ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 18.08.2017, 01:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [428]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [14]
Պաշտոնական [330]
Մշակույթ [13]
Հասարակություն [618]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [480]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 30 » Ծառայել աշխարհին՝ այն դարձնելով ավելի լավը /«Ավրորա 2017»—ի մրցանակակիրը պատերազմական գոտում աշխատող Թոմ Քաթինան է/
12:27
Ծառայել աշխարհին՝ այն դարձնելով ավելի լավը /«Ավրորա 2017»—ի մրցանակակիրը պատերազմական գոտում աշխատող Թոմ Քաթինան է/

Ոգեշնչել մարդկանց երախտապարտ լինելու։ Այս առաքելությամբ է արդեն երկրորդ անգամ Երեւանում անցկացվում «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությունը։
Մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին։ Մրցանակին արժանանում է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով։
«Ավրորա 2017»—ի մրցանակակիրը, ում անունը հայտնել է Շառլ Ազնավուրը, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ ամերիկացի Թոմ Քաթինան է, ով Սուդանի Նուբա լեռներում պատերազմական վիճակում տարիների շարունակ աշխատող միակ վիրաբույժն է։ Նա իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկում է օրական ավելի քան 400 հիվանդի։
Բժիշկ Թոմ Քաթինան, ում տեղացիները ճանաչում են որպես «Դոկտոր Թոմ», պատերազմն սկսելուց ի վեր անդադար աշխատել է՝ հնարավորինս մեղմելու պատերազմի սարսափները։ Ռմբակոծության տակ բեկորներ հեռացնելը, վերջույթներ անդամահատելն ու ծնունդներ ընդունելը սովորական բան են դարձել մի մարդու համար, որին Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդը (CMMB) տարածաշրջան էր գործուղել դեռեւս խաղաղ ժամանակներում։ Երբ պատերազմ է սկսվել, նրան առաջարկել են դուրս գալ երկրից, բայց բժիշկը պնդել է, որ կմնա։
Բռնության տարածմանը զուգընթաց՝ տարածաշրջանի բնակիչներն անասելի տառապանքներ են կրել։ Սոսկալի այրվածքներով հիվանդներին, կտրված ոտքերով նորածիններին, բորոտներին ու թերսնումից մեռնողներին խնամելը նրա համար դարձել է առօրյա։
Քաթինան հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր, եւ նրա կարեւորագույն առաջնահերթությունն այն է, որ հիվանդանոցը կարողանա տրամադրել տարրական բուժօգնություն։ Էլեկտրաէներգիայի ու հոսող ջրի առկայությունը սահմանափակ է, չկա մշտական հեռախոսակապ։ Լինում է, որ մարդիկ մեկ շաբաթվա ճանապարհ են կտրում՝ հիվանդանոց հասնելու համար, ուր բացակայում են անգամ կենսական անհրաժեշտության այնպիսի գործիքներ, ինչպիսին, օրինակ, ռենտգենյան սարքն է։ Բժշկական պարագաները սահմանափակ են, հաճախ՝ պարզապես չկան։
Դառնալով 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Թոմ Քաթինան ասել է. «Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր քույրերի եւ եղբայրների համար։ Յուրաքանչյուր մարդ իր ներդրումը բերելու հնարավորություն ունի։ Մեր բոլորի մարդկայնությունը կարող է առաջնորդել մեզ դեպի ավելի պայծառ ապագա։ Հավատքով լեցուն՝ ես հպարտությամբ շարունակելու եմ ծառայել աշխարհին եւ դարձնել այն ավելի լավը»։
Նա ավելացրել է. «Ընկճված մարդիկ հրաշքների չեն սպասում, նրանք պարզապես ուզում են, որ իրենց որեւէ մեկն օգնի։ Ես բարձր եմ գնահատում «Ավրորա» մրցանակը, քանի որ այն օգնեց Նուբա լեռներում գտնվող մարդկանց, քանզի ես ցանկանում եմ մարդկանց ուշադրությունը հրավիրել հասարակ մարդկանց տանջանքներին»։
Հավատը մեծ նշանակություն ունի Քաթինայի կյանքում։ Նա վստահ է, որ բոլոր մարդիկ կապված են միմյանց՝ անկախ ռասայից ու կրոնից. «Կարծում եմ, որպես մարդկային էակներ, մենք փոխկապակցված ենք։ Անկախ ռասայից կամ կրոնից՝ կա փոխադարձ ինչ—որ կապ։ Իմ տեսանկյունից՝ բոլորս էլ Աստծու զավակներն ենք՝ լինենք քրիստոնյա, մահմեդական, աթեիստ թե ինչ։ Եվ մենք պարտավոր ենք հոգալ մեր եղբայրների մասին։ Ամեն առանձին անհատ կարող է իր ներդրումն ունենալ ինչ—որ կերպ»։
Հաղթողը 100 հազար դոլարի չափով դրամաշնորհ կստանա՝ սեփական գործունեությունն իրականացնելու եւ 1 մլն դոլար մրցանակ՝ իրեն ոգեշնչած կազմակերպությանն աջակցելու համար։
Նշենք, որ մրցանակաբաշխությանը ելույթ է ունեցել նախորդ տարվա մրցանակակիր Մարգարեթ Բարանկիցեն (Բուրունդի)։ Նա նշել է, որ «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանն ու Վարդան Գրեգորյանը փոխեցին աշխարհը։
Արարողությունը մեկնարկել է Հայաստանի պատմության, ցեղասպանության, Ավրորա Մարդիգանյանի (որին նվիրված է մրցանակաբաշխությունը), մերօրյա հերոսների մասին փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ, որոնք օգնում են մարդկանց դժվարագույն իրավիճակներում։ Ֆիլմը ցուցադրվել է Սերժ Թանկյանի «Ավրորայի երազանքը» կոմպոզիցիայի ուղեկցությամբ՝ Հայաստանի Երիտասարդական նվագախմբի կատարմամբ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Հնչել է Բախի ռե մինոր տոկատտան եւ ֆուգան՝ ազգային նվագարանների կատարմամբ։ Այն կատարել են Հայաստանի երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, եւ մեկական երաժիշտ այն երկրներից, որտեղից են «Ավրորա» մրցանակի հավակնորդները։
Մրցանակի հավակնորդներին շքանշաններ շնորհելու համար բեմ են հրավիրվել Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սիդիլգոն, «Սեպտեմբեր 11» թանգարանի տնօրեն Ալբերտ Ավդալյանը, քաղաքական գործիչ Էդվարդ Դերեջյանը, ռուս դերասան, ռեժիսոր Կոնստանտին Խաբենսկին, Նոբելյան մրցանակակիրներ Շիրին Էբադին եւ Լայմա Գբովին, հոլանդացի գործարար Փոլ Փոլմանը, Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, «Գազպրոմ մեդիայի» ղեկավար եւ «ՏՆՏ Տելեսելի» գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը եւ այլք։ Արարողությանը ներկա են եղել Շառլ Ազնավուրը եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Արարողությունը վարողը՝ գրող, «The Washington Post»—ի թղթակից Դեյվիդ Իգնատիուսը, հայտարարելով յուրաքանչյուր երկրից եզրափակիչ անցածի անունը, մեջբերում էր անում օրորոցային երգերից, որ երեխաներին երգում են այդ երկրներում։
Մրցանակակրի անունը հայտարարելու համար բեմ են բարձրացել «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը։
«Ես ելույթի տեքստ էի գրել, բայց այն գրպանս դրեցի, որպեսզի սրտիցս խոսեմ»,–ասել է Վարդան Գրեգորյանը՝ հիշելով Գալիլեյի խոսքերը. «Թող անիծվի այն Երկիրը, որը հերոսների կարիք ունի»։ Նուբար Աֆեյանն իր ընտանիքի անունից լրացուցիչ դրամաշնորհներ է խոստացել «Ավրորա» մրցանակաբաշխության բոլոր հավակնորդներին։ Ռուբեն Վարդանյանն էլ պատմել է, որ ուսումնասիրելով Հայաստանի պատմությունը՝ զարմացել է, թե որքան մարդ է վտանգի ենթարկել կյանքը՝ հայերին փրկելու համար. «Ես հասկացա, որ մենք պետք է իմանանք այդ մարդկանց մասին»։
«Աշխարհում բոլոր փոփոխությունները դեպի լավը սկսվում են մարդուց»,–«Ավրորա» մրցանակաբաշխությանը հղած իր տեսաուղերձում ասել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին։ «Ներեցեք, որ ձեզ հետ չեմ։ Հավատացեք, հոգով ես ձեզ հետ եմ»,–ասել է նա։
Խոսելով մրցանակաբաշխության մասին՝ նա նշել է. «Այս տարվա հավակնորդները իմ հիացմունքն են շարժել։ Ամեն օր մենք լսում ենք պատերազմների, բախումների մասին, բայց չեմ ուզում, որ կենտրոնանանք տառապանքների վրա, մենք ուզում ենք լսել այն մարդկանց մասին, որոնք օգնում են մարդկանց»։
Նա նշել է, թե պետք է ստեղծել գլոբալ մարդասիրական միություն։ «Դա մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է, պետք է միավորվենք եւ իրավիճակը փոխենք դեպի լավը։ Պետք է մի սերունդ աճի, որը հասկանա՝ միայն իր մասին չպետք է մտածի։ Աշխարհում բոլոր փոփոխությունները դեպի լավը սկսվում են մարդուց»,– նշել է նա։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում Հայաստան է ժամանել ամերիկյան հեղինակավոր «The Boston Globe» թերթի լրագրող Սթիվեն Քյուրքչյանը։

Հաղթահարելով լքված լինելու զգացումը՝ կիսել ուրիշների ցավը

«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ մարդասիրական կենտրոն»,–«Aurora Dialogues» քննարկումների շրջանակում լրագրողների հետ զրույցում համոզմունք է հայտնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ Նա նշել է, որ այն նոր ծրագիր է, նոր գաղափարով. մարդասիրության ոլորտում նման ծրագրեր չեն եղել։
«Մեր նման փոքրաթիվ ազգն այսօր աշխարհին ներկայացնում է նոր գաղափարներ թե՛ վերապրողների, թե՛ նրանց սատար կանգնող հերոսների մասին։ Այս թեմաների վրա աշխարհը քիչ է կենտրոնանում։ Այսօր տեսնում ենք, որ Եվրոպայում խոսվում է փախստականների խնդիրների մասին, բայց մյուս կողմից կան մարդիկ, ովքեր վտանգում են իրենց կյանքը նրանց փրկելու համար։ Ահա այս նյութերը քիչ են ներկայացվում, այդ մասին քիչ է խոսվում»,–ասել է Նուբար Աֆեյանը։
Նա նշել է, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունն առաջին տարում կարողացավ հասնել նրան, որ այդ թեմաներն առաջ քաշվեն, նման խնդիրների վրա հրավիրվի աշխարհի ուշադրությունը։ Հայաստանը կարող է դա շարունակել եւ առաջ տանել որպես շարժում։ 
«Հուսամ Հայաստանը կդառնա այդ տեսակ շարժման կենտրոն։ «Ավրորայի» կարեւոր առաքելությունն այն է, որ վտանգի մեջ հայտնված մարդիկ հասկանան, որ մենակ չեն։ Իրենց կողքին կան ուրիշները, որոնք պատրաստ են վտանգել իրեն կյանքը եւ փրկել նրանց։ Դա պետք է փրկվելու հույս տա լքվածներին»,—ասել է նա։
Նուբար Աֆեյանը հիշեցրել է, որ հայ ազգն այդպիսի ճակատագիր է ունեցել, հայերի պատմությունը դա է եղել, երբ սարսափելի տառապանք տեսածներին, սիրիացիները, ամերիկացիները եւ այլ ազգեր օգնել են, շատերին հասցրել են մի հանգրվանի։ Ու այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում ապրում են հայեր, հայ ազգն ունի պետություն ու աշխարհին բարձրաձայնում է մարդասիրական խնդիրների մասին։
«Մենք պետք է ցույց տանք, որ կարողացանք հաղթահարել այդ լքված լինելու զգացումը ու այսօր դարձել ենք օրինակ։ Մենք պետք է նաեւ ուրիշների ցավը կիսենք։ Դա կլինի լավագույն պատասխանը թուրքերին։ Այսպիսի օրինակները շատ ազդեցիկ են։ Նախորդ տարի գումարներն ուղղվեցին Բրազիլիայի ծնողազուրկ երեխաների օգնությանը։ Այդ երեխաները, ովքեր մինչ այդ չգիտեին Հայաստանի մասին, այսօր խոսում են օգնող, կարեկցող հայերի մասին»,—հավելել է Նուբար Աֆեյանը։
Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը կարծում է, որ մարդիկ իրենց օրինակով պետք է ցույց տան, որ հասարակության, մարդկության համար են, այլ ոչ թե լոկ իրենց շահերի, ասել է նա։
«Ցավում եմ, որ այնպիսի օրեր ենք ապրում, որ մարդիկ ոչնչի չեն հավատում, որովհետեւ նրանց դավաճանել են, խաբել են, նրանք այնքան հիասթափված են, որ չեն հավատում։ Երբ որ այսպիսի վիճակում ենք, ստեղծում ենք դատարկություն, որ չի լցվում որեւէ բանով։ Ինչպես երեկ ասացի, մենք ներկայի բանտարկյալներն ենք, ապագայի մասին գաղափար չունենք, անցյալի մասին տեղեկություն չունենք, միայն զբաղված ենք մեր գործերով։ Պետք է գաղափարական խորհուրդ ունենաս ինքդ քո մեջ, որը հավատ կբերի քեզ ինքդ քո հանդեպ»,—նշել է նա։
Հարցին, թե ինչ է կարծում այն մտահոգությունների մասին, որ Հայաստանը նման խնդիրներ ունենալով հանդերձ մեծ գումարներ է փոխանցում խնդիրներ ունեցող այլ երկրների, Վարդան Գրեգորյանը պատասխանել է. «Մենք՝ հայերս, միշտ ազգայնացրել եւ սահմանափակել ենք ինքներս մեզ, պետք է միջազգային ձեւով մտածել. Կոնգոյում արդեն խոսում են Հայոց ցեղասպանության մասին, զբոսաշրջիկները, ովքեր երբեք այստեղ չեն եկել, գալիս են, արտասահմանի հայերն ասում են, որ օտարները նույնիսկ ճանաչում են մեզ։ Մենք սահմանափակվել ենք մեր մեջ եւ կարծում ենք, որ բոլորը պետք է օգնեն մեզ, բայց նախեւառաջ մենք մեզ պետք է օգնենք»։ Վարդան Գրեգորյանը հավելել է, որ շատ հպարտ է աշխարհի տարբեր ծայրերից մարդկանց Հայաստան բերելու համար։

«Ավրորան» միջազգային իրադարձություն է

Ամփոփիչ ասուլիսում Ռուբեն Վարդանյանը հույս է հայտնել, որ «Ավրորա» մրցանակը ցմահ պարգեւ կդառնա։
«Երազում եմ, որ մենք կարողանանք մրցանակաբաշխությունն անցկացնել Հալեպում՝ խաղաղության պայմաններում, Դեյր—Զորում, որտեղ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվեց հայերի մեծ մասը։ Ցավոք, երազանքս կարող է չկատարվել որոշ պատճառների բերումով, բայց ես հենց այդ մասին եմ երազում»,–ասել է Ռուբեն Վարդանյանը
Նա նաեւ իր իդեալիստական երազանքի մասին է ասել, որ երբեւէ «Ավրորա» մրցանակը կչեղարկվի, քանի որ այլեւս մարդասիրական մրցանակի կարիքը չի լինի։
«Զոհի զգացողությունը, որը հայերը կրել են սերունդներով, թույլ չի տվել օգուտ քաղել մեր ցավից եւ օգնել ուրիշներին»,–հայտարարել է Նուբար Աֆեյանը։
Զոհի բարդույթը մասամբ բացատրվում է այն փաստով, որ ցեղասպանությունը չի ճանաչվել հանցագործների հետնորդների կողմից։ «Մենք զբաղված էինք արդարության համար պայքարով»,—նկատել է Աֆեյանը։ «Մենք կարծում ենք, որ հայերը պետք է պատասխանատվություն ստանձնեն»,— ասել է նա՝ խոսելով Հալեպին օգնելու մասին։ «Անհրաժեշտ է բարիք գործել այլ մարդկանց համար»,—նշել է նա։
«Շատ գումարներ են ծախսել Հայոց ցեղասպանության ճանաչման համար, սակայն «Ավրորա» մրցանակաբաշխությունն ավելին է արել՝ հարցը ներկայացնելով որպես մարդու իրավունքների խնդիր»,—հայտարարել է Վարդան Գրեգորյանը։
«Պատմության ընթացքում հայերին ասում էին, որ նրանք չնչին խումբ են, նրանք պայքարում էին, բայց սա առաջին անգամն է, երբ ես լսում եմ, թե Հայաստանը կարող է ունիվերսալ արժեքների կենտրոն լինել։ Ամբողջ աշխարհում Հայաստանը կտեսնեն որպես կենտրոն, որը ձգտում է պահպանել ալտրուիզմի կրակը»,—նկատել է Գրեգորյանը։
Նա հերքել է պնդումները, թե դա ազգայնական միջոցառում է։ «Սա միջազգային իրադարձություն է»,–ընդգծել է նա։
«Ավրորա» մրցանակաբաշխության 1 միլիոն դոլարի չափով մրցանակը կբաշխվի երեք կազմակերպությունների միջեւ»,—հայտնել է «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր, վիրաբույժ Թոմ Քաթինան։ «Ինչ վերաբերում է իմ անձնական մրցանակին, ես այդ գումարը կօգտագործեմ իմ հիվանդանոցի կարիքների համար»,–նշել է նա։
 

Մրցանակաբաշխությունը՝ միջազգային ԶԼՄ—ների ուշադրության կենտրոնում


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ու մրցանակաբաշխությունը երկրորդ տարին անընդմեջ հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Աշխարհի տարբեր երկրների ԶԼՄ—ներ գրել են ինչպես տեղի ունեցած մրցանակաբաշխության արդյունքների, այնպես էլ արարողությանը հնչեցված մարդասիրական կոչերի մասին։
Հեղինակավոր «Associated Press»—ը գրել է. «Ամերիկացի բժիշկը, ով տարիներ է անցկացրել՝ աշխատելով Սուդանի՝ պատերազմից տուժած շրջանում, իր բացառիկ մարդասիրության համար պարգեւատրվել է 1,1 մլն ԱՄՆ դոլար արժեցող «Ավրորա» մրցանակով»։
«ABC News»—ը մեջբերել է մրցանակաբաշխության ժամանակ տեսաուղերձ հղած օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ, մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիի խոսքերը, որտեղ նա Սուդանի Նուբա լեռներում աշխատող բժշկին անվանել է «օրինակ մեզ բոլորիս համար»։
Հոլիվուդյան դերասանի խոսքերն է մեջբերել «Irish Examiner»—ը. «Մենք բոլորս դերակատարություն ունենք այս գլոբալ մարտահրավերներում։ Բոլորս ունենք պատասխանատվություն՝ մեզանից յուրաքանչյուրն անհատապես։ Մենք պետք է գործենք»։
«Belfast Telegraph»—ը եւս անդրադարձել է Քլունիի ուղերձին՝ նշելով, որ «Ավրորա» մրցանակի թեկնածուները «ժամանակակից հերոսներն են, ովքեր ռիսկի տակ են դրել իրենց կյանքը»։
Իռլանդական «Independen»—ը նշել է, որ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, ով ընդգրկված էր ընտրող հանձնաժողովում, կոչ է արել արդարադատություն հաստատել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մեղավոր են Հարավային Սուդանում մարդու իրավունքների ոտնահարումների համար։ «Հարավային Սուդանի տառապանքները պետք է ամաչեցնեն մեզ բոլորիս։ Մենք շարունակում ենք մեր համերաշխությունը հայտնել Հարավային Սուդանի ժողովրդին եւ շարունակելու ենք ճնշում գործադրել՝ հանուն խաղաղության ու արդարության»,–նշել էր նախկին նախագահը։ 
Նշենք, որ մրցանակի հավակնորդներն էին մայր եւ դուստր Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն, Թոմ Քաթինան։
Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը եւ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն։ Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածունից, որոնցից 254—ը չկրկնվող էին եւ ներկայացվել էին 66 երկրից։ hhpress.am

Ա. ԽՈՍՐՈՎՅԱՆ

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 7 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017