ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 18:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 12 » Դիվանագիտական բանակցությունները Բաթումում / Առաջին հանրապետության կերտման փշոտ ճանապարհը (1918թ. մայիս)/
10:15
Դիվանագիտական բանակցությունները Բաթումում / Առաջին հանրապետության կերտման փշոտ ճանապարհը (1918թ. մայիս)/

Մայիսի 19—ին ֆոն Լոսովին ուղղված անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության միջնորդության առաջարկի պաշտոնական գրավոր պատասխանը ի վերջո տրվեց հինգ օր անց՝ մայիսի 24—ին։ Այդ գրությամբ ֆոն Լոսովը տեղեկացրեց խաղաղարար պատվիրակության նախագահ Ա. Չխենկելիին, որ Հալիլ բեյը մերժել է իր միջնորդությունը։ Իսկ հաջորդ օրը (մայիսի 25—ին) նա գրավոր հայտնեց նույն Ա. Չխենկելիին, որ հրաժարվում է իր հետագա մասնակցությունից Բաթումի դիվանագիտական բանակցություններին՝ տալով հետեւյալ պարզաբանումը. «Պատիվ ունեմ հայտնելու Ձեզ, որ ես ստացել եմ հավաստի տեղեկություններ, որոնց համաձայն՝ Անդրկովկասյան Հանրապետությունը եւ անդրկովկասյան կառավարությունը գտնվում են քայքայման շրջանում։ Նկատի ունենալով այս հանգամանքը, որ չէր նախատեսված, ինչպես նաեւ այն, որ ես անհրաժեշտ լիազորություններ չունեմ անդրկովկասյան համադաշնության լուծման պարագայում շարունակելու բանակցությունները, քանի որ ինձ լիազորություններ էին տրված անդրկովկասյան կառավարության հետ բանակցելու հիմքերով, ես պետք է խնդրեմ նոր հրահանգներ, եւ այդ առթիվ անհրաժեշտ է, որ անձամբ հարաբերության մեջ մտնեմ գերմանական համապատասխան իշխանությունների հետ։ Որպեսզի զուր ժամանակ չկորցնեմ, ես որոշեցի այս երեկոյան մեկնել Բաթումից «Միննա Հորն» գերմանական շոգենավով»։ Մեղմ ասած, ֆոն Լոսովի պարզաբանումը ընդամենը դիվանագիտական խաղ էր։ Նրան վաղուց հայտնի էր, որ Անդրկովկասյան Հանրապետությունը արհեստածին է եւ չի կարող երկար գոյատեւել։ Մինչդեռ վրաց եւ գերմանացի դիվանագետները, ելնելով երկրամասում իրենց ռազմաքաղաքական, առեւտրատնտեսական, անվտանգության եւ այլ շահերից, գաղտնի նախապատրաստեցին անկախ Անդրկովկասյան Հանրապետության վերջնական կազմալուծումը։ Բանն այն էր, որ նախապես համաձայնեցված եւ ստորագրելու պատրաստ գերմանա—վրացական մի քանի գաղտնի փոխշահավետ համաձայնագրերի նախագծեր իրականացնելու համար անհրաժեշտ էր, որ Վրաստանը նախապես հռչակվեր առանձին անկախ պետություն։ Եվ պատահական չէր, որ ֆոն Լոսովը, Ա. Չխենկելիին հանձնելով իր գրավոր պարզաբանումը, նույն օրը երեկոյան (մայիս 25) Բաթումից գաղտնի մեկնեց Փոթի՝ պաշտոնապես ստորագրելու այդ համաձայնագրերի նախագծերը։ Փաստորեն, դրանով գերմանական զինվորների ներկայությունը ապահովում էր Վրաստանի պաշտպանությունը, երկաթուղիների վերահսկողությունը եւ նրա սահմանների անվտանգությունը թուրքական ոտնձգություններից։ Իսկ Գերմանիան, համաձայն տնտեսական մի քանի համաձայնագրերի, իրավունք էր ստանում շահագործելու Վրաստանի բնական հարստությունները։ Այդ իրադարձությունների առնչությամբ Զ. Ավալովը հավաստում է. «Արդեն անկարելի էր դառնում անդրկովկասյան միացյալ արտաքին քաղաքականությունը։ Ուստի եւ նրա ամեն մեկ մասը պարտավոր էր առանձնաբար մտածել իր մասին։ Մենք Բաթում եկանք այն վստահությամբ, որ Վրաստանը պատրաստ էր այդ քայլին։ Իսկ որ նա պարտավոր էր գործել ինքնուրույնաբար, այդ բանը վերջնականապես պարզվեց այն բանից հետո, երբ թուրքերը գրավեցին Վրաստանի մուսուլմանաբնակ մասերը։ Թուրքերին մենք ուժով դուրս քշել չէինք կարող։ Միակ ելքը մնում էր գերմանական քաղաքականությունը։ Իսկ դրա համար էլ անհրաժեշտ էր, որ հանդես գար անկախ Վրաստանը. համաձայնություն Գերմանիայի հետ եւ գերմանական որոշ աջակցություն։ Օրվա գործնական վիճակը հարցը ստիպում է դնել այդպես։ Այդ էր օրվա պահանջը։ Ամենից առաջ, հենվելով Գերմանիայի վրա, պաշտպանվել թուրքերից եւ կազմակերպվել։ …Գերմանական պատվիրակության անդամների հետ ունեցած սրտաբաց զրույցների ժամանակ պատրաստվեց Վրաստանի արդեն պարզորոշ դիրքը. ի նախատեսություն Անդրկովկասյան միության անխուսափելի քայքայման։ Միայն մի քանի մարդ իրազեկ էր, այս գաղտնիքին»։ Այդ հարցը թաքուն պահվեց անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության հայ անդամներից։
Մայիսի 25—ին Բաթում էր ժամանել Վրաստանի ազգային խորհրդի նախագահ Նոյ Ժորդանիան՝ Վրաստանի անկախության հռչակման շուրջը խորհրդակցելու Ա. Չխենկելիի հետ։ Այստեղ էլ տեղի ունեցավ նրա, գեներալ Օդիշելիձեի, Հովհ. Քաջազնունու եւ Ալ. Խատիսյանի հանդիպումը։ «Ժորտանիան պատմեց Թիֆլիսի մէջ իշխող տրամադրութիւններու մասին,–գրում է Ալ. Խատիսյանը,–հաղորդեց, որ հայերը կը շարունակեն պատերազմիլ թուրքերու հետ, որ թուրքերը սանձարձակօրէն կը շարունակեն իրենց առաջխաղացքը, եւ յայտնեց թէ այդպիսի պայմաններու մէջ վրացիներուն ուրիշ բան չի մնար, բայց եթէ յայտարարել Վրաստանի անկախութիւնը։
–Ինչպէ՞ս, բացագանչեցի ես. չէ՞ որ մենք ու դուք միասին պատերազմի մէջ ենք, ընդհանուր պատերազմի մէջ ընդհանուր թշնամիին դէմ։ Ինչպէ՞ս կարող էք լքել մեզ, երբ մենք դեռ արիւն կը թափենք։ Մի՞թէ ազնիւ բան է այս։
–Ազնիւ բան է այն, ինչ օգտակար է ժողովուրդին,–պատասխանեց Ժորտանիան։
–Այո՜, ըսի ես, իսկ մե՞նք։
–Մենք չենք կարող խեղդւել ձեզ հետ միասին,–պատասխանեց Ժորտանիան։ Մեր ժողովուրդը կÕուզէ փրկել այն, ինչ որ կարող է։ Դուք ալ պարտաւոր էք համաձայնութեան լեզու մը գտնել թուրքերուն հետ։ Ուրիշ ելք չունիք»։
Այպիսով, դժվար չէ նկատել, թե ինչու Բաթումի թուրք—անդրկովկասյան դիվանագիտական բանակցությունների ընթացքում Վրաստանի եւ Գերմանիայի պատվիրակությունների կողմից ի սկզբանե նախապատրաստվում էր առանց այն էլ ջլատված Անդրկովկասյան անկախ հանրապետության վերջնական կազմալուծման գործընթացը։ 
Վերջապես մայիսի 26—ի կեսօրին՝ ժամը 3—ին, Թիֆլիսի քաղաքային վարչության սրահում Անդրկովկասյան սեյմը իր արտակարգ եւ վերջին նիստում Բաթումի դիվանագիտական բանակցությունների հաշվետվությունը ներկայացնելուց հետո ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց հետեւյալ որոշումը. «Նկատի ունենալով, որ պատերազմի ու խաղաղության հարցում ի հայտ են եկել արմատական տարաձայնություններ Անդրկովկասի անկախ հանրապետությունը կազմող ժողովուրդների միջեւ, եւ դրանով իսկ անհնար է դարձել Անդրկովկասի անունից խոսող մեկ հեղինակավոր իշխանության հանդես գալը, սեյմը հաստատում է Անդրկովկասի (դաշնության) կազմալուծումը եւ վայր է դնում իր լիազորությունները»։ Փաստորեն, Վրաստանը անկախ հռչակելու լուրը արագացրեց վերջնագրի ներկայացումը։ 
Նույն օրը՝ երեկոյան ժամը 9—ին, թուրքական պատվիրակության նախագահ Հալիլ բեյը Ա. Չխենկելիին ներկայացրեց վերջնագիր՝ երեք օրվա ընթացքում իր պայմանները (լիովին ընդունել Բաթումում մայիսի 11—ին անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության ներկայացրած թուրքական պայմանները) ընդունելու կամ մերժելու վերաբերյալ, այն դեպքում, երբ սեյմը ընդամենը չորս ժամ առաջ կազմալուծվել էր, եւ այլեւս անկախ Անդրկովկասյան հանրապետությունը գոյություն չուներ։ Իսկ Վրաստանն էլ գերմանական պատվիրակության հետ գաղտնի համաձայնությամբ մեծ հանդիսավորությամբ նույն սրահում հռչակել էր իր անկախությունը։ Ինչպես վերը նշվեց, Անդրկովկասյան հանրապետության կազմալուծումը եւ Վրաստանի անկախության հռչակումն իրականացվեցին նպաստավոր այն պահին, երբ Վրաստանի ու Գերմանիայի միջեւ արդեն պատրաստ էին Փոթիում ստորագրելու փոխշահավետ մի քանի ռազմաքաղաքական, տնտեսական, առեւտրային, ֆինանսական, անվտանգային եւ այլ գաղտնի համաձայնագրերի նախագծեր։
Մայիսի 28—ին Մուսուլմանների ազգային խորհուրդը, հիմք ընդունելով Անդրկովկաս ներխուժած ցեղակից Թուրքիայի անվերապահ աջակցությունն ու հովանավորությունը, հռչակեց «Արեւելակովկասյան Մուսուլմանական Հանրապետության» անկախության մասին, որը հենց այդ ժամանակ թուրքերի կողմից առաջին անգամ կոչվեց «Ադրբեջան»։
Ի դեպ, անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության թաթար անդամները դիմել էին Հալիլ բեյին հետեւյալ խնդրանքով. «Հարգարժան պարոն, մեր ժողովուրդն (թաթարները Գ. Պ.) անկախություն չի ուզում, մենք էլ չենք ուզում։ Մենք ցանկանում ենք Օսմանյան պետության մի մաս կազմել»։
Այդ հանդիպման մասնակից Նաքի Քեյքուրունը (հետագայում՝ 1918—1920թթ., Ադրբեջանի հանրապետության Ազգային անվտանգության տնօրեն) գրում է, որ Հալիլ բեյը այդ պահանջին պատասխանեց հետեւյալը. «Մենք մեր սվինը հասցրեցինք Կովկաս։ Եթե դուք նույնիսկ չցանկանայիք միանալ մեզ, մենք ձեզ մեր սվինի ուժով կստիպեինք միանալ մեզ։ Սակայն դրա հնարավորությունը չկա։ Մեր միավորումը չեն ընդունի ո՛չ թշնամի (Ռուսաստան Գ. Պ.), ո՛չ էլ բարեկամ (Գերմանիա Գ. Պ.) պետությունները։ Մենք ձեզ օգնում ենք եւ կշարունակենք օգնել։ Անհրաժեշտ քանակությամբ զորք կուղարկենք, որ դուք անկախանաք եւ անկախ ապրեք։ Բազմակողմանի աջակցություն կցուցաբերենք ձեզ։ Մեր հայրենիքի պես կպաշտպանենք նաեւ ձեր հայրենիքը։ Վերադարձեք ձեր տները եւ պաշտպանեք հռչակվելիք ձեր անկախությունը»։
Մայիսի 30—ին Թիֆլիսի Հայոց ազգային (կենտրոնական) խորհուրդը իրեն հայտարարեց հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն (մայիսի 31—ին այն հրապարակվեց մամուլում)՝ դնելով ազգային անկախ պետականության շինարարության հիմքը։ Անդրկովկասյան սեյմի կազմալուծումից հետո դադարեցվեցին նաեւ հաշտության խաղաղարար պատվիրակության լիազորությունները, եւ նախկին անկախ անդրկովկասյան խաղաղարար պատվիրակության անդամները Բաթումից վերադարձան Թիֆլիս։

Գեղամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 307 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024