ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 19:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 27 » Հավատարմություն համամարդկային արժեքներին /Ժնեւում ընթանում է Միջխորհրդարանական միության 138–րդ վեհաժողովը/
16:01
Հավատարմություն համամարդկային արժեքներին /Ժնեւում ընթանում է Միջխորհրդարանական միության 138–րդ վեհաժողովը/

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, մարտի 24–ից 28–ը Ժնեւում (Շվեյցարիա) մասնակցում է Միջխորհրդարանական միության 138–րդ վեհաժողովի աշխատանքներին, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։
Վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ։ Հանդիպումը կայացել է գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ։ Քննարկվել են միության աշխատանքների ընթացքին, դրանց արդյունավետության բարձրացման ուղիներին, միության կանոնադրության փոփոխություններով առաջարկվող բարեփոխումներին առնչվող հարցեր։ Արա Բաբլոյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին առաջարկել է քննարկել Հայաստանում միության գործունեության շրջանակներում միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը։
Հայաստանի խորհրդարանականները մասնակցել են տարբեր հանձնաժողովների, մասնավորապես Կին խորհրդարանականների ֆորումի, Առողջապահության հարցերի խորհրդակցական խմբի, Մարդու իրավունքների հանձնաժողովի, Խաղաղության եւ միջազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին։
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Շուշան Սարդարյանը, Լենա Նազարյանը, Շաքե Իսայանը, Կարեն Ավագյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
Վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մարտի 25–ին «Միգրանտների եւ փախստականների համար ընդհանուր ռեժիմի ամրապնդումը. փաստերի վրա հիմնված արդյունավետ քաղաքական լուծումների անհրաժեշտությունը» թեմայով ելույթ է ունեցել.
«Հարգելի՛ նախագահող,
հարգելի՛ գործընկերներ,
տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
նախեւառաջ շնորհակալություն եմ հայտնում այս վեհաժողովի կազմակերպման համար։
Միգրացիայի եւ փախստականների հարցը բոլորիս հուզող խնդիր է, որը մեր երկրների օրակարգային առաջնահերթություններից է։
Աշխարհը մեկը մյուսի հետեւից ցնցում են ճգնաժամերը։ Միգրացիայի դրդապատճառները բազմազան են։ Այն վերաբերում է ոչ միայն մարդկանց, ովքեր փնտրում են արժանապատիվ աշխատանք եւ ավելի լավ կենսապայմաններ, այլեւ այն մարդկանց, որոնք ստիպված են լինում լքել իրենց տները՝ անվտանգություն եւ ապահովություն գտնելու հույսով։
Առավել ցավալի է, երբ այս արհավիրքի պատճառ է դառնում պետության վարած քսենոֆոբ բնույթի քաղաքականությունը, երբ անհանդուրժողականություն եւ ատելություն է սերմանվում քաղաքացիների մեջ։
Մեզ՝ հայերիս քաջ հայտնի են նման քաղաքականության հետեւանքները։ Անցած դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված ցեղասպանությունից փրկվելու համար միլիոնավոր հայեր լքել են իրենց հայրենիքն ու ապաստան գտել աշխարհի տարբեր երկրներում։
Այսօր Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի հետեւանքով ավելի քան 20.000 հայեր Սիրիայից ստիպված եղան գաղթել եւ ապաստան գտնել Հայաստանում։ Մեր երկիրը բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում՝ սիրիացի փախստականներ ընդունող երկրների շարքում։ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվել են բազմաթիվ միջոցառումներ փախստականների կեցության ապահովման եւ ինտեգրման համար։ Սա զգալի թիվ է Հայաստանի նման փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրի համար, որը 20–րդ դարի վերջում հարյուր հազարավոր փախստականների էր ընդունել նաեւ Ադրբեջանից, որտեղ հայերը էթնիկ զտումների են ենթարկվել։
Միգրացիան աշխարհագրորեն սահմանափակված երեւույթ չէ։ Այն տարածվում է բոլոր մայրցամաքների վրա եւ վերածվում համընդհանուր մասշտաբներով ողբերգական իրավիճակի։
Առավել ցավալի է, որ այս խնդիրը վերաբերում է երեխաներին՝ ամենախոցելի խմբին, որոնք ենթարկվում են բռնության, բարոյական եւ հոգեբանական ագրեսիայի։ Ամենից առաջ պետք է ապահովվեն երեխայի իրավունքները՝ ունենալ ընտանիք, ապրել առողջ եւ ապահով միջավայրում, ստանալ կրթություն։
Հարգելի՛ գործընկերներ,
ինչպես ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ «մեր ընդհանուր պատասխանը պետք է արտահայտվի չորս գործողությամբ՝ ողջունել, պաշտպանել, նպաստել եւ ինտեգրել»։
Միգրացիայի հետ կապված խնդիրների լուծումներ փնտրելիս առաջին հերթին հարկավոր է անդրադառնալ դրանց պատճառներին։ Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ահաբեկչության դեմ պայքարում եւ հակամարտություններին քաղաքական կարգավորումներ տալու գործում։
Ավելին, հարկավոր են երկարաժամկետ լուծումներ ապահովող ծրագրեր՝ ուղղված խոցված շրջանների զարգացմանը, ինչպես նաեւ միգրանտների եւ փախստականների կարգավիճակի ամրապնդմանը։ Լավ մտածված ու մշակված քաղաքականությունը կխթանի միգրանտների ինտեգրումը հյուրընկալող հասարակություններում եւ կնպաստի յուրաքանչյուր անձի ակտիվ մասնակցությանն այդ երկրի զարգացման գործում։
Հայաստանը, հանդիսանալով քաղաքակիրթ հասարակության մաս, հանձնառու է շարունակել նպաստել համամարդկային արժեքների ամրապնդմանը, աշխարհում կայունության եւ անվտանգության ապահովմանը»։
Արա Բաբլոյանը նախօրեին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչեւայի հետ։
Խոսելով երկու ժողովուրդների վաղեմի բարեկամության, մշակութային բազմաթիվ առնչությունների մասին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ առկա են նպաստավոր բոլոր հիմքերը հայ–բուլղարական հարաբերությունների առավել զարգացման համար։ Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ երկու պետությունների միջեւ քաղաքական երկխոսության ամրապնդումը, ՀՀ խորհրդարանի ղեկավարի համոզմամբ, մեծ կարեւորություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Արա Բաբլոյանը, փաստելով, որ երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի միջեւ արդեն ձեւավորված է փոխըմբռնման եւ համագործակցության բարի ավանդույթ, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության խորացման տեսանկյունից։
ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել եւ հաջողություն է մաղթել բուլղարացի գործընկերոջը՝ ԵՄ խորհրդի նախագահությունը Բուլղարիայի կողմից ստանձնելու առթիվ։ Արա Բաբլոյանը մասնավորապես նշել է. «Մենք կիսում ենք Բուլղարիայի նախագահության կարգախոսը՝ ԵՄ ներկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է լինել միասնական»։
Խոսելով Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ նախորդ տարի նոյեմբերին Բրյուսելում ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ համաձայնագիրը նոր էջ է բացում Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում։ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Բուլղարիան առավել սեղմ ժամկետում կվավերացնի վերոնշյալ համաձայնագիրը։
«Տիկին նախագահ, ուրախ եմ մեր հանդիպման համար եւ հավատացած, որ նման հանդիպումների պարբերականությունը նոր լիցք կհաղորդի ե՛ւ միջպետական հարաբերությունների զարգացմանը, ե՛ւ երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը»,–նշել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը։
Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչեւան շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ նշել. «Հավաստիացնում եմ, որ հանձինս Բուլղարիայի՝ Հայաստանն ունի լավ բարեկամ, որը կաջակցի Հայաստանին Եվրոպական միության հետ համագործակցության հարցերում»։
Ցվետա Կարայանչեւան Արա Բաբլոյանին հրավիրել է Բուլղարիայի Հանրապետություն։
Կողմերը պայմանավորվել են խորացնել խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 273 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024