ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 19.11.2017, 21:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [362]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [513]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 9 » Բարենպաստ միջավայրի ստեղծման նոր մեխանիզմներ /Գործադիրը հաստատել է ներդրումային քաղաքականության հայեցակարգը/
14:33
Բարենպաստ միջավայրի ստեղծման նոր մեխանիզմներ /Գործադիրը հաստատել է ներդրումային քաղաքականության հայեցակարգը/

Կառավարությունը երեկվա նիստում հավանություն տվեց ներդրումային քաղաքականության հայեցակարգին եւ դրանից բխող միջոցառումների ժամանակացույցին։ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ հայեցակարգն ուղղված է ներդրումային ոլորտում բաց դռների քաղաքականությանը, օտարերկրյա ներդրողների համար դաշտի ազատականացմանը։ Նախարարը կարեւորեց այն հանգամանքը, որ միջոցառումները համահունչ լինեն այլ ոլորտներում իրականացվող քաղաքականության հետ։
Ներդրումներին նպաստող առաջին բլոկը առեւտրի պարզեցումն է, երկրորդը՝ մրցունակ միջավայր ստեղծելն ու պահպանելը, երրորդը՝ հարկային քաղաքականությունը, չորրորդը՝ «կանաչ զարգացումը» մոտեցումը։
Խոսելով ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալի մասին՝ Կ. Ճշմարիտյանը նկատեց, որ կա 4,7 միլիարդ դրամի աճ։
Ըստ բանախոսի, վերջին տարիներին Հայաստանում ներդրումները, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները դրսեւորել են տատանողական դինամիկա, մասնավորապես՝ մինչճգնաժամային շրջանում գրանցվում էր ներդրումների աճ, ինչին հաջորդեց ներդրումների կտրուկ անկումը 2009թ. ճգնաժամի ընթացքում, իսկ հետագայում դրսեւորվեց անկայուն դինամիկա։ Մյուս կողմից՝ ՀՀ—ում անկախացումից ի վեր, չնայած «բաց դռների» քաղաքականության իրականացմանը, ներդրումային քաղաքականությանն առնչվող գրեթե ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել, բացառությամբ 1994թ. ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի, որը ներկայումս որոշակի վերանայման կարիք ունի։ «Միեւնույն ժամանակ, տարբեր ռազմավարական փաստաթղթերում գործնականում գրեթե անդրադարձ չի կատարվել ներդրումային քաղաքականությանը եւ ներդրումային միջավայրին։ Այս պայմաններում ներդրումների եւ հատկապես օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելացումը, ներդրումային գործունեության ակտիվացումը, ներդրումային միջավայրի բարելավումն ապահովելու նպատակով խիստ կարեւորվում է եւ անհրաժեշտ է համապատասխան տեսլականի ու հստակ գործողությունների ծրագրի առկայություն, ինչը հնարավորություն կընձեռի ունենալու հստակ պատկերացում ներդրումների հետ կապված խնդիրների, դրանց լուծումների եւ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ»,—ասաց էկոնոմիկայի նախարարը։
Նա միաժամանակ հավելեց, թե հենց այս նպատակով էլ մշակվել է ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը, որի միջոցառումների ծրագիրը հիմք է լինելու փուլ առ փուլ լուծելու վերոնշյալ խնդիրները համապատասխան ռազմավարությունների ու միջոցառումների իրականացման միջոցով։
Կ. Ճշմարիտյանը վստահ է, որ հայեցակարգի ընդունումն ու միջոցառումների ծրագրի իրականացումը կհանգեցնեն Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմանը, ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, ներդրումային նոր մեխանիզմների ներդրմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդմանն ու վերջինիս հիման վրա տնտեսական զարգացման ապահովմանը։
Ի դեպ, նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ վերջինս 2014թ. ՀՀ—ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրի առանձին կետ է, ըստ որի՝ առանց հայեցակարգի ընդունման հնարավոր չէ ստանալ համապատասխան միջոցները։
Այս ռազմավարության գործարկումից ի՞նչ ակնկալիք ունի գործադիրը։ «Մեր երկրում ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւավորում, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացում, երկրի մրցակցային առավելությունների բացահայտում, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացում, շուկայական ենթակառուցվածքի զարգացում, որակյալ եւ բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծում, մարդկային կապիտալի զարգացում եւ այդ բոլորի հիման վրա՝ տնտեսական կայուն աճի ու բնակչության բարեկեցության ապահովում»,—ամփոփեց նախարարը։
Մանրամասնելով հայեցակարգով նախատեսված 4 հիմնական ուղղությունները, որոնք այս կամ այն չափով ազդում են ներդրումային քաղաքականության վրա, նախարարը նշեց, թե առաջինը առեւտրային քաղաքականությունն է, եւ խոսքը առեւտրի ոլորտում առավել պարզեցված ու արգելքների վերացմանն ուղղված աշխատանքների, նպատակային առեւտրային քաղաքականության մասին է։ Երկրորդ ուղղությունը, որ մրցակցության ապահովումն է, վերաբերում է մրցունակ միջավայր ստեղծելուն ու պահպանելուն, մրցակցության սկզբունքները հարգելուն, անտեղի սահմանափակումներից խուսափելուն։ Երրորդ ուղղությունը վերաբերում է հարկային քաղաքականությանը, իսկ չորրորդ ուղղությունը, այսպես կոչված, կանաչ զարգացմանը։ «Սա ներդրումների համար ամենագրավիչ ոլորտն է, որը խթան է հատկապես ինովացիաների համար»,–ասաց Կ. Ճշմարիտյանը։
Նախարարը ուշագրավ համարեց այն, որ հայեցակարգով կառավարությունն առանձնահատուկ պայմաններով խրախուսելու է սփյուռքահայ գործարարների ներդրումները։ Սփյուռքահայերի համար ստեղծվելու է խրախուսման նպաստավոր միջավայր։
Լրագրողների այն հարցադրումներին, թե գործադիրը հավատո՞ւմ է, որ այս հայեցակարգով ներդրումները Հայաստանում ավելանալու են, նախարարը պատասխանեց, որ եթե հույս չունենային, որ փաստաթուղթը նպաստելու է ներդրումների ավելացմանը, ապա ոչինչ չէին անի։ Բացի այդ, նրա խոսքերով, «սա միայն մեկ փաստաթղթով, միայն մեկ գերատեսչության խնդիր չէ, սա ընդհանուր միջավայրի հարց է»։
Հավելենք, որ ձեւավորվելու են ներդրողների մտահոգություններին եւ բողոքներին արձագանքելուն ուղղված մեխանիզմներ։


Կմեկնարկի 33  մլն—անոց ծրագիր
 

Հենց այս նիստում, երբ հաստատվեց ներդրումային քաղաքականության հայեցակարգը, գործադիրը հավանություն տվեց Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման եւ ջերմոցային տնտեսություն հիմնելու 33 մլն եվրո արժողությամբ ներդրումային ծրագրին (նախատեսվում է վարկի մարումը իրականացնել 7 տարվա ընթացքում կանխատեսվող շահույթի հաշվին)։
Ըստ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, 33 միլիոն եվրոյից 21 միլիոն եվրոն նախատեսված է աղբի վերամշակման գործարանի, 11 միլիոն եվրոն՝ ջերմոցային տնտեսության համար։ Իսկ 1 միլիոն եվրոն էլ այլ ծախսերի համար։ Ծրագիրն ամբողջությամբ մասնավոր գործակցության արդյունք է։
Մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ 2014թ.՝ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիա կատարած աշխատանքային այցի ընթացքում։ Կառավարությունն ընդունեց նաեւ հայ—չեխական «Գրինէկո—Կաս» ՍՊԸ—ին այդ հողամասն ուղղակի վաճառքի ձեւով օտարելու համաձայնություն տալու մասին որոշում։
Արմավիր քաղաքի վարչական տարածքի հյուսիսային մասից, աղբավայրի հարակից տարածքից 15.0 հա մակերեսով հողատարածություն կնախատեսվի աղբի վերամշակման գործարանի կառուցման եւ ջերմատնային տնտեսություն հիմնելու համար։ Շուկայավարման պլանի համաձայն, աղբի վերամշակման արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրությունը ծախսվելու է ջերմոցային տնտեսության կարիքների համար, իսկ ավելացած մասը վաճառվելու է պետությանը։
Ջերմոցային տնտեսության արտադրանքը կիրացվի արտերկրում։ Էլէներգիան կվաճառվի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնով, իսկ ջերմոցային տնտեսության արտադրանքը՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքներով։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 110 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017