ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 15:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 20 » Բարձրացնելով կառավարման արդյունավետությունը /«Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի պաշտոնական մեկնարկը/
09:48
Բարձրացնելով կառավարման արդյունավետությունը /«Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի պաշտոնական մեկնարկը/

 

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների գերօգտագործման հարցը ՀՀ կառավարության օրակարգում է։ Արտեզյան ջրաշերտի կտրուկ նվազումը վկայում է այն մասին, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արտահոսքը գերազանցում է դրանց վերականգնումը, խնդիր, որը կապված է ձկնաբուծարանների թվի ավելացման, անարդյունավետ եւ հնացած գործընթացների, ապօրինի թույլտվությունների հետ կապված կոռուպցիոն դրսեւորումների, վնասված հնամաշ խողովակաշարերում ջրի հսկայական կորուստների եւ որոշ ջրօգտագործողների կողմից ջրի անխնա օգտագործման հետ։
Ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով երեկ տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի պաշտոնական մեկնարկը, որի ընթացքում փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին Արարատյան դաշտի 12 համայնքի հետ։ Համայնքներն ընտրվել են բազմափուլ ընտրության արդյունքում՝ համայնքների կողմից ներկայացված հայտերի, հարցազրույցների, այցելությունների հիման վրա։ Դրանք են Արարատի մարզի Վեդի, Փոքր Վեդի, Բերքանուշ, Այգավան, Բուրաստան, Խաչփար եւ Արմավիրի մարզի Երասխահուն, Եղեգնուտ, Գայ, Գրիբոյեդով, Ակնալիճ ու Առատաշեն համայնքները։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, տարիներ շարունակ Հայաստանում օգտագործվել են շատ ավելի շատ ջրային ռեսուրսներ, քան վերականգնվող պաշարներն են։ Սա է պատճառը, որ Արարատյան դաշտավայրում մի շարք ուղղություններով թե հողերի էրոզիայի, թե մի շարք դեպքերում կենսաբազմազանության խաթարման բացասական միտումներ են նկատվում։
«Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում» ծրագրի շնորհիվ ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր ունի կողմնորոշիչ ցուցանիշներ, թե որքան է Արարատյան դաշտավայրի մասով օգտագործվում ստորերկրյա ջրավազանն ու ինչ ուղղություններով։ Այս փաստերի հիման վրա կառավարությունը հաստատել է ծրագիր, թե ինչպես եւ ինչ գործողություններ է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ստորերկրյա ջրային ավազանի արդյունահանման ծավալը համապատասխանի վերականգնվող պաշարներին»,–ասաց նախարարը։
Ա. Մինասյանը փաստեց՝ համաձայն օրենքի, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի վերականգնվող պաշարը 1.1 մլրդ խորանարդ մետր է, սակայն այսօր, ըստ կողմնորոշիչ ցուցանիշների, օգտագործվում է 1 մլրդ 670 մլն խորանարդ մետր. «Դա նախորդ տարվա սեպտեմբերի հաշվարկներն էին, ինչից հետո նախարարությունը ձեռնարկեց միջոցառումներ՝ ապահովելով ավելի քան 100 մլն խորանարդ մետր խնայողություն, ինչը դեռ քիչ է։ Մասնավորապես, ձկնարդյունաբերության ոլորտում օգտագործվող ստորերկրյա ջրերը, որ կազմում են շուրջ 810 մլն խորանարդ մետր, անհրաժեշտ է առնվազն կիսով չափ նվազեցնել, ինչը մեր գլխավոր խնդիրներից մեկն է։ Դրա համար անհրաժեշտ է բարձրացնել ջրերի օգտագործման արդյունավետությունը, լինի երկրորդական օգտագործման համակարգ, որի դեպքում ջուրը, մինչեւ վերջնական սպառումը, միջանկյալ օգտագործման շրջանակում կստեղծի շատ ավելի մեծ արժեք, որը հնարավոր կլինի կիրառել նաեւ ոռոգման համակարգում, կամ կենցաղային նպատակներով՝ ջրի անհրաժեշտ որակը պահպանելով հանդերձ»։
Ըստ նախարարի, երկրորդ խնդիրը ջրի կորուստների դեմ պայքարն է։ Նախարարությունը փորձում է գործընկեր կառույցներին եւս ներգրավել սխեմաների մշակման գործում։ Երրորդն էլ հեռացվող ջրային համակարգերի ու ջրի որակի պահպանումն է, մասնավորապես, մաքրման կայանների ու զտման համակարգերի այնպիսի սխեմաների գործադրումը, որպեսզի ջրի հեռացումն ու դրա հետագա օգտագործումն այլ նպատակներով չվնասեն շրջակա միջավայրին. «Քանի որ ջրային ռեսուրսները եւ տարածաշրջանային, եւ ամբողջ աշխարհի մակարդակով համարվում են կարեւորագույն զենք յուրաքանչյուր երկրի համար, մեզ համար սկզբունքային նշանակություն ունի առհասարակ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրը։ ԱՄՆ ՄԶԳ ներկայացրած նոր ծրագրով նախատեսվում է նաեւ հանրային սեկտորի ակտիվ ներգրավում ջրօգտագործման վերահսկողության համակարգում։ Հույս ունեմ, որ մեր աշխատանքներն ու համագործակցությունը գործընկեր միջազգային կառույցների հետ թույլ կտան մեր երկրում ձեւավորել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգ, որին մասնակից կլինեն բոլորը՝ թե՛ օգտագործողները, թե՛ հանրային սեկտորը, թե՛ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները»։
Ա. Մինասյանը նշեց նաեւ, որ նախարարությունը խնդիր է դրել պարզել, թե որքան է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ավազանի վերականգնվող պաշարը, որովհետեւ օրենքով սահմանված 1.1 մլրդ խորանարդ մետրը 80—ականների գնահատման արդյունք է. «Մեզ համար կարեւոր նշանակություն ունի Հայաստանում առհասարակ ջրային ռեսուրսների ձեւավորման եւ կառավարման խնդիրը։ Օրինակ, տարբեր տարիների միջինացված ցուցանիշներով Հայաստանի ստորերկրյա ջրային հոսքի, տեղումների արդյունքում գետային հոսքի ծավալն ընդհանուր մոտենում է շուրջ 9 մլրդ խորանարդ մետրի, որից մենք ընդամենը 20—25 տոկոսն ենք առարկայական օգտագործում երկրի ներսում։ Այսինքն, մեզ համար սկզբունքային նշանակություն ունի կառավարման համակարգում ջրի ամբարման խնդրի լուծումը, որպեսզի կարողանանք նաեւ թուլացնել ճնշումն Արարատյան դաշտավայրի վրա, ինչպես նաեւ, մյուս կողմից, ապահովենք Սեւանա լճի ջրի օգտագործման արդյունավետության բարձրացումը։ Ձգտելու ենք ստեղծել այնպիսի համակարգ, որը կապահովի, մի կողմից, ջրերի ամբարման, մյուս կողմից՝ դրանց օգտագործման արդյունավետությունը։ Մեր քաղաքականության հիմնական առանցքն այն է, որ այս ամենն իրականացվի դրամաշնորհների ու պետության ներքին ռեսուրսների հաշվին՝ առանց միջազգային վարկային միջոցների դիմելու»։
Անդրադառնալով Սեւանա լճից ջրառի ծավալների ավելացմանը՝ Ա. Մինասյանը շեշտեց, որ որպես բնապահպանության նախարարություն իրենք չէին կարող չարձագանքել հնարավոր բացասական ազդեցության տեսակետից. «Այլ բան է, երբ խոսում ենք օրենքի ընդունման վերաբերյալ արտահայտած կարծիքի մասին, որովհետեւ օրենքով թույլատրվում է ջրառի իրականացումը։ Օրենքի հիման վրա տրված մեր կարծիքը հետեւյալն էր. այո, օրենքով այն նախատեսված է, սակայն դրա համար անհրաժեշտ է պատշաճ հիմնավորումներ ներկայացնել։ Եվ այդ հիմնավորմանը մեր կողմից տրված կարծիքը հիմք է, որպեսզի հետագայում ջրային տնտեսության պետական կոմիտեն ու կառավարության մեր մյուս գործընկերները փոխեին օրենքի նախագիծը եւ ներկայացնեին այդ հիմնավորումները։ Հիմնավորումները ներկայումս առկա են։ Ավելին, եղանակային կանխատեսումները եւ սպասվող երաշտի բարձր հավանականությունը հնարավորություն տալիս են այդպիսի որոշում կայացնելու։ Սակայն մենք շարունակում ենք պահպանել մեր դիրքորոշումը, որ կա բացասական ազդեցության ռիսկի հավանականություն՝ մասնավորապես, դրական հաշվեկշռի առումով։ Մենք մեր տեսակետը չենք փոխել»։
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի խոսքով, «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագիրը տրամաբանական շարունակությունն է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող երկու այլ ծրագրի։ Առաջինը՝ «Մաքուր էներգիա եւ ջուր», արդեն ավարտված ծրագիրն էր, եւ երկրորդը՝ ընթացիկ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում» ծրագիրը, որը եւս նպատակաուղղված է Արարատի ու Արմավիրի մարզերում ջրօգտագործման պրակտիկայի բարելավմանը, ինչպես նաեւ ջրախնայողական համակարգերի տեղադրմանը։
«Ի սկզբանե խնդիրն այն էր, որ մենք ստորգետնյա ջրերի օգտագործման մասով ոչ արդյունավետ էինք, եւ այստեղ մեծ նշանակություն ունի գյուղատնտեսությունը ինչպես ոռոգման, այնպես էլ ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման մասով։ Արդյունավետության բարձրացման ծրագրերով ձկնաբուծական տնտեսություններում փորձարկում ենք ջրախնայողական կիսափակ համակարգերը, որոնց շնորհիվ տեղի է ունենում ջրի առնվազն 80 տոկոսանոց խնայողություն։ Ընդ որում, դա տնտեսության արդյունավետության վրա չի ազդում, նրանք որեւէ առումով չեն տուժում»,— հավելեց Ա. Հարությունյանը։
Անդրադառնալով ոռոգման թեմաներին՝ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը տեղեկացրեց, որ այս տարի Եվրամիության հետ միասին պատրաստվում են սկսել եռամյա ծրագիր, որի շրջանակներում ստեղծվելու են կաթիլային ոռոգման ենթակառուցվածքներ համայնքներում, իսկ 2018թ—ից կիրականացվի կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման համար ձեռք բերված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, որպեսզի ոռոգման մակարդակով խթանվի ջրերի արդյունավետ օգտագործումը. «Եվրամիության կողմից տրամադրվելու է շուրջ 10 միլիոն եվրո։ Միջոցները հատկացվելու են այն համայնքներին, որտեղ գյուղացիների մեծ մասը պատրաստակամ կլինի անցնել կաթիլային ոռոգման։ Գումարով այդ համայնքներում կտեղադրվեն համապատասխան ենթակառուցվածքներ, իսկ երկրորդ քայլը կլինի սուբսիդավորման միջոցով ֆերմերային տնտեսություններին խթանելը, որպեսզի նրանք եւս անցնեն ոռոգման կաթիլային համակարգի»։
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն հայտնեց 12 համայնքների ղեկավարներին եւ քաղաքացիներին նախաձեռնությանը մասնակցելու համար, քանի որ միայն քաղաքացիների մասնակցությամբ եւ ջանքերով է հնարավոր լուծել Հայաստանում ջրային ռեսուրսների ոլորտում առկա խնդիրները։ 
«Այս ծրագիրը համայնքների առաջնորդների ջանքերով պիտի իրականացվի։ Այն ցույց կտա, թե ինչպես ՀՀ քաղաքացին կարող է մասնակցել ջրային ռեսուրսների կառավարմանը։ Ձեր ջանքերը կդառնան Հայաստանի ջրային խնդիրների մասնակցային եղանակով լուծման մոդել։ Սա Հայաստանի եւ ԱՄՆ համագործակցության վերջին օրինակն է, եւ հպարտ ենք, որ մասնակից ենք ձեր երկրի թանկարժեք ջրային պաշարների պահպանության ջանքերին»,— հավելեց դեսպանը։
«Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է նպաստել ջրի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, նվազեցնել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի ջրառը, խթանել ջրային պաշարների պատասխանատու օգտագործումը, նպաստել ջրային պաշարների կառավարման բարելավմանը եւ պատասխանատվության բարձրացմանը։ Այս ամենին ծրագիրը մտադիր է հասնել իրավակարգավորող դաշտի բարելավման, քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու, նրանց ջրի կառավարման գործընթացներին մասնակից դարձնելու, վերահսկողության գործիքներ տալու միջոցով։ Ծրագիրը որոշակի ներդրումներ կիրականացնի նաեւ ջրային ենթակառուցվածքները բարելավելու նպատակով։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 304 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024