ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 17.04.2024, 03:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 4 » Դիվանագիտական բանակցությունները Բաթումում / Առաջին հանրապետության կերտման փշոտ ճանապարհը (1918թ. մայիս)/
09:57
Դիվանագիտական բանակցությունները Բաթումում / Առաջին հանրապետության կերտման փշոտ ճանապարհը (1918թ. մայիս)/

1918թ. մայիսի 1—5—ը Թիֆլիսում ձեւավորվեց անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության՝ Բաթում ուղարկվելիք բազմանդամ կազմ՝ 45 հոգի։ Նրանցից 6—ը պատվիրակության անդամներ էին, իսկ 39—ը՝ խորհրդականներ, քարտուղարներ, զինվորականներ եւ այլն։ Նման մեծաքանակ կազմը վկայում էր անդրկովկասյան երեք գլխավոր ազգերի ներկայացուցիչների միջեւ սուր հակասությունների եւ փոխադարձ անվստահության մասին։ 
Պատվիրակությունը գլխավորում էր Անդրկովկասյան հանրապետության արտաքին գործերի նախարար Ա. Չխենկելին, որը միաժամանակ ներկայացնում էր Վրաստանի շահերը։ Վրաց պատվիրակության երկրորդ անդամը Ն. Նիկոլաձեն էր, գլխավոր խորհրդականները՝ Զ. Ավալովը եւ Ռիխիլաձեն, իսկ հայկական կողմից ներկայացված էին Ալ. Խատիսյանը եւ Հ. Քաջազնունին (խորհրդականներ՝ Ս. Վրացյան, Մ. Պապաջանյան, Հ. Օհանջանյան եւ ուրիշներ)։ Թաթարներից ընդգրկվեցին Մ. Հաջինսկին, Մ. Ռասուլ—Զադեն եւ այլք։
Թուրքական պատվիրակության նախագահն էր արդարադատության եւ արտաքին գործերի նախարար Հալիլ—բեյը։ Պատվիրակության կազմում էին նաեւ Կովկասյան ռազմաճակատի թուրքական բանակի գլխավոր հրամանատար Վեհիբ փաշան, Թեֆիկ Սելիմը եւ Նասրեդդին բեյը։ Նրանց հետ ժամանեցին նաեւ երկրի ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշան եւ մոտ 200 այլ պաշտոնյաներ՝ Բաթումի շրջաններում թուրքական վարչություն ստեղծելու համար։
Գերմանիան ներկայացնում էր թուրքական կառավարությունում գերմանական հրամանատարության լիազոր ներկայացուցիչ, Թուրքիային ոչ ցանկալի գեներալ ֆոն Լոսովը, որը պաշտպանելու էր իր երկրի շահերը երկրամասում։ Պատվիրակության կազմում էին նաեւ Վ. ֆոն Շուլենբուրգը, Օ. ֆոն Վեզենդոկը (քարտուղար)։ «Գերմանիան՝ Բաթումում, նշանակում էր մի սանձ Թուրքիայի բերնին, իսկ դա ամենակարեւորն էր»,–գրում է Զ. Ավալովը։
Դիվանագիտական բանակցություններին մասնակցելու համաձայնություն տրվեց նաեւ Հյուսիսային Կովկասի ու Դաղստանի մահմեդական ժողովուրդների պատվիրակներին (Հայդար—բեյ Բամմատով եւ Զ. Դեմիրխանով)։
Մայիսի կեսին Գերմանիայի ռազմաքաղաքական կառավարությունը առաջարկել էր իր միջնորդությունը Անդրկովկասը Խորհրդային Ռուսաստանի հետ հաշտեցնելու եւ ապահովելու վերջինիս ներկայացուցչի մասնակցությունը Բաթումի դիվանագիտական բանակցություններին։ Մոսկվայում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչ Միհրբախի միջոցով ներկայացված առաջարկին (նոտային) ՌԽՖՍՀ արտաքին գործերի Ժողովրդական կոմիսարի ժամանակավոր տեղակալ Գ. Չիչերինը մայիսի 15—ի նոտայով պատասխանել էր. «…Անհրաժեշտ է ռուսական կառավարության լիազոր ներկայացուցչին ներգրավել այն բանակցություններին, որոնք Բաթումում տարվում են մեկ կողմից գերմանական եւ օսմանյան կառավարությունների եւ մյուս կողմից այսպես կոչված անդրկովկասյան կառավարությունների միջեւ։
…Պնդելով, որ ռուսական կառավարության պատգամավորները պետք է մասնակցեն Բաթումում տեղի ունեցող բանակցություններին, Ժողովրդական Կոմիսարիատը շեշտում է, որ դա բնավ չի նշանակում, թե ռուսական կառավարությունը մտադիր է ճանաչել այսպես կոչված անդրկովկասյան կառավարությունը, ըստ որում ավելացնում է, որ առանց իր մասնակցության կնքված պայմանագիրը նա իրեն իրավունք չի վերապահի ճանաչել»։
Մայիսի 6—ի երեկոյան անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունը ժամանեց Բաթում՝ թուրքերի հետ հաշտության դաշնագիր ստորագրելու համոզումով։ Սակայն պատվիրակությունը մեկնեց հանպատրաստից՝ չունենալով արտաքին միասնական քաղաքականություն եւ իբրեւ դրա հետեւանք՝ նաեւ առանց դիվանագիտական անհրաժեշտ նախապատրաստության։ 
Բանն այն էր, որ Անդրկովկասյան սեյմը եւ կառավարությունը ի զորու չէին կյանքի կոչելու երկրամասի առջեւ ծառացած այդ հրատապ եւ կարեւորագույն առաջնահերթությունները։ Դրա հիմնական պատճառներն անդրկովկասյան երեք գլխավոր ազգերի միջեւ խորացող ներքին ու արտաքին հակասությունները եւ հակամարտություններն էին, որի գլխավոր պատճառը նրանց քաղաքական տարբեր կողմնորոշումներն ու ազգային—տարածքային սահմանային վեճերն էին, միմյանց նկատմամբ անվստահությունը եւ անհանդուրժողականությունը։ Այս ամենն անկարելի դարձրին երկրամասում հավաքական միակամություն, ամուր եւ կայուն պետություն ստեղծելու հնարավորությունը։ «Անդրկովկասի պետական—քաղաքական կեանքը,–գրում է Յ. Իրազեկը,–բոլորովին նմանում էր առակի սայլին, որին լծուած հայերը, վրացիներն ու թուրքերը (թաթարներ–Գ. Պ.) միանգամայն տարբեր շահեր ու տարբեր նպատակներ հետապնդելով, ոչ միայն իրար չէին օգնում, այլ ընդհակառակը, իրար խանգարում ու վնասում էին»։ Դժվար չէ նկատել, որ այդ ամենի պատճառով հնարավոր չդարձավ նաեւ ստեղծել միացյալ ճակատ թուրքական տարածքային զավթումները կասեցնելու, ինչպես նաեւ միասնական արտաքին քաղաքականություն եւ ճկուն դիվանագիտություն բանեցնելու համար։ Ահա թե ինչու թե՛ Տրապիզոնի եւ թե՛ Բաթումի դիվանագիտական բանակցային գործընթացներում Անդրկովկասի խաղաղարար պատվիրակությունների երեք գլխավոր ազգերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը գործում էր հանուն սեփական շահերի։ Բանակցությունների ընթացքում տեղի էին ունենում ոչ պաշտոնական, անդրկուլիսյան հանդիպումներ, մասնավոր զրույցներ. թաթարները՝ թուրքերի հետ, վրացիները՝ թուրքերի եւ գերմանացիների, հայերը՝ գերմանացիների։ Սակայն, բացառությամբ թաթարների, հայ եւ վրացի պատվիրակության անդամների շահերը համընկնում էին. երկուսն էլ ձգտում էին թուրքերից անկախ եւ ազատ ապրել։ «Տարբեր վիճակի մեջ էին ադրբեջանցիները,–գրում է Զ. Ավալովը։–Նրանք՝ ի դեմս թուրքերի սկսել էին տեսնել իրենց ազգակիցների, որոնք կարող էին շատ հարցերում օգնել իրենց. ոչինչ չէր ստիպում խեթ հայացքով նայել Բաթումի բանակցություններին»։ Կովկասյան թաթարների մասնակցությունը թե՛ Տրապիզոնի եւ թե՛ Բաթումի հաշտության բանակցություններին ընդամենը դիվանագիտական հնարք էր՝ քողարկելու իրենց աջակցությունը թուրքական ծրագրերի իրականացմանն Անդրկովկասում։ Նրանց իրական նպատակն էր Թուրքիայի ազդեցության տարածմամբ Անդրկովկասում ապահովել իրենց շահերը։
Ահա այդպիսի բարդ ու լարված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում պետք է սկսվեին Բաթումի թուրք—անդրկովկասյան դիվանագիտական բանակցային գործընթացները, որտեղ ի սկզբանե ուրվագծվում էին նաեւ երկրամասի տարածքային նոր կորուստներ, առանց այն էլ ջլատված Անդրկովկասյան անկախ պետության լուծարման անխուսափելի գործընթաց։ Հովհ. Քաջազնունու հավաստմամբ՝ «Սեյմի մեջ միշտ աճող ներքին անհամաձայնութիւնները այլ եւս չէր կարելի հաշտեցնել ոչ մի կոմպրօմիսով. պայթումը անխուսափելի էր ու անյապաղ»։
Մինչ գերմանական պատվիրակության ժամանումը Բաթում, մայիսի 6—10—ը տեղի ունեցան թուրքական եւ անդրկովկասյան խաղաղարար պատվիրակությունների համատեղ ճաշկերույթներ, փոխայցելություններ եւ մասնավոր զրույցներ։ Թուրքական պատվիրակության անդամները, Բաթում ժամանած Ջեմալ փաշան եւ թուրքական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այդ ժամանակն օգտագործեցին՝ ճշգրտելու, պարզելու անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության երեք գլխավոր ազգերի, առանձնապես հայ եւ վրացի ներկայացուցիչների ակնկալիքները, հավակնությունները, պահանջները եւ այլն, ինչպես նաեւ ապակողմնորոշելու նրանց։ Միաժամանակ նրանք փորձեցին նաեւ բարոյահոգեբանական ճնշում գործադրել նրանց վրա եւ իրարանցում առաջացնել սկսվող դիվանագիտական բանակցություններում։
Մայիսի 6—ի երեկոյան՝ Վեհիբ փաշայի հրավիրած ճաշկերույթից հետո (մասնակցում էին մոտ 120 մարդ) տեղի ունեցավ Հալիլ բեյի եւ Ալ. Խատիսյանի մասնավոր առանձնազրույցը, որի ժամանակ Հալիլ բեյը փորձում է պարզել, թե արդյոք հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ռուսական իր ավանդական կողմնորոշմանը։ Նա, դիմելով Ալ. Խատիսյանին, ասում է. «Կովկասի անկախությունն ինձ շատ է հետաքրքրում, եւ ես Ռուսաստանի դեմ եմ գործելու, որ այդ պատճառով էլ Կովկասը պետք է տեսնել ուժեղ եւ միասնական, բայց իրենք երկյուղում են, որ մենք չենք կարող դրան հասնել»։ Նա զրույցի վերջում նշում է, որ իրենց շատ է հետաքրքրում նաեւ այն հարցը. «Թե մենք արդյոք կկարողանանք դիմակայել Ռուսաստանին, եթե նա շարժվի դեպի Կովկաս»։ Սակայն Հալիլ բեյի հարցը Ալ. Խատիսյանը թողնում է անպատասխան…, եւ դրանով ավարտվում է նրանց կարճատեւ առանձնազրույցը։
Հաջորդ օրը՝ մայիսի 7—ին, թուրքական շոգենավի վրա ճաշկերույթի հրավիրվեցին անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության անդամները։ Այդ ընթացքում թուրքական կողմը ջանադրաբար փորձում էր բարոյահոգեբանական ճնշում գործադրել եւ խուճապի մատնել հատկապես պատվիրակության հայ անդամներին։ 
Երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամներից դոկտոր Բահաեդդին Շաքիրը, դիմելով հայ պատվիրակներին, ասում է. «Հայերը կանգնած են մեր համաիսլամական եւ համաթրքական սրբազան իտէալներու իրականացման ճամբուն վրայ, եւ մենք անխուսափելիօրէն կը բախուինք անոնց հետ։ Ատիկա վեր է եւ դուրս է մեր անձնական զգացումներէն ու տրամադրութիւններէն։ Մենք հարկադրուած ենք տարերայնօրէն ոչնչացնել մեր ճամբուն վրայէն այն ամէնը, ինչ որ արգելք կը հանդիսանայ մեր ազգային սրբազան իտէալներուն։ Եվ յետոյ դուք միշտ ռուսներուն հետ էք. դուք անոնց առաջապահն էք. իսկ ռուսները մեր ոխերիմ թշնամիներն են, պատմական թշնամիները։ Մտածեցէք այս մասին, փոխեցէք ձեր հոգեբանութիւնը եւ օրիէնտացիան։ Դուք թշնամի էք եւ ես ալ թշնամի եմ, բայց մենք ընկերակիցներ ենք. մենք կը հասկնանք կենդանի մարմնի կեանքը, եւ անոր մէջ չկայ մարդասիրութիւն կամ կամքի տկարութիւն»։ Այդ առնչությամբ Ալ. Խատիսյանը գրում է. «Ես հարկաւ պատասխանեցի իրեն ինչ որ պէտք էր, բայց ակներեւ էր որ մենք կը խօսէինք տարբեր լեզուներով, ու մենք բաժնուեցանք առանց որեւէ կերպով համոզած ըլլալու զիրար»։

Շարունակելի

Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 324 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024