ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 18:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հուլիս » 20 » Բարոնուհի Քոքսի արահետը /Որ նրա փառավոր ու անշահախնդիր արցախյան առաքելության վկան ու վկայագիրն է/
09:48
Բարոնուհի Քոքսի արահետը /Որ նրա փառավոր ու անշահախնդիր արցախյան առաքելության վկան ու վկայագիրն է/

1992 թվականի հունվարի 4—ին նշանակված էր Ղարաբաղի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Նախորդ օրը ես, այն ժամանակ արդեն որպես ԼՂՀ ԳԽ ժողովրդական պատգամավոր, թռա Երեւան։ Գիշերը դիմավորեցի Քոքսի խմբին՝ դեղորայքի եւ սննդամթերքի հերթական բեռով։ Հունվարի 3—ին լեփ—լեցուն բարձված ՄԻ—8—ը օդ բարձրացավ։ Պետք է վայրէջք կատարեինք Գյուլիստանում։ Այնտեղ էինք թողնելու բեռի մի մասը եւ թռչելու Ստեփանակերտ։ Բայց Գյուլիստանը, որտեղ մեզ սպասում էր Շահեն Մեղրյանը, խուլ պատված էր մառախուղով։ Թռչում էինք՝ ասես կաթի միջով։
Այդ պատճառով ուղղաթիռը վայրէջք կատարեց Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում։ Ողջ գյուղը եկավ մեր խմբին ուղեկցելու մինչեւ գյուղխորհուրդ։ Իսկ այնտեղ ասացին, որ փոխադրամիջոց չունեն։ Ելքը մեկն էր՝ մի քիչ սոլյարայուղ գտնել, արժեքավոր բեռը դնել տրակտորի լաֆետին եւ ոտքով ձյունապատ ճանապարհով, դարավանդն անցնելով, հասնել նշանավոր Վանք գյուղ (այնտեղ, ուր սարի վրա վեր է խոյանում Գանձասար տաճարը) եւ այնուհետ՝ մինչեւ Ղարաբաղի մայրաքաղաք, արդեն ինչով պատահի։ Երկու կիլոմետր անցնելուց հետո տրակտորը փչացավ։ Այնինչ դեռ տասը կիլոմետր էլ պետք է անցնեինք։ Թե ինչպես հասանք Վանք՝ առանձին պատմություն է։ Եվ ուսանելի։ Դրանում նույնիսկ շատ ճշգրիտ գծագրվում է Քոքսի կերպարը՝ որպես ոչ միայն նախաձեռնող ու վճռական, այլեւ, գլխավորը, գործուն, նույնիսկ հանդուգն կնոջ։ Իսկ եղավ այսպես։
Քոքսն անպայման պետք է այնտեղ ելույթ ունենար Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անունից Արցախի պատմության մեջ առաջին անգամ ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի առաջին նիստում… Բայց նույնիսկ հանուն նրա հնարավոր չէր հետաձգել նստաշրջանը։ Իսկ եղանակը թռիչքային չէր։ Վերին Հոռաթաղ գյուղը ժամանման վերջին կետն էր, իսկ մինչեւ Ստեփանակերտ, ինչպես արդեն ասացի, մենք կարող էինք հասնել միայն հաղթահարելով դարավանդը։ Իսկ մեզ հետ էին նաեւ Պետդումայի եւ Մոսկվայի դումայի ներկայացուցիչներ, ժուռնալիստներ Հայաստանից, արտասահմանից։ Կդիմանա՞ն արդյոք։
Երբ Քերոլայնն իմացավ, որ նստաշրջանը հետաձգել չի կարելի, ոչինչ չասելով, բարձրացավ ուղղաթիռ։ Այնտեղից դուրս բերեց իր ուսապարկը, մոտեցավ ինձ եւ կամացուկ հարցրեց. «Ո՞ր ուղղության վրա է Ստեփանակերտը»։ Ես պատասխանեցի, որ հարցն այնքան էլ ուղղությունը չէ, այլ այն, որ Վերին Հոռաթաղի եւ Ստեփանակերտի միջեւ բարձրանում է մի հսկայական սար, որի վրա կանգնած է Գանձասար տաճարը։ Ձեռքով ցույց տվեցի սարը։
Ոչինչ չասելով, գիշերով ճամփա ընկավ։ Եվ իհարկե, բոլորս անմիջապես հետեւեցինք նրան։ Կեսգիշերին մոտ գագաթը հաղթահարեցինք։ Սպասեցինք մինչ բոլորը տեղ հասնեն։ Գագաթին մեզ դիմավորեց մի ողջ բազմություն Վանք գյուղից. այդ մասին հոգացել էր Վերին Հոռաթաղի գյուղխորհուրդը։ Լուսադեմին եկավ մի մեծ բեռնատար։ Դա արդեն ես էի հոգացել։ Եվ հասանք Արցախի առաջին խորհրդարանի անդրանիկ նիստին։
Քոքսը մի ամբողջ տարի, որտեղ էլ որ լիներ, պատմում էր այդ ֆանտաստիկ անցման մասին։ Եվ հաճախ էր կրկնում, որ դա իր պատմական արահետն է։
***
…Քոքսը չէր հասցրել տուն դառնալ Արցախի առաջին խորհրդարանի անդրանիկ նիստին մասնակցելուց հետո, երբ ուղիղ մեկ շաբաթ անց ստիպված էր նորից հավաքել ճամպրուկը՝ թռչելու Երեւան։ Իսկ Երեւանից՝ ուղղաթիռով Շահումյան։ Հենց Շահումյանի վրա իջավ «Գրադ»—ի առաջին հարվածը 1992 թվականի հունվարի 13—ին։
Ես նորից կպա ԲՀ հեռախոսին։ Տեղեկացրեցի բոլորին, ում հնարավոր էր։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Դուբինինն ասաց. «Նման բան չի կարող լինել. դա ահավոր հրանոթ է»։ Մեր հեռագրերը հասան աշխարհի բոլոր պառլամենտներին. մահաբեր կայանքներից հարյուր կիլոգրամանոց եւ երեք մետրանոց հրթիռը հարվածում է հայկական փոքրիկ գյուղին։ Բայց աշխարհը լռում էր։ Արձագանքեցին միայն Քերոլայն Քոքսը եւ Անդրեյ Նույկինը (խորհրդային եւ ռուսաստանյան գրաքննադատ, գրող, հրապարակախոս, ԿՐԻԿ—ի անդամ)։ 
Շահումյանում մեզ դիմավորեց Շահեն Մեղրյանը։ Ցույց տվեց դպրոցը, որն իրականում արդեն գոյություն չուներ։ Մի կողմից մտնելով դպրոցի շենք, հրթիռը մյուս կողմից դուրս էր նետել ներսում եղած ամեն ինչ։ Չէ՞ որ «Գրադ»—ը ոչ միայն պայթեցնում է, այլեւ հրկիզում։ Քիչ հեռու, ճամփեզրին ընկած էին հրթիռի բեկորները։ Քոքսն առաջարկեց, որ դրանք տանենք մեզ հետ։ Այն ժամանակ դեռ չգիտեի, թե մտքին ինչ կար։ Միայն մեկ օր անց, արդեն Ստեփանակերտում նա առաջարկեց ինձ եւ Պարգեւ սրբազանին իր հետ մեկնել Մոսկվա, իսկ այնտեղից՝ ԱՄՆ։
Մոսկվայում լեդի Քոքսը հանդիպումներ կազմակերպեց ԱՄՆ—ի, Կանադայի, ԳՖՀ—ի, Ֆրանսիայի եւ Անգլիայի դեսպանների հետ։ Եվ ամենուր ցույց էր տալիս «Գրադ»—ի բեկորները։ Նույնն արեց Վաշինգտոնում, Սպիտակ տանը, ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Բրենդ Սկոկքրաֆթի աշխատասենյակում։ Աշխատասենյակի տերը, ձեռքում երկար շուռումուռ տալով երկաթի չարագուշակ կտորը, արտաբերեց «հրեշ» բառը։ Ես նրան հարցրեցի. «Հնարավո՞ր է արդյոք պայքարել նման հրեշի դեմ»։ Նա պատասխանեց. «Հրեշի դեմ հրեշ է հարկավոր»։
…Երեւանից զանգեցին Ստեփանակերտ։ Հայտնեցին, որ Ծննդյան տոներին ժամանելու է մեծ խումբ Ցյուրիխից։ Այն գլխավորում է «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության նախագահ, հայտնի իրավապաշտպան եւ եկեղեցական գործիչ Հանս Շտուկելբերգերը։ Նրա խմբում էր եւ Քերոլայն Քոքսը։
ԻԼ—76 օդանավով բերեցին քառասունհինգ տոննա բեռ։ Ես եկա Երեւան՝ խմբին դիմավորելու։ Բեռը ճամփեցինք «ԿամԱԶ»—ներով, իսկ խումբը հետեւից շարժվեց «Իկարուս»—ով։ Դա 1993 թվականի հունվարի 5—ին էր։
Սարավան գյուղակի մոտ շատ մեքենաներ էին կուտակվել։ Ձյուն։ Քամի։ Մեր ավտոբուսը շարժվում է կրիայի պես։ Վերջապես այն էլ լռվեց։ Մեր կողքին ձնապատ մեքենաներ են՝ բեռնատար, մարդատար։ Հետեւում եւ առջեւում նույն պատկերն է…
Ժամը հինգին մոտ ամբողջովին մթնեց։ Երեւում է՝ երկար էինք մնալու կանգնած։ Իսկ դա նշանակում է, որ «Իկարուս»—ի շարժիչը ամբողջ գիշեր պետք է աշխատի անդադար, քանզի դրսում մինուս տասնհինգ—քսան աստիճան է, իսկ այրող եւ ուժգին քամու պայմաններում սառելու վտանգը լիովին իրական է։
Բոլորս հայտնվել էինք ձյան գերության մեջ, ավելի քան երեսուն հոգով։ Եվ հայտնի էլ չէր, թե երբ կհասցնեն մաքրել մայրուղին։ Ստիպված էինք համակերպվել ճակատագրին եւ… հանել ուտելիքի պաշարները։ Մի քիչ ավելի ուրախ մթնոլորտ տիրեց։ Բայց անսպասելիորեն բարձր թակեցին ավտոբուսի կողին։ Երբ վարորդը բացեց դուռը, սրահ ներխուժեց կտրող սառնաշունչ օդը։ Իսկ ավտոբուս բարձրացավ երիտասարդ կին՝ կրծքի երեխան գրկին…
Տեսնելով մրսած կնոջը՝ երեխան գրկին, Քոքսն իրար անցավ։ Իսկույն առաջարկեց դուրս գալ ավտոբուսից եւ նայել շուրջը, արդյոք մեքենաներում չկա՞ն ուրիշ երեխաներ։ Եվ ընդհանրապես ուշադրություն դարձնել բոլոր մեքենաներին. արդյոք դրանց ուղեւորներին նույնպես օգնություն պետք չէ՞։
Նա դուրս եկավ առաջինը…
Այդ գիշերվա մասին, երբ ձնաբուքը գերի վերցրեց ավելի քան հարյուր մարդու, այդ թվում նաեւ փոքրիկ երեխաների, որոնց տեղափոխեցինք մեր ավտոբուս, այն մասին, որ եթե չլիներ «Իկարուս»—ը, անխուսափելի կլիներ դժբախտությունը, եւ այն մարդկանց մասին, որոնք կանխեցին այդ դժբախտությունը, անտեսելով սառնամանիքն ու քամին, Քոքսը պատմեց Բոստոնում լայն լսարանի առջեւ։ Երբ նայում էի Ամերիկայից ինձ ուղարկված տեսաերիզը նրա ելույթով, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե ինքը այդ ժամանակ նստել էր սրահում, իսկ ինչ—որ հերոսներ փրկում էին երեխաներին։ Ասես առաջինը ինքը չէր դուրս նետվել դեպի ահավոր սառնամանիք։
***
Արցախ կատարած իր յուրաքանչյուր այցելության ժամանակ լեդի Քոքսը հանդիպում էր Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանի հետ։ Ժողովուրդը Մոնթեին կոչում էր Ավո. այդպես կարճ էր եւ հասկանալի։ Ավոն ծնվել ու մեծացել էր Ամերիկայում, եւ, բնական էր, որ նրա հարազատ լեզուն անգլերենն էր։ Այդ քաջարի մարդը դեպի իրեն էր ձգում բոլորիս։ Բացի այդ, նա փիլիսոփա էր։
Քոքսի առաջին հանդիպումը Ավոյի հետ տեղի ունեցավ 1992 թվականի հունիսին, այսինքն Շուշիի ազատագրումից մեկ ամիս անց։ Այն ժամանակ քչերը գիտեին Ավոյին։ Նաեւ այն պատճառով, որ որոշում էր ընդունվել առանձնապես չհրապարակել նրա անունը զանգվածային լրատվամիջոցներում, որպեսզի հանկարծ միայն նրա պատճառով ազերները չահազանգեն ողջ աշխարհին, թե Ղարաբաղում կռվում է ողջ սփյուռքը։ Չէ՞ որ արդեն խոսակցություններ էին գնում այն մասին, թե մոլորակի բոլոր հինգ մայրցամաքներից Ղարաբաղ են հոսում այսպես կոչված «Հայկական զորարշավային կորպուսի» կամավորները։
Այդ պատճառով էլ մենք նախազգուշացրինք Քոքսին. Մոնթե Մելքոնյանին կարելի է նկարահանել խցիկով, բայց ավելի լավ է ոչ մի տեղ ցույց չտալ այդ կադրերը։ Քոքսը համաձայնեց. նա ընդհանրապես կարգապահ անձնավորություն է։ Խոսք տվեց։
Այդ նույն առաջին հանդիպման վերջում Ավոն ասաց մեզ, որ չի կարող հյուրերին բաց թողնել քաղցած եւ առաջարկեց «մի կտոր հաց ուտել» Մարտունիում։ Դա ընդունված բան է, եւ մենք համաձայնվեցինք։ Չնայած որ իսկական «մի կտոր հացը» մեզ սպասում էր Շոշ գյուղում, որը Ստեփանակերտից դեպի հյուսիս—արեւմուտք տասը—տասներկու կիլոմետր հեռու էր։ Այնտեղ մեզ սպասում էին արցախյան պատերազմի հերոս Ագո Հարությունյանի հարսանիքին։ Առաջ անցնելով ասեմ, որ Ավոյի ողորմածությամբ մենք, իհարկե, ուշացանք հարսանիքից։ Բայց դա այլ պատմություն է։ Նույնիսկ չափազանց զվարճալի։ Եթե համառոտ, ապա մեզ համար (այսինքն ընդհանուր առմամբ՝ լեդի Քոքսի համար) հարսանիքը կրկնեցին։
Իսկ մինչ այդ Մարտունիի հայտնի քարուքանդ ճանապարհով (որպես տեղական խնդիրների նկատմամբ ադրբեջանական ղեկավարության անտարբերության ցուցանշական պատկերում) մենք, հաղթահարելով ոչ միայն ցեխը, այլեւ խավարը, շտապում էինք Շոշ։ Հակառակ իր սովորության, Քոքսը ճանապարհին լռում էր։ Ինձ թվաց, որ նա լռում է մտահոգված։
—Խնդիրնե՞ր կան,— հարցրեցի ես։
—Կան,— ասաց նա։— Դուք ամեն ինչ սխալ եք որոշել։ Չի կարելի Մոնթեին թաքցնել աշխարհից։ Ես, իհարկե, խոսք եմ տվել եւ կպահեմ այն։ Բայց դա ճիշտ չէ։ Չէ՞ որ այն մասին, ինչ ասում էր ինձ Մոնթեն, մարդկանց չպատմելը մեղք է։ Որքան առողջ դատողություն, տրամաբանություն կա նրա պատմություններում։ Չափազանց հետաքրքիր են նրա փիլիսոփայական հայացքները։ Ես իրեն ասում եմ՝ շատերն են, հավանաբար, զարմանում, որ նա թողել է Ամերիկայի իր տունը եւ եկել այստեղ, որտեղ ամեն օր սպանում են։ Իսկ նա ինձ պատասխանում է, թե զարմանալ պետք է ոչ թե նրա վրա, որ ինքը եկել է, այլ նրա, որ ոչ բոլորն են գալիս։ Քանզի սա պարզապես պատերազմ չէ, եւ պարզ պատերազմ էլ չէ։ Չէ՞ որ ողջ աշխարհը, ասես պայմանավորված, վերջին խոսքերով պախարակում է խեղճ ղարաբաղցիներին։ Եվ ինչի՞ համար։ Նրա համար, որ նրանք չե՞ն ցանկանում մեռնել։ Նրա համար, որ պայքարում են հանուն իրենց ազատության՝ ստեղծված իրավիճակում վարվում են այնպես, ինչպես վայել է վարվել ցանկացած ժողովրդի։ Նրանք այնպիսին են, ինչպիսին իրենց ստեղծել է Տերը։ Ճշմարտությունը նրանց կողմում է։ Եվ ես գտնում եմ, որ անպայման պետք է թույլատրել պատմել գոնե Մոնթեի փիլիսոփայության մասին։
Խոստացա, որ անպայման այդ հարցը կհամաձայնեցնեմ Ղարաբաղյան շարժման ղեկավարության հետ։ Դա նույնպես կարգապահություն է, որը խախտել չի կարելի։ Պայմանավորվելով Սերժ Սարգսյանի հետ, որն այն ժամանակ ղեկավարում էր Արցախի պաշտպանության նախարարությունը, արդեն հաջորդ օրը հաղորդեցի Քոքսին, որ իր առաջարկն ընդունված է՝ որպես լիովին արդարացի։ Ճշմարտությունը դեռ ոչ մեկին չի խանգարել։ Եվ շուտով ողջ աշխարհը (ոչ միայն հայկական) իմացավ Արցախի ազգային հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանի մասին, որը դարձավ իսկական լեգենդ։
…Ամեն անգամ բարոնուհուն ուղեկցում էր նոր թիմ։ Պատերազմի տարիներին ավելի հաճախ նրանք բժիշկներ էին, ականազերծողներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ եւ ուրիշներ, բոլորն էլ տարբեր երկրներից։ Եվ ամեն այցելության հետ աճում էր մեր բարեկամների թիվը։ Ապշեցնում էր այն, որ նա ծրագրում էր, ինչպես ինքն էր ասում՝ «այցի բովանդակությունը»։ Երբ իմացավ Քարինտակի մարտի մասին (1992 թվականի հունվարի 26), հասկացավ, որ սկսվել է արդեն իսկական պատերազմ, որն ընթանալու է Արցախի տարածքում։ Իսկ դա նշանակում է, որ լինելու են ահռելի քանակով վիրավորներ։ Եվ 1992 թվականի փետրվարի սկզբից մինչեւ ապրիլի կեսը քառասուն տոննա բեռնատարողությամբ Իլ—76—ով կազմակերպեց մարդասիրական օգնության հինգ չվերթներ։ Հիրավի, դրանք «շտապօգնության» օդային ծառայություններ էին, որոնք օդով տեղ էին հասցնում հավանաբար հարյուրավոր կիլոմետրերով բինտեր, հազարավոր ու հազարավոր քառակուսի մետրերով թանզիֆ, չխոսենք արդեն տոննաներով, այսպես ասած՝ ռազմաճակատային դեղորայքի մասին։
Քոքսը հաճախ էր կրկնում, որ մարդը չպետք է մահանա ցավից, իսկ վիրավորները չպետք է տառապեն ցավից։ Ոչ առանց հպարտության նա պատմում էր այն մասին, որ Արցախում շատ հաճախ մահից փրկել են ադրբեջանցի գերիներին։
***
…1992 թվականի դեկտեմբերին Քոքսի թիմում ընդգրկված էր լորդ Մելկոմ Պիրսոնը՝ դստեր հետ։ Մեկ շաբաթ նա ապրում էր, գտնվելով գործնականում անվերջանալի գնդակոծության տակ։ Հանգիստ էր։ Զրույցի ժամանակ՝ ժպտադեմ։ Ամենից շատ ապշած էր նրանից, որ աշխարհը լռում է, թեեւ բոլոր մեծ տերությունները գիտեին, թե ինչ է կատարվում Ղարաբաղում։ Իր գրառումները նոթատետրում Մելկոմը անվանում էր յուրօրինակ բիկֆորդյան քուղ։ Արցախյան այցելությունից հետո Լորդերի պալատի առաջին նիստին Մելկոլմ Պիրսոնը ուղղակի վառեց իր «բիկֆորդյան քուղը»։ «Պայթյունը» լսվեց Լոնդոնի սահմաններից շատ հեռու։ Նա մանրամասնորեն պատմեց այն ամենի մասին, ինչ տեսել էր սեփական աչքով եւ ցուցադրեց եվրոպական երկրներում եւ ամենից շատ՝ Թուրքիայում պատրաստված ռազմավարային զինատեսակների իր կատարած լուսանկարները։
Ելույթից մեկ օր անց լորդ Պիրսոնը վերջնագիր ստացավ Թուրքիայից։ Պարզվեց, որ այդ արի, սկզբունքային եւ իմաստուն շոտլանդացին համատեղ ապահովագրական բիզնեսում ընդհանուր գործընկերներ ուներ։ Վերջնագիրն ուղղակի խստիվ պահանջ էր դնում. «Կա՛մ հրապարակավ հրաժարվում ես քո բառերից, կա՛մ խզում ենք պայմանագիրը»։ Իսկ դա նշանակում էր կորցնել ավելի քան չորս միլիոն ֆունտ ստեռլինգ։ Եվ Պիրսոնը պատասխանեց Լորդերի պալատի բարձր ամբիոնից. «Ինձ համար մեկ երեխայի կյանքը, տվյալ դեպքում՝ ղարաբաղցի երեխայի, թանկ է բոլոր փողերից»։
***
…Յուրաքանչյուր այցելությունից առաջ Քոքսը ծրագիր էր կազմում, որպեսզի իմանար, թե հերթական թիմում առաջին հերթին ինչ մասնագետներ են ընդգրկվելու։ Եվ ամեն անգամ կապվում էր ինձ հետ։ Այդ օրը պատմեցի, որ մեզ մոտ հսկայական խնդիր է ծագել՝ կապված այն վիրավորների ճակատագրի հետ, որոնք գամված են անկողնուն, սայլակին… Հիմնականում ողնաշարային վնասվածքներ ստացած տղաներն էին։ Քոքսն այդ անգամ եկավ հսկայական, մոտ քսան մարդուց բաղկացած թիմով։ Համարյա բոլորն աշխատակցում էին Քրիստոնեական համերաշխության միջազգային եւ անգլիական կազմակերպություններին, նեւրոպաթոլոգիայի եւ վիրաբուժության խոշոր մասնագետներ էին։ Եվ ահա նախկին թիվ 10 դպրոցի կիսավեր, անդուռ, անպատուհան շենքում հավաքվեցին մոտ մեկ դյուժին սայլակավոր հիվանդներ։ Յուրաքանչյուր սայլակի կողքին տխուր աչքերով կանգնած էին կանայք, մայրեր, երեխաներ։ Անմիջապես հիմնադրեցին կլինիկա՝ բարձրահունչ անունով. «Միջազգային քրիստոնեական համերաշխություն»։ Երկու ամիս անց եկան շինարարները՝ հատուկ սարքավորումներով։ Եվ այդ ամենը՝ պատերազմի պայմաններում։ Շուտով դպրոցի շենքն իրոք կլինիկայի տեսք ստացավ։ Ավելի ուշ բերեցին արդեն բժշկական սարքավորում՝ բուժական ֆիզկուլտուրայի համար։ Այսօր դա ժամանակակից վերականգնողական կենտրոնն է, որը կրում է Քերոլայն Քոքսի անունը։ Այնտեղ բուժվում են (այդ թվում նաեւ՝ տնային պայմաններում) բարդ ախտորոշում ունեցող հարյուրավոր հիվանդներ։
***
…1992 թվականի ապրիլի 11—ի վաղ առավոտյան պետք է գնայինք Շոշ գյուղ (մեզ հետ էին Ելենա Բոնների որդի Ալյոշան եւ հեռուստալրագրող Արթուր Գրիգորյանը)։ Բայց ինչ—որ մեկն ինձ զանգեց եւ ասաց, որ գիշերը հիմնիվեր հրկիզել են Մարաղա գյուղը, ողջ—ողջ այրելով հայերին։ Ես փոխեցի երթուղին։ Երեք ժամ անց տեսանք իսկական Օսվենցիում։ Ադրբեջանցիներին հասցրել էին քշել. բայց գյուղն այլեւս չկար։ Մնացել էր ընդամենը մի քանի մարդ։ Մի ամբողջ օր Քոքսը եւ լոնդոնցի հեռուստալրագրող Վանյա Քուլին նկարահանում էին այդ ողջ դժոխքը։ Ժապավեններին պատկերված էին գլխատված եւ վառված դիակներ։ Այդ կադրերի մի մասը ցուցադրեցին «Վեստի» հեռուստածրագրով։ Բայց աշխարհը զարմանալիորեն հանգիստ վերաբերվեց Մարաղայի ողբերգությանը։ Ավելի շուտ այն պատճառով, որ ազերները եւ թուրքերը շատ ավելի ակտիվորեն էին քարոզչություն վարում, ապատեղեկացնելով մոլորակը։
Ողբերգության վայր ժամանած Քերոլայն Քոքսին ցնցեց բացված պատկերը։ «Նրանք մարդկային ցեղից չեն»,— այսպես արտահայտվեց լեդի Քոքսը կոտորածն իրականացրած ադրբեջանցի զինվորականների հասցեին։ Այդ գազանությունները բարոնուհին ոչ միայն լուսանկարեց ու տեսանկարեց, այլեւ նկարագրեց իր բազմաթիվ հարցազրույցներում եւ «Էթնիկական զտումները շարունակվում են» գրքում։
«Այն, ինչ մենք տեսանք այնտեղ, ենթակա չէ նկարագրման։ Գյուղը բացարձակապես ավերված էր, ավելի ճիշտ՝ ոչնչացված։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ՝ այն, ինչ կարելի էր թաղել. կտրտված ու սղոցված մարմնի մասեր, ողջակիզվածներին եւ տանջամահ արվածներին։ Մենք տեսանք լերդացած արյունը վրան սուր մանգաղներ, որոնք օգտագործվել էին անդամահատման համար։ Սպանելով Մարաղայի բնակիչներին, ադրբեջանցիները հետո թալանել ու հրկիզել էին գյուղը։ Ի դեպ, մեզ պատմեցին, որ զինվորներից հետո այստեղ հայտնվեցին նաեւ քաղաքացիական անձինք՝ ճամպրուկներով, որոնք ավարտեցին թալանը, մենք տեսանք գետնին ընկած մի քանի պայուսակներ՝ խցկած բարիքով, որոնք դիակապտողներին չէր հաջողվել տանել»,— վկայեց Քերոլայն Քոքսը 1992 թվականի ապրիլին։
«Ձեր կողմում է ամենահզոր զենքը՝ ճշմարտությունը,–պնդում էր բարոնուհի Քոքսը։–Միջազգային կառույցներում հարկավոր է բարձրացնել հարցն այն մասին, որ Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն գործել Ղարաբաղի բնակչության հանդեպ։ Պետք է ավելի ակտիվորեն աշխարհին ներկայացնել հայերի դեմ ուղղված զանգվածային հանցագործությունները Մարաղայում, Սումգայիթում, Բաքվում եւ այլ տեղերում։ Դրանք հանցագործություններ են մարդկության հանդեպ…»։
«Դե—ֆակտո»—ի կողմից
…Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը պատասխանեց Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ֆահրադդին Ղուրբանովի հոդվածին բրիտանական «The Guardian» պարբերականում, որտեղ դեսպանը վրդովմունքով գրել էր լուսանկարիչ—փաստագրող Անաստասիա Թեյլոր—Լինդի մասին, ով Լեռնային Ղարաբաղ էր այցելել 2011 թվականին։ Բարոնուհու նամակը նույնպես հրապարակվեց «The Guardian»—ում։
«Ես եղել եմ Լեռնային Ղարաբաղում 80 անգամ, հիմնականում 1991—ից մինչեւ 1994 թվականները, իմ աչքով եմ տեսել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկական զտումները։ Ստեփանակերտի խաղաղ բնակիչների վրա արձակվել է «Գրադ» կայանքի 400 արկ։ Ես տեսել եմ բազմաթիվ գազանություններ, այդ թվում՝ Մարաղա գյուղի բնակիչների կոտորածը 1992—ին։ Ես տեսել եմ դեռեւս ծխացող տներ, գլխատված մարմիններ, մարդկային ածխացած դիակներ, կատարվածից ցնցում ապրած փրկվածների։ Մոտակա հիվանդանոցում ես հանդիպել եմ գլխավոր բուժքրոջը, որը կորցրել էր իր մեծ ընտանիքի 14 անդամներին, այդ թվում որդուն, որին գլխատել էին սղոցով»,— գրել է բարոնուհի Քոքսը (2014թ.)։
***
…2013 թվականին լեդի Քերոլայն Քոքսի Լեռնային Ղարաբաղ կատարած ութսուններորդ այցելության առիթով ես ակնարկ գրեցի լեդի Քոքսի մասին, որը արդեն իր առաջին այցելությունից հետո դարձավ Արցախի հարազատ դուստրը։ Այն ժամանակ բազմաչարչար եւ խռովահույզ, ներկայումս ինքնիշխան Արցախի։ Պատահական չէ, որ արդեն համարյա քառորդ դար մենք իրար հետ շփվում ենք ինչպես եղբայրը քրոջ եւ քույրը եղբոր հետ։ Այն հոբելյանական ակնարկում ես նշել էի. «Ութսուն ուղեւորություն դեպի Արցախ, դա բացի ամենայնից նշանակում է ութսուն ուղեկցող խումբ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած էր մոտ տասը մարդուց։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ մոտ ութ հարյուր մարդ տարբեր երկրներից դարձան Արցախի լավ բարեկամներ»։
Թուրքիայի պետական քաղաքականության աստիճանի բարձրացված հայերի հրեշավոր ցեղասպանության հիշատակի հարյուրամյակի տարում լեդի Քոքսը արդեն թվով ութսունչորսերորդ անգամ իր թիմով կատարեց հատուկ տասնօրյա հուշարշավ Արցախի տասը լեռնային ուղիներով։ Թող դա ոչ մեկին չզարմացնի։ Քերոլայնն արտասովոր կիրք ունի լեռնային ուղեւորությունների, յուրօրինակ ալպինիզմի հանդեպ։ Արցախ կատարած յուրաքանչյուր այցելությունից հետո նա առաջին հերթին հաղթելով ինքն իրեն, յուրացնում էր նորանոր երթուղիներ։ Միաժամանակ արդեն ոչ միայն իր համար, յուրացնում էր անսահման սերն Արցախի նկատմամբ։ Այդպիսին է իմ սրտին թանկ քույրս։ Այդպիսին է բարոնուհի ՔՈՔՍԸ, որին անմոռանալի Անդրեյ Սախարովը անվանում էր Խաղաղության կին։

Հետգրություն

—Շատ երկար կարելի է պատմել Քերոլայն Քոքսի եւ Ղարաբաղ կատարած նրա այցելությունների մասին,–ասաց մեզ Զորի Բալայանը, երբ մենք նյութերն ստանալով արդեն հրաժեշտ էինք տալիս։–Պարզապես… թերթի մակերեսը չի բավականացնի։ Բայց այնուամենայնիվ խնդրում եմ անպայման ձեր նյութում տեղավորել իմ մի անավարտ պատմությունը։ Դրա իմաստը ամփոփված է այն պարզ բանաձեւում, որը ես միշտ ներկայացնում եմ նման դեպքերում՝ սիրո գինը սերն է։
…1994 թվականի գարնանը Քոքսը հերթական այցելությունը կատարեց Արցախ։ Այս անգամ իր հետ բերել էր ականազերծման մասնագետների մի ողջ խումբ։ Նրան հայտնի էր դարձել, որ ազատագրված տարածքներում ականների վրա անընդհատ պայթում են գյուղացիներ, մեքենաներ, կենդանիներ։ Եվ Քոքսը ականազերծող մասնագետների հրավիրեց, որոնք փառաբանված էին Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում հազարավոր ու հազարավոր կյանքեր փրկելով։ Եվ ահա նրանց եւ իմ հիրավի ռազմաճակատային ընկերոջ ու ուղղաթիռների օդաչուների ջոկատի անփոխարինելի հրամանատար Սերգեյ Վանցյանի եւ լեգենդար վիրաբույժ Վալերի Մարությանի հետ Երեւանից թռչում էինք Ստեփանակերտ։ Եղանակը բարենպաստ էր։ Թռիչքային։ Սակայն վայրէջք կատարեցինք սարի գագաթին, որտեղից բացվում էր Արցախի կախարդական համայնապատկերը։ Ո՛չ ինքը՝ բարոնուհին, ո՛չ էլ նրա նոր թիմը չգիտեին, թե հանուն ինչի ուղղաթիռը վայրէջք կատարեց հենց այդտեղ՝ սարի գագաթին։ Իսկ բանն այն էր, որ հենց այդ նույն սարի գագաթին, այն նույն տեղում, որտեղից 1992 թվականի ձմռանը Քոքսը կատարեց իր լեգենդար հետիոտն արշավը դեպի Ստեփանակերտ, նախօրեին տեղադրվել էր բազալտե քար, որի վրա երեք լեզուներով գրված էր «Քոքսի արահետ»։ Եվ իջանք ուղղաթիռից, հանկարծ հյուրերից մեկը Արցախի կապույտ երկինքն ի վեր գոռաց. «Քոքսի արահետ»։ Բոլորը նետվեցին նրա կողմը։ Վերջինը մոտեցավ Քերոլայնը, ոչինչ չհասկանալով։ Մեկ րոպե անց տեսա, թե ինչ երջանկություն է ճառագում նրա դեմքը։ Երկար ու լուռ կանգնեց քարի մոտ, որի վրա իր անունն էր։ Հայացքը շրջեց ինձ։ Լայն ժպտաց։ Եվ նետվեց գրկելու բոլորին…
Մենք Գանձասարի երկինք ուղղեցինք շամպայնի «կրակոցը»։ Շնորհավորեցինք Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի երկրորդ խոսնակին, որն առանց ուրախությունը թաքցնելու բարձր ասաց. «Ես անսահման երջանիկ եմ, որ հողագնդի վրա ունեմ ի՛մ արահետը»։ hhpress.am

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 338 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024