ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 20:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Ապրիլ » 25 » Ցեղասպանությունը որպես ֆիլոգենետիկ նահանջ
09:44
Ցեղասպանությունը որպես ֆիլոգենետիկ նահանջ

Ժամանակակից մարդաբանության մեջ ընդունված է այն տեսակետը, որ մարդկությունն իր զարգացման ճանապարհին անցել է երեք խոշոր փուլերով, այն է՝ վայրենություն, բարբարոսություն, քաղաքակրթություն։ Բանական մարդ (homo sapiens) տեսակի ֆիլոգենետիկ զարգացման այս ուղին, անշուշտ, տարբեր ժողովուրդների մոտ ժամանակային ու որակական տեսակետից տարբեր դրսեւորումներ է ունեցել, եւ, ինչպես հայտնի է, նույնիսկ այսօր աշխարհի տարբեր ծագերում դեռեւս պահպանվել են ֆիլոգենետիկ զարգացման նախնական աստիճանների վրա գտնվող հանրույթներ, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտության համար։ 
Այս կապակցությամբ հոգեբանական տեսակետից կարեւոր հարց է ծագում. արդյո՞ք մարդ արարածը, որն իր հավաքականության մեջ այս զարգացումների կրողն է եւ եկել ու հանգրվանել է քաղաքակրթական փուլի ներկայիս աստիճանի վրա, իր հոգու խորքում իսպառ հրաժեշտ է տվել վայրենուն ու բարբարոսին։
Այս հարցին ճշգրիտ պատասխան տալու համար պետք է հաշվի առնել մարդկային հոգեկանին բնորոշ մի օրինաչափություն, որը գործում է ինչպես անհատի, այնպես էլ սոցիալ—հոգեբանական խմբերի մակարդակում։ 
Խոսքը հոգեբանական նահանջ (ռեգրեսիա) կոչված երեւույթի մասին է, որը տարբեր հանգամանքների բերումով եւ տարբեր իրադրություններում այցելում է մարդուն եւ արթնացնում նրա հոգու խորխորատներում ծվարած բարբարոսին կամ վայրենուն։ Այս պահին շրջանցելով անհատական տարիքային հոգեբանական նահանջի երեւույթը (օնթոգենետիկ ռեգրեսիա), որը անձի կյանքում շատ հաճախ հանդիպող ենթագիտակցական մեխանիզմներից է, արծարծվող խնդրի կապակցությամբ մեզ համար առավել կարեւոր է, այսպես կոչված, ֆիլոգենետիկ նահանջը, որն ակնառու դրսեւորումներ է ունենում խմբերի մակարդակում։ 
Ֆիլոգենետիկ կամ էվոլյուցիոն նահանջ ասելով նկատի է առնվում այս կամ այն չափով քաղաքակրթված մարդու կամ մարդկանց խմբի հոգեւոր վերադարձը դեպի նախնադարյան հոտի մակարդակ՝ բարոյականության ու բանականության ծայրահեղ պարզունակացման ճանապարհով։ Այս յուրահատուկ երեւույթին հատկապես հաճախ կարելի է հանդիպել զանգվածային ագրեսիայի պայմաններում, որի մի ուրույն, հրեշավոր դրսեւորումն է ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը տարբերվում է ավելի առօրեական զանգվածային բռնություններից ու խժդժություններից նախ եւ առաջ նրանով, որ միանգամայն գիտակցաբար կազմակերպված ու նախապատրաստված է իշխանության ղեկին կանգնած առաջնորդների կողմից եւ իրականացվում է որպես պետական քաղաքականություն։ Այսինքն, այս պարագայում իր իրավունքների մեջ է մտնում ագրեսիայի ամենազարհուրելի, դաժանության մեջ սահմաններ չճանաչող տարատեսակը՝ այսպես կոչված, ավտորիտար ագրեսիան (Թ. Ադորնո, Ֆ. Զիմբարդո, Ա. Նալչաջյան եւ այլք)։ 

Դահիճը. ավտորիտար ագրեսիա եւ ագրեսիվ ամբոխ

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներն, անշուշտ, էթնոքաղաքական խնդիր էին լուծում։ Թուրքական պետականության հիմքերն ամրապնդելու համար երկրի իսկական տերերի գոյությունը նրանց համար լուրջ խոչընդոտ էր։ Եվ ահա, այս ազգային խնդրի լուծմանը նրանք ձեռնամուխ եղան՝ ընտրելով սեփական էթնոսի հոգեկերտվածքին, թերեւս, ամենահարիր ճանապարհը՝ զանգվածային բնաջնջումը, որն, ինչպես ցույց է տալիս պատմական հետագա զարգացումների ընթացքը, իրեն միանգամայն արդարացրեց. թուրքերն, իսկապես, կարողացան ուժեղ պետություն ստեղծել։ Այս նպատակին հասնելու համար հարկավոր էր օգտագործել սեփական ազգին ներհատուկ ողջ դեստրուկտիվ «ներուժը», որն էլ հենց վարպետորեն գործի դրվեց։
Առհասարակ, ամենաքստմնելի ոճրագործությունները կատարվում են այն ժամանակ, երբ դրանք թելադրված են «վերեւից» եւ խրախուսվում են իրենց ձեռքին ղեկավարության լծակներ ունեցող անձանց կողմից։ Դաժանություններն իրականացնողն այս պարագայում միանգամայն հանգիստ է. նա համոզված է, որ իր զազրելի արարքի համար որեւէ պատասխանատվություն ու պատիժ չի կրելու եւ նույնիսկ հակառակը, արժանանալու է ինչ—ինչ խրախույսների։ Այս պայմաններում տեղի է ունենում ագրեսիվ վարքի դյուրացում. մարդու մեջ արթնանում են այնպիսի ավերիչ ու սադիստական բնազդներ, որոնց գոյությունը քաղաքակրթության ներկայիս մակարդակի համար զարմանալի կարող է թվալ։ Ավտորիտար ագրեսիայի կործանարար ուժը բազմապատկվում է, երբ ոճրագործությունն իրականացվում է խմբակային ձեւով։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները (Գ. Լեբոն, Զ. Ֆրոյդ, Մ. Լազարուս, Ս. Մոսկովիչի, Ֆ. Զիմբարդո, Ա. Նալչաջյան, Հ. Նազարեթյան եւ այլք), ագրեսիվ բնազդներով համակված ու ծայրահեղորեն գրգռված ամբոխն իր կազմի մեջ մտած անհատին «ապահովագրում է» շրջապատողների կողմից ճանաչվելուց՝ նրան ծածկելով անանունության քողով։ Թեեւ Հայոց մեծ եղեռնի պարագայում թուրք ջարդարարները դրա կարիքը չունեին. նրանց չէր սպառնում սովորական հանցագործին վախեցնող ու զսպող գործոնը՝ ճանաչվելու հանգամանքը։ Այս վիճակում հայտնված մարդիկ, առհասարակ, շատ հեշտությամբ են տրվում շրջապատի ազդեցությանը եւ միանգամից ներգրավվելով հոգեբանական վարակի հորձանուտի մեջ, գիշատիչ մրցակցության մեջ են մտնում իրենց կողքին գործող ջարդարարի ու մարդասպանի հետ՝ էլ ավելի կատարելագործելով եւ հարստացնելով վայրագությունների ձեւերն ու եղանակները եւ պալեոլիթյան մարդակերի բութ ցնծություն ապրում։ Մենք գիտենք, որ հենց այդպիսին է եղել հայերին բնաջնջելու մոլուցքով բռնված թուրք խուժանը։
Ցեղասպանության «հայրերը», կազմակերպելով ու ըստ ամենայնի խրախուսելով հայոց ջարդը՝ ճիշտ էին գնահատել սեփական էթնոսի ներքին հնարավորություններն ու հոգեկերտվածքի յուրահատկությունները։ Հայոց եղեռնի իրագործումով նրանք իրենց ազգին եւս մեկ անգամ վերածեցին բանականությունից, բարոյականությունից ու անձնային որոշակիությունից զուրկ մի վայրագ զանգվածի՝ բարոյական ու քաղաքակրթական զարգացումից նրան հետ շպրտելով. ազգ, որը թեեւ ունի ուժեղ պետություն, այնուամենայնիվ առ այսօր չի կարող հպարտանալ մտքի ու մշակույթի ասպարեզներում քիչ թե շատ շոշափելի ձեռքբերումներով (ինչ վերաբերում է հարեւան ազգերի մշակույթը յուրացնելու ավելի ու ավելի ուժգնացող մարմաջին, ապա սա եւս նույն հոգեկերտվածքի դրսեւորման մի ձեւ է)։
Այնուամենայնիվ, հոգեբանական տեսակետից հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ինչպե՞ս կարող է մարդը ձեռք բարձրացնել մեկ այլ մարդու վրա եւ նրան անմարդկային կտտանքների ենթարկել, ըստ էության, նրա նկատմամբ չունենալով անձնական որեւէ թշնամանք, նույնիսկ նրան ընդհանրապես չճանաչելով։ Մարդը, որքան ուզում է անբարո եւ անկիրթ լինի, ունի իր ագրեսիվ վարքին արդարացումներ գտնելու ներքին պահանջ։ Նա ինքն իրեն պետք է պատասխան տա, թե ինչո՞ւ է սպանում ու ավերում։ 
Սեփական դեստրուկտիվ վարքին արդարացումներ տալուն ու պատճառաբանություններ գտնելուն մեծապես օգնում է այն հոգեբանական մեխանիզմը, որը սոցիալական հոգեբաններն անվանել են «զոհի վարկաբեկում»։ Այս մեխանիզմը, որի գոյությունը ապացուցված է բազմաթիվ տեսական ու փորձարարական հետազոտություններով, օգնության է գալիս ագրեսորին, եւ վերջինս ապագա զոհին սկսում է վերագրել բազմաթիվ բացասական, անմարդկային գծեր եւ վտանգավոր մտադրություններ։ Մարդկության ողջ պատմության ընթացքում ամենաարյունալի սպանդները կատարվել են՝ նախապես վարկաբեկելով ու մարդկային բոլոր բարեմասնություններից զուրկ համարելով ապագա զոհին։ Իսկ եթե վերջինս ոչ թե անհատ է, այլ մարդկանց խումբ, ապա այդ հատկանիշները վերագրվում են այդ խմբի բոլոր անդամներին։ Այստեղ արդեն զոհի վարկաբեկմանը գումարվում է համահարթեցման մեխանիզմը. «նրանք բոլորն էլ նույնն են՝ մեծ թե երեխա, կին թե տղամարդ»։ Սկսվում է ապագա զոհի կերպարի ինտենսիվ կարծրատիպացում։ Ինչպես վկայում են այս բնագավառում կատարված հետազոտությունները (Գ. Օլպորտ, Էդվարդս, Է. Արոնսոն, Ա. Նալչաջյան, Գ. Սոլդատովա, Դ. Ջամալյան եւ այլք), հակառակորդի կերպարի կարծրատիպացումը եւ համահարթեցումը ժամանակային առումով, որպես կանոն, նախորդում է ագրեսիայի իրականացմանը։
Ցեղասպանության կազմակերպիչներն իրենք արդեն անցել էին այդ ճանապարհով. նրանք արդեն հասցրել էին արդարացի համարել իրենց հրեշավոր վճիռը։ Հոգեբանական իմաստով, ցեղասպանության իրականացումն արդեն իսկ սկսված էր։ Այժմ արդեն հարկավոր էր ամբողջ ուժով գործի դնել քարոզչական մեքենան եւ համապատասխան ներշնչումներ կատարել նաեւ սեփական ժողովրդին ու զինվորականությանը՝ նրանց հայերի հանդեպ անպատիժ վայրագությունների մղելու նպատակով։ Չբացառելով, որ թուրք ժողովրդի մեջ գտնվել են մարդիկ, ովքեր համամիտ չեն եղել տարվող քաղաքականության հետ, այն համարել են անարդարացի ու դաժան (իսկապես, պատմական փաստերը վկայում են, որ գտնվել են թուրքեր, ովքեր վերահաս վտանգի մասին նախազգուշացրել են իրենց ծանոթներին, որոշ դեպքերում նաեւ ապաստան տվել ու փրկել), սակայն այս դիրքորոշումը որակ չի կազմել եւ չէր էլ կարող կազմել, քանի որ ստեղծված պայմաններում իր իրավունքների մեջ էր մտել մարդկային հոգեկանին բնորոշ մեկ այլ օրինաչափություն. ուժին ենթարկվելու միտումը մարդու մեջ ավելի հզոր է, քան արդարամտությունն ու հանուն արդարության հաղթանակի ինչ—ինչ քայլերի դիմելը (Միլգրամ, Է. Ֆրոմմ, Լ. Բերկովից, Ա. Բանդուրա եւ այլք)։ 
Եվս մեկ հարց. կարելի՞ էր արդյոք կանգնեցնել ագրեսիվության այդ խրախճանքը, հնարավոր չէ՞ր արդյոք սթափեցնել անզեն հայերին հոշոտող թուրք զինվորականությանն ու խառնամբոխին։ Այո, հնարավոր էր։ Պարզապես դահիճը պետք է իր առաջնորդների կողմից կանգ առնելու հրաման ստանար։ Իսկ այդ հրամանը կարող էր տրվել միայն այն դեպքում, եթե աշխարհի պետությունները (խոսքն անհատների մասին չէ, քանի որ, ինչպես գիտենք, տարբեր ազգերի պատկանող բազմաթիվ ազնիվ մարդիկ ու ականավոր անհատներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ու օգնության ձեռք են մեկնել հայերին) այդքան անհաղորդ չգտնվեին քսաներորդ դարի առաջին մարդածին աղետին։ Եթե... Բայց մենք խոսում ենք իրողությունների մասին։ Իսկ իրողությունն այն է, որ գոյություն ունի նաեւ հետեւյալ հոգեբանական օրինաչափությունը՝ անտարբեր դիտողի կամ չմիջամտող վկայի ֆենոմենը։ Ի դեպ, չմիջամտող ականատեսը իր անտարբերությունն ու պասիվությունը արդարացնելու եւ թեկուզ ինքն իր առջեւ արդարանալու համար կրկին դիմում է վերեւում հիշատակված՝ զոհի վարկաբեկման մեխանիզմին, հենվելով հետեւյալ հոգետրամաբանության վրա. «Երեւի ինչ—որ բանում մեղավոր է, երեւի ինչ—որ բանով արժանացել է այդ վերաբերմունքին»։ Այս մտայնությունը դիտողին եւս օգնում է փրկել սեփական կերպարը եւ ավելի դյուրությամբ հրաժարվել արդարության պաշտպանի դերից։ hhpress.am
 

Կարինե ՆԱԼՉԱՋՅԱՆ
Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի 
հոգեբանության ամբիոնի վարիչ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 335 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024