ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 17.10.2018, 15:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [546]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [430]
Մշակույթ [14]
Հասարակություն [729]
Սպորտ [1]
Տեսակետ [45]
Տարածաշրջան [71]
Զանազան [155]
Քաղաքականություն [584]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 29 » Համագործակցության հրաշալի հարթակ /Հաջորդ շաբաթ Երեւանում կմեկնարկեն Ֆրանկոֆոնիայի միջոցառումները/
14:16
Համագործակցության հրաշալի հարթակ /Հաջորդ շաբաթ Երեւանում կմեկնարկեն Ֆրանկոֆոնիայի միջոցառումները/

Երեւանում հոկտեմբերի 11—12—ը անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հոկտեմբերի 7—12—ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը» (այս մասին «ՀՀ»—ն տեղեկացրել էր նախորդ համարում, էջ 5)։ Մեկ շաբաթ շարունակ Երեւանը կդառնա ֆրանկոֆոնիայի կենտրոն, որի ընթացքում կանցկացվեն նախարարական ժողովը, տնտեսական ֆորումը եւ բուն գագաթնաժողովը։
Ֆրանկոֆոնիայի ավանը գործելու է Ազատության հրապարակի եւ Հյուսիսային պողոտայի տարածքում ժամը 12։00—20։00—ը։ Ավանի պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի 9—ին, ժամը՝ 16։00—ին։ Այդ օրը կտոնվի նաեւ Ֆրանկոֆոն երիտասարդության օրը։ Նշենք, որ վերջին 10 տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովների կամ խաղերի շրջանակում ընդունող երկրի կողմից կազմակերպվում են Ֆրանկոֆոնիայի ավաններ։ Դրանց կազմակերպման ավանդույթը սկիզբ է առել 2008թ. Քվեբեկի գագաթնաժողովից։
ՀՀ—ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացվեցին «Ֆրանկոֆոնիայի ավանում» Ֆրանսիայի տաղավարը եւ դեսպանության մշակութային ծրագրերը։ ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նկատեց, որ գագաթնաժողովը շատ կարեւոր միջոցառում է Հայաստանի համար, քանի որ երկիրը հյուրընկալելու է 84 երկրների կառավարությունների պատվիրակությունների, որոնց մեծ մասը Հայաստանում չունեն դիվանագիտական ներկայացուցչություններ եւ, փաստորեն, առաջին անգամ բացահայտելու են մեր երկիրը։ «Գագաթնաժողովը ոչ միայն երկրների ղեկավարների միջեւ հանդիպումներն են, այլեւ այն տոն կլինի հայերի համար ֆրանկոֆոնիային եւ ֆրանսերեն լեզվին առնչվելու առումով։ Ֆրանսիան ցանկանում է ֆրանսերենը ներկայացնել իր բոլոր տարրերով»,–ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանկոֆոնիան համարում է երկրի քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը, եւ, նրա բնորոշմամբ, ֆրանսերենն այսօր ոչ միայն հաղորդակցվելու միջոց է, այլեւ ստեղծագործելու եւ հաջողության հասնելու գործիք։
Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթնաժողովի մասնակից երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց երկրների մշակութային եւ լեզվական բազմազանությունը։ Կգործեն շուրջ 20 տաղավարներ։ «Հիմնական ուղերձը, որը փոխանցելու ենք տաղավարների միջոցով, այն է, որ ֆրանսերենը հնարավորությունների լեզու է։ Այն ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ 84 երկրներում մոտ 280 մլն մարդու կողմից օգտագործվող լեզու է, ինչը մեկ ընդհանուր դաշտ է ստեղծում հինգ մայրցամաքներում ապրող եւ ֆրանսերենով հաղորդակցվող մարդկանց համար։ Բացի դրանից՝ ֆրանկոֆոն տարածքն ամենամեծ ժողովրդագրական աճ ունեցողն է»,–ընդգծեց դիվանագետը։
Ֆրանկոֆոնիայի ավանի տաղավարների պատասխանատու Պատրիկ Դեւոտուրը նշեց, որ կլինեն տեխնոլոգիական, մշակութային, մեդիա, կրթական եւ տնտեսական բազմաթիվ միջոցառումներ։ Կգործի «գործարարություն եւ զարգացում» բաժինը, որտեղ ներկայացված են լինելու ֆրանկոֆոն գործարարները։ Ֆրանսիայի տաղավարը միավորելու է մի շարք օպերատորների, որոնց թվում են «Բիզնես Ֆրանսը», Ֆրանս—հայկական առեւտրաարդյունաբերական պալատը եւ Զարգացման ֆրանսիական գործակալությունը։ Ընտրված թեման «արդյունավետ ֆրանսերենն» է։ Պ. Դեւոտուրը նկատեց, որ ֆրանսերենն աշխարհում գործարար ոլորտում օգտագործվող երկրորդ լեզուն է։ Հաջորդը «Թվային տեխնոլոգիաներ, մեդիա եւ մշակույթ» բաժինն է։ Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ, տաղավարն առաջարկում է նորարարական միջոցառումներ «Հնարավորությունների ֆրանսերենը» խորագրով տարածքում։ 3D ակնոցների միջոցով հնարավոր կլինի վիրտուալ շրջագայություն կատարել Ֆրանսիայի զբոսաշրջային վայրերում։ Կլինեն նաեւ տեսախաղեր, ինչպես նաեւ կանցկացվի երիտասարդ բլոգերների վերապատրաստում։
Ֆրանսիայի տաղավարի մյուս երկու սրահները նվիրված կլինեն մասնագիտական կրթությանը («արհեստներ եւ տարածքներ)։ Այս ոլորտին մեծ աջակցություն են ցուցաբերում ֆրանսիական տարածքային կառավարման մարմինները, մասնավորապես Լիոն քաղաքը։ Սրահներում, որոնք նվիրված են «օգտակար ֆրանսերենին» եւ «հմտությունների ֆրանսերենին», Ֆրանս—հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը կկազմակերպի վարսահարդարման ցուցադրություն, ինչպես նաեւ խոհարարական մրցույթ կենտրոնի երիտասարդ խոհարարների միջեւ։ Պ. Դեւոտուրի խոսքով, ֆրանսերեն լեզվին տիրապետելը ավելի լայն հնարավորությունների դաշտ կարող է բացել երիտասարդ մասնագետների առջեւ աշխատանք գտնելու առումով։ Կրթական օպերատորներից ներկա կլինեն նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ ֆրանսիական դպրոցը։
«Գիտելիք եւ լեզուներ» բաժնում կանցկացվեն կրթական ծրագրեր, բանավեճեր տարբեր թեմաներով, նաեւ թատերական, երգի, պարի եւ ֆրանսերեն լեզվի խթանման բազմաթիվ միջոցառումներ «Գիտելիքների ֆրանսերեն» խորագրով։ Այսպես, «Հայկական ալյանս ֆրանսեզը», որն այս տարի նշում է հիմնադրման 15—ամյակը, ֆրանսերեն լեզվի դասընթացներ կանցկացնի սկսնակների եւ վերապատրաստման դասընթացներ՝ դասավանդողների համար։ Կազմակերպության տնօրեն Սուսաննա Ղարամյանի խոսքով՝ փորձելու են կոտրել տարածված այն կարծրատիպը, թե ֆրանսերեն լեզուն դժվար է սովորել։ Հոբելյանը նշանավորվելու է նաեւ համերգային ծրագրով։
Ֆրանսերեն լեզվի շուրջ կհամախմբվեն նաեւ TV5 հեռուստաընկերությունը, RFI ռադիոկայանը եւ Հայաստանի ֆրանսիական համալսարանը։ Միջոցառումների շարքում Պ. Դեւոտուրն առանձնացրեց «Caravane des dix mots» միջոցառումն իր հսկա խամաճիկներով, երգին, պարին եւ թատրոնին նվիրված սեմինարները, ինչպես նաեւ կներկայացվի ֆրանսիացիների կողմից սիրված «պետանկ» կոչվող խաղը։ «Ֆրանսիայի տաղավարը լինելու է փոխանակումների եւ ուսուցման վայր՝ բաց բոլորի համար, որտեղ կարող են հանդիպել 5 մայրցամաքներից եկած ուսուցիչները, գործարարները, մշակութային գործիչները։ Այսպիսով Ֆրանսիայի տաղավարը լիովին համապատասխանում է «ապրելու եւ միասին ստեղծելու» ֆրանկոֆոն ավանի կարգախոսին»,–ասաց կազմակերպիչը։ Նշենք, որ Հայաստանի առաջարկով Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովն անցկացվելու է «Ապրել միասին» կարգախոսի ներքո։ Ավանն էլ իր հերթին կունենա «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսը։
Ֆրանսիայի տաղավարի կողքին ներկայացված է լինելու Օ դը Սեն դեպարտամենտը, որը սերտորեն կապված է Հայաստանի հետ։ ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը տեղեկացրեց, որ Ֆրանկոֆոնիայի ավանի միջոցառումներից բացի, կլինեն բազմաթիվ այլ մշակութային ծրագրեր։ Մշակութային շրջանը սկսվել է նախօրեին Կարեն Միրզոյանի եւ Ֆիլիպ Գրայի «Մայիս 68 Փարիզից մինչեւ մայիս 18 Երեւան» խորագրով ֆոտոլուսանկարչական ցուցահանդեսի բացմամբ, որը ներկայացնում է երկու ժողովրդական ընդվզումները՝ կարեւորագույն իրադարձությունները Հայաստանի եւ Ֆրանսիայի պատմության մեջ։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 27—ը։ Երեւանյան 12—րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա ֆլեյտահար Էմանուել Պայուին։ Հոկտեմբերի 4—ից Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվեն նկարիչ Ասիլվայի աշխատանքները, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 15—ին եւ 16—ին հայերեն եւ ֆրանսերեն կբեմադրվի Յասմինա Ռեզայի «Սպանդի աստվածը»։ Բացի նշվածներից տեղի կունենան մշակութային միջոցառումներ ամենատարբեր ձեւաչափերով։
Ժ. Լաքոտը մեկ անգամ եւս ընդգծեց, որ ֆրանսիական տաղավարը բաց է համագործակցության համար եւ առաջին հերթին այն գործընկերների հետ, որոնք Հայաստանից են, ինչպես օրինակ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը։ «Սա մի համալսարան է, որն արդեն երկու հազար շրջանավարտ է տվել հայկական աշխատաշուկային եւ համագործակցության լավագույն օրինակներից է։ Եթե Հայաստանն այսօր ֆրանկոֆոն երկիր է, ունի ֆրանկոֆոն երիտասարդություն, ապա դրանում իր նշանակալի դերակատարությունն ունի նաեւ այս համալսարանը»,–շեշտեց դիվանագետը։ Ակտիվ գործընկերների շարքում է ֆրանսիական դպրոցը, որի աշակերտների թիվն այս տարի ավելացել է 30 տոկոսով։ Ֆրանս—հայկական մասնագիտական կրթօջախը արհեստներ է սովորեցնում ֆրանսերենով, իսկ «Հայկական ալյանս ֆրանսեզը» մեծ դերակատարություն ունի ֆրանսերենի դասավանդման մեջ, որոնց թվում են նաեւ պետական ծառայողները։ Անդրադարձ եղավ նաեւ «Ազնավուր» հիմնադրամին, որի հիման վրա ցանկանում են ստեղծել ֆրանսերենի եւ ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն։ «Իհարկե, կազմակերպչական առումով գագաթնաժողովը վերջնակետ է, բայց քաղաքականության առումով ցանկանում ենք, որ այն ֆրանկոֆոն երկրների հետ Հայաստանի հարաբերությունների խորացման սկիզբը լինի»,–հավելեց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11—12—ը Հայաստան կժամանի նախագահ Մակրոնը։ Պատվիրակության կազմում կլինեն քաղաքական, մշակութային, տնտեսական, տեխնոլոգիական եւ այլ ոլորտները ներկայացնող անձինք։ Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի խոսքով՝ Հայաստանը եւ Ֆրանսիան բոլոր բնագավառներում ունեն հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ։ Ներկայումս Ֆրանսիան առավել ուժեղ ներկայացվածություն ունի կրթական ոլորտում, սակայն լուրջ ներուժ կա տնտեսական ոլորտում, եւ այդ պատճառով է, որ կարեւորվում է տնտեսական ֆորումը։ Ի դեպ, ֆրանկոֆոնիայի օրերին կբացվի երկրորդ «Քարֆուր» հիպերմարկետը։ Ժ. Լաքոտը հույս հայտնեց, որ առաջիկայում ֆրանսիական ներդրումները կավելանան։ Հեռանկարային է նաեւ տուրիզմի զարգացումը։ Առանձնակի կարեւորություն է տրվում տեխնոլոգաների ոլորտին, այդ նպատակով ֆրանկոֆոնիայի շրջանակներում ներկա կլինեն մի քանի խոշոր ընկերություններ։ «Հայաստանում մեծ թափով զարգանում է այս ոլորտը։ Հատկանշական է, որ տնտեսական ֆորումն անցկացվելու է «Թումոյում», իսկ օրեր առաջ «Թումո» կենտրոն բացվեց Փարիզում»,–ասաց դեսպանը։ hhpress.am

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 7 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018