ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 05:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 10 » Բարձր մակարդակի երկխոսություն /ՀՀ վարչապետի պաշտոնական այցն ԻԻՀ/
16:48
Բարձր մակարդակի երկխոսություն /ՀՀ վարչապետի պաշտոնական այցն ԻԻՀ/

Վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ կայացել է Կարեն Կարապետյանի եւ Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում–առանձնազրույցը։
ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու եւս մեկ անգամ շնորհավորել Էսհաղ Ջահանգիրիիին Իրանի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Վարչապետը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ ձեւավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում։ «Լիահույս եմ, որ այս հանդիպումից հետո մենք նոր շունչ կհաղորդենք մեր համագործակցությանը եւ մեր օրակարգում գտնվող բոլոր ծրագրերին։ Տնտեսական համագործակցությանն անդրադառնալով՝ պետք է նշեմ, որ այն զգալիորեն զիջում է մեր երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը։ Սակայն ավելի քան վստահ եմ, որ կարող ենք նոր հաջողություններ արձանագրել մեր համագործակցության տնտեսական հարթությունում»,–նշել է Կարեն Կարապետյանը։
ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար ու բարձր գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակը։ Էսհաղ Ջահանգիրին կարեւորել է երկու հարեւան ու բարեկամ պետությունների միջեւ տարբեր ոլորտներում տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը եւ վստահություն հայտնել, որ վարչապետ Կարապետյանի պաշտոնական այցը կնպաստի տնտեսական համագործակցության էլ ավելի ակտիվացմանն ու ընդլայնմանը։
ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահի առաջին տեղակալը երկկողմ տնտեսական օրակարգի կարեւոր ծրագրերից են համարել Իրան–Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3–րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։ Կողմերը մեծապես կարեւորել են նաեւ Մեղրիի ՀԷԿ–ի ծրագրի իրականացումը։ Իրան–Հայաստան տնտեսական, առեւտրային հարաբերությունների զարգացման համար նշանակալի է համարվել «Սյունիք ազատ տնտեսական գոտու» դերը, վերջինիս եւ իրանական «Արաս» ազատ գոտիների համագործակցությունը։ «Վստահ եմ, որ այս գոտին կարող է հետաքրքրել իրանական կազմակերպություններին, որոնք կցանկանան դուրս գալ ԵԱՏՄ, եվրոպական շուկաներ, քանի որ Հայաստանը տիրապետում է GSP+ արտոնյալ ռեժիմին, ինչպես նաեւ այն ընկերություններին, որոնք Իրանի հետ համագործակցության սահմանափակումներ կունենան։ Այս համատեքստում նաեւ արդյունավետ գործիք կարող է լինել արտահանող ներմուծող ընկերության ստեղծումը»,–ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ընկերությանը՝ ԵԱՏՄ շուկա դուրս գալու հարցում։
Կարեն Կարապետյանի եւ Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Հայաստանի եւ Իրանի համագործակցության կարեւոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, մուլտիմոդալ տարանցիկ փոխադրումները, Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրանական կողմի հնարավոր մասնակցությունը։
Անդրադարձ է կատարվել Հայաստան–Իրան–Թուրքմենստան եռակողմ էներգետիկ համագործակցությանը։ Կարեւորվել է երկու երկրների միջեւ ակտիվ համագործակցությունը նաեւ մաքսային մարմինների միջեւ։ Վարչապետ Կարապետյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հայաստան–Իրան սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը։
Անդրադառնալով Իրան–ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ գործընթացը հնարավորինս շուտ կավարտվի եւ նշել, որ հայկական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։
Կողմերը համակարծիք էին, որ անհրաժեշտ է ակտիվացնել հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները՝ պայմանավորվելով մոտ ժամանակներս անցկացնել հերթական՝ 15–րդ նիստը։
ՀՀ վարչապետը եւ Իրանի առաջին փոխնախագահը նաեւ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին։ Այս համատեքստում Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ԼՂ հիմնահարցում հավասարակշռված դիրքորոշման համար։
Կարեն Կարապետյանն Էսհաղ Ջահանգիրիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է։
Հանդիպմանը քննարկվել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցեր։ 
Կարեն Կարապետյանը եւ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։
Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի. «Բարի գալուստ ենք մաղթում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ պարոն Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը։ Մեր երկու երկրները գտնվում են մշակութային, քաղաքակրթային եւ աշխարհագրական նույն տարածաշրջանում, եւ մեր երկրների հարաբերությունները բխում են դարերի խորքից ու հիմնված են երկու ժողովուրդների եւ մշակութային ընդհանրությունների վրա։ Մեր հարաբերությունները մշտապես հիմնված են եղել կայունության վրա, եւ Աստծո ցանկությամբ այդպես էլ կշարունակվի։ Իրանի տարբեր քաղաքներում ապրող մեր հայ քաղաքացիներն ունեն ջերմ կապեր Հայաստանի Հանրապետության իրենց հայրենակիցների հետ, ինչը լավ կամուրջ է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար։ Մենք մեր հարեւանների հետ ունենք լավ հարաբերություններ, եւ դրանց զարգացման նպատակով կատարվել են լուրջ աշխատանքներ։ Մեր հարեւանների հետ վարվող արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանի Հանրապետությունն ունի իր հատուկ տեղը։ Մենք Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում համագործակցության համար որեւէ սահմանափակում չունենք, եւ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետի այցը երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման տեսակետից կարող է հատուկ դեր ունենալ։ Առանձնազրույցի ու ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք կապահովեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ լավ հարաբերություններ ունի Եվրոպական միության հետ, ուստի այս հարթակը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար կարող է դրական լինել։ Այն ընկերությունների համար, որոնք զբաղված են տրանսպորտի կապալառու գործունեության, շինարարության եւ տնտեսության տարբեր բնագավառներում, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պայմաններ կստեղծվեն՝ նրանց ակտիվության ընդլայնման նպատակով։ Պարսից ծոցից Սեւ ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը։ Էլեկտրաէներգիայի եւ գազի փոխանակման ծրագրի շրջանակում ունենք երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունը, ինչպես նաեւ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են խթան հանդիսանալ համագործակցության զարգացման համար։ Կարծում եմ, որ մասնավոր հատվածի մեր ներկայացուցիչները կարող են օգտվել ստեղծվող պայմաններից, երկու երկրներում ազատ տնտեսական գոտիների առկայությունը նույնպես կարող է գործարար շրջանակների համագործակցության զարգացման խթան հանդիսանալ։ Շնորհակալություն»։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. «Հարգելի պարոն Ջահանգիրի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր պատվիրակության անունից՝ ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Մենք մեր բարեկամ պետություն ենք եկել շատ լավ տրամադրությամբ։ Ունեցել ենք շատ կառուցողական եւ առարկայական հանդիպումներ, վերահաստատում եմ, որ համակարծիք եմ պարոն Ջահանգիրիի ներկայացրած նյութի հետ։ Մենք վերահաստատել ենք մեր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը եւ առարկայական խոսել ենք այդ բոլոր թեմաների շուրջ։ Ամրագրել ենք, որ շահագրգռված ենք իրանական բիզնեսի, կապիտալի՝ Հայաստան ներգրավվելու հարցում, այն արտոնյալ ռեժիմները, որ ունի Հայաստանը՝ պատրաստ ենք բաց տրամադրել մեր իրանական գործընկերներին, երկկողմ հաստատել ենք, որ պատրաստակամ ենք մեծացնել հայ–իրանական հարաբերությունների ծավալները եւ հաստատակամ ենք վերացնել այդ ճանապարհին առաջացած խոչընդոտները, խոսել ենք տարածաշրջանային հնարավոր համագործակցության մասին։ Շնորհակալություն ենք հայտնել մեր իրանական գործընկերներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերած դիրքորոշման համար։ Կարծում եմ, որ մեր գործընկերները հստակ հասկացել են ինչ պետք է անել այլ հարթակներում, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովում, եւ պարոն Ջահանգիրիին մեծ սրտով հրավիրել ենք Հայաստան, որտեղ մենք պատիվ կունենանք ամփոփելու այն ժամանակահատվածը, որն այս այցից հետո մեր գործընկերների հետ համատեղ կանցնենք։ Կարծում եմ, որ պարոն Ջահանգիրին կհաստատի, որ շատ լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից եւ շատ լավատես ենք հեռանկարների առումով։ Շնորհակալություն»։ 
Կարեն Կարապետյանի եւ Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ ստորագրվել են նաեւ մի շարք համաձայնագրեր։ Մասնավորապես, երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել է գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Այն հայկական կողմից ստորագրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ նախագահի գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին։ Հայաստանի մշակույթի նախարարության եւ ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարարության միջեւ ստորագրվել է մշակութային եւ գեղարվեստական փոխանակումների 2017–2020 թթ. ծրագիրը։ Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Աբբաս Սալեհին։ Հայաստանի եւ Իրանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանն ու Մահմուդ Հոջադին ստորագրել են անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր։
Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել նաեւ Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ։ Կարեն Կարապետյանը նախ փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ջերմագին ողջույնները եւ ավելացրել, որ Հայաստանը մշտապես կարեւորում է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Ալի Լարիջանին անհրաժեշտ է համարել տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդումը եւ այդ գործում կարեւորել է նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ընդլայնումը։ Այդ առումով զրուցակիցները ընդգծել են երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեության, փոխադարձ այցելությունների, խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների զարգացման փաստը եւ նշել, որ հայ–իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն իր նպաստն է բերում նաեւ օրենսդիր մարմինների համագործակցությունը։ «Իրանն ու Հայաստանը միմյանց հետ կապված են բարեկամական խոր արմատներով, եւ մեր նպատակն է, որ երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցությունը շարունակի զարգանալ։ Առկա ճգնաժամերի պայմաններում միմյանց հետ ավելի շատ խորհրդակցելու անհրաժեշտություն կա, եւ այդ առումով ցանկանում եմ գոհունակություն հայտնել մեր խորհրդարանական համագործակցության մակարդակից։ Լիահույս եմ, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին»,–նշել է նա։
Կարեն Կարապետյանն ասել է, որ շատ բովանդակալից հանդիպում է ունեցել ԻԻՀ առաջին փոխնախագահի հետ՝ ընդգծելով, որ հայկական կողմը շատ վճռական է տրամադրված իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Ալի Լարիջանին իր հերթին ընդգծել է, որ հայ–իրանական տնտեսական փոխգործակցության հարցում որեւէ սահմանափակում կամ խոչընդոտ գոյություն չունի, եւ Իրանի խորհրդարանը շատ դրական է տրամադրված հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հարցում։ Նրա խոսքով՝ երկկողմ տնտեսական օրակարգը շատ հագեցած է, եւ առկա են փոխգործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։
Կարեն Կարապետյանն իր գործընկերոջը ներկայացրել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու գործարկման ծրագիրը՝ կարեւորելով դրանում իրանական ընկերությունների ակտիվ մասնակցությունը։ «Համոզված եմ, որ շատ մեծ հնարավորություններ ունենք կրկնապատկելու եւ անգամ եռապատկելու մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում»,–ասել է ՀՀ վարչապետը։
Կողմերն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ երկուստեք ընդգծելով, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 322 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024