ բան պայմանավորվեցինք։ Ադրբեջանը կրկին հետքայլ կատարեց. Վիեննայի հանդիպումից Ադրբեջան վերադառնալուց հետո նրանք ասացին, որ ոչ, ոչնչի մասին չեն պայմանավորվել, կամ էլ համանախագահները, որոնք, ի դեպ, նախարարների մակարդակով էին՝ Ռուսաստանի ԱԳ նախարար, ԱՄՆ պետքարտուղար եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար, ճիշտ չեն հասկացել, նախարարները ճիշտ չեն հասկացել եւ այդ իսկ պատճառով հայտարարություն են արել, որտեղ հստակ նշել են, թե ինչի մասին ենք պայմանավորվել։
Հիշում եք, այնտեղ խոսվում էր մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի թիմի ընդլայնման մասին։ Կրկին ետքայլ։ Նույնիսկ դրանից հետո ԵԱՀԿ—ում նախագահող երկիրը բազմիցս շատ բարձր մակարդակով կապ էր հաստատում ադրբեջանական կողմի հետ, եւ ամեն անգամ նրանք հաստատում էին. «Խնդիր չկա, մենք կհամաձայնենք Կասպրշիկի թիմի ընդլայնմանն ուղղված ֆինանսավորման առնչությամբ»։
Պատկերացնում եք՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել բարձր մակարդակով, եւ չորս անգամ ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողովում իրենք արգելափակել են այդ ֆինանսավորումը։ Այսինքն՝ կրկին ետքայլ։ Ի դեպ, ինչ վերաբերում է երեք սկզբունքներին որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման, այդ երեք սկզբունքների առնչությամբ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Եվ առկա է Ադրբեջանի ստորագրությունը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների աֆինյան հանդիպմանն ընդունված հայտարարության տակ, համանախագահների հետ հնգակողմ համատեղ հայտարարությունը, սակայն եղել է նաեւ այլ հայտարարություն՝ ընդհանուր հայտարարություն, որն ընդունվում է ԵԱՀԿ կոնսենսուսով. բոլոր նախարարները նշել են այդ երեք սկզբունքների մասին։
Ինչ է այնուհետեւ տեղի ունենում. այժմ ադրբեջանցիները բոլոր ճշմարիտ եւ ոչ ճշմարիտ միջոցներով, ամեն գնով չեն ցանկանում ընդունել այդ երեք սկզբունքները։ Մենք պայմանավորվել ենք, ի դեպ ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Ղարաբաղը եւ Ադրբեջանն առաջին հերթին, կրակի դադարեցման վերաբերյալ։ 1994–1995 թթ. ստորագրվել են կրակի դադարեցման վերաբերյալ երեք համաձայնագրերը։ Եվ ի՞նչ։ Ադրբեջանցիները բոլոր ճշմարիտ եւ ոչ ճշմարիտ միջոցներով փորձում են հեռանալ այդ համաձայնություններից։ Այսինքն՝ դա առաջին անգամը չէ, դրա համար եւս մեկ անգամ կասեմ, որ լավ կլիներ, եթե խոսքը գործերին համապատասխաներ, հատկապես երբ մենք հենց Ժնեւում խոսում էինք այն մասին, որ պետք է լարվածության թուլացման համար ձեռնարկել հավելյալ քայլեր։ Դա վերաբերում է այնպիսի գործողություններին, որոնք համաձայնեցվել էին Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում, իսկ նրանք դա չեն անում։ Կամ երբ ասում ենք, որ պետք է ինտենսիֆիկացնել բանակցությունները։ Ինչի՞ մասին։
Բանակցությունները վարվում են այն սկզբունքների եւ տարրերի հիման վրա, որոնք բարձրաձայնվել են համանախագահ երկրների նախագահների մակարդակով արված հինգ հայտարարություններում։ Հայաստանը հայտարարել է եւ հայտարարում է, որ մենք պատրաստակամ ենք դրա հիման վրա շարունակել բանակցությունները հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ադրբեջանը բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով փորձում է ընդհանրապես չհիշատակել այդ հինգ հայտարարությունները։ Սա է գործերի իրական իրավիճակը, որն առկա է ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,–ասաց ՀՀ ԱԳ նախարարը՝ հույս հայտնելով, որ ադրբեջանցիները կփոխեն իրենց այդ դիրքորոշումը եւ իրականում իրենց ցանկությունը նաեւ գործի կվերածեն։
«Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը մտադրված է, եւ մենք երբեւէ ետքայլ չենք կատարել ձեռք բերված պայմանավորվածություններից, Ռուսաստանի, համանախագահ երկրների հետ շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը»,–ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է խնդրի կարգավորման հարցում ինչ—որ բեկմանը, ապա նա նշեց. «Այստեղ, Երեւանում նախորդ անգամ մեկ շաբաթ առաջ մամուլի ասուլիսին ես ասում էի, որ դժվար է այստեղ հեծանիվ հորինել։ Կարգավորման հիմնական սկզբունքները, հիմնական տարրերը սեղանին են, եւ կան մշակումներ, կան աշխատանքային փաստաթղթեր. այդ ամենը դրված է սեղանին։ Մենք բանակցություններ ենք վարել շատ երկար ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ։ Ադրբեջանն ասում է, որ մեզ անհրաժեշտ չէ բանակցություններ վարել հիմնական սկզբունքների շուրջ։ Ահա թե ինչի մասին է խոսքը»։
Նախարարը, սակայն, նշեց, որ չնայած Ադրբեջանի այդպիսի, մեղմ ասած, ոչ կառուցողական դիրքորոշմանը, իհարկե, անհրաժեշտ է շարունակել բանակցությունները, քանի որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա. «Անհրաժեշտ է շարունակել բանակցությունները, եւ Հայաստանը մտադիր է համանախագահների հետ ամենակառուցողական կերպով հանդիպել, եւ մենք երբեւէ չենք հրաժարվել նախարարների, նախագահների մակարդակով հանդիպումներից։ Այդ պատճառով, երբ հասունանա անհրաժեշտությունը, եւ համապատասխան նախապատրաստություններ լինեն, կլինի հանդիպում նաեւ նախագահների մակարդակով։ Սակայն առաջիկա դեկտեմբերին դեռեւս նման հարց չի քննարկվում»։
Բաքվից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ ղարաբաղյան կարգավորման օրակարգում ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի բանաձեւերի իրականացումն է։
Էդվարդ Նալբանդյանն այս կապակցությամբ նշեց, որ Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերն ընդունվել են մեկ հիմնական նպատակով, այնտեղ այլ նպատակներ էլ են եղել, բայց հիմնական նպատակն է եղել ռազմական գործողությունների դադարեցումը։
«Ցավոք, ռազմական գործողությունների դադարեցումը ձեռք է բերվել ոչ այդ չորս բանաձեւերի պատճառով։ Հենց չորսն են ընդունվել, քանի որ ամեն բանաձեւից հետո Ադրբեջանը չէր կատարում դրանք։ Իսկ կրակի դադարեցումը ձեռք է բերվել շնորհիվ հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրի՝ ստորագրված 1994թ. մայիսին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, որ իբր մենք քննարկում ենք անվտանգության խորհրդի բանաձեւերի ինչ—որ դրույթների չկատարման հարցը, իմ հիշելով վերջին 10 տարվա ընթացքում նման բան մենք ընդհանրապես չենք քննարկել։ Որովհետեւ անվտանգության խորհրդի բանաձեւերը չէին վերաբերում կարգավորմանը, այլ վերաբերում էին ռազմական գործողությունների դադարեցման հարցերին։ Մենք ունենք ռազմական գործողությունների այդ դադարեցումը։
Իսկ ինչ վերաբերում է կարգավորման տարրերին, սկզբունքներին, ապա դրանք եղել են բազմաթիվ աշխատանքային փաստաթղթերում, որոնք ներկայացվել են համանախագահների կողմից, եւ այդ առաջարկությունների հիմնական իմաստային բովանդակությունը հնչեցվել է այդ թվում եւ համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում, հայտնի հայտարարություններում, որոնց մասին ես բազմիցս հիշատակել եմ»,–նշեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։
«ՌԴ—ն շարունակում է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար»,–ասաց Սերգեյ Լավրովը։
Լավրովը նշեց, որ հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ՌԴ պատվիրակությունը ներկայացրել է օրերս Բաքու կատարած այցի արդյունքները։ 
Նա նշեց, որ Բաքվում հնչեցրել է խնդրի կարգավորման բոլոր բաղադրիչները. «Դրանք ներառված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք սկսած 2007 թվականից ամբողջությամբ փոխանցվել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։ Դրանք ամրագրված են որպես համանախագահների առաջարկներ։ Նրանք ամբողջությամբ բանակցային սեղանին են։ Սա ասել եմ Բաքվում եւ ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ չի կարելի փաթեթից մեկ կամ մի քանի բաղադրիչ առանձնացնել եւ դուրս թողնել բալանսավորող բաղադրիչները։ Այդ դեպքում չի ստացվի այն արդյունքը, որին ձգտել ենք»։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը համարում է օգտակար։ «Երկու նախագահները դրական են արտահայտվել Ժնեւում վերջերս կայացած իրենց հանդիպման արդյունքների մասին։ Շատ կարեւոր է, որ այդ դրական վերաբերմունքը թույլ տա մեզ առաջ շարժվել կարգավորման գործընթացում։ Օրերս Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում ունեցան համանախագահների հետ Ռուսաստանի մայրաքաղաքում, եւ այժմ մենք մեր ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ կփորձենք հասկանալ, թե որտեղ ենք հասել, կփորձենք ակտիվ ջանքեր գործադրել՝ պայմաններ ստեղծելու համապատասխան կողմերի միջեւ խնդիրը լուծելու համար»,–նշեց նա։
Նա սակայն լավատես չէ ղարաբաղյան հիմնախնդրի արագ կարգավորման հարցում. «Սա դժվար խնդիր է, եւ մեր բանակցությունների փորձը ապացուցում է, որ դրանք արագ չեն ավարտվի»։


Հարաբերությունները դաշնակցային եւ ռազմավարական են
 

«Մենք հաճախակի ենք հանդիպում պարոն Լավրովի հետ ինչպես Երեւանում ու Մոսկվայում, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում»,–ասաց Էդվարդ Նալբանդյանը։
Նա հիշեցրեց, որ տարվա ընթացքում այդ հոբելյանական տարեթվերին նվիրված մի շարք միջոցառումներից առաջինը տեղի ունեցավ փետրվարին, երբ Լավրովի հետ Մոսկվայում արխիվային փաստաթղթերի ցուցահանդես բացեցին. «Այդ ժամանակ, իմ պաշտոնական այցի ընթացքում մենք համաձայնեցրեցինք վերոհիշյալ տարեթվերին նվիրված մի շարք միջոցառումների անցկացումը։ Ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են։ Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հայաստան—Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» մասշտաբային պատմավավերագրական ցուցահանդեսը»։
Նալբանդյանը նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին՝ ուղղված 2016—2017թթ. ղարաբաղյան խնդրի շուրջ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ ուղղված իրավիճակի լարվածությունը կանխելուն, հրադադարի մասին եռակողմ համաձայնագրերի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության նվազեցման նպատակով լրացուցիչ միջոցառումների ձեռնարկմանը եւ բանակցային գործընթացի ակտիվացմանը։
«Մեր բանակցություններն անցել են լիակատար փոխըմբռնման մթնոլորտում, ինչը եւ բնական է դաշնակից երկրների համար»,–շեշտեց Էդվարդ Նալբանդյանը։
Սերգեյ Լավրովն էլ իր հերթին նշեց, որ վերջին քառորդ դարում երկու երկրների միջեւ հարաբերությունները իսկապես կրում են դաշնակցային եւ ռազմավարական գործընկերային բնույթ։
«Մենք հաջող առաջընթաց ենք արձանագրել տնտեսական եւ առեւտրային հարաբերություններում։ Այս տարվա 8 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 1/3—ով»,–նշեց նա։
Լավրովն ընդգծեց, որ Ռուսաստանը կայուն ներդրումների առումով առաջին տեղն է գրավում ՀՀ տնտեսության մեջ։ Ապա նկատեց, որ ՀՀ—ում մի շարք ռուսական ձեռնարկություններ են գործում, ինչպես օրինակ՝ «Գազպրոմը», «ՎՏԲ» բանկը, երկաթուղին եւ այլն. «Հանդիպման ժամանակ մենք դիտարկել ենք նաեւ այլ ծրագրերում կատարվելիք ներդրումները, օրինակ՝ վառելիքի եւ էներգետիկայի ոլորտում, ներառյալ Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարացումը»։
ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ—ն եւ ՌԴ—ն կայուն զարգացման գործընթաց են արձանագրել նաեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության առումով։ «Աշխատում է համապատասխան միջկառավարական հանձնաժողով։ Հայաստանին անհրաժեշտ ռազմական արտադրանքի մատակարարումները պատշաճ կատարվում են»,–նշեց Լավրովը։
Նա շեշտեց, որ Հայաստանը ԱՊՀ տարածքում Ռուսաստանի անկյունաքարային գործընկերներից մեկն է. «Հայաստանի ներկայացուցիչներն այս պահին ղեկավարում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Մենք գործնականում համընկնող դիրքորոշում ունենք բոլոր հարցերում, որոնք գտնվում են միջազգային կազմակերպությունների օրակարգում, ներառյալ՝ ՄԱԿ—ը, ԵԱՀԿ—ն, Եվրախորհուրդը, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը։ Մենք սերտորեն համագործակցում ենք մշակութային, հումանիտար, գիտատեխնիկական, կրթական ոլորտներում»։


Ռուսական կողմը հիասթափվել է 
 

Սերգեյ Լավրովը երեկ անդրադարձել է նաեւ Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան ռմբահարմանը եւ ԱՄՆ—ի կողմից ՄԱԿ—ի անվտանգության խորհրդում այդ իրադարձության դատապարտման հայտարարության տեքստի արգելափակմանը։
«Ես, անկեղծ ասած, զարմացած չեմ։ Սա առաջին անգամ չէ, բազմիցս եղել են դեպքեր, երբ մեր դեսպանատունը ռմբահարվել է, այդ թվում՝ բավական ակտիվ ռմբահարումներ են եղել, արկեր են գցվել հենց դեսպանատան տարածքում, ոչ թե կողքը։ Եվ ամեն անգամ անվտանգության խորհուրդը չի կարողացել արձագանքել այդ ահաբեկչությանը, դատապարտել այն՝ հենց ամերիկյան դիրքորոշման պատճառով։ ԱՄՆ—ն պահանջում է այդ ակտի դատապարտումը պարտադիր պայմանավորել նաեւ սիրիական կառավարության գործողությունների դատապարտմամբ։ Հասկանում եք, որ նման դեպքերում ոչինչ իրար հետ կապել հնարավոր չէ։ Սա մոտեցում է, որը ճիշտ չէ։ Մենք հույս ունեինք, որ այդուհանդերձ տարրական բարոյական նորմերը կգերակշռեին ԱՄՆ—ի մոտ, բայց չստացվեց»,–ասաց Լավրովը։
Նա նշեց, որ սա միակ հարցը չէ, որով ռուսական կողմը հիասթափվում է ամերիկյան գործընկերներից, չնայած սիրիական ուղղությամբ նրանց հետ հաստատվել էր բավական կայուն փոխհամագործակցություն։
«Բայց ինչ վերաբերում է ծայրահեղականների ու ահաբեկիչների դատապարտմանը, այստեղ խնդիրներ ունենք։ Կան տվյալներ, որ ԱՄՆ—ն երբեմն օգտագործում է ծայրահեղական խմբավորումները, որոնց պետք է մեկուսացնել ու ոչնչացնել։ Բայց նրանք մեկ—մեկ իրենց նպատակների համար են օգտագործում՝ իրենց օրակարգն առաջ քաշելու համար, չնայած իրենց այն հայտարարություններին, թե միակ բանը, ինչի համար ամերիկացիները Սիրիայում աշխատում են, դա ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելն է։ Մոտակա մի քանի օրերի ընթացքում մենք կշարունակենք շփումները պետդեպարտամենտի հետ, այդ ամենը կքննարկենք»,–ասաց նա։


Քննարկվել է հարցերի լայն շրջանակ
 

Նախքան ասուլիսը Էդվարդ Նալբանդյանը առանձնազրույց ունեցավ Սերգեյ Լավրովի հետ, որը շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններով։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ այցը խորհրդանշական է, քանի որ այն տեղի է ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյա եւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 20—ամյա հոբելյանական տարում։
Շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի եւ ավանդական ջերմ ընդունելության համար՝ արտգործնախարար Լավրովը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդդարյա պատմության ընթացքում հայ—ռուսաստանյան հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել։
Հանդիպմանը հանգամանալից քննարկում տեղի ունեցավ երկկողմ օրակարգային հարցերի շուրջ, մտքեր փոխանակվեցին երկու երկրների նախագահների այս տարվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շուրջ։
ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջեւ ակտիվ փոխգործակցություն է ծավալվում ինչպես միջկառավարական, այնպես էլ միջխորհրդարանական ձեւաչափերում, եւ կարեւորեցին երկու երկրների կառավարությունների եւ խորհրդարանների ղեկավարների պարբերական փոխայցելությունները։
Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ կատարեցին արտաքին քաղաքական համադրման, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ԵԽ, ՍԾՏՀԿ եւ միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցության հետ կապված հարցերին։ Արձանագրվեց, որ բազմաթիվ հարցերի շուրջ երկու երկրների տեսակետները համընկնում են։
Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին երկկողմ տնտեսական փոխգործակցության ակտիվացման եւ առեւտրաշրջանառության աճի կապակցությամբ։
Նախարարներն ընդգծեցին, որ օրեր առաջ երկու երկրների նախագահների կողմից Տրետյակովյան պատկերասրահում ազդարարված՝ Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի մեկնարկը վկայում է մշակույթի ոլորտում համագործակցության առկա բարձր մակարդակի մասին։
Հանդիպման օրակարգում կարեւոր տեղ էր զբաղեցնում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներն անդրադարձան Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներին։
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ։ Անդրադարձ կատարվեց Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին, սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ջանքերին։
Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների 2017—2018թթ. ծրագիրը։ hhpress.am

Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 323 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024