ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 21:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 1 » Հայ—ադրբեջանական սեպտեմբերյան միկրոպատերազմը
14:34
Հայ—ադրբեջանական սեպտեմբերյան միկրոպատերազմը

Պետք է պատրաստ լինել թշնամու տարածքում գործողությունների

Սեպտեմբերին հայ—ադրբեջանական սահմանին եւ հրադադարի գծում նկատվեց ռազմական գործողությունների աննախադեպ սրացում ու ծավալային մեծացում։ 
Դեռ ամսվա սկզբից Ադրբեջանը խոշոր տրամաչափի զենքերից նշանի տակ առավ Տավուշի սահմանամերձ գյուղերը։ Իրավիճակն է՛լ ավելի լարվեց սեպտեմբերի 24—ին, երբ թշնամու գնդակոծության եւ հրետակոծության հետեւանքով Բերդավան գյուղում մահացան 2, իսկ Պառավաքարում՝ 1 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 25—ին Արցախի պաշտպանության բանակի՝ թիկունքում տեղակայված զորավարժարաններից մեկում ուսումնական պարապմունքի ժամանակ հակառակորդի հրետակոծության հետեւանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ եւ 16 վիրավոր։ Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 25—ին եւ լույս 26—ի գիշերը Ադրբեջանն առաջին անգամ 1994թ. ի վեր կրակել է փողավոր հրետանիով՝ 122 մմ Դ—30 հաուբիցով։ Սա ազդարարեց ռազմական գործողությունների սրացման բարձրակետը, եւ անգամ ռազմագիտական ոլորտին նվազ ծանոթ մարդկանց պարզ դարձավ, որ թշնամին որդեգրել է նոր մարտավարություն կամ էական հավելումներ է մտցրել հին մարտավարության մեջ։
Հայկական կողմի պատասխանը չուշացավ։ Նախ՝ Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում մեղադրեց Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման մեջ, որի ժամանակ Ադրբեջանն օգտագործում է խոշոր տրամաչափի հրետանի, ինչը հանգեցրել է խաղաղ բնակիչների մահվան։ Եվ ապա հետեւեց ՀՀ պաշտպանության նախարարության վճռական եւ հատու հայտարարությունը, որ «…հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու եւ դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային եւ հրթիռային խոցման համարժեք միջոցներ՝ մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան եւ կենդանի ուժը»։
Ի՞նչ է կատարվում այս օրերին սահմանին, եւ ի՞նչ են նշանակում կողմերի քայլերը։ 
Նախ, սկսենք վերջից եւ պարզաբանենք ՀՀ ՊՆ հաղորդագրությունը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից այն լիովին իրավաչափ է։ Ըստ միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969 թ. կոնվենցիայի 60—րդ հոդվածի՝ «Կողմերից մեկի կողմից երկկողմ պայմանագրի …խախտումը իրավունք է տալիս մյուս կողմին վկայակոչելու այդ խախտումը՝ որպես պայմանագրի գործողության մասնակի կամ ամբողջական կասեցման կամ դադարեցման հիմք»։ Հայաստանը սույն կոնվենցիային միացել է 2005 թ. մայիսի 17—ին։ Ուստի հիմք ընդունելով վերոբերյալ հոդվածը, ինքնապաշտպանության բնական իրավունքը եւ Ադրբեջանի կողմից միջազգային իրավական պարտավորությունների բարեխիղճ կատարման սկզբունքի խախտումը՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունը, որով փաստացիորեն ՀՀ—ն հայտարարեց Ադրբեջանի գործողությունների պատճառով իրեն հրադադարի մասին համաձայնագրով կաշկանդված չզգալու մասին, կարող ենք համարել լիովին օրինական, ավելին՝ արդարացված նաեւ քաղաքական տեսանկյունից։
ՀՀ ՊՆ այս հաղորդագրությունից դժվար չէ եզրակացնել, որ սեպտեմբերի 26—29–ը ընկած օրերը ծանր էին Ադրբեջանի համար։ Ըստ իրենց իսկ պաշտպանության նախարարության տարածած տեղեկության՝ Ադրբեջանն ունի երեք զոհ։ Հայկական վերլուծական շրջանակներում եզրակացրին, որ եթե հայտարարվում է միանգամից 3 զոհի մասին, ապա իրականում դրանք ավելին են։ Եվ արդեն սեպտեմբերի 28—ին Արցախի պաշտպանական գերատեսչությունը տարածեց հաղորդագրություն՝ նշելով թշնամու կողմում եւս 6 զոհի մասին եւ հիշատակելով վերջիններիս անձնական տվյալները։ Կարելի է ենթադրել, որ դրանք Ակնայի ուղղությամբ թշնամու կրած կորուստներն են, որոնց մասին ավելի վաղ հայտարարել էր Արցախի ՊՆ—ն։
Տեղին է նշել, որ ՀՀ ՊՆ հաղորդագրության տարածման օրը քաղաքական հարթակում Ադրբեջանը եւս մեկ անսպասելի հարված ստացավ։ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6—րդ նիստի մեկնարկից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն վերահաստատեց ուժի միջոցով Ադրբեջանին պատժելու եւ ըստ այնմ՝ նոր առճակատումներից խուսափելու հայկական մարտավարությունը, այլեւ հայտարարեց, որ «…Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է»։ 1994թ. հետո հայաստանյան բարձրաստիճան ղեկավարության մակարդակով սա առաջին նմանօրինակ հայտարարությունն էր։ Պետք է նկատել սակայն, որ այս տարիների ընթացքում ՀՀ եւ Արցախի հարաբերություններն այսպես թե այնպես կառուցվել են միակամորեն ինտեգրված կառուցակարգի տրամաբանությամբ, եւ նախագահի այս հայտարարությունը հստակ հաղորդագրություն էր առաջին հերթին Բաքվին, որ խաղաղության շարունակական արհամարհումը վերջինիս համար ռազմականից զատ՝ կարող է հանգեցնել նաեւ ծանր քաղաքական հետեւանքների, որպիսին կարող է լինել ՀՀ կողմից Արցախի ճանաչումը եւ/կամ վերջնական վերամիավորումը։
Արդյոք Ադրբեջանում հաշվի չե՞ն առնում բոլոր վերոնշյալ ռիսկերն ու առկա կորուստները, եւ ո՞րն է նրանց քաղաքականության տրամաբանությունը։ 
Ի սկզբանե որպես հիմնավոր ենթադրություն կարող ենք ասել, որ Ադրբեջանը ներկայումս տրամադիր չէ լայնամասշտաբ պատերազմ սկսելու։ Նախ՝ չկա արագահաս հաղթանակի  հավանականություն, եւ երկրորդ՝ պատերազմի վերսկսման դեպքում այդ երկիրը կարող է զրկվել միջազգային ասպարեզում ունեցած գրավչությունից, հատկապես եթե ռազմական գործողությունների տարածքը մոտենա Ադրբեջանի տարածքում առկա միջազգային ենթակառուցվածքային հանգույցներին։ Այս ամենի հետեւանքով արտաքին եւ ներքին սպառնալիքի տակ կհայտնվի ներկայումս Ադրբեջանում իշխող վերնախավը։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանում լավ են հասկանում, որ պատերազմ չի ցանկանում նաեւ Հայաստանը, հատկապես որ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը, ընդհուպ նախագահի մակարդակով բազմիցս բացորոշ հայտարարել է այդ մասին։ Նման պայմաններում Ադրբեջանն օրեցօր մի նոր աստիճանի բարձրացնելով գործողությունների սրացումը՝ ջանում է հավասարակշռությունից հանել հայկական կողմին՝ ստիպելով վերջինիս գնալ է՛լ ավելի մեծ սրացման, այդ թվում՝ պատերազմի վերսկսման։ Գաղտնիք չէ, որ հարձակվողի դիրքերը մշտապես ավելի թույլ են լինում, քան պաշտպանվողինը, եւ եթե հայկական կողմը տեղի տա ադրբեջանական սադրանքին, ապա կարող է շահեկան վիճակի մեջ դնել վերջինիս։    
Ինչ վերաբերում է իր նախաձեռնած սրացումների հետեւանքով կրած կորուստներին, ապա Ադրբեջանում այդ գործոնը այդքան էլ հաշվի չի առնվում երկու հիմնական պատճառներով։ Նախ՝ Ադրբեջանում խցանված են գրեթե բոլոր զանգվածային միջոցները, որոնք ՊՆ—ից զատ՝ կարող են հայտնել ռազմական կորուստների մասին, ինչի հետեւանքով երկրի բնակչության շատ չնչին մասը կարող է իմանալ զոհերի իրական քանակի մասին։ Երկրորդ պատճառն այն է, որ կրած մարդկային կորուստները համարժեք չեն ընկալվում Ադրբեջանում եւ Հայաստանում։ Հայաստանի բնակչությունը քրիստոնեական էթիկայի կրող է, ուստի անգամ 1 մարտական կորուստը մեզ համար ցավալի է, իսկ Ադրբեջանում այդ «շեմը» 7—10 զոհն է։ Հետեւաբար, զոհեր տալու հարցում Ադրբեջանի ձեռքերն ազատ են։
Նման սանձարձակ եւ սադրիչ քաղաքականության դիմաց ո՞րը պետք է լինի հայկական կողմի պատասխանը։ 
Տեսականորեն հայկական կողմը կարող է «խփեցիր՝ խփեցի» մարտավարությամբ պատասխանել, սակայն այդ դեպքում լարումը չի թուլանա, եւ, փաստորեն, խաղը կընթանա Ադրբեջանի թելադրած կանոններով։ Մեր խնդիրն է «խփել» այնպես, որ ադրբեջանական կողմը կրի որակապես ավելի շատ կորուստներ, որոնք այդուհետ բավականին կնվազեցնեն հայկական կողմին թիրախավորելու Ադրբեջանի հնարավորությունները։ 2014թ. օգոստոսյան 5—օրյա միկրոպատերազմի ժամանակ հայկական կողմն անհամաչափ կորուստներ պատճառելով թշնամուն՝ ստիպեց միառժամանակ լռել։ Ինչպես Ստեփանակերտում իրավացի նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Այս պարագայում մեզ մնում է միայն ու միայն մեխանիզմներ մշակել հակադարձելու, եւ փորձը ցույց է տվել, որ եթե պետք լինի՝ նաեւ նախահարձակ լինելու»։ Նույն միտքը զարգացրեց նաեւ Սերժ Սարգսյանը ՄԱԿ–ի ԳՎ նստաշրջանի ժամանակ՝ «…մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական եւ ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»։
Ինչ վերաբերում է խնդրի դիվանագիտական կողմին, ապա ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ ուղղակի հիշատակում կար նաեւ խնդրով զբաղվող միջազգային դերակատարների վերաբերյալ՝ «միջազգային հանրության անհասցե քննադատությունը եւ մտահոգություններն անընդունելի են»։ Գաղտնիք չէ, որ նախկինում շատ հաճախ համանախագահող կողմերի հայտարարությունները տարբերակում չէին մտցնում կողմերի միջեւ։ Բնականաբար, սա լրացուցիչ հնարավորություն էր տալիս Ադրբեջանին՝ ազատ զգալու իր գործողություններում։ Եվ ահա հայկական կողմի արձագանքից եւ նախարար Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ–ն հայտարարություն տարածեց՝ այս անգամ արդեն հստակորեն մատնանշելով, որ «Հայաստանը համաձայնել է քննարկելու (հրադադարի խախտման դեպքերի հետաքննության) մեխանիզմի մանրամասները, եւ մենք կոչ արեցինք Ադրբեջանին անելու նույնը»։ Ենթադրվում է, որ նման մեխանիզմի կիրարկումը էապես կնվազեցնի հրադադարի խախտումները, քանզի կլինի երրորդ կողմի տեսչությունը, եւ կբացառվի սեփական զանցանքը մյուսին վերագրելը։ Այդ է պատճառը, որ Ադրբեջանը երբեք հավանություն չի տվել սրան, ինչն այս անգամ, փաստորեն, հստակորեն արձանագրեցին նաեւ միջնորդները։
Ի՞նչ սպասել հաջորդիվ։ 
Բնավ ոչ առանց հիմքի կարծում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում հայկական կողմի պատժիչ—կանխարգելիչ գործողությունները կստիպեն թշնամուն դադար առնել։ Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարին, ապա կանխատեսումներ անելը բարդ է՝ հաշվի առնելով, որ հակառակ կողմում գործ ունենք այլ արժեքային դաշտում գտնվող պետության եւ վերնախավի հետ։ Այնուամենայնիվ, մենք մեր կողմից պետք է պատրաստ լինենք բոլոր հնարավոր տարբերակներին։ Թշնամին իր մարտավարությամբ արդեն իսկ ապացուցել է, որ պատրաստ է անընդմեջ էսկալացիայի, եւ մեր խնդիրն է ունակ լինել պատասխանելու ցանկացած տիպի հարձակման եւ անհրաժեշտության դեպքում՝ մարտը տեղափոխելու ներկայումս Ադրբեջանական Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքներ, ինչի մասին սեպտեմբերի 29—ին՝ հարցազրույցի ժամանակ, ակնարկեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը. «Իմ խորին համոզմամբ՝ նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջեւ բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման եւ վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»։ hhpress.am
Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 362 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024