ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 23:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 2 » Համակողմանի գործընկերության նորանոր ուղղություններ /Աշխատանքային այցով Վրաստանում է գտնվում նախագահ Սերժ Սարգսյանը/
14:57
Համակողմանի գործընկերության նորանոր ուղղություններ /Աշխատանքային այցով Վրաստանում է գտնվում նախագահ Սերժ Սարգսյանը/

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են բարձր մակարդակի հայ—վրացական հարաբերությունների օրակարգը, նախանշել այն առաջ մղելու նոր հեռանկարները, անդրադարձել քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին։ Նախագահներ Սարգսյանը եւ Մարգվելաշվիլին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով փոխշահավետ նախագծերի իրականացման համար կարեւորել են ինտեգրացիոն տարբեր գործընթացների շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի շարունակական համագործակցությունը։
Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների շուրջ՝ ընդգծելով տարածաշրջանի կայուն, խաղաղ եւ անվտանգ զարգացման կարեւորությունն ու այդ ուղղությամբ եւս համագործակցությունը։
Սերժ Սարգսյանը եւ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ—ների առջեւ համատեղ հայտարարություններով։
«Մեծարգո՛ պարոն նախագահ, սիրելի՛ Գիորգի,
Նախ եւ առաջ խորին շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։
Հարգելի՛ գործընկերներ,
Շատ ուրախ եմ, որ սույն աշխատանքային այցի ընթացքում նախագահ Մարգվելաշվիլիի հետ հանգամանալից քննարկել ենք մեր հարաբերությունների օրակարգային հարցերը եւ նախանշել երկկողմ բազմաբնույթ համագործակցությունն առաջ մղելու նոր հեռանկարները։
Վստահ եմ, որ տեղյակ եք՝ այս այցի շրջանակներում մասնակցելու եմ նաեւ հին Թբիլիսիի պատմական վայրում նոր շունչ ստացած հայկական առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցու վերաօծման արարողությանը։ Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի իշխանություններին այդ սրբավայրի վերականգնման աշխատանքներին իրենց աջակցությունը բերելու համար։ Մենք էլ մեր հերթին հատուկ հոգածությամբ ենք վերաբերվում Հայաստանում առկա վրացական մշակութային ժառանգությանը, որի բարենորոգման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հավատացած եմ, որ միայն այս կերպ՝ հոգատարությամբ միմյանց մշակութային ժառանգությանը վերաբերվելով, մենք կարող ենք պահպանել ու բազմապատկել մեր ձեռքբերումները։
Վերադառնալով միջպետական օրակարգին՝ պետք է գոհունակությամբ փաստեմ, որ վերջին տարիներին հայ—վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել եւ թեւակոխել են որակական նոր փուլ։ Մեր երկրների միջեւ ընթացող բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը եւ փոխայցելությունները խոսքերիս վառ վկայությունն են։ Կարեւորում եմ նաեւ այն, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն իրականացվում է լիակատար փոխվստահության պայմաններում։
Պարոն նախագահի հետ մենք քննարկեցինք նաեւ այն ռազմավարական բնույթի նախագծերը, որոնց երկուստեք ձեռնամուխ ենք եղել։ Կցանկանայի կարեւորել Բագրատաշեն—Սադախլո սահմանային «Բարեկամության կամրջի» շինարարությունը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այն եւ մնացյալ բոլոր ծրագրերը հաջողությամբ ավարտին ենք հասցնելու՝ դրանով իսկ հավելյալ խթաններ ստեղծելով մեր երկրների առաջընթացի եւ տնտեսական վերելքի համար։
Աներկբա է, որ թե՛ Հայաստանը եւ թե՛ Վրաստանը բավարար ներուժ ունեն խորացնելու տնտեսական համագործակցությունը՝ իրագործելով միջպետական փաստաթղթերով ամրագրված իրենց պարտավորությունները։ Ավելին, հավատացած եմ, որ մեր երկրների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն կառույցներում ոչ միայն չեն խոչընդոտում, այլեւ ավելացնում են մեր համակողմանի համագործակցության հնարավորությունները՝ նոր հորիզոններ ուրվագծելով երկկողմ եւ բազմակողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար։
Մենք անցյալ անգամ նույն այս դահլիճում պարոն նախագահի հետ խոսում էինք այն մասին, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը եւ Վրաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասական չեն անդրադառնա մեր տնտեսական հարաբերությունների վրա, այլ միայն դրական ազդեցություն կունենան։ Եվ հիմա ուրախ եմ փաստելու, որ 2014թ. մեր առեւտրաշրջանառությունն ավելացել է, եւ նույն միտումը կա 2015թ. ինն ամիսների արդյունքով։
Անշուշտ, պարոն նախագահի հետ մենք քննարկեցինք նաեւ տարածաշրջանային նշանակության հարցեր։ Կարեւոր եմ համարում ընդգծել, որ նման հարցերում առկա փոխըմբռնումը առաջին հերթին պայմանավորված է հայ—վրացական եղբայրության գերակայության գիտակցմամբ, ինչպես նաեւ երկարաժամկետ մտածելու կարողությամբ։ Ավելին, մեր ժողովուրդների խորքային կապերի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում համակողմանի գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար։
Ամփոփելով խոսքս՝ թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այս հյուրընկալ հողում իմ գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար»,–ասել է Սերժ Սարգսյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Թբիլիսիում հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Սերժ Սարգսյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ ավանդական բարիդրացիության, երկու երկրների բարեկամ ժողովուրդների միջեւ պատմական հենքի վրա խարսխված միջպետական շփումները, այդ թվում՝ Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը, լուրջ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար։
Զրուցակիցները երկուստեք կարեւորել են տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային, այդ թվում՝ էներգետիկ ծրագրերի իրականացումը, որոնք, նրանց համոզմամբ, զգալիորեն կխթանեն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդումը, կնպաստեն առեւտրաշրջանառության ծավալների աճին։
Անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը՝ ՀՀ նախագահը եւ Վրաստանի վարչապետը մատնանշել են դրանց փոխլրացնող բնույթը եւ ենթակառուցվածքային ծրագրերի փոխկապակցման կարեւորությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Թբիլիսիում հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ։
Զրուցակիցները ջերմությամբ են հիշել ընթացիկ տարվա փետրվարին Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան եւ երկուստեք կարեւորել վերջին տարիներին պարբերական բնույթ ստացած բարձրաստիճան հանդիպումները, որոնք ՀՀ նախագահի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահի համոզմամբ, նոր շունչ են հաղորդում երկկողմ հարաբերություններին՝ հնարավորություն տալով քննարկել հայ—վրացական համակողմանի օրակարգի արդիական հարցերը։
Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել եւ կարեւորել է ՀՀ նախագահի այցը, ընդգծելով, որ Սերժ Սարգսյանին Վրաստանում մեծապես հարգում եւ ընդունում են ոչ միայն որպես Հայաստանի նախագահի, այլ նաեւ որպես Վրաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամության ամրապնդման մեծ ջատագովի։ Դավիթ Ուսուպաշվիլին հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանի այցը եւս մեկ առաջընթաց քայլ կդառնա երկու երկրների բարեկամության ամրապնդման գործում։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է խորհրդարանականների դերը պատմական ամուր հիմքի վրա կառուցված հայ—վրացական եղբայրական եւ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ միջպետական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական կապերը վաղուց իրենց հաստատուն տեղն ունեն, ինչի մասին է վկայում երկու երկրների խորհրդարաններում համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների առկայությունը։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Վրաստանի զարգացումը, երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցությունը մեծապես պայմանավորված են հայ—վրացական սերտ համագործակցությամբ եւ հարաբերությունների ամրապնդմամբ։ Սերժ Սարգսյանը եւ Դավիթ Ուսուպաշվիլին կարեւորել են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ փոխգործակցության զարգացումը։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ս.թ. ապրիլի 24—ին Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ Երեւանում տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի մասնակցության համար։
Հանդիպմանը խորհրդարանի նախագահը նշել է, որ Վրաստանում ուշադրությամբ հետեւում են Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների գործընթացին եւ տեղյակ են, որ փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում մասնագիտական խումբն ուսումնասիրել է նաեւ Վրաստանի փորձը։
Զրուցակիցները կարեւորել են երկու պետությունների կողմից միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի ու խնդիրների նկատմամբ հավասարակշիռ, շրջահայաց եւ նրբանկատ վերաբերմունքն ու փոխադարձ շահերի հարգումը։
Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին։ Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Վրաստանի դերը տարածաշրջանի անվտանգության եւ կայունության պահպանման գործում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 380 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024