ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 13:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 12 » Հարցերը պետք է լուծվեն կառուցողական հունով /Սոչիում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը/
11:35
Հարցերը պետք է լուծվեն կառուցողական հունով /Սոչիում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը/

Սոչիում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել է աշխատանքային այցով երեկ Ռուսաստանի Դաշնություն ժամանած նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստը նախագահել է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նիստում քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային—հումանիտար ոլորտներում եւ ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Պետությունների ղեկավարները նեղ կազմով նիստում մտքերի փոխանակում են իրականացրել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել են ԱՊՀ—ում նախագահության եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման օրն ու վայրը։
Ընդլայնված կազմով նիստում քննարկվել են տնտեսական, մշակութային—հումանիտար, պաշտպանական քաղաքականության, արտաքին սահմանների պահպանության, ահաբեկչությանը հակազդեցության ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ինչպես նաեւ նոր իրողություններին ԱՊՀ—ի ադապտացիայի վերաբերյալ հարցեր։
Խորհրդի նեղ, ապա դրան հաջորդող ընդլայնված կազմով նիստերում պետությունների ղեկավարների քննարկման արդյունքները, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերի մասին տեղեկատվություն, ԶԼՄ—ների հետ հանդիպմանը ներկայացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ—գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։
Նիստում ելույթ է ունեցել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը. «Հարգելի՛ պարոն նախագահող,
Պետությունների եւ պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ,
Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրի, ավանդական ջերմ ընդունելության եւ հյուրընկալության, ինչպես նաեւ գագաթնաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Այսօրվա հանդիպման օրակարգը, դրանում ներառված հարցերն արտահայտում են Համագործակցությունում Ռուսաստանի Դաշնության ակտիվ նախագահության արդյունավետությունը՝ ուղղված նախ եւ առաջ ԱՊՀ հետագա զարգացմանը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողություններին ադապտացիան։
Կցանկանայի անդրադառնալ, մեր տեսանկյունից, ԱՊՀ—ի եւ միջպետական համագործակցության համար արդիական մի քանի թեմաների։ Մեկնարկել են մի շարք հարցերի շուրջ առարկայական քննարկումները, որոնք արտացոլված են ադապտացիայի վերաբերյալ նախորդ տարվա որոշման մեջ։ Մենք աջակցում ենք այդ գործընթացին, որը պետք է իր իրական դրսեւորումը գտնի բոլոր հնարավոր ոլորտներում փոխգործակցությամբ հետաքրքրված պետությունների համագործակցության մեջ։
Համատեղ աշխատանքի մեկ այլ կարեւոր ուղղություն է հումանիտար ոլորտում համագործակցությունը։ Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին եւ ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը՝ հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաեւ ժողովուրդներին միավորող գործոն։
Հետաքրքրված լինելով հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնմամբ՝ կարծում ենք, որ «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրն օգտակար նախաձեռնություն է ԱՊՀ պետությունների մշակութային կապերի պահպանման եւ զարգացման գործում։
Հաջորդ տարի նախատեսվում է հայկական Գորիս քաղաքը հայտարարել Համագործակցության մշակութային մայրաքաղաք։ Հրավիրում ենք ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մասնակցելու այն միջոցառումներին, որոնք այդ տարվա ընթացքում կանցկացվեն Հայաստանի Սյունիքի մարզի այդ հրաշալի անկյունում։
Կցանկանայի նաեւ ընդգծել 2019թ. Գրքի տարի, իսկ 2020թ. Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 75—ամյակի տարի հռչակելու կարեւորությունը։
Հինգ տարի առաջ՝ հայկական գրատպության 500—ամյակի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ—ն Երեւանը հռչակեց գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ մի իրադարձություն, որը մենք լայնորեն նշեցինք հյուրերի մասնակցությամբ, այդ թվում նաեւ՝ ԱՊՀ երկրներից։ Մարդկային կապիտալի զարգացմանը մեծ նշանակություն տալով՝ մենք որպես բազմաթիվ միջոցառումների լեյտմոտիվ ընտրեցինք ընթերցողների շրջանակի ընդլայնումը, քանի որ ընթերցող, զարգացած հասարակություն ունենալը մեզ համար կենսական կարեւորություն ունեցող պայման է։
Համոզված եմ, որ Մեծ հաղթանակի առաջիկա հոբելյանը եւս մեկ առիթ է հարգելու ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը։ Հայաստանում չկա որեւէ ընտանիք, որի կողքով անցած լինի այդ ողբերգությունը. առաջնագիծ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայը հետ չի վերադարձել։ Սա նաեւ լավ առիթ է ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացման փորձերի, աշխարհում քսենոֆոբիայի եւ ռասիզմի տարածման դեմ համագործակցաբար հանդես գալու համար։
Հայաստանը բազմիցս ընդգծել է միջազգային հանրության ջանքերի համախմբման անհրաժեշտությունը այնպիսի դրսեւորումների դեմ պայքարում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը եւ կազմակերպված հանցավորությունը։ Աջակցում եմ համապատասխան փաստաթղթերի ընդունմանը, որոնք կանոնակարգում են ԱՊՀ երկրների համագործակցությունը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման, ահաբեկչության ֆինանսավորման, թմրաբիզնեսի եւ միջազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում։
Վերջում կցանկանայի հաջողություն մաղթել մեր տաջիկ գործընկերներին եւ անձամբ նախագահ Էմոմալի Ռահմոնին, ով ստանձնում է ԱՊՀ նախագահությունը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել աջակցելու նախատեսված ծրագրերի իրականացմանը՝ ի շահ ԱՊՀ—ի։

Շնորհակալություն»։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 386 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024