ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 21.07.2017, 22:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 10 » Բյուջետային ծախսերի արդյունավետությունը՝ գերխնդիր /Ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը/
09:25
Բյուջետային ծախսերի արդյունավետությունը՝ գերխնդիր /Ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը/

Երեկ ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստի աշխատանքը՝ շարունակելով ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Պատգամավորները եւ նախարարները ներկայացրել են հաշվետվության վերաբերյալ իրենց տեսակետները։
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը (տե՛ս առանձին)։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում իր ղեկավարած կառույցում բյուջեի կատարողականը կազմել է 103,1 տոկոս։ Հատուկ ուշադրություն է դարձվել թանգարաններին. դրանցից շատերը հիմնանորոգվել են, ստեղծվել են 4 նոր թանգարաններ, ավելացվել են որոշ թանգարանների տարածքները։ Աջակցություն են ստացել մասնավոր հիմնադրամներով գործող 6 թանգարաններ, մեկ մասնավոր թանգարան ստացել է պետական կարգավիճակ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել գրադարաններին, կատարվել են մշակութային ժառանգության մաս կազմող գործերի թվայնացման աշխատանքներ։ Թվայնացման են ենթարկվել նաեւ ֆիլմեր եւ երաժշտական գործեր, գրքեր։ Համալիր հաշվառման են ենթարկվել գրադարանային ֆոնդերը, հայտնաբերվել են խախտումները եւ այլն։
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քննադատության է ենթարկել պետական բյուջեի քննարկման գործընթացը՝ նշելով, որ կատարողականը ներկայացվել եւ քննարկվել է, նրա գնահատմամբ՝ հաշվապահական հաշվառմամբ՝ ձանձրույթի մթնոլորտում։ Ըստ նրա՝ ոչ հանրությունը, ոչ քաղաքական ուժերը վստահություն չունեն կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի հարցում։ Լյուդմիլա Սարգսյանը նույնպես հայտնել է իր դժգոհությունը պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ, նշելով, որ անհրաժեշտ է վերանայել բյուջեի ծախսային հատվածը։ Կատարողականում, ըստ նրա, հստակ ներկայացված չեն իրականացված ծախսերն ու դրանց նպատակները։ Նրա գնահատմամբ՝ կատարողականում բազմաթիվ են ընդհանրական ձեւակերպումները, որոնք մեծացնում են հանրային անվստահությունը։ Միքայել Մելքումյանը ներկայացրել է կատարողականի քննարկման իր տեսլականը, նշելով, որ նախարարները պետք է քաղաքական գնահատականներ ներկայացնեին բյուջեի կատարողականի վերաբերյալ, որը, ըստ նրա, չի եղել։ Նրա խոսքով՝ նշվում է, թե բյուջեն կատարվել է, սակայն արդյունքը չի երեւում, ոլորտներում խնդիրները բազմաթիվ են։ Պատգամավորը մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք միտված են տնտեսության առողջացմանը։ Մհեր Շահգելդյանն անդրադարձել է ծրագրային բյուջետավորման գործընթացին՝ նշելով, որ դա կարծես կիսատ գործընթաց է եւ շեշտը հիմնականում դրվում է թվային ներկայացման վրա։ Նա խոսել է տնտեսության զարգացման խոչընդոտներից եւ վարկերից, որոնք եւս որոշակի վտանգ են պարունակում տնտեսության զարգացման համար։ Ըստ նրա՝ դեռեւս չեն երեւում կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի արդյունքները։
Ելույթ է ունեցել նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։ Նա հիմնականում անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերին եւ հայեցակարգային մոտեցումներին, որոնք նպատակ ունեն բարձրացնել ծախսերի արդյունավետությունը։ Այս համատեքստում նա կարեւորել է նախագծերի վերաբերյալ փորձաքննությունների անցկացումը մասնագետների կողմից։ Նախատեսվում է նաեւ ոլորտում խթանել նոր տեխնոլոգիաները, օրինակ՝ արեւային մարտկոցների կիրառում եւ այլն։ Նախատեսվում է սկսվող շինարարությունն ավարտին հասցնել 2—3 տարում, ավարտել կիսատ թողնված կառույցների շինարարությունը։
Խոսրով Հարությունյանը նշել է, որ այս քննարկումները որոշակիորեն եւ լավագույնս տարբերվում են նախկինում տեղի ունեցած քննարկումներից։ Նրա գնահատմամբ՝ բազմաթիվ են եղել արտաքին անբարենպաստ ազդակներն ու ազդեցությունը, սակայն ՀՀ կառավարությունը կարողացել է դիմագրավել մարտահրավերներին եւ ապահովել քաղաքական եւ սոցիալական կայունություն։ Նրա կարծիքով՝ այսօր լուրջ մարտահրավեր է տնտեսության զարգացումը եւ արտաքին շուկայում տեղ ունենալը, ինչի համար լրջագույն աշխատանքներ են պետք։ Նա կարեւորել է նաեւ արտաքին ներդրումների ներգրավումը։ Նիկոլ Փաշինյանը 2015 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը որակել է որպես «հուսահատեցնող», որում, ըստ նրա, չկա ռազմավարություն։ Նրա խոսքով՝ տնտեսության աճը գրանցվել է գյուղատնտեսության հաշվին, սակայն անհրաժեշտ է, որպեսզի զարգանան հատկապես տնտեսության կարեւորագույն՝ ռազմարդյունաբերության եւ այլ ոլորտները։ Նա խոսել է ծնելիության նվազման միտումներից, արտագաղթի աճող ծավալներից։
Իշխան Խաչատրյանն անդրադարձել է 2015 թվականի պետական բյուջեի քանակական ցուցանիշներին, ծրագրային բյուջետավորման ներդրմանը։ Պատգամավորը խոսել է հատկապես 2015 թվականին արտաքին աշխարհի ոչ բարենպաստ տնտեսական զարգացումների պայմաններում, ինչպես նաեւ Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազեցման հետեւանքով մեր երկրում արձանագրված 3 տոկոս տնտեսական աճից։
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ խմբակցությունները։
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետն է ներկայացրել խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Նա մասնավորապես նշել է, որ բյուջեն չի նպաստում երկրում տնտեսական աճի խթանմանն ու սոցիալական նվազագույն կարիքների լուծմանը։ Ըստ խմբակցության ղեկավարի՝ 2015 թվականին կառավարությունը չի կարողացել լուծել երկրում առկա սոցիալ—տնտեսական հիմնախնդիրները։ Նրա դիտարկմամբ՝ աղքատության մակարդակը բարձրացել է, գործազրկությունը՝ ավելացել, իսկ աշխատատեղերի ստեղծման համար որեւէ քայլ չի ձեռնարկվել։ Նա տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու հաշվետվությանը։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է այն հիմնական մտահոգություններին, որոնք ներկայացրել է ՀՅԴ խմբակցությունը 2015 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ։ Ըստ պարոն Ռուստամյանի՝ այդ մտահոգություններն այսօր էլ պահպանվում են։ Արմեն Ռուստամյանի խոսքով՝ տնտեսության զարգացմանը չեն նպաստում հատկապես կոռուպցիոն ռիսկերն ու մենաշնորհները, որոնց դեմ անհրաժեշտ է իրական պայքար մղել։ Խմբակցության ղեկավարը կարեւորել է մեր երկրում ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծումը, կառավարման արդյունավետության բարձրացումը, գյուղատնտեսության ու ներքին արտադրության խթանումը։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է տնտեսական ցուցանիշներին, արտաքին ներդրումների անկմանը, Ռուսաստանից տրանսֆերտների նվազեցմանը։ Ըստ խմբակցության ղեկավարի՝ տնտեսությունում առկա է ճգնաժամ, եւ անհրաժեշտ է արմատապես վերափոխել տնտեսական համակարգը։
Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է նաեւ ՀՆԱ—ի նվազմանը, իր գնահատմամբ՝ բանկային համակարգի աղետալի վիճակին, գործազրկության ավելացմանն ու արտագաղթին։ Նրա դիտարկմամբ՝ պետք է իրականացնել արմատական փոփոխություններ, մշակել հակաճգնաժամային ծրագիր։
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ տնտեսությունում եւ կառավարման համակարգում առկա են բազմաթիվ թերություններ։ Որպեսզի արդար պայքար մղվի մենաշնորհների դեմ, ըստ նրա, անհրաժեշտ է համագործակցել ժողովրդի հետ։ Միքայել Մելքումյանն անդրադարձել է նաեւ ֆինանսատնտեսական քաղաքականությանը, կարեւորել ներդրումների անվտանգությանն ուղղված քայլերի իրականացումը։
Ըստ նրա՝ ԿԲ—ի քաղաքականությունը չպետք է սահմանափակվի միայն ֆինանսական կայունության ապահովմամբ, այլեւ սոցիալական հավասարակշռության պահպանմամբ։ Նա իրազեկել է, որ ԲՀԿ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ խմբակցությունում մանրամասն քննարկվել է 2015 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը, որին ներկա են գտնվել նաեւ կառավարության անդամները։ Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ գյուղատնտեսության զարգացմանը, ռազմարդյունաբերության ոլորտում կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը։ Մեր երկրում ներդրումների համար, ըստ նրա, անհրաժեշտ են երաշխիքներ, որոնց համար էլ կառավարությունն այժմ ելքեր է փնտրում։ Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է կառավարության ներկայացրած հակակոռուպցիոն ծրագրին, գիտության ոլորտում առկա բացթողումներին։ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու 2015 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությանը։
Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ չնայած 2015 թվականին տնտեսական զարգացման միտումները շարունակվել են դանդաղ տեմպերով, այդուհանդերձ տնտեսական աճը կազմել է 3 տոկոս։ Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ 2015 թվականին Հայաստանի տնտեսական զարգացումներն ընդհանուր առմամբ պայմանավորված էին վերջին տարիների ընթացքում տեղական եւ օտարերկրյա ներդրումների կրճատմամբ, որին ավելացել է նաեւ Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազեցման հետեւանքով տնային տնտեսությունների կողմից տնօրինվող եկամուտների կրճատումը, ինչպես նաեւ մետաղների միջազգային գների նվազումը, տնտեսությունում վարկավորման նվազման ազդեցությունը, որոնք էականորեն հակազդել են հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականությանը։
ՀՀ գլխավոր ֆինանսիստի դիտարկմամբ՝ արտաքին ազդակներով պայմանավորված՝ որոշ տնտեսական ցուցանիշներ վատթարացման միտում են դրսեւորել։ Մասնավորապես, ըստ նրա, 6.5 տոկոսով նվազել է վերջնական սպառումը, 5.1 տոկոսով նվազել են կապիտալ ներդրումները, արձանագրվել է 18.5 տոկոս գործազրկության մակարդակ՝ աճը կազմելով 0.9 տոկոս, որը սակայն շարունակում է մնալ մտահոգիչ։
Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է նաեւ պատգամավորների հնչեցրած քննադատություններին եւ նշել, որ պետական ծախսերի արդյունավետության խնդիրը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում։ Ըստ Գագիկ Խաչատրյանի՝ ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման գործում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավումը թույլ կտա ընդգծել այն լավագույն չափորոշիչները, որոնք կգնահատեն բյուջեի կատարման արդյունքները։
Այնուհետեւ, հաշվետվության քննարկման ավարտից հետո երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերը։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքի» նախագիծը։ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ինչպես ՀՀ ֆինանսների նախարարության հարկային մարմինների աշխատակիցներ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի փորձագետներ։ Նշվել է, որ աշխատանքային խմբի որդեգրած մոտեցումն է եղել գույքագրել տասնամյակներ շարունակ հարկային համակարգի առջեւ ծառացած խնդիրները, ինչպես նաեւ ունենալ կարգավորումների այնպիսի շրջանակ, որը լիազոր մարմնին հնարավորինս ձեռնպահ կպահի հայեցողական դիրքորոշումներ եւ մոտեցումներ ունենալուց։ Ուստի խմբի համար առանցքային է եղել, որ հարկային հարաբերությունները կանոնակարգող բոլոր հարցերի կարգավորումները սահմանվեն հարկային օրենսգրքով։ Զեկուցողի խոսքով, «Հարկային օրենսգրքի» նախագիծը բաղկացած է չորս հիմնական բաժնից՝ ընդհանուր մաս, հատուկ մաս, հարկային վարչարարության բաժին եւ անցումային մաս։
Ըստ Վախթանգ Միրումյանի՝ ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի մշակման հիմքում դրվել են մի շարք սկզբունքներ. մասնավորապես նախատեսվում է, որ հարկային օրենսգիրքը պետք է խրախուսի տնտեսական գործունեությունը, նպաստի տնտեսական գործունեության ակտիվացմանը եւ երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը։
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստերի ընթացքում։
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանն ավարտել է աշխատանքը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 12 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017