ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 19.10.2017, 22:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [445]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [350]
Մշակույթ [14]
Հասարակություն [636]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [133]
Քաղաքականություն [508]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 31 » Համագործակցությունը կշարունակվի այլ ձեւաչափերով /ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 10 օրից կլինեն Երեւանում եւ Ստեփանակերտում/
09:55
Համագործակցությունը կշարունակվի այլ ձեւաչափերով /ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 10 օրից կլինեն Երեւանում եւ Ստեփանակերտում/

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին։ 
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Է. Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանի ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր ուղղություններով ու ԵԱՀԿ ծրագրերի իրագործումը Հայաստանում իրավամբ կարելի է օրինակելի համարել։ Նախարարի խոսքով՝ գլխավոր քարտուղարի այցելությունը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ կազմակերպությունը ստիպված է փակել մեր տարածաշրջանում իր վերջին գրասենյակը, քանի որ ԵԱՀԿ մասնակից պետություններից մեկը՝ Ադրբեջանը, չարաշահելով վետոյի իրավունքը, փաստացի արգելափակեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգումը։
«Բաքուն փորձում էր ներկայացնել սա Ադրբեջան—Հայաստան հարթության վրա, սակայն իրականում դա վերաբերում է ԵԱՀԿ—Ադրբեջան հարաբերություններին, մի գործողություն է, որն ուղղված է ԵԱՀԿ դեմ։ Կարծում եմ՝ թե՛ ԵԱՀԿ նախագահությունը, թե՛ մասնակից երկրները, թե՛ քարտուղարությունը համապատասխան հետեւություններ արել են Բաքվի այս ապակառուցողական քայլի վերաբերյալ, որը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ տեսլականին եւ նպատակներին»,–ասաց Է. Նալբանդյանը։
Նա հավելեց՝ հայաստանյան կողմն ակնկալում է, որ երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող շատ ծրագրեր կշարունակեն կյանքի կոչվել այլ ձեւաչափերով։ 
Նախարարի խոսքով՝ տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Լ. Զանիերի հետ առանձնազրույցի եւ դրան հաջորդած՝ պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպման ընթացքում. «Մտքեր փոխանակեցինք կազմակերպության օրակարգային հարցերի՝ բոլոր երեք հարթություններով գործունեության շուրջ, քննարկեցինք ավստրիական նախագահության առաջնահերթությունների իրագործման ընթացքը։ Անդրադարձանք նաեւ ապրիլի 2—ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ Արձանագրվեց, որ աննախադեպ մեծ քանակությամբ դիտորդներ էին հետեւում ընտրություններին։ Արժեքավոր են միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները, որոնց համաձայն՝ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են մարդու հիմնարար իրավունքները, իսկ քվեարկության արդյունքներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի կամքը»։
Է. Նալբանդյանը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։ Կարեւորվել է նախորդ տարի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելը, ինչին Ադրբեջանը շարունակում է ամեն կերպ խոչընդոտել. «Մեր ուշադրության կենտրոնում էին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հրատապ այլ խնդիրներ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել, որ գլխավոր քարտուղարի հետ իր վեցամյա առաքելության ընթացքում ձեւավորվեցին աշխատանքային ամուր կապեր եւ անձնական ջերմ հարաբերություններ, որոնք մեծապես նպաստում են ԵԱՀԿ շրջանակներում արդյունավետ համագործակցությանը։ Քանի որ, ամենայն հավանականությամբ, սա պարոն Զանիերի վերջին այցն է Հայաստան իր ներկա կարգավիճակով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան սերտ համագործակցության համար եւ մաղթել հաջողություններ իր հետագա գործունեության մեջ»։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն իր խոսքում վստահեցրեց, որ երեւանյան գրասենյակի փակումը համագործակցության միայն մի գլխի փակումն է, որը բացում է միասին աշխատելու նոր ճանապարհներ։ Նա նշեց, որ Հայաստանում է, որովհետեւ, դժբախտաբար, չստացվեց կոնսենսուսի հասնել գրասենյակի շարունակական գործունեության հարցում։
«Այստեղ եմ՝ խոսելու անձնակազմի հետ եւ փակման գործընթացը կազմակերպելու համար։ Դժբախտաբար, պետք է Հայաստանի հետ ավարտենք աշխատանքները, սակայն օրակարգում շատ կարեւոր թեմաներ կան։ Այսպիսով, մենք պետք է տարբեր ձեւաչափեր գտնենք միասին աշխատելու համար եւ վստահեցնենք, որ գրասենյակի փակումը միայն մի գլխի փակումն է։ ԵԱՀԿ—ն կշարունակի ընտրություններում աջակցել եւ ներգրավված լինել։ Կան կարեւոր ծրագրեր, որոնք վերաբերում են ԵԱՀԿ—ին կամ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, որոնց շարունակելու ենք հետեւել։ Ուզում եմ Հայաստանի կառավարությանը շնորհակալություն հայտնել լավ համագործակցության համար եւ ասել, որ շարունակելու ենք աշխատել այլ ուղղություններով»,–նշեց Լ. Զանիերը։
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ԵԱՀԿ—ն չարձագանքեց Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին, կառույցի գլխավոր քարտուղարը պատասխանեց. «Ինչպես գիտեք, ԵԱՀԿ—ն աշխատում է կոնսենսուսով եւ «մատ չի թափ տալիս նրա վրա», ով կոնսենսուսը խախտել է, այսինքն՝ ոչ մեկին չի մեղադրում, որ չի միացել կոնսենսուսին կամ որոշմանը, որը կայացվել է։ Բայց, իհարկե, ես անձնապես ափսոսում եմ, որ առաքելությունը չի շարունակվելու, եւ կարող եմ ասել, որ պետք է փորձենք գտնել ճանապարհներ՝ շարունակելու այն գործողությունները, որոնք իրականացվել են այստեղ»։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին նաեւ ԵԱՀԿ օրակարգային հարցեր, ավստրիական նախագահության առաջնահերթությունների իրագործման ընթացքը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հրատապ բազմաթիվ այլ խնդիրներ։


Ադրբեջանին պետք է սանձել ոչ միայն հայտարարություններով
 

Լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ 10 օրից Հայաստանում կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոլգանդը (ԱՄՆ) եւ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա)։ Նախարարը նկատեց, որ համանախագահները ցանկություն ունեն այցելել նաեւ Ստեփանակերտ։
«Չեմ կարող ասել, թե արդյոք Ադրբեջանում պատրաստ կլինե՞ն ընդունել եռանախագահներին, բայց նրանք տասը օրից լինելու են տարածաշրջանում՝ Երեւանում եւ Ստեփանակերտում»,–հավելեց Է. Նալբանդյանը։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ Հայաստանը միշտ կողմ է եղել Ադրբեջանի հետ թե՛ արտգործնախարարների, թե՛ նախագահների մակարդակով հանդիպմանը, եւ եթե հասունանա վիճակը, տարվեն աշխատանքներ կազմակերպման համար, հնարավոր կլինի հանդիպում անցկացնել. «Եթե համանախագահների առաջիկա այցի ընթացքում անհրաժեշտություն ու առաջարկ լինի, գուցե նաեւ կքննարկվի հետագա հանդիպումների անցկացման հարցը։ Կարծում եմ՝ այս պահին կարող է խոսք լինել միայն նախարարների մակարդակով հանդիպման մասին, որպեսզի համապատասխան աշխատանք տարվի հետագայում նաեւ նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու համար»։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից վերջերս հնչեցված հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի «տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա», Է. Նալբանդյանն ասաց. «Նմանօրինակ հայտարարություններին ես վերաբերվում եմ այնպես, ինչպես հնչեցված մյուս պնդումներին, թե իբր Ադրբեջանը բազմամշակութային համաշխարհային կենտրոն է, որը հարգում է բոլոր հիմնարար ազատությունները, մարդու իրավունքները եւ հանդուժողական երկիր է, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրներին, եւ այլ այս կարգի անհեթեթ պնդումների։ Միջազգային հանրությունն ու եռանախագահները բազմիցս հնչեցրել են, որ խնդիրը պետք է լուծվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա, որոնք մեկ ամբողջություն են. դրանք են՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն, ինչպես նաեւ այն տարրերը, որոնք եռանախագահող երկրների նախագահների կողմից առաջարկված հայտնի 5 հայտարարությունների մեջ են»։
Նախարարի խոսքով՝ Հայաստանն արձանագրում է, որ հասունանում է մի վիճակ, երբ միջազգային միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ—ն պետք է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը սանձելու համար ոչ միայն հայտարարություններ անի, այլեւ գործողություններ կատարի։ Նա հիշեցրեց՝ մայիսի 18—ի հայտարարությամբ համանախագահները մատնանշեցին, որ հենց Ադրբեջանն է խախտել հրադադարի պայմանավորվածությունը, կրակ բացել.     «Ադրբեջանը դեմ էր դուրս գալիս հետաքննական մեխանիզմների ներդրմանը հենց այն պատճառով, որ հնարավորություն չտա համանախագահներին կամ մեխանիզմի համապատասխան մասնակիցներին՝ մատնանշելու, թե ով է խախտում հրադադարը, եւ ով է առաջինը բացում կրակ։ Իսկ դա ակնհայտ էր անգամ առանց մեխանիզմի, եւ դա ցույց տվեց այն հայտարարությունը, որով հանդես եկան համանախագահող երկրները։ Ավելին, սա առաջին հասցեական հայտարարությունը չէր, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից նման հայտարարություններ բազմիցս են հնչել՝ հորդորելով Ադրբեջանին չսրել իրավիճակը տարածաշրջանում, վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը եւ զերծ մնալ այն այլ ձեւաչափ տեղափոխելուց։ Այո, հայտարարություններ բազմիցս են հնչել, սակայն Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել դրանք, այլ անել լրիվ հակառակը»։

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 13 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017