ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 05:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հունիս » 30 » Երկխոսությունը տեսանելի է եւ այն տալիս է իր պտուղները
16:58
Երկխոսությունը տեսանելի է եւ այն տալիս է իր պտուղները

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը «Հայլուր» ծրագրին
–Նախ այն ամենի մասին, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերջին բանակցությունները Կազանում բեկումնային չեղան, ինչպես ասաց ՀՀ արտգործնախարարը, եւ պատճառն այն է, որ Ադրբեջանը վերջին պահին դարձյալ մոտ մեկ տասնյակ առաջարկներ արեց հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթղթում։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում բանակցությունները տանել փակուղի, եւ ստեղծված իրավիճակում ո՞րն է ելքը Հայաստանի համար։
–Ադրբեջանի այդ դիրքորոշումը արդեն իսկ սովորական է դարձել ոչ միայն մեզ, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների համար, եւ պատահական չէ, որ մերթընդմերթ այն հարուցում է եւ զայրույթ, եւ զարմանք, բայց նման գործելակերպը, թերեւս, պայմանավորված է այն մտայնությամբ, որ Ադրբեջանը փորձում է առավելագույնս դիվիդենտներ քաղել յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից՝ չհասկանալով այն պարզ իրողությունը, որ Հայաստանի Հանրապետության կողմից հստակ հռչակվել եւ սահմանվել են այն սկզբունքները, որոնց առկայության պայմաններում հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորումը։ Ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետությո՞ւնը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի իր հանդարտ, հավասարակշռված կեցվածքը եւ իր սկզբունքները հիմնախնդրի կարգավորման համար, որ արդեն իսկ դարձել են միջազգային հանրության սեփականությունը, որովհետեւ դրանք հնչում են ոչ միայն Եվրոպական միության, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ երեք խոշորագույն գերտերությունների ղեկավարների շուրթերից։ Մենք պետք է կարողանանք այս գիծը շարունակել, բանակցային գործընթացը շարունակել, մեր դիրքորոշումները ամրապնդել, եւ կարողանալ հասնել մեզ համար ընդունելի լուծման։
–Դուք ասում եք՝ սովորական է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար, բայց կարծում եմ, պետք է սովորական դարձած չլինի. Ադրբեջանի վարքագիծը միշտ մնում է նույնը՝ խոստանալ, հետո հրաժարվել խոստումից, պայմանավորվել, ապա խախտել պայմանավորվածությունը։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ մինչեւ այսօր միջազգային հանրությունը եւ, մասնավորապես, Մինսկի խմբի եռանախագահությունը արժանի գնահատական չի տալիս այդ պահվածքին։
–Որոշ գնահատականներ արդեն հնչել են, բայց ես ուզում եմ նշել, որ առավել կոշտ գնահատականները հրապարակային դաշտում թերեւս չեն հնչում այն պարզ պատճառով, որ գուցե նման հայտարարությունները հնչեցնելու ժամը չէ դեռ, որովհետեւ բանակցությունների ռեսուրսը ամենեւին սպառված չէ, եւ նման կոշտ հայտարարությունների առկայությունը միջնորդական առաքելության կողմից կարող է վտանգել կամ ստվերել այս գործընթացը, չնայած որ բազմիցս թե Մինսկի խմբի համանախագահները, թե երեք երկրների նախագահները հնչեցրել են իրենց հրապարակային դիրքորոշումները իրենց հայտարարությունների մեջ։ Արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ միջազգային հանրության համար Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումները ընկալելի են, այսինքն՝ ենթատեքստում արդեն պարզ է, որովհետեւ, որպես կանոն, այդ երեք երկրների ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հայտարարություններից հետո Ադրբեջանը նույն դիրքորոշումները չի ցուցաբերում, ինչ որ Հայաստանի Հանրապետությունը, եւ այստեղ արդեն իսկ տեսանելի է այդ դիրքորոշումների տարբերությունը։ Մեր մոտեցումը շատ հստակ է. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, Լեռնային Ղարաբաղը չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղը եւ նրա կարգավիճակի խնդիրը գերակա հարցադրում է, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա դե—յուրե ճանաչված պետություն կամ վերամիավորվի Հայաստանի Հանրապետության հետ, եւ դա պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգայնորեն ընդունված ազգային ինքնորոշման սկզբունքի շրջանակներում՝ համապատասխան հանրաքվեի իրականացման միջոցով։ Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ուղիղ ցամաքային կապի առկայություն, այսինքն՝ անկլավների բացառում։ Երրորդը՝ խնդրի կարգավորման պարագայում, միջազգային անվտանգության երաշխիքների ապահովում։
–Ադրբեջանական կողմը նույնիսկ ամենաբարձր մակարդակով հաճախ հնչեցնում է տեսակետ, թե Մինսկի խմբի ձեւաչափը իրեն սպառել է եւ փորձում է հարցը տեղափոխել միջազգային այլ ատյաններ։ Ձեր կարծիքով, արդյոք եռանախագահության միջեւ կա՞ համաձայնություն, որ այնուամենայնիվ այդ ձեւաչափը նույնն է եւ պետք է պահպանվի, ինչպես պնդում է հայկական կողմը։
–Ես վստահ եմ, որ կա եւ ինչու եմ վստահ։ Իմ վստահությունը հիմնված է երեք երկրների ղեկավարների հայտարարության վրա, իմ այդ պնդումը հիմնված է նաեւ տարբեր այլ միջազգային կառույցների, ԵԱՀԿ—ի, Եվրպական միության եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից արված պաշտոնական հայտարարությունների վրա, որտեղ նրանք բոլորն էլ ողջունում են Մինսկի խմբի գործունեությունը, իսկ այլ ֆորմատի փոփոխությունը ամենեւին չի ողջունվում։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հնչեցրած դիրքորոշմանը, ադրբեջանական կողմից, ի տարբերություն հայկական կողմի, հնչում են իրարամերժ դիրքորոշումներ։ Դուք չեք կարող նկատել որեւէ դեպք, որ Հայաստանի Հանրապետության որեւիցե բարձրաստիճան պաշտոնատար անձ խոսի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին եւ արտահայտի այլ տեսակետ։ Այսինքն, քաղաքական թիմը հստակ արտահայտում է միանման տեսակետ, որովհետեւ շատ կարեւոր է, որ այդ ուղերձը միջազգային հանրության համար նույնպես ընկալելի լինի։ Ադրբեջանը շատ հաճախ որդեգրում է ծայրահեղական դիրքորոշում, եթե չասենք ոչ միշտ, իսկ ծայրահեղությունը նման է ծանր հիվանդության, ծանր թերության, եւ ծայրահեղական մոտեցումներով առաջ գնալով՝ մենք արդյունավետ հանգուցալուծման չենք կարող հասնել։ Ի վերջո, փոխընդունելի փոխզիջումը շատ ավելի ճիշտ է, քան անխոհեմ առճակատումը, սակայն յուրաքանչյուր փոխընդունելի փոխզիջում պետք է խարսխված լինի հստակ սկզբունքների վրա, մոտեցումների վրա, որոնց մասին մենք հայտարարել ենք, դրել ենք սեղանի վրա եւ դրանցից կես մետր անգամ չենք շեղվելու։
–Ադրբեջանը, չնայած այդ ֆորմալ բանակցային գործընթացին, շարունակում է կրակել, շարունակում է խախտել զինադադարը եւ ավելին՝ պատերազմի սպառնալիքներ հնչեցնել գրեթե ամեն օր, ամեն ժամ՝ նաեւ մեծացնելով իր ռազմական բյուջեն։ Այս իրավիճակում Հայաստանը համարժեքաբա՞ր է ավելացնում իր զինանոցը, հարստացնում իր արսենալը։
–Վստահաբար, որովհետեեւ մենք Ադրբեջանի ռազմական հռետորաբանությանը վերաբերվում ենք ոչ թե հումորով, այլ ամենայն պատասխանատվությամբ, եւ ՀՀ զինված ուժերը գտնվում են շարունակական կատարելագործման գործընթացում։ ՀՀ նախագահի կարգադրությամբ դեռեւս երկու տարի առաջ իմ եւ պաշտպանության նախարարի գլխավորությամբ ստեղծվեց պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող պետական հանձնաժողով, եւ վերջին երկու տարիների ընթացքում շատ լուրջ քայլեր են իրականացվել պաշտպանության ոլորտում ռազմավարական վերանայումներ իրականացնելու մեր բանակի, զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Այդ կապակցությամբ մի շարք քննարկումներ են եղել ազգային անվտանգության խորհրդի նիստերում, եւ մենք կարողացանք ընդունել չափազանց կարեւոր մի պետական ծրագիր, որը առաջինն էր Հայաստանում՝ ռազմական տեխնիկայի եւ սպառազինությունների զարգացման 2011—2015թթ. ծրագիրը, որով ոչ միայն մեր երկիր է ներկրվում ժամանակակից սպառազինություններ եւ ռազմական տեխնիկա, այլ նաեւ զարկ ենք տալիս մեր երկրի ներսում ռազմական արդյունաբերության զարգացմանը։ Այս համատեքստում կարեւոր է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված համապատասխան փաստաթուղթը, որով Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ զինված ուժերի հետ միասին ստանձնում է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունը եւ անվտանգության ապահովումը։ Հայ—ռուսական ռազմավարական համագործակցությունը ռազմական ոլորտում էապես խորացավ նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում ստորագրված փաստաթղթի արդյունքում, որի կապակցությամբ առաջիկայում Հայաստանում կստեղծվեն  9 համատեղ ձեռնարկություններ ռազմական արդյունաբերության ոլորտում։
–Ի՞նչ որակ ունի հայկական զենքը եւ որքանո՞վ է այն մրցունակ։
–Օրինակ, մեր անօդաչու ինքնաթիռները, որոնք արդեն իսկ ցուցադրվել են, բավականին բարձր գնահատականի են արժանացել։ Բացի դրանից, հիմա մեր զինված ուժերում ամեն տարի ավելանում է պրոֆեսիոնալ զինծառայողների թիվը։ Այսինքն, մարդը գնում է բանակ եւ ստանում է վարձատրություն դրա դիմաց։ Յուրաքանչյուր տարի պրոֆեսիոնալ զինծառայողների թիվը Հայաստանի զինված ուժերում աճում է, եւ մենք հասնելու ենք հարյուր տոկոս այն իրավիճակին, որ, օրինակ, սահմանապահ գյուղերում մարդիկ գնան զինծառայության, եւ ապրեն, եւ պաշտպանեն իրենց հայրենի գյուղը։ Այսօր նաեւ շատ լուրջ ռեֆորմներ են տեղի ունենում մեր սահմանային ենթակառուցվածքների ոլորտում։ Ռուսաստանի Դաշնությունը այսօր պաշտպանում է Հայաստանի պետական սահմանը Իրանի եւ Թուրքիայի հատվածով, եւ այստեղ նույնպես խոշոր աշխատանքներ են իրականացվում
–Այսօր Հայաստանը տնտեսական հարաբերություններ է զարգացնում մեր հարավային հարեւանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, եւ նախատեսվում է նույնիսկ երկաթգծի կառուցում, նավթամուղի կառուցում, որոնք խոշոր տնտեսական նախագծեր են։ Վերջերս էլ Իրանում էիք եւ բանակցություններ էիք վարում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ։ Ի՞նչ հեռանկարի մասին է խոսքը, ե՞րբ դրանք կգործեն, ե ՞րբ կլինի այդ երկաթգիծը, ե՞րբ կլինի այդ նավթամուղը, որովհետեւ դրանց մասին կարծես վաղուց է խոսվում։
–Այժմ բավականին արդյունավետ են ընթանում բանակցությունները Մեղրիի ՀԷԿ—ի կառուցման, Իրան—Հայաստան նավթամուղի կառուցման շուրջ, որը սկիզբ է առնելու Պարսից ծոցից։ Խոսքը վերաբերում է վերամշակված նավթամթերքի՝ հատուկ խողովակաշարով Հայաստան արտահանելու մասին։ Վերջերս, իմ այցի ընթացքում, մենք կարողացանք այս մասին խոսել Իրանի քաղաքական ղեկավարության՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ջալիլիի հետ։ Առաջիկայում սպասվում է ԻԻՀ նախագահի այցը Հայաստան, եւ այս խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի համար, որովհետեւ խոսքը չի վերաբերվում 10—20 մլն դոլարանոց ծրագրերին, խոսքը վերաբերում է մի քանի միլիարդ դոլարանոց խոշորածավալ ծրագրերին (եթե ծրագրերը գումարենք իրար)։ Կարող եմ ձեզ ասել, որ նախնական համաձայնությունները արդեն իսկ ձեռք են բերված, մենք պետք է հասկանանք, որ նման կարգի ստրատեգիական ծրագրերը պահանջում են ժամանակ, տեւական բանակցային գործընթաց։ Բայց շատ լուրջ աշխատանք արդեն իսկ կատարված է, եւ ես կարծում եմ, որ Մեղրիի ՀԷԿ, նավթատարի կառուցում, երկաթգիծ, արագընթաց ավտոճանապարհ (ժամանակակից թունելներով արագընթաց ավտոճանապարհի կառուցման հետաքրքություն կա այսօր)՝ բոլոր այս չորս ծրագրերն էլ գտնվում են քննարկման, համաձայնությունների ձեռքբերման փուլում։ Ես կարող եմ ասել, որ օրեր առաջ իմ հանդիպումների ընթացքում եւս մեկ անգամ հավաստվեց, որ այդ ծրագրերը իրականացվելու են, եւ որոշ փաստաթղթեր կստորագրվեն արդեն Իրանի նախագահի՝ շատ մոտ ապագայում սպասվող այցի ընթացում։
–Ներքաղաքական զարգացումների մասին։ Ի վերջո, այսօր կա՞ իշխանություն—արտախորհրդարանական ընդդիմություն երկխոսություն, թե՞ ոչ։
–Իհարկե, կա այդ երկխոսությունը, երկխոսությունը տեսանելի է, այդ երկխոսությունը տալիս է իր պտուղները։ Այսօր մեր երկիրը կանգնած է լրջագույն ներքին եւ արտաքին մարտահրավերների առաջ։ Բնականաբար, ներքին եւ արտաքին այս մարտահրավերների փաթեթին դիմակայելու տեսանկյունից չափազանց կարեւոր է հասարակական—քաղաքական անդորրը։ Երբ երեք տարի առաջ ես կազմեցի քաղաքական կոալիցիա նախագահական ընտություններից հետո, այն ժամանակ նույն այսօրվա երկխոսողները ջանք ու եռանդ չխնայեցին քննադատելու, դատափետելու մեր կայացրած խոհեմ որոշումը, որի արդյունքում ոչ միայն մարտի մեկին մեծաքանակ զոհեր չեղան, ոչ միայն քաղաքացիական պատերազմ ու լայնածավալ բախումներ տեղի չունեցան, ոչ միայն արտաքին ագրեսիա տեղի չունեցավ, այլեւ մենք կարողացանք ապահովել մեր երկրի բնականոն շարունակական զարգացումը։ Եվ եթե այսօր արտախորհրդարանական ընդդիմությունը ձգտում է քաղաքական երկխոսության, մենք միանշանակորեն դրան աջակցում ենք։ Դուք լսել եք նաեւ կոալիցիան կազմող քաղաքական կուսակցությունների դիրքորոշումները, լսել եք հանրապետության նախագահի հստակ ուղերձները, եւ այսօր մենք իրոք գտնում ենք, որ այդ երկխոսությունը ոչ միայն կա, այլ նաեւ այն պետք է շարունակել եւ կարողանալ հասարակության ներսում առկա խնդիրները քննարկումների ճանապարհով լուծել։
Այսօր կա հրապարակային երկխոսություն, եւ ինչ վերաբերում է հնարավոր այլ ֆորմատներով երկխոսություն իրականացնելուն, ես դա նույնպես չեմ բացառում։ Ինչի մասին է խոսքը։ Ցանկացած երկխոսության օրակարգը պետք է կազմված լինի կողմերի կողմից ներկայացված մտահոգությունների աստիճանից կամ առաջադրվող խնդիրներից։ Այստեղ կարեւորը գիտե՞ք որն է, որ անընդունելի են երկխոսությունը բանակցության վերածելու փորձերը։ Ինչո՞ւ են անընդունելի, որովհետեւ մենք չենք պատրաստվում որեւիցե մեկի հետ ինչ—որ հարցի շուրջ բանակցել կամ ընդհանրապես անընդունելի է, որ երկրի ներսում քաղաքական ուժերը ինչ—որ բանակցեն, բանակցություններ վարեն։
–Կարծիք կա, որ իրական երկխոսության, ճիշտ երկխոսության ճանապարհը իշխանության ու ընդդիմության միջեւ կարող է բացել հաջորդ, հերթական ընտրությունների կամ, ինչպես ընդդիմությունն է ցանկանում, արտահերթ ընտրությունների ազատ, արդար կազմակերպումը։ Դուք համաձա՞յն եք այս տեսակետին։
–Դա քաղաքական տեսանկյունից գրագետ հարցադրում է։ Մենք ունեցանք բարեփոխված ընտրական օրենսգիրք, մենք ունեցանք դրական գնահատականներ միջազգային հանրության կողմից՝ այս բարեփոխված օրենսգրքի հետ կապված։ Մենք արտահերթ ընտրությունների հետ կապված այդ հարցադրումը համարում ենք անտեղի, եւ դա ունի պարզ բացատրություն, որովհետեւ սեպտեմբեր ամսին՝ գործող ընտրական օրենսդրության համապատասխան, արդեն մեր երկրում սկսվում են ընտրությունների նախապատրաստման պաշտոնական գործընթացները՝ հանձնաժողովների ձեւավորում, հանձնաժողովների անդամների վերապատրաստում, ընտրատարածքների վերակազմավորում։ Այսինքն՝ արդեն սեպտեմբերից կարող ենք ասել, որ երկիրը թեւակոխում է ընտրական օրեսգրքով նախատեսված ժամկետներում որոշակի պրոցեդուրաների իրականացման փուլ, եւ այս պայմաններում խոսել արտահերթ ընտրությունների մասին՝ ուղղակի ես համարում եմ անհիմն։ Կարելի է խոսել, թե ինչպես անցկացնել այդ ընտրությունները, որ դրանք լինեն միջագային չափանիշներին համապատասխան, որպեսզի դրանք համապատասխանեն մեր ժողովրդի ցանկություններին, քաղաքական ուժերի մոտեցումներին։
–Խոսեցիք միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու մասին։ Ստրասբուրգյան իր ելույթում նախագահը կարեւորեց ոչ այնքան դա, որքան այն, որ հերթական խորհրադարանական ընտրությունները վստահելի լինեն հասարակության կողմից։ Ձեր նշած բարեփոխումները՝ վստահելի ընտրություններ ապահովելու, ի՞նչ երաշխիք ունեն, այստեղ ինչ է պետք, որ, իրոք, մենք կարողանանք հասցնել նվազագայունի որեւիցե կարգի ընտրական խախտումներ ։
–Դրա համար մենք ունենք բարեփոխված ընտրական օրնսդրություն։ Քաղաքական ուժերի մեջ պետք է լինի առողջ երկխոսություն ընտրական խաղի կանոնների համար, իշխանությունը պետք է ցուցաբերի քաղաքական կամք՝ արդար ընտրություններ անցկացնելու համար, ընդդիմությունն, իր հերթին, պետք է ցուցաբերի քաղաքական կամք՝ այդ ընտրական կանոններին համապատասխան գործելու համար։ Իսկ դա տեղի կունենա, թե ոչ։ Ես կարծում եմ՝ տեղի կունենա, եւ նախագահի ելույթը Ստրասբուրգում՝ նման ներկայացուցչական լսարանի առջեւ, հենց խոսում էր նրա մասին, որ Հայաստանն ունի այդ քաղաքական կամքը եւ գնալու է այդ ճանապարհով, իսկ այս հատվածում մինչեւ բուն ընտրության օրն էլ մենք կարող ենք ընտրության կազմակերպման տարբեր տեխնոլոգիաների, տարբեր մտահոգող հարցերի մասին խոսել եւ հասնել հասարակական կոնսենսուսի՝ իրոք, լավ ընտրություններ անցկացնելու։
–Լավ ընտրությունների համար, թափանցիկ ընտրությունների համար ընդդիմությունն, օրինակ, առաջարկում է ընտրական տեղամասերից ամեն մեկում ապահովել մեկ միջազգային դիտորդի ներկայություն։
–Մենք կողմնակից ենք, որ յուրաքանչյուր տեղամասում լինի մեկ միջազգային դիտորդ, բայց դա մեր լուծելու խնդիրը չէ։ Դա միջազգային հանրության լուծելու խնդիրն է։ Հարցադրման հասցեատերը ՀՀ—ն չէ։ Մենք՝ հրավիրենք, բայց նրանք են որոշում, թե ինչքան դիտորդ կմասնակցի։ Ես վստահ եմ, որ մեծաքանակ դիտորդական առաքելություն ներկայացված կլինի, իսկ 2000 ընտրական տեղամասերի առնվազն 20—30 տոկոսը փոքր ընտրական տեղամասեր են, եւ ես չեմ կարծում, որ Եվրոպական միությունը կամ ԵԱՀԿ—ն յուրաքանչյուր տեղամասում մեկ դիտորդ կներգրավի, բայց բոլոր դեպքերում մենք պետք է հասկանանք, որ մի դիտորդը, կարող է միանգամից մի քանի տեղամասերում պտտվել եւ վստահ եմ, որ միջագային հանրությունը հենց այդպիսի մոտեցում էլ կորդեգրի։ Համենայն դեպս, ՀՀ—ն պատրաստ է ընդունելու միջագգային դիտորդական առաքելությանը եւ բոլոր պայմանները ստեղծելու նրանց արդյունավետ գործունեության համար։
–Պարոն Բաղդասարյան, Ձեր կոալիցիոն գործընկերներից ԲՀԿ—ն արդեն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին։ ՕԵԿ—ի շարքերից էլ հայտարարություն եղավ, որ կոալիցիան միասնական ցուցակով հանդես կգա։ Ընտրություններին դեռ մի տարի կա, մի փոքր պակաս։ Հնարավո՞ր է՝ ՕԵԿ—ն էլ որոշի առանձին պայքարել ընտրողների ձայների համար։
–Նախ ասեմ, որ դեռեւս նման քննարկում չի եղել, եւ առնվազն ՕԵԿ—ից չի եղել տեսակետ, որ կոալիցիան միասնական է մասնակցելու։ Երեւի եղել է մոտեցում, որ կլինեն քննարկումներ եւ միասին, թե առանձին մասնակցելու ձեւաչափը կորոշվի այդ քննարկումների արդյունքում։ ՕԵԿ—ը 14 տարեկան քաղաքական կազմակերպություն է, որը բոլոր համապետական ընտրություններում ապացուցել է իր մրցունակությունը, եւ մենք բոլոր ընտրություններում հաղթել ենք եւ վստահ ենք, որ առաջիկա ընտրություններում եւս ՕԵ քաղաքական կազմակերպությունն իր պատվավոր տեղը կունենա ապագա ԱԺ—ում, իսկ ավելի գլոբալ իմաստով, թե ինչպես կմասնակցեն երեք կոալիցիոն ուժերը ընտրություններին, կարծում եմ, կոռեկտ կլինի խոսել ներկոալիցիոն քննարկումներից հետո, որոնք, ամենայն հավանականությամբ, մենք կանենք սեպտեմբեր ամսին։ ՕԵԿ—ն այսօրվա դրությամբ ընտրություներին մասնակցելու է միայնակ. եւ մենք միասնական ցուցակով կմասնակցենք միայն այն դեպքում. եթե դա բխի ընդհանուր, միասնական քաղաքական թիմի քայլերի հետագա անհրաժեշտությունից, տրամաբանությումից։
–Դուք նախագահում եք նաեւ Եվրամիության խորհրդատվական խմբի նիստերը։ Այսօր Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանը երեք հիմնական նպատակ ունի՝ դառնալ Եվրամիության ասոցացված անդամ, ստեղծել ազատ առեւտրի գոտին, ազատ առեւտուր անել եվրոպական երկրների հետ, որ, ի վերջո, քաղաքացիները կարողանան ավելի հեշտ ելումուտ անել շենգենյան երկրներ։ Այս արդյունքները ե՞րբ տեսանելի կդառնան։
–Շուտով կսկսենք վիզաների դյուրացման գործընթացը եվրոպական երկրների հետ, որը նշանակում է, որ 16 խմբի քաղաքացիներ, Եվրոպական միության անդամ 27 երկրներ կարող են այցելել առանց որեւիցե խոչընդոտների։ Տնտեսական ոլորտում մենք նաեւ Եվրոպական միության հետ հասնում ենք խոր եւ համապարփակ պայմանագրի ստորագրմանը, որը հնարավորություն կտա, որպեսզի մեր բեռները, Հայաստանում արտադրվող ապրանքներն առանց խոչընդոտի ներմուծվեն Եվրոպական միության շուկա, մենք կարողանանք օգտվել այն արտոնությունների համակարգից, որը գործում է Եվրոպական միությանում եւ, ըստ էության, բազմաթիվ ուղղություներով, նաեւ առանց ավելորդ մաքսային վճարների մեր բեռները եւ ապրանքները տեղափոխել Եվրոպական միության շուկա, ինչպես նաեւ ունենալ ավելի արտոնյալ համակարգ՝ եվրոպական երկրների հետ հարաբերությունները զարգացնելու։ Եվ, վերջապես, շատ կարեւոր են հարկային, մաքսային համակարգերում, ոստիկանության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները։ Սա նշանակում է, որ մեր երկիրն աստիճանաբար անցնում է Եվրոպական միության չափանիշների։ Այսինքն, եթե այսօր կազմակերպությունները ստուգվում են հարկային մարմինների կողմից տարեկան պլանների հիման վրա, այսուհետեւ՝ շատ մոտ ապագայում, մեր երկրում անցում է կատարվելու արդեն ռիսկերի վերլուծության հիման վրա կատարվող ստուգումների։ Այսինքն, բիզնեսը չպետք է լինի պատերազմի եւ սպորտի կոմբինացիա, բիզնեսը պետք է ազատ զարգացման հնարավորություն ունենա եւ ԵՄ—ի լավագույն փորձն ու ստանդարտները մենք ներդնում ենք մեր իրականության մեջ, եւ այն բարեփոխումները, որոնք մեկնարկել էին երկրում շատ արագ։ Մեկ տարվա ընթացում արդեն տեսանելի արդյունքներ կունենանք, եւ սրանց հիմնական նպատակը հետեւյալն է. կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, պետություն—քաղաքացի շփումների նվազեցում, բազմաթիվ ուղղություններով «մեկ պատուհան» սկզբունքի ներդնում։ Սա ի՞նչ է նշանակում. որեւիցե մի գործառույթի համար մարդը հարկադրված է շփվել մի քանի պետական մարմինների հետ։ Այսուհետեւ եթե նրա խնդիրը վերաբերում է պետությանը, ուրեմն նա շփվելու է մեկ պետական մարմնի հետ, այդ մեկ պետական մարմինը մնացած այլ պետական մարմինների հետ խնդիրները պետք է լուծի եւ քաղաքացու այս կամ այն հարցադրմանը տա հստակ պատասխան։
–Սովորաբար Եվրամիությունը շատ ուշադիր հետեւում է իր գործընկեր պետություններում կատարվող բարեփոխումներին եւ դրանց վերաբերյալ հաճախ զեկույցներ է հրապարակում։ Հայաստանի վերաբերյալ զեկույց եղավ մոտ մեկ ամիս առաջ։ Ի՞նչ է այն տալիս մեզ այսօր։
–Հայաստան—Եվրամիություն 2010 թվականի զեկույցն արձանագրել է էական առաջընթաց, կան նաեւ խնդիրենր, որոնց ուղղությամբ մենք աշխատելու ենք։ Այժմ մենք աշխատում ենք Հայաստան—Եվրամիություն 2012—14թթ. ծրագրի վրա, որտեղ հստակ երեւում են այն խնդիրները, որոնք մենք պետք է իրականացնենք, նրանց հետ սերտ համագործակցության պայմաններում գնալու ենք առաջ։ Մենք մշակել եւ ԵՄ ենք ուղարկել նաեւ արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի բարեփոխումների արագացման ռազմավարությունը։ Այսօր ԵՄ—ն առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով. ինչքան դրական բարեփոխում կանես, ես քեզ այնքան կաջակցեմ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն խորհրդատվական աջակցությանը, այլ նաեւ ֆինանսական, տեխնիկական աջակցությանը։ Այսօր 5 միլիարդ եվրո գումար կա նախատեսված, եւ Հայաստանը կարող է իր ակտիվ, նախաձեռնողական արտաքին քաղաքականության միջոցով օգտվել այդ ֆինանսական ռեսուրսներից, բերել մեր երկիր, տնտեսությունը զարգացնել, ենթակառույցները արդիականացնել, ժողովրդի հոգսերն ու խնդիրները լուծել, ինչպես նաեւ մեր երկրում ստեղծել ավելի շատ ազատություն, ավելի շատ հավասարություն, ավելի շատ հնարավորություններ մեր քաղաքացիների եւ մեր ձեռներեցների համար։
–Ազգային անվտանգության հայեցակարգում, որպես ազգային անվտանգության հիմնական արժեք շեշտված է նաեւ Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը։ Այսօր, ըստ Ձեզ, ինչպե՞ս է ապրում միջին վիճակագրական քաղաքացին եւ ԱԱԽ—ը կոնկրետ ի՞նչ մասնակցություն ունի նրանց կյանքը բարելավելու գործում։
–Մենք վերջերս մի կարեւոր փաստաթուղթ հավանության արժանացրինք՝ երկրի պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը։ Այժմ կառավարությունը մշակում է գործողությունների ծրագիր եւ պետք է հետամուտ լինի, որ այն իրականացվի։ Նպատակ ունենք երկրում զարկ տալ տեղական արտադրոթյանը, պարենային անվտանգության՝ մեր երկրի, մեր ժողովրդի պարենային ինքնաբավության մակարդակը հասցնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներին, ոչ թե այն, ինչ մենք այսօր ունենք, երբ ներմուծումը էականորեն գերազանցում է տեղական արտադրությանը, եւ մեր երկրի պարենային ինքնաբավության մակարդակը չի համապատասխանում միջազգաին չափանիշների։ Այս ուղղությամբ մենք համապատասխան քայլեր ենք իրականացնում։
–Դուք նաեւ նախագահում եք սոցիալական բնակարանաշինության խորհուրդը։ Երկու բառով կարո՞ղ եք ասել, թե որքան մարդ կարող է բնակարան ստանալ առաջիկա մեկ, երկու կամ երեք տարիներին։
–Տասն օր առաջ Հոլանդիայում ստորագրեցի փաստաթուղթ, որով մենք արդեն առաջին 3 մլն եվրո աջակցությունկստանանք, եւ այս բնակարանները կառուցվելու են սոցիալապես անապահով մարդկանց համար։ Թիրախային քաղաքներ են ընտրված առաջին փուլում Դիլիջանը, Հրազդանը, Ապարանը, Աշտարակը եւ Վեդին։ Նախատեսվում է կառուցել 1000 բնակարան առաջիկա երեք տարում։ Սեպտեմբեր ամսին կսկսվեն շինարարական աշխատանքերը, բայց սա ծրագրի սոսկ առաջին փուլն է, եւ սա մի հետաքրքիր եւ աննախադեպ ծրագիր է։ Միջազգային դոնոր ընկերակցությունն այլ երկրներում եւս այս ծրագրին կաջակցեն, եւ ես վստահ եմ, որ շատ մոտ ապագայում մենք իրոք կարիքավոր մարդկանց կարող ենք տալ այդքան երանելի բնակարանի բանալիները։ Այն մարդիկ, ովքեր իրենց աշխտավարձով չեն կարող այսօր բնակարան ձեռք բերել, այն մարդիկ, ովքեր աշխատանք չունեն կամ երիտասարդ ընտանիքներ են։ Դուք գիտեք, որ Հայաստանում անցած տարվանից կյանքի կոչվեց նաեւ հիփոթեկային բնակարանային շինարարության ծրագիրը։ Հայաստանում ստեղծվեցին առաջին հիփոթեկային հիմնադրամները, որոնք երկարաժամկետ պայմանգրերով երիտասարդ ընտանիքներին արտոնյալ ռեսուրսներ են տրամադրում։ Իհարկե, երեք ու կես միլիարդ դրամը, որը նախատեսված է, չափազանց քիչ է։ Դեռ սկիզբն է, եւ այդ սկիզբը մենք վճռականորեն առաջ պետք է տանենք։ 4 տարի առաջ հարցնում էինք՝ ավանդները կստանան, թե ոչ։ Այսօր ավանդները բոլորը չեն ստացել, բյաց տասնյակ հազարավոր մարդիկ արդեն ստացել են։ Մարդիկ նաեւ գիտեն, եւ պետությունն էլ, իհարկե, իր կարողության սահմաններում ամեն ինչ պետք է անի, որ հնարավորինս արագ բոլոր շահառուները կարողանան օգտվել այդ հնարավորություններից։ Դրա համար մեզանից պահանջվում է մեծ նվիրում, պարտքի ու պատասխանատվության զգացում եւ ամենօրյա աշխատանք, որպեսզի մեր ժողովրդի ու հայրենիքի բարեկեցությունն օր առաջ բարձրացնենք էլ ավելի պատշաճ մակարդակի։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 572 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024