ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 19:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 16 » Երկու ժողովուրդների անվտանգությունը փոխշաղկապված են
12:54
Երկու ժողովուրդների անվտանգությունը փոխշաղկապված են

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ ավարտել է պաշտոնական այցը Հունաստան.
Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ծաղկեպսակ է դրել Աթենքի Նեա Զմիրնիի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին եւ հունահայ համայնքի ներկայացուցիչների, հոգեւորականների, Հունաստանում ռազմական կրթություն ստացող հայ կուրսանտների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այնուհետեւ հանրապետության նախագահը կառավարությունում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ։
Սերժ Սարգսյանը եւ Ալեքսիս Ցիպրասը երկուստեք կարեւորել են փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առեւտրատնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության եւ այլն, համագործակցությունը ավելի խորացնելու, խրախուսելու փոխադարձ ներդրումները եւ շփումները գործարար համայնքի ներկայացուցիչների միջեւ՝ այդ աշխատանքներում մեծ դեր վերապահելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին։
Վարչապետ Ցիպրասը հեռանկարային է համարել նաեւ Իրան—Հայաստան—Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը՝ նկատի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության ջերմ, բարեկամական հարաբերությունները։ Նա նշել է, թե նման եռակողմ համագործակցության լավ փորձ իր երկիրն ունի՝ Հունաստան—Կիպրոս— Իսրայել եւ Հունաստան—Կիպրոս—Եգիպտոս ձեւաչափերով, որոնք, նրա գնահատմամբ, գործում են արդյունավետ։ Վարչապետը նշել է, որ Հունաստանը հնարավորություններ է տեսնում նաեւ ԵՄ—ի եւ ԵԱՏՄ—ի միջեւ համագործակցության հաստատման առումով եւ ցանկություն ունի ըստ անհրաժեշտության նպաստել այդ գործին։ Հունաստանի վարչապետն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել սատարել Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը՝ հաջողությամբ ավարտին հասցնելու ՀՀ—ԵՄ համագործակցության նոր իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունները։
ՀՀ նախագահը եւ Հունաստանի վարչապետը, երկկողմ օրակարգի հարցերի քննարկումից բացի, մտքեր են փոխանակել միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Ալեքսիս Ցիպրասը, ներկայացնելով իր երկրի դիրքորոշումը միջազգային հարթակներում եղած խնդիրների լուծման վերաբերյալ, ընդգծել է, որ դրանք պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։ Նա եւս ընդգծել է, որ Հունաստանը սատարում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ցանկություն ունենալով տեսնել տարածաշրջանի զարգացումը խաղաղության, անվտանգության եւ կայունության պայմաններում։
ՀՀ նախագահի եւ Հունաստանի վարչապետի առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ։ Քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ—հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր։ Մասնավորապես ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջեւ առողջապահության եւ բժշկական գիտության բնագավառներում 2016—2018թթ. համագործակցության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2016—2020թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին գործնական ծրագիր, ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2016—2020թթ. կրթության եւ հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր։
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ համատեղ հայտարարություններով։


Նոր որակ եւ դինամիկա երկկողմ հարաբերություններին
 

Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Նախ եւ առաջ թույլ տվեք երախտագիտություն հայտնել անձամբ Ձեզ, պարոն վարչապե՛տ, նախագահ Պավլոպուլոսին եւ, իհարկե, եղբայրական հույն ժողովրդին՝ առանձնահատուկ ընդունելության համար։ Ամեն անգամ Հունաստան այցելելիս մեծ ջերմությամբ եմ լցվում։ Այդ ջերմության հիմքում, անկասկած, մեր ժողովուրդների՝ դարերի փորձություն անցած բարեկամությունն է, ինչն այսօր մեր ամուր միջպետական հարաբերությունների հիմնաքարն է։
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այցելության ընթացքում շատ բաց ու կառուցողական քննարկումներ ունեցա իմ հույն գործընկերների՝ նախագահ Պավլոպուլոսի եւ վարչապետ Ցիպրասի հետ։ Քննարկեցինք հայ—հունական հարաբերությունների ողջ օրակարգը, համագործակցության հեռանկարները։ Ուրախությամբ արձանագրեցինք, որ մեր մոտեցումները թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ առավելապես համընկնում են։ Միաժամանակ համաձայնեցինք, որ պետք է անենք ավելին՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում մեր համագործակցությանը նոր որակ եւ դինամիկա հաղորդելու համար։
Երկուստեք կարեւորեցինք սույն այցի շրջանակներում ստորագրվող փաստաթղթերը, որոնք միտված են առողջապահության, բժշկագիտություն, մշակույթի, կրթության ու հետազոտությունների բնագավառներում մեր համագործակցության խորացմանը։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ մեր երկրները մրցակցային առավելություն ունեն, ուստի պետք է առավելագույնս աշխատենք օգտագործել դա։
Համաձայնեցինք, որ մեր հարաբերությունների օրակարգում ամենաթույլ օղակը, ցավոք, առեւտրատնտեսական կապերն են, ինչն, անշուշտ, պայմանավորված է նաեւ օբյեկտիվ գործոններով։ Պարոն Ցիպրասին ասացի, որ մենք ուշադրությամբ հետեւում ենք առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված՝ Հունաստանի կառավարության ջանքերին. վստահ ենք, որ ձեր երկրին կհաջողվի հաղթահարել բոլոր փորձությունները։ Հայաստանը խորապես շահագրգռված է բարեկամ Հունաստանի տնտեսական եւ քաղաքական կայունությամբ ու առաջընթացով։
Գոհունակությամբ արձանագրեցինք, որ ռազմական ոլորտը դարձել է մեր համագործակցության ավանդական ուղղություններից, եւ այսօր էլ մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործընկերությունը։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեցի Հունաստանի կառավարության կողմից Հայաստանին քաղաքացիական եւ ռազմական կրթության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար։ Վերջին 20 տարիների ընթացքում ավելի քան 200 հայ զինծառայող եւ սպա կրթվել է Հունաստանում։ Սա է այն հիմքը, որը թույլ է տալու ապագայում նորանոր հաջողություններ արձանագրել այս ոլորտում։ Մենք երբեւէ չպետք է հեռանանք այն գիտակցումից, որ մեր երկու ժողովուրդների անվտանգությունը փոխշաղկապված են։
Անշուշտ, Հունաստանի հետ համագործակցությունը կարեւորվում է նաեւ Հայաստան—ԵՄ համապարփակ համագործակցության համատեքստում, քանզի ԵՄ—ն շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը թե՛ բարեփոխումների իրականացման առումով, թե՛ որպես տնտեսական խոշոր գործընկեր։ Շնորհակալ ենք նաեւ այս առանցքում մեզ ցուցաբերվող աջակցության համար։
Առանձնահատուկ կարեւորում ենք ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը եւ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին։
Անշուշտ, հայ—հունական բարեկամության հարատեւման գործում մեծ դեր է վերապահված հունահայ համայնքին։ Մենք երբեք չենք մոռանա ցեղասպանությունը վերապրած հայերին օգնության ձեռք մեկնած եղբայրական հույն ժողովրդի աջակցությունը եւ նոր հայրենիքում արարելու եւ ստեղծագործելու հնարավորության ընձեռումը։ Բարձր եմ գնահատում նաեւ Հունաստանի սկզբունքային դիրքորոշումը այդ ծանրագույն հանցագործության ճանաչման եւ դատապարտման հարցում։ Մեր ազգային ողբերգության 100—րդ տարելիցին ընդառաջ Հունաստանը վերահաստատեց այդ հարցում իր հանձնառությունը՝ ընդունելով Ռասիզմի եւ այլատյացության դեմ օրինագիծը (2014թ. սեպտեմբերի 9—ին), որով քրեականացվեց նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը՝ օրինակելի ուղերձ հղելով համաշխարհային քաղաքակրթությանը։ Հայաստանի ԱԺ—ն էլ իր հերթին 2015թ. միաձայն ընդունեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունը։ Սա վառ վկայությունն է նրա, որ համերաշխության ոգին դարեր շարունակ միավորել է ու միավորելու է մեր ժողովուրդներին։
Մեր երկրների բազմադարյա հոգեւոր եւ մշակութային ընդհանրությունների մասին է վկայում նաեւ իմ այցի շրջանակներում Աթենքի Բյուզանդական եւ քրիստոնեական թանգարանում բացված «Հայաստան. Արարատի ոգի» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Նման միջոցառումները կարեւոր են բարեկամության ոգին պահպանելու եւ այն հաջորդ սերունդներին փոխանցելու տեսանկյունից։
Բարեկամության ոգին պահպանելու տեսանկյունից նաեւ շատ կարեւոր համարեցինք բարձրաստիճան փոխայցելությունները, ու հենց այս համատեքստում ես պարոն Ցիպրասին հրավիրեցի այցելել Հայաստան։ Շատ ուրախ եմ, որ նա ընդունեց հրավերը, եւ մեկ անգամ եւս մենք անդրադարձանք այն խնդրի կարեւորությանը, որ պետք է մշտապես աշխատել բարեկամության օգտին։ Բարեկամությունը պետք է սնել, խթանել, որի ձեւերից մեկն էլ հաճախակի հանդիպումներն են։
Մեկ անգամ եւս շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։


Խորհրդարանական կապերը ավելի խորացնելու ներուժ կա
 

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի հետ։ ՀՀ նախագահը եւ Հունաստանի խորհրդարանի նախագահը երկուստեք կարեւորել են խորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության օրակարգի ընդլայնման գործում։
Նշելով, որ, Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձեւավորել, նախագահ Սերժ Սարգսյանն այդ տեսանկյունից մեծապես կարեւորել է Հունաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի վերաձեւավորումը, ինչը, նրա համոզմամբ, երկկողմ խորհրդարանական կապերի զարգացման լուրջ խթան է։ Հանրապետության նախագահը առանձնահատուկ ընդգծել է երկու բարեկամ երկրների խորհրդարանների սկզբունքային դիրքորոշումների կարեւորությունը միմյանց համար զգայուն հարցերում։ Այդ համատեքստում նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Նիկոս Վուցիսին եւ ի դեմս նրա՝ Հունաստանի խորհրդարանին, որը առաջիններից մեկը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ նախանցյալ տարի օրենք ընդունեց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին։ ՀՀ նախագահը նշել է, որ հունահայ համայնքի եւ Հունաստանում գործող հայկական ավանդական կազմակերպությունների ներկայացուցիչները եւս իր հետ ունեցած հանդիպմանը խնդրել են այդ կապակցությամբ իրենց անունից շնորհակալություն փոխանցել Հունաստանի խորհրդարանի նախագահին եւ պատգամավորներին՝ հիշեցնելով, որ այս տարի լրանում է Հունաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20—ամյակը։
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Պավլոպուլոսի եւ վարչապետ Ցիպրասի հետ ունեցած արդյունավետ հանդիպումների մասին, որոնց ընթացքում երկուստեք ընդգծվել է կանոնավոր քաղաքական երկխոսության, տնտեսական, մշակութային, գիտական համագործակցության ոլորտներում առկա ձեռքբերումների ընդլայնման կարեւորությունը, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի հետեւողական խորացման անհրաժեշտությունը։
Խորհրդարանական կապերի ամրապնդման գործում ՀՀ նախագահը մեծապես կարեւորել է խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի անձնական ներդրումը եւ նշել, որ ակնկալում է շարունակական ակտիվ քայլեր՝ ուղղված հայ—հունական դարավոր բարեկամական կապերի ամրապնդմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետություն այցի վերջին օրը, մինչ խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի հետ աշխատանքային ճաշը, հանդիպումներ է ունեցել հայկական ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունների՝ ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ, ներկայացուցիչների հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 468 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024