ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 17.08.2018, 08:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [535]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [417]
Մշակույթ [14]
Հասարակություն [725]
Սպորտ [1]
Տեսակետ [44]
Տարածաշրջան [69]
Զանազան [154]
Քաղաքականություն [573]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 14 » Բրյուսելի ընդունելությունը ջերմ էր / Ամփոփելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բելգիայի Թագավորություն/
09:22
Բրյուսելի ընդունելությունը ջերմ էր / Ամփոփելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բելգիայի Թագավորություն/

Աշխարհի առաջատար պետությունների ղեկավարները հուլիսի 11—12—ը հավաքվել էին Բրյուսելում, որտեղ տեղի էր ունենում միջազգային կարեւոր իրադարձություն՝ ՆԱՏՕ—ի գագաթնաժողովը։ Այս օրերին Բելգիայի Թագավորության մայրաքաղաքում էր նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը։ Գերհագեցած օրակարգ ունեցող այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպումներ ունեցավ ՆԱՏՕ—ի, եվրոպական կառույցների ղեկավարների, մի շարք երկրների առաջնորդների հետ (տե՛ս «ՀՀ»—ի նախորդ համարը)։
Ուշագրավ է, որ Բրյուսելում Փաշինյանին մոտեցավ նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ շնորհավորելով նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը պատմեց, որ Չավուշօղլուն նախ սրընթաց անցել է իրենց կողքով, ապա մի քանի րոպեից վերադառնալով՝ նախ մոտեցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, ում ճանաչում է Եվրոպայի խորհրդում համատեղ աշխատանքի ժամանակ, ապա իրեն. «Նա ծանոթացավ ինձ հետ եւ ասաց, որ իրենք հետեւում էին հայաստանյան գործընթացներին եւ տեղյակ են, ապա շնորհավորեց վարչապետ ընտրվելու կապակցությամբ»։
Այցի ավարտին, ամփոփելով հանդիպումների արդյունքները, Փաշինյանն ասաց, որ Բրյուսել կատարած աշխատանքային այցը ծանոթությունների ու անձնական կոնտակտների հաստատման այց էր, որի նպատակը կարելի է իրագործված համարել։


Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի
 

Վարչապետի գրեթե բոլոր հանդիպումներում անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու եւ այս համատեքստում Ադրբեջանի դրսեւորած ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությանը։ Այցի շրջանակում առաջին կանգառում՝ «Կարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոնում իր ելույթում Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի։ «Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա։ Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության վրա»,–հայտարարեց նա։ Հայկական կողմի այս շեշտադրումները պահպանվեցին նույն օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումների ժամանակ։ Վերջինս հայտարարեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը շարունակում է մնալ Եվրոպական միության առաջնահերթություններից մեկը։
Աշխատանքային այցի երկրորդ օրը ՆԱՏՕ—ի կենտրոնակայան ժամանելիս Փաշինյանը, պատասխանելով օտարերկրյա ԶԼՄ—ներից մեկի հարցին, կոշտ հայտարարություն արեց՝ նշելով, որ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել։ «Դա պարզապես ագրեսիվություն չէ Հայաստանի դեմ, դա ագրեսիվ քաղաքականություն է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ»,— ասաց Փաշինյանը։
Արդեն Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն անհրաժեշտ համարեց միջազգային հանրության կոշտ արձագանքն Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակը սրելու փորձերին։
Ավելի ուշ՝ ՆԱՏՕ—ի անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանն իր ելույթում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանին եւ ԼՂ հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման եւ սադրանքների վերջին դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին։ «Մենք վերահաստատում ենք ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները, որոնք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը»,–ասաց կառավարության ղեկավարը։


Նոր էջ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում
 

Այցի ընթացքում քննարկված կարեւորագույն թեմաներից էր Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների զարգացումն ու դրանց հետագա ընդլայնումը։ Փաշինյանն աշխատանքային առաջին օրը հայտարարեց, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացել ԵՄ—ի հետ Հայաստանի հարաբերություններում։ Նրա համոզմամբ՝ դրա արդյունավետ իրականացումը կնպաստի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանը, ավելի լավ ներդրումային միջավայրի ստեղծմանը, գործարարության կայունության եւ կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը։ Այս համատեքստում ԵՄ հանձնակատար Մոգերինին նշեց, որ նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին Հայաստանը կարող է հենվել Եվրամիության վրա։ «Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունն ունենալու է պայծառ ապագա, մենք պատրաստ ենք օժանդակելու Ձեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին»,–ասաց նա։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերի հետ հանդիպմանը Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար եւ հավաստիացրեց, որ այսուհետ ԵՄ թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ ֆինանսական եւ թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային։ Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ զրույցում վարչապետը վերահաստատեց ԵՄ հետ սերտ համագործակցելու Հայաստանի պատրաստակամությունը։ Իր հերթին Տուսկը կարեւորեց ՀՀ—ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը եւ ողջունեց Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը։ «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրահատուկ էր եւ, ասեմ Ձեզ, շատ եվրոպական։ Ձեր օրինակը շատ խոստումնալից էր եւ կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,–նշեց նա։
Այցի ավարտին՝ օդանավակայանում հայ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետն ասաց, որ միջազգային գործընկերների աջակցությամբ Հայաստանը շատ ավելի արագ կարող է իրականացնել նախաձեռնած բարեփոխումները, սակայն հայցորդի կամ խնդրատուի կարգավիճակում չի լինելու։ «Մենք, ըստ էության, մեր անելիքները գիտենք, մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները։ Մեր հեղափոխությունից հետո Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ որեւէ շոշափելի փոփոխություն չկա։ Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ 4 ամիս առաջ, եւ կարծում ենք, որ պետք է կա՛մ հայտարարությունների ոգեւորված տոնայնությունն իջեցնեն, կա՛մ քաղաքականությունը էականորեն փոխեն»,–ընդգծեց նա։


Կոռուպցիայի դեմ պայքարը՝ առաջնահերթություն
 

«Կարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոնում Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման իր տեսլականը։ Մասնավորապես նա հայտարարեց, որ նոր կառավարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի արմատախիլ արվեն երկրի զարգացումը դանդաղեցնող բոլոր խոչընդոտները։ Նա շեշտեց, որ կոռուպցիայի բոլոր ձեւերի դեմ պայքարն օրակարգային առաջնահերթություն է։ «Այսօր նախկինում արտոնյալ կարգավիճակ ունեցած անձինք զգում են արդարադատության ողջ խստությունը։ Բոլոր գործերի քննությունները կիրականացվեն խստորեն՝ համաձայն օրենքի»,–նշեց նա։


Հայաստանը՝ միջազգային խաղաղության աջակից
 

Փաշինյանը հուլիսի 12-ին ելույթ ունեցավ ՆԱՏՕ—ում Աֆղանստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։ Նա նշեց, որ խաղաղությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացման համար։ 2010 թվականից ի վեր Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ որպես կոլեկտիվ անվտանգության ջատագով՝ Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ջանքերին։ «Հայաստանը կշարունակի աջակցել Աֆղանստանի գլխավորությամբ եւ Աֆղանստանի մասնակցությամբ իրականացվող ներառական խաղաղության գործընթացին»,–հայտարարեց նա։


Հայ ժողովուրդն այսօր ավելի միասնական է, քան երբեւէ
 

Բելգիա կատարած աշխատանքային այցի ավարտից ժամեր առաջ Փաշինյանն այցելեց Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի։ Այստեղ վարչապետին մեծ խանդավառությամբ դիմավորեցին բելգիահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ում համար այցն ավելի քան սպասված էր։ Դիմելով հավաքվածներին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ այսօր հայ ժողովուրդն ավելի միասնական է, քան երբեւէ։ Փաշինյանը նշեց, որ այս միասնականությունը պետք է օգտագործել որպես հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին շարունակական հաղթանակներ բերող վճռական գործոն։ «Ես ձեզ կոչ եմ անում, ձեր ընտանիքներում ամեն օր, ամեն ճաշին խոսել Հայաստան վերադառնալու մասին, կապ չունի դուք մի ամսից դա կանեք, թե մեկ տարուց, հինգ, թե 15 տարուց, բայց ձեր երեխաներն ամեն օր պետք է լսեն, որ ձեր նպատակը Հայաստան վերադառնալն է, Հայաստանում ապրելը, Հայաստանը հզորացնելն ու ծաղկեցնելը»,–նշեց նա։
Այս հանդիպումից առաջ նա աշխատանքային ճաշ էր ունեցել տեղի հայազգի գործարարների հետ՝ վերջիններին ներկայացնելով տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարին եւ բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում։

Արաքս ԿԱՍՅԱՆ

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018