ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 25.06.2018, 10:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [510]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [407]
Մշակույթ [14]
Հասարակություն [711]
Սպորտ [1]
Տեսակետ [43]
Տարածաշրջան [69]
Զանազան [150]
Քաղաքականություն [556]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 12 » Երախտագիտության ու մարդասիրության հավատամքով / «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիրը իրավապաշտպան Չո Լա Աունն է/
10:31
Երախտագիտության ու մարդասիրության հավատամքով / «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիրը իրավապաշտպան Չո Լա Աունն է/

Ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է հունիսի 10—ին Հայաստանում՝ արեւածագին, Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում։
Նույն օրը երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել 2018 թվականի «Ավրորա» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը։ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այլ պաշտոնյաներ, գործիչներ, հյուրեր։
Նախագահը հանդես է եկել խոսքով, որում մասնավորապես ասել է. «Ավրորա» նշանակում է արշալույս, արշալույսը՝ նոր օր, նոր օրը՝ նոր սկիզբ։
Հատկանշական է, որ «Ավրորայի» հերթական մրցանակաբաշխությունը տեղի է ունենում նոր Հայաստանում, երբ համայն հայության եւ հատկապես երիտասարդության մեջ կտրուկ ավելացել է ձգտումը դեպի ազատություն, լույս ու երազանք։ Եվ, իհարկե, որեւէ երազանք չի կարող իրականություն դառնալ առանց մարդասիրության, սրտացավության, հանդուրժողականության ու երկխոսության։
Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն՝ դարձավ խարան աշխարհի ճակատի վրա։
Ավելի քան 100 տարի առաջ մեր ժողովուրդը զգաց, թե ինչ մեծ արժեք ունեն օգնության ձեռքը, գթասրտությունը, մարդասիրությունը եւ անկախ նրանից, թե ով է այդ ձեռքը մեկնում, անկախ այդ մարդու ազգությունից, կրոնից եւ, իհարկե, ձեռքի գույնից։
Ցեղասպանության հարվածից հետո մեր ժողովուրդը ուժ գտավ ոչ միայն վերապրել, այլեւ վերստեղծել իր հայրենիքը եւ, իհարկե, չմոռանալ անցյալը։
Իրոք, ուժեղ է ոչ թե նա, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ապրելու, վերածնվելու, պայքարելու եւ հանդուրժող լինելու ուժ է գտնում։
Սիրելի՛ բարեկամներ,
Գնահատելի է, որ այս մրցանակի հիմնադիրները ներդրում են կատարում հումանիզմի տարածման գործում։ Հիշենք, որ այդպես են վարվել մեզ հետ նաեւ նրանք, ովքեր ավելի քան մեկ դար առաջ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Իրաքում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում ապաստան եւ օգնություն են տվել ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր ժողովրդի զավակներին։ Եվ ահա այսօր մենք ձգտում ենք վերադարձնել այն, ինչ ստացել ենք ավելի քան 100 տարի առաջ։
Այսօր արշալույսին «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հնչեց բիբլիական Արարատի հայացքի ներքո։
Դրանով իսկ մենք մեր հայկական ուղերձը տարածում ենք աշխարհով մեկ եւ այս է ուղերձը՝ մենք մեր պատմությամբ ու կյանքով մասն ենք կազմում աշխարհի, որն այսօր կրկին երկխոսելու, միմյանց լսելու, փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության կարիք ունի»։
«Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածությունների ցանկից, տեղեկացրել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից։
«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր հռչակվելու վերաբերյալ Չո Լա Աունն ասել է. «Իմ ժողովուրդը ենթարկվում է դաժան սահմանափակումների եւ արդեն կորցրել է իր խիզախությունն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը, դարձել անգրագետ, ուստիեւ՝ ընչազուրկ։ «Ավրորա» մրցանակի աջակցությունը կարեւոր ճանաչում է բերում մարդու իրավունքների խախտումների ենթարկված բոլոր մուսուլմաններին, եւ ռոհինջա ժողովրդի թշվառ կացությունն օրեցօր ավելի նկատելի է դառնում միջազգային հանրությանը»։
Չո Լա Աունը տասնամյակներ շարունակ մեծ նվիրումով գործել է՝ իրավապաշտպանի իր հմտություններն ի սպաս դնելով քաղաքացիությունից զրկված ռոհինջա ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների համար մղած պայքարին։ Նրա նվիրումը Մյանմայի կառավարության կողմից հետապնդվող հարյուր հազարավոր մուսուլման փախստականների եւ կրթությունից զրկված երեխաների իրավունքների եւ արդարության պայքարին զորեղ է, քան երբեւէ։ Ստանձնած առաքելության հետեւանքով կյանքի 12 տարին նա անցկացրել է բանտարկության մեջ, ինչը ծանրագույն զրկանքների է ենթարկել նրա սեփական ընտանիքին։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը Չո Լա Աունի մասին դրվատանքի իր խոսքում ասել է. «Հիշելով, թե ցեղասպանության ընթացքում բռնի տեղահանության ճանապարհներին հայերը եւ հատկապես կանայք ու երեխաներն ինչպիսի սարսափների ու վայրագությունների են ենթարկվել, մենք մեծագույն պատասխանատվությամբ այժմ ոտքի ենք կանգնել՝ աջակցելու Չո Լա Աունի մարդապաշտպան գործին, որը մի օր հանգեցնելու է նրան, որ գործի դրվեն պետական եւ միջազգային օրենքներ՝ կոչված պաշտպանելու մարդկանց խոցելի խմբերին։ Սեփական կյանքի համար մեծագույն սպառնալիքի պայմաններում Չո Լա Աունն անում է վիթխարի աշխատանք՝ օրինակ դառնալով այն հեռահար ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անհատը՝ սկիզբ դնելով մեծ շարժման եւ օգնելով մարդկանց վերափոխելու իրենց կյանքը»։
Որպես «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չո Լա Աունն ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, ինչպես նաեւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ մրցանակի 1,000,000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրությամբ նվիրաբերելով հետեւյալ երեք միջազգային կազմակերպություններին, որոնք Մյանմայում բժշկական օգնություն եւ օժանդակություն են տրամադրում փախստականներին.
«Բժիշկներ առանց սահմանների», Լոնդոն (Medecins Sans Frontieres),
MERCY մալայզիական բժշկական նպաստամատույց, Մալայզիա (Malaysian Medical Relief–MERCY Malaysia),
Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով, Շվեյցարիա, ԱՄՆ (ICMC International Catholic Migration Commission)։
«Չո Լա Աունի գործը «Ավրորա» մրցանակի ոգու մարմնավորումն է։ Նա ի ցույց է դնում այնպիսի բացառիկ ազդեցություն, որպիսին անհատը կարող է ունենալ հաճախ անխափանելի թվացող անարդարության դեմ պայքարելիս եւ ոգեշնչում է մեզ՝ տեսնելու, թե որքան մեծ հետք կարող է թողնել աշխարհի ամենախոցելի մարդկանց օգնելուն ի նպաստ կատարված խիզախ քայլը»,–ասել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ եւ ՄԱԿ—ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը։
«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրին պատվելու համար Հայաստան են ժամանել միջազգային մարդասիրական հանրության առաջատար ներկայացուցիչներ, ինչպես նաեւ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բերնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջին կից գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Արա Դարզին եւ ՄԱԿ—ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։
Չո Լա Աունին շնորհավորել է նաեւ բժիշկ Թոմ Քաթինան։ 2017 թվականին նրան «Ավրորա» մրցանակ է շնորհվել Սուդանի հարավի՝ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռների 750,000 բնակիչներին անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու գործում դրսեւորած բազմամյա բացառիկ նվիրումի համար։ Նա ասել է. «Ավրորա մրցանակն իսկական լույս է վառել Նուբա լեռների ժողովրդի համար՝ օգնելով վերականգնել մեր համայնքի ոգին ու տոկունությունը եւ արդյունքում պահպանել մարդկանց կյանքը։ Հպարտ եմ, որ «Ավրորա» մրցանակի դափնեկիր է նաեւ այնպիսի անձնազոհ մարդասեր, ինչպիսին Չո Լա Աունն է։ Շնորհավորում եմ նրան մրցանակն ստանալու առթիվ եւ ողջունում այսքան ազնիվ գործի համար մղած պայքարում նրա անհավատալի անձնվեր ջանքերը»։
«Ավրորայի» միջոցառումների մասնակիցները մեծարանքի են արժանացրել նաեւ այն ներդրումը, որ ունեցել են «Ավրորա» մրցանակի 2018թ. մյուս երկու հերոսները՝ կանանց իրավունքների պաշտպան եւ Հնդկաստանի «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր Սունիտա Քրիշնանը եւ Մեքսիկայում կենտրոնամերիկյան ներգաղթյալներին աջակցող «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր հայր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն։


«Ավրորան» միջազգայնացրել է Հայաստանը
 

«Շատ մարդիկ են օգնել հայերին ցեղասպանությունից հետո, եւ մենք անում ենք ամեն բան, որ օգնենք այլոց, ով տառապում է նմանատիպ վարմունքի հետեւանքով»,–այս մասին հունիսի 10—ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը։
Նա նշեց, որ Ամերիկան 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունից հետո 100 մլն դոլար օգնություն է տրամադրել հայերին։ «Շատ մարդիկ հարց են տալիս, թե ինչու մենք միլիոնավոր դոլարները չենք ծախսում հենց Հայաստանում։ «Ավրորա» նախաձեռնությունը միջազգայնացրել է Հայաստանը, ցեղասպանությանը պատմական ենթատեքստ տվեց, ավելի շատ մարդիկ են սկսել գալ Հայաստան»,—ասաց Գրեգորյանը՝ «Ավրորա—2018»—ի դափնեկիր Չժո Լա Աունի հետ համատեղ ասուլիսում։
Նրա խոսքով, իրեն ուրախացնում է այն հեղինակությունը, որն ունի «Ավրորան» միջազգային մակարդակում, ինչպես նաեւ փաստը, թե քանի մարդ է այցելում Հայաստան եւ պատրաստվում է ներդրում անել երկրում։


Սկսվել է նոր առաջադրումների փուլը
 

2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը հայտարարվել է բացված եւ կտեւի մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 7—ը։ Ըստ կանոնակարգի՝ տվյալ տարվա հաղթողի անունը հայտնի դառնալուց հետո սկսվում է մյուս տարվա թեկնածուների առաջադրման փուլը։
Անդրադառնալով մրցանակի գործունեության երրորդ տարուն՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել է. «Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018 թվականի դափնեկիր է ընտրվել այս տարի ստացված շուրջ 750 թեկնածությունների շարքից։ Պատիվ ունենք ի հայտ բերելու սակավաթիվ մարդկանց կատարած բացառիկ եւ նշանակալի գործն ու աջակցելու դրան։ Այս մարդիկ իսկական հերոսներ են։ Լիահույս ենք, որ առաջադրումների փուլի մեկնարկով մենք կկարողանանք գտնել ավելի մեծ թվով հերոսների եւ բացահայտել 2019 թվականի դափնեկրին»։
Ամեն տարի «Ավրորա» մրցանակն ընտրում է մեկ դափնեկրի, որը ստանում է 100,000 դոլարի պարգեւ, ինչպես նաեւ բարեգործության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ մեկ միլիոն դոլարի դրամաշնորհի առաջադրելով այն կազմակերպություններին, որոնք իրեն ոգեշնչել են։
«Ավրորա» մրցանակը 2016 եւ 2017 թվականներին ընդլայնել է իր ազդեցության շրջանակը՝ աջակցելով դափնեկիրների առաջադրած վեց կազմակերպություններին Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում։ Այս կազմակերպությունները պայքարում են ընդդեմ մանկական աղքատության, բարելավում են փախստականների եւ ծնողազուրկ երեխաների դրությունը եւ կրթական, հոգեբանական ու բժշկական օժանդակություն ցուցաբերում պատերազմներից տուժածներին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ով ապրող երեխաներին եւ սեռական բռնության զոհերին։ Այս ազդեցության շարժիչ ուժերն են մրցանակի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ նախաձեռնությունները, այդ թվում՝ միկրովարկային ծրագրերը, կրթաթոշակները, տարրական եւ բարձրագույն կրթության ծրագրերը, արհեստակցական—մասնագիտական ուսուցումը, բժշկական պարագաներով զինումը եւ այլն։ Վերջին երկու տարվա ընթացքում «Ավրորա» մրցանակի դափնեկիրների առաջադրած կազմակերպություններն աջակցել են սեռական բռնության առնվազն 54 զոհի, 1,168 փախստականի, 1,148 պատանիների ու երիտասարդների եւ 813 երեխաների, ինչպես նաեւ առողջապահական ուղղակի ծառայություններ են մատուցել պատերազմներից եւ աղքատությունից տուժած վայրերում բնակվող ավելի քան 82,867 մարդու։
Անդրադառնալով այն ազդեցությանը, որն «Ավրորա» մրցանակը թողել է իր գործունեության եւ համայնքի վրա՝ «Ավրորա» մրցանակի 2016թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ասել է. «Ավրորա մրցանակն ինձ շնորհվել է «Մեզոն Շալոմում» կատարած աշխատանքի համար եւ օգնել ինձ շարունակելու սեր եւ հույս պարգեւել փախստական երեխաներին, որոնց կեսից ավելին պատանի աղջիկներ են, եւ կերտել նրանցից ապագա առաջնորդների։ Ավելի քան քսան տարվա ընթացքում մենք «Մեզոն Շալոմում» ընդունել ենք 30,000—ից ավելի պատերազմից ու ՁԻԱՀ—ից տուժած, փողոցում հայտնված կամ ծայրաստիճան աղքատ ընտանիքների երեխաների։ «Ավրորայի» շնորհիվ մեր երեխաները գիտեն, որ հեռավոր Հայաստանում մարդիկ հոգում են նրանց ապագայի համար եւ արժեւորում նրանց երազանքները»։
«Ավրորա» մրցանակի ազդեցությունը տարածվում է սահմաններից, մշակույթներից եւ գաղափարախոսություններից դուրս։ Բարեգործության շղթան շարունակելու՝ մեր դափնեկրին տրված բացառիկ հնարավորությունը համաշխարհային շարժման դրսեւորում է, որով մենք մեր նախնիներին փրկած մարդկանց ուղղված երախտագիտությունը վերափոխել ենք իմաստալից եւ ազդեցիկ քայլերի, որն այսօր իսկ օգուտ է բերում հասարակության ամենախոցելի մարդկանց,–ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։–Աշխարհով մեկ անհամար վերապրողներ, որ իրենց գոյությամբ պարտական են այլոց գթասրտությանը, երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել նույնատիպ քայլերի դիմելով։ Մենք շարունակելու ենք մեծարել այդպիսի գթասրտությունը»։ 
Առցանց առաջադրված թեկնածություններն ուսումնասիրում է փորձագետների հեղինակավոր խորհուրդը, իսկ «Ավրորա» մրցանակի հերոսներն ու դափնեկիրն ընտրվում են մրցանակի ընտրող հանձնաժողովի կողմից։ Օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունիի համանախագահությամբ գործող ընտրող հանձնաժողովում ներառված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների պաշտպան Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր Բեռնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջի գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն լորդ Արա Դարզին եւ ՄԱԿ—ում ԱՄՆ—ի նախկին դեսպան Սամանտա Փաուերը։


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է։ Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015—2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915—1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը։ Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 300 նոր աջակիցներ եւ գործընկերներ։ Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան, Հայաստան)։ 

 

Դիտումներ: 8 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018