ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 25.06.2018, 10:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [510]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [407]
Մշակույթ [14]
Հասարակություն [711]
Սպորտ [1]
Տեսակետ [43]
Տարածաշրջան [69]
Զանազան [150]
Քաղաքականություն [556]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 8 » Հաջողության բանաձեւը հավատն է ժողովրդի նկատմամբ /Խորհրդարանը հավանության է արժանացրել ՀՀ կառավարության ծրագիրը/
15:29
Հաջողության բանաձեւը հավատն է ժողովրդի նկատմամբ /Խորհրդարանը հավանության է արժանացրել ՀՀ կառավարության ծրագիրը/

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100—րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41—րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը։
ՀՀ ԱԺ նախագահը նախ տեղեկացրել է, որ ԿԸՀ—ն ներկայացրել է արձանագրություն, ըստ որի ՀՅԴ կուսակցության համապետական ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվում է նույն ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Սպարտակ Սեյրանյանին։ Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33—րդ հոդվածի 4—րդ մասի՝ ՀՀ ԱԺ նորընտիր պատգամավորը երդվել է։
ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են զինված ուժերին, սպառազինությանը, արտաքին քաղաքականությունում որդեգրած գլխավոր հենակետային ուղղություններին, Ազգային անվտանգության ծառայության համակարգային փոփոխությանը, ժողովրդագրությանը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակացույցին, Ընտրական օրենսգրքում ակնկալվող փոփոխություններին, աշխատավարձերի, թոշակների, նպաստների բարձրացմանը, ստվերի կրճատման ուղղությամբ տարվող աշխատանքներին, առողջապահությանը, գազի, էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությանը, այլ ոլորտների։
Ծրագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորները։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր։ «Սա նպատակների եւ երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրագործման գործիքակազմ, չկա կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ եւ ակնկալվող արդյունքների ցուցանիշներ, ըստ այդմ՝ նաեւ քաղաքական պատասխանատվություն»,—շեշտել է նա։
ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ ՀՀ նախկին իշխանությունները նորանշանակ կառավարությանը փոխանցել են երկիր, որն արձանագրել է առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ։ «Որն է տնտեսական զարգացման ձեր ցուցանիշը»,—հետաքրքրվել է Էդուարդ Շարմազանովը, ում խոսքով՝ ծրագրում չկան հստակ դրույթներ նաեւ արդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ։
ՀՀ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել նորանշանակ կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության ուղղությունները, սակայն տարակուսանք հայտնել, որ ծրագրում որեւէ հիշատակում չկա Եվրամիության անդամ որոշ երկրների հետ հարաբերությունների զարգացման մասին։ Ըստ նրա՝ չկան դրույթներ նաեւ սահմանամերձ համայնքների զարգացման եւ դրանց անվտանգության ապահովման, հայագիտության, ռազմահայրենասիրական դաստիարակության, հայրենադարձներին աջակցության, այլ կարեւոր հարցերի մասին։
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ծրագրի վերաբերյալ ՀՀԿ տեսակետներին եւ այդ համատեքստում քննադատել ՀՀ նախկին կառավարությունների գործունեությունը, ներկայացրել չկատարված խոստումները, անդրադարձել աղքատության, գործազրկության չափերին, աշխատատեղերի, ներդրումների կրճատմանը, նվազագույն աշխատավարձին։ Ըստ նրա՝ քննարկվող ծրագրի նպատակը մեկն է՝ քանդել կոռուպցիոն, մենաշնորհային կապանքները, սահմանել խաղի արդար պայմաններ եւ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու ծրագրին։
Ըստ Սպարտակ Սեյրանյանի՝ քննարկվող փաստաթուղթը տեսլական է։ Պատգամավորի գնահատմամբ՝ կառավարության ծրագրի իրականացման ընթացքում կարեւոր են միջանկյալ արդյունքների ներկայացումը, կառավարության կայացրած որոշումների նկատմամբ ներքին վերահսկողության իրականացումը եւ պարբերական հաշվետվողականությունը։
Ռուզաննա Առաքելյանի կարծիքով՝ կառավարության ծրագրում պետք է ամրագրվեն հայրենադարձությանն ու տարածքների համաչափ զարգացմանն ուղղված հայեցակարգերի, ծրագրերի հստակ մոտեցումներ, որոնք հիմք կհանդիսանան ապագա գործունեության համար։
Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ ծրագիրը միտված է կրթական, սոցիալական, առողջապահական ոլորտները բարելավելուն։ Պատգամավորը գործընկերներին կոչ է արել վստահել ժողովրդի նախընտրած կառավարությանը եւ աշխատելու հնարավորություն տալ։
Արամ Սարգսյանի խոսքով՝ մեր երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, որն իրականացրել է ժողովուրդը։ Ըստ նրա՝ պետք է ամեն ինչ անել, որ ժողովուրդն ու նրա աջակցությունը վայելող կառավարությունը հաջողության հասնեն։
Արմենուհի Կյուրեղյանը նշել է, որ ներկայացված ծրագրում ամրագրված ուղենիշերը հնարավորություն կտան երկրում սկսված բարեփոխումներն անշրջելի դարձնել, խորացնել ու ավարտին հասցնել։ Նա փաստել է, որ ՀՅԴ—ն աջակցելու է, որպեսզի կառավարությունն իր ծրագրի կատարման ընթացքում հաջողի։
Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, քանի որ այնտեղ չկան հստակեցումներ արդյունաբերության ճյուղերի, էներգետիկայի, տրանսպորտի, ինչպես նաեւ մարզերի համաչափ զարգացման ուղղությամբ։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, կողմ արտահայտվելով ներկայացված ծրագրին, անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներին, զբոսաշրջության ու լեռնահանքային արդյունաբերության զարգացմանը, մանր եւ միջին բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն, քաղաքացիների նկատմամբ կիրառված տույժերի ներմանը։
ԱԺ փոխնախագահը կառավարությանն առաջարկել է գազի եւ էներգետիկայի ոլորտներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել քննիչ հանձնաժողով եւ այս հարցում համագործակցելու պատրաստակամություն է հայտնել։
Արմեն Աշոտյանն անդրադարձել է ծրագրի այն բաղադրիչներին, որոնք առնչվում են մասնավորապես մեր երկրիներքին եւ արտաքին օրակարգի խնդիրներին։
Գագիկ Մինասյանի գնահատմամբ՝ կառավարության ծրագիրը ենթադրում է պետության զարգացման համար անհրաժեշտ նպատակների սահմանում, դրանց իրականացմանն ուղղված միջոցառումներ եւ անհրաժեշտ ժամանակահատված, մինչդեռ ներկայացված ծրագիրը չի արտացոլում վերոնշյալ պահանջները։
Արարատ Զուրաբյանի կարծիքով՝ կառավարության գործունեության ծրագիրը քաղաքական է, եւ ինքը կաջակցի դրա իրականացմանը։ Նա կարեւորել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավորինս սեղմ ժամկետում։
Հովիկ Աղազարյանի խոսքով՝ քննարկվող փաստաթուղթը մեր երկրի կյանքում նոր քաղաքական կարեւորագույն գործընթացի սկիզբ պետք է դնի։ Պատգամավորը, անդրադառնալով ծրագրի որոշ դրույթների, խոսել է կոռուպցիայի եւ մենաշնորհների վերացման, վերահսկող մարմինների կառավարման լիազորությունն ընդդիմությանը տալու, բժշկական ապահովագրության ներդրման, սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործման անհրաժեշտության մասին։
Վահե Էնֆիաջյանը խոսել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած ծրագրային 15 կետերի, տնտեսական մենաշնորհների ու արդարության պակասի մասին։ Պատգամավորն անդրադարձել է երկրի արտաքին քաղաքական օրակարգի խնդիրներին՝ նշելով, որ կառավարությունը ճկուն քաղաքականություն է վարելու։
Նախորդ կառավարությունների գործունեությանը, արտագաղթին, աղքատությանը, պետական պարտքի ավելացմանն իր ելույթում անդրադարձել է Հայկ Կոնջորյանը։ Պատգամավորի խոսքով՝ նոր կառավարության գործունեության կարեւորագույն երաշխիքը քաղաքական կամքն է եւ ՀՀ քաղաքացին։
Էդմոն Մարուքյանը ծրագրային ուղերձներից կարեւորել է իշխանության ձեւավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, կոռուպցիայի հանրային մերժումը եւ կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը, բռնությունից զերծ հանրության հաստատումը, արդարացի կերպով հարկերի, պարտադիր վճարների ու տուրքերի հավաքագրումը։ Նա կոչ է արել գործընկերներին՝ աջակցել կառավարությանը։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ԸՕ—ի փոփոխությունների ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ ներկայացրել է ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը։ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ իրենք պատրաստ են մասնակցելու ԸՕ—ում փոփոխություններ կատարելու աշխատանքներին՝ ունենալով ակնկալիք, որ այդ փոփոխությունների քննարկումը եւ ընդունումը պետք է լինեն նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է գործող օրենսգիրքը։ Արփինե Հովհաննիսյանը հավելել է, որ գործող ԸՕ—ն ընդունվել է քաղաքական համաձայնության արդյունքում, եղել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ—ի համատեղ կարծիք—եզրակացությունը, որում հստակ ընդգծվել է, որ գործող ԸՕ—ն պատշաճ հիմք է ստեղծում ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար։
«Պետք է հավատարիմ մնանք այդ չափանիշին, հայցենք Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը, ստանանք դրական եզրակացություն եւ պատշաճ կերպով կազմակերպենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք այդ չափանիշից, դա Հայաստանի Հանրապետության համար կլինի նահանջ ստանձնած պարտավորություններից»,–կարծիք է հայտնել ԱԺ նախագահի տեղակալը։
Արփինե Հովհաննիսյանը ծրագրի որոշ դրույթների վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել եւ բարի երթ մաղթել նոր կառավարությանը։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Արմեն Ռուստամյանը կարծիք է հայտնել, որ կառավարության ծրագիրը ձեւով եւ բովանդակությամբ աննախադեպ է, քանի որ կրում է երկրում տեղի ունեցած համաժողովրդական հեղափոխության կնիքը, եւ որպես հետեւանք կարեւորվել են ոչ այնքան քանակական ցուցանիշները, որքան քաղաքական բարենպաստ մթնոլորտ ձեւավորելուն ուղղված նպատակները։ Խմբակցության ղեկավարը կառավարության գործունեության փաստաթուղթը որակել է հայեցակարգային դրույթներ արտացոլող անցումային ծրագիր։ Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին՝ նա կարեւորել է դրա պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ իրավաքաղաքական պայմանների ապահովումը եւ Սահմանադրության ու օրենքներով նախատեսված ընթացակարգերի անշեղ կատարումը։
Համաձայն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կառավարությունը կներկայացնի ծրագրից բխող գործողությունների ու միջոցառումների իրականացման ժամկետներ։ Նրա գնահատմամբ՝ հիմնարար ու արժեքային փաստաթուղթ է ներկայացված։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը՝ մասնավորապես անդրադառնալով նախորդ կառավարության գործունեությանը։ Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է կառավարության պայքարը կոռուպցիայի դեմ եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը բարձրաձայնելով՝ Վահրամ Բաղդասարյանն ընդգծել է, որ իրենք կողմ են ԸՕ—ի վերանայմանը։ Խմբակցության ղեկավարը կարծիք է հայտնել, որ խորհրդարանական քաղաքական ուժերը պետք է գան համաձայնության, մշակեն ձեւաչափ ու համաձայնության դաշտում ԸՕ—ի բարեփոխումների նպատակով քննարկումներ սկսեն, որին կմիանա նաեւ ստեղծվելիք կառավարության հանձնախումբը, կմշակվի ճանապարհային քարտեզ։ Նրա գնահատմամբ՝ աա է ժողովրդավարական երկրին հարիր ԸՕ—ի քննարկման ճանապարհը, եւ պետք է ունենալ միջազգային հանրության համար ընկալելի Ընտրական օրենսգիրք։
Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ այն պետք է պարունակի ոչ միայն նպատակներ, այլ նաեւ դրանց հասնելու ուղիներ, մինչդեռ ծրագիրը կազմված է անորոշ հայտարարություններից ու ժողովրդահաճո ձեւակերպումներից։ Նրա գնահատմամբ՝ ծրագրում որեւէ ցուցանիշի, նաեւ որեւէ ակնկալվող չափելի արդյունքի բացակայությունը հիմք է եզրակացնելու, որ կառավարությունը խուսափում է կոնկրետ պատասխանատվություն ստանձնելուց։
«Մենք դեմ ենք կառավարության ծրագրին ներկայացված տեսքով, սակայն նոր ձեւավորվող կառավարության գործունեությանը չխոչընդոտելու նպատակով քաղաքական որոշման արդյունքում ՀՀԿ խմբակցությունը կապահովի անհրաժեշտ կողմ ձայների քանակը»,–ասել է խմբակցության ղեկավարը։
Եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ծրագրի ձեւի ու բովանդակության վերաբերյալ որոշ քննադատությունների ու պարզաբանումներ ներկայացրել։
«Սա երազանքների երկիր ունենալու ծրագիր է։ Այս ծրագրով ասում ենք, որ ՀՀ քաղաքացիներին վերադարձրել ենք երազելու ու երազանքներն իրագործելու իրավունքը։ Սա մեր կառավարության գործունեության ամենակարեւոր կողմն է»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
62 կողմ, 39 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը հավանության է արժանացրել ՀՀ կառավարության ծրագիրը։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծրագրի ընդունման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ իր ելույթում հնչած եւ ծրագրում ամրագրված դրույթներն իրականություն կդառնան։ 

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 6 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018