ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 11 » Բլոկչեյն տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսության համար
09:40
Բլոկչեյն տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսության համար

Հայաստանի կառավարությունը, հռչակելով տեխնոլոգիական ոլորտի զարգացումը որպես գերակա ուղղություն, կարեւորում է նաեւ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացումը եւ դրանց ներդրումը տնտեսության տարբեր ճյուղերում։ Ունենալով այս ոլորտում սեփական արտադրանքը ստեղծելու ու աշխարհին առաջարկելու տեսլական, Երեւանում նախատեսվում է անցկացնել «Հայկական «Blockchain ֆորում» առաջին միջազգային համաժողովը։ Ապրիլի 22—ին «Թումո» կենտրոնում կհավաքվեն ոլորտի միջազգային առաջատարներ՝ ավելի քան 600 մասնակից տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ—ից, Իռլանդիայից, Չինաստանից, Շվեյցարիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, նաեւ Հայաստանից։ 30—ից ավելի ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ եւ հրեշտակ ներդրողներ, որոնց ընդհանուր ինվեստիցիոն պորտֆելը 10 միլիարդ դոլարից ավելի է, եւս համաձայնություն են հայտնել ներկա գտնվելու այս համաժողովին։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։ 
«Բլոկչեյն տեխնոլոգիան նոր թրենդ է, եւ երկրները մրցում են այս դաշտում ավելի հետաքրքիր լուծումներ առաջարկելու համար, իսկ Հայաստանի նպատակն իրատեսական քայլերով առաջ գնալն է։ Մենք նպատակ ունենք հասկանալ, թե ինչպես կարող ենք բարելավել պետական ծառայությունները բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչ առավելություններ ու ազդեցություն կունենա դրանց կիրառումը՝ սկսած օպտիմալացումից, վերջացրած պետական հատվածում մատուցվող ծառայությունների հավանական կոռուպցիոն դրսեւորումների բացառմամբ։ Այն նաեւ լավ հնարավորություն կլինի մեր ստարտափերի համար՝ հանդիպելու պոտենցիալ ներդրողներին»,–ասաց փոխնախարարը։
Համաժողովը պայմանականորեն բաղկացած կլինի չորս մասից, առաջին հատվածում կներկայացվի բլոկչեյն տեխնոլոգիաների համաշխարհային փորձը՝ կապված իրավական կարգավորման մեխանիզմների, սմարթ պայմանագրերի հետ, երկրորդ հատվածում կկազմակերպվեն դասընթացներ բլոկչեյն տեխնոլոգիաների եւ դրանց կիրառման վերաբերյալ, ինչպես նաեւ կծանոթացնեն ոլորտում առկա կրթական եւ աքսելերացիոն ծրագրերին։ Համաժողովին ներդրողներ—գործարար շրջանակ—պետական հատված ծանոթության եւ շփման համար կգործի առանձին սրահ, իսկ ռոուդ—շոու ձեւաչափով հայկական եւ արտերկրից ժամանած ստարտափերը կներկայացնեն բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ իրենց մշակումները։ Բարձրաստիճան ժյուրին կընտրի 15 ստարտափ—գաղափար, որոնք կստանան ֆինանսավորում եւ, աքսելերացիոն ծրագրեր անցնելով, կկարողանան ձեւավորել սեփական արտադրանքն ու բացի հայկականից, կթիրախավորեն նաեւ համաշխարհային շուկան. «Որպես տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն՝ մենք շատ ենք կարեւորում նորարարական լուծումների եւ նոր տեխնոլոգիաների առաջընթացը, դրանց խրախուսումը։ Այդ իսկ նպատակով պետք է հասկանանք ոլորտում աշխատող ընկերությունների խնդիրները՝ կապված իրավական դաշտի, էկոհամակարգի բացերի հետ՝ սկսած էժան փողերի հասանելիության խնդրից մինչեւ կրթական ու աքսելերացիոն թիրախավորված ծրագրերից օգտվելու հնարավորության ստեղծումը։ Եվ արդեն ներդրումային ու մասնագիտացված կազմակերպությունների միջոցով լրացնենք բացը»։
Բլոկչեյն տեխնոլոգիաները կիրառելի են կենսագործունեության բոլոր այն ոլորտներում, որտեղ կատարվում են գործարքներ, կամ կատարվում են գրանցումներ, օրինակ, կադաստրային, նոտարական համակարգերում։ Կապված այս տեխնոլոգիաների ինքնակարգավորվող բնույթի եւ շղթայում յուրաքանչյուր գործողության ամրագրման եւ պահպանման հետ, ցանցը թույլ չի տալիս հետին թվով եւ ոչ իրավաչափ գործարքների իրականացում. «Ինքնակարգավորման եւ վալիդացման համակարգն իրականացվում է բոլոր մասնակիցների միջեւ, ինչը նաեւ մեծացնում է վստահության մակարդակը այդ համակարգի նկատմամբ, քանի որ զրոյացվում են հակակոռուպցիոն դրսեւորումն ու միջամտության հավանականությունը»։
Կան երկրներ, որոնք այս տեխնոլոգիայի վրա հիմնված լուծումներն արդեն կիրառում են իրենց կառավարման համակարգերում։ Հայաստանում այս տեխնոլոգիաների կիրառման համար մեծ դաշտ է ապահովում Հայաստանի թվային օրակարգը։ «Կիրառության համար շատ կարեւոր է, որ Հայաստանն ունենա էկոհամակարգ, միայն ներդնելը բավարար չէ, մենք պետք է ունենանք կազմակերպություններ, որոնք ոչ միայն կներդնեն, նաեւ կսպասարկեն այդ համակարգերը, ինչպես նաեւ կստեղծեն նոր պրոդուկտներ, որոնք կարտահանվեն այլ երկրներ»,–հավելեց Էմիլ Տարասյանը։

Կրիպտոակտիվներ

Բլոկչեյն տեխնոլոգիաները կիրառվում են նաեւ կրիտոարժույթով կատարվող գործարքներ հաստատելու եւ գրանցելու համար, ինչպես նաեւ գեներացնում են դրանք։ Հետեւաբար, ըստ փոխնախարարի, խոսելով բլոկչեյն տեխնոլոգիայի մասին, չենք կարող զերծ մնալ կրիպտոարժույթին անդրադառնալուց։ Էմիլ Տարասյանը երեւույթին «կրիպտոակտիվ» բնորոշումն է տալիս՝ ելնելով այն հանգամանքից, որ տարբեր երկրներ դրան տալիս են տարբեր բնորոշումներ ու սահմանումներ. «Մի երկիր դա դիտում է որպես ապրանք, մյուսը՝ որպես ապրանքի նկատմամբ գույքային իրավունք, մի այլ երկիր այն համարում է արժույթ, եւ կան երկրներ, որոնք բնորոշում են որպես թվային ակտիվ։ Մոտեցումները տարբեր են, բայց այս շուկայում եւս սկսել են միջազգային ստանդարտներ մշակել։ Ի տարբերություն սովորական արժույթի, որոնց դեպքում կան միջազգային միասնական ստանդարտներ, կրիպտոակտիվը եւ դրա համար նախատեսված հարթակները չունեն միասնական ստանդարտ, բայց վերջին զարգացումները բերում են նրան, որ հարթակները միավորվում են որոշակի ստանդարտների շուրջ»։
Ունենալով անանուն գործարքների բաղադրիչը՝ կրիպտոակտիվները կամ կրիպտարժույթները գրավիչ են սեփական գումարները թաքցնել ցանկացողների համար, հետեւաբար բազմաթիվ ռիսկեր են պարունակում իրենց մեջ։ Բացի այդ՝ առաջանում է նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության խնդիր։ Կրիպտոարժույթ ունեցողների բիզնեսը կարող է մեկ օրում ընդհանրապես փակվել, ու նրանք մնան ձեռնունայն՝ կորցնելով ներդրած ողջ գումարները. «Չեն կարող դիմել դատարան, քանի որ դե յուրե նրանք ոչ մի իրավունք չունեն այն կրիպտոակտիվի նկատմամբ, որ ձեռք են բերել, բայց դե ֆակտո նրանք կորցրել են կոնկրետ գումարներ։ Հետեւաբար, շատ երկրներ գնում են անանուն գործարքները բացառելու ճանապարհով։ Մենք պետք է հասկանանք, թե ընդհանրապես ինչ կարգավորումներ կան, քանի որ տեխնոլոգիական ոլորտը կարգավորելիս գերկարգավորումը բերում է տեխնոլոգիաների արգելակման, իսկ ընդհանրապես չկարգավորումը ներդրումներ ու առաջխաղացում չապահովելու ռիսկեր է պարունակում։ Համաժողովի ձեւաչափն օգտագործելով՝ պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ կարգավորումներ կարող են կիրառվել»։
Ինչ վերաբերում է Հայաստանում կրիպտոմայնինգ կենտրոն ստեղծելու մասնավոր նախաձեռնություններին եւ խոսակցություններին, որ այդ նպատակով կստեղծվի ազատ տնտեսական գոտի, Էմիլ Տարասյանն ասաց, որ դա կարող է լինել լուծումներից մեկը. «Հայաստանն աշխատանքային կարգով այս հարցը քննարկել է տարբեր շահառուների հետ։ Գուցե մենք մի նոր մոդելով գնանք կարգավորման, դա կլինի ազատ տնտեսական գոտի, թե այլ ձեւաչափ, դեռեւս հստակ չէ։ Եթե լինի պահանջարկը, մեր կողմից կա պատրաստակամություն հանդես գալու առաջարկով։ Դա ձեւերից մեկն է, որը պետք է քննարկվի համաժողովի ընթացքում, երբ կներկայացվեն դրա բիզնես մոդելն ու տեխնիկական լուծումները»։

Կարգավորման շուրջ մոտեցումներ

Ֆինանսների նախարարությունը, ինչպես եւ կենտրոնական բանկը ուշի ուշով հետեւում են կրիպտոարժույթների ոլորտի զարգացումներին։ Ասում են՝ դժվար է գրկաբաց ընդունել մի երեւույթի մուտքը տնտեսական կյանք, որը ստեղծվում է ալգորիթմների միջոցով, իսկ վերջնարդյունքում չկա այն սուբյեկտը, որը պարտավորություն է կրում դրա համար։ Բազմաթիվ են դեպքերը, երբ կրիպտոարժույթի տիրապետող սեփականատերերը բավականին մեծ վնասներ են կրել եւ չեն իմացել իրենց վնասների համար ում դիմել։ Դրան գումարած փողերի լվացման ու ահաբեկչական ֆինանսավորման մեծ ռիսկերը, ինչը մոնետար քաղաքականությամբ զբաղվող կառույցներին ստիպում է կասկածամտորեն մոտենալ այս երեւույթին։ 
Այնուամենայնիվ, գնալով արդիական են դառնում կրիպտոարժույթների դաշտը կարգավորելու ուղղությամբ քննարկումները, որոնցից զերծ չէ նաեւ Հայաստանը։ Ինչպես դեռեւս փետրվարին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել էր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ երբ կրիպտոարժույթը սկսում է ավելի ու ավելի մտնել որեւէ երկրի տնտեսական կյանք, եւ երբ որեւէ գործընթացի ընթացքը կասեցնելը հնարավոր չէ, պետք է այն դարձնել կառավարելի. «Տարբեր ձեւաչափերով քննարկումներ կան։ Տարբեր երկրներ այս երեւույթին տարբեր կերպ են մոտենում։ Ոմանք այն դիտարկում են որպես ֆինանսական ակտիվ, մյուսները՝ ֆինանսական ակտիվ եւ վճարային միջոց։ Ես կարծում եմ, որ վաղ թե ուշ պետք է հաշվի նստենք այս երեւույթի հետ եւ ռիսկերը դարձնենք կառավարելի։ Կան տեսակետներ, որ կրիպտոարժույթների դաշտը պետք է դարձնել կառավարելի ու ստեղծել մի հարթակ, որը լրացուցիչ եկամուտներ կստեղծի պետության համար»։
Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանն էլ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին մեզ տված հարցազրույցում ասել էր, որ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը, դեռեւս գտնվում է ավելի քան 1000 տարատեսակ ունեցող կրիպտոարժույթների դաշտի ճանաչողության, ուսումնասիրության եւ մոնիտորինգի փուլում. «Ըստ էության, կրիպտոարժույթները նոր երեւույթ են մեր բոլորի կյանքում։ Երկրների զգալի մեծամասնությունը վերջնական դիրքորոշում կարգավորման, վերահսկողության առումով դեռեւս չունի։ Որոշ երկրներ տարբեր փորձարկումներ են անում, որոշները կարգավորում են, որոշները՝ արգելում, որոշները զգուշացնում են իրենց քաղաքացիներին, սպառողներին, որ կրիպտոարժույթների հետ կապված էական ռիսկեր կան, ու հորդորում են զերծ մնալ հնարավոր ռիսկերից, կորուստներից»։ ԿԲ դիրքորոշումն այս ամիսներին դեռեւս չի փոխվել։ hhpress.am

Անի ՆԱԶԱՐՅԱՆ

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 309 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024