ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 17.04.2024, 00:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 16 » Հայ—կիպրական բարեկամությունն իսկական բարեկամություն է /ՀՀ նախագահը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է/
12:54
Հայ—կիպրական բարեկամությունն իսկական բարեկամություն է /ՀՀ նախագահը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն։ Նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Նիկոս Անաստասիադիսի եւ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը, որի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։ Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ—կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Կիպրոսի Հանրապետության կրթության եւ մշակույթի նախարարության միջեւ մշակույթի բնագավառում 2016—2018թթ. համագործակցության մասին ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Կիպրոսի Հանրապետության կրթության եւ մշակույթի նախարարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում 2016—2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ երկու երկրների բուհերում ուսումը սկսելու եւ շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։
Հայաստանի եւ Կիպրոսի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների առջեւ համատեղ հայտարարություններով։
Կիպրոսի նախագահը ողջունել է ՀՀ նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակությանը եւ վստահություն հայտնել, որ այցի արդյունքում ավելի կամրապնդվեն ու կխորանան հայ—կիպրական բարեկամական հարաբերությունները։ «Այսօրվա բանակցությունների ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր եւ վերահաստատեցինք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաեւ Կիպրոսի եւ Հայաստանի գերազանց համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում։ Մենք հանձնառություն ենք ստանձնել՝ է՛լ ավելի ամրապնդել եւ խորացնել մեր համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում։ Այդ փոխադարձ հանձնառության վկայությունն են այն երեք պայմանագրերը, որոնք ստորագրվեցին կրթության եւ մշակույթի ոլորտներում։ Երկու երկրների միջեւ մինչ այժմ ստորագրվել են տասնհինգ պայմանագրեր, որոնք ցույց են տալիս Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ առկա սերտ կապերը։ Անշուշտ պետք է նշեմ, որ մեր եղբայրական հարաբերությունների վկայությունն է նաեւ Կիպրոսում հայկական համայնքի ակտիվ ներկայությունը, որը ներդաշնակ կերպով ինտեգրվել է Կիպրոսի մշակույթին, միեւնույն ժամանակ՝ հպարտությամբ պահպանելով իր մշակույթը, լեզուն եւ կրոնական ինքնությունը։ Մեր հայ հայրենակիցները երկու երկրները շաղկապող շատ կարեւոր օղակ են, եւ նրանց հաջողվում է Հայաստանը մշտապես պահել կիպրոսցիներիս սրտում։ Այսօր հաշվի առնելով մեր պատմական, մշակութային եւ կրոնական կապերը՝ վերահաստատում ենք պատրաստակամությունը շարունակելու եւ ակտիվացնելու համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ մշտապես հաշվի առնելով միջազգային իրավունքի սկզբունքներին փոխադարձ հարգանքը։ Ասածներիս ապացույցը միձայն որոշումն էր, որ 2015թ. ապրիլի 2—ին ընդունեց Կիպրոսի խորհրդարանը՝ քրեականացնելով Հայոց ցեղասպանության ժխտումը։ Մենք Եվրոպական միության անդամ առաջին երկիրն էինք, որ 1982թ. ճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը։ Մեր հնարավորության շրջանակներում եւ սփյուռքի աշխարհով մեկ սփռված կառույցների միջոցով մենք միավորում ենք մեր ձայնը եւ դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Բանակցությունների ժամանակ մենք հնարավորություն ունեցանք մեկս մյուսին տեղեկացնելու թե՛ կիպրական հարցի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։ Տեղեկացնեմ այն ջանքերի մասին, որոնցով փորձում ենք լուծում գտնել վերամիավորելու Կիպրոսն ու ձերբազատվել բռնազավթողներից՝ երկգոտի, երկհամայնքային դաշնության շրջանակներում։ Մենք մշտապես ջանում ենք, որպեսզի լուծումը հիմնված լինի եվրոպական արժեքների, սկզբունքների վրա՝ ամբողջովին պահպանելով մարդու իրավունքները կղզու ամբողջ բնակչության՝ թե հույն, թե թուրք կիպրոսցիների համար։ Եվ այն ինչին մենք ձգտում ենք հասնել, այնպիսի լուծում չէ, որ պետք է ունենա հաղթողներ ու պարտվողներ։ Դա մի լուծում է, որ ունի հեռանկար այս կղզու բոլոր քաղաքացիների համար։
Այս հանդիպմամբ հնարավորություն ունեմ նաեւ տեղեկանալ իմ լավ բարեկամից եւ ընկերոջից՝ Սերժից, այն զարգացումների մասին, որոնք կան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ։ Ես վերահաստատեցի մեր աջակցությունը հիմնահարցի լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով, երկխոսությամբ եւ զերծ ուժի կիրառումից։ Կիպրոսը ողջունում է այն ջանքերը, որ ներդնում է Հայաստանը, որպեսզի խաղաղ ճանապարհով կարգավորվի այդ հարցը։
Իմ ընկերոջ՝ ՀՀ նախագահի հետ մենք նաեւ քննարկեցինք Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերություններին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր, եւ ես կրկնեցի, որ Կիպրոսը կայուն կերպով սատարում է բոլոր հնարավոր ոլորտներում ավելի խորացնելու փոխշահավետ հարաբերությունները Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ։ Կիպրոսը սատարում է Հայաստանին Արեւելյան գործընկերության շրջանակներում, որովհետեւ ձեր երկիրը, պարոն նախագահ, շատ կարեւոր եւ գնահատելի գործընկեր է եւ բանակցող։ Միեւնույն ժամանակ, ամբողջությամբ հարգում ենք ձեր կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը, ձեր որոշումները եւ ձեր անդամակցությունը ԵԱՏՄ—ին։
Ավարտելով խոսքս՝ուզում եմ եւս մեկ անգամ ողջունել Ձեզ եւ վստահեցնել, որ այսուհետ էլ ավելի կխորանան եւ կամրապնդվեն մեր եղբայրական հարաբերությունները»,–ՀՀ նախագահի հետ բանակցություններից հետո ԶԼՄ—ների առջեւ հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։


Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԶԼՄ—ների առջեւ՝ Կիպրոսի նախագահի հետ հանդիպման ավարտին
 

Մեծարգո՛ պարոն նախագահ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ինձ համար մշտապես մեծ պատիվ եւ հաճույք է հյուրընկալվել հազարամյակների պատմությամբ եւ համաշխարհային նշանակության մշակութային արժեքներով հարուստ այս եղբայրական հողում։ Մեծապես շնորհակալ եմ, մեծարգո՛ պարոն Անաստասիադիս, Ձեզ եւ Կիպրոսի իշխանություններին՝ այս ջերմ ընդունելության համար։
Այսօր բովանդակային քննարկումներ ունեցանք նախագահ Անաստասիադիսի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ մեր երկրների մոտեցումները, ուրախությամբ եմ այս փաստը արձանագրում, լիովին համընկնում են։
Երկուստեք կարեւորեցինք վերջին շրջանում կայացած բարձրաստիճան փոխայցերը, որոնց շնորհիվ նոր տեմպ հաղորդվեց երկկողմ քաղաքական երկխոսությանը, միջխորհրդարանական համագործակցությանը եւ կրթամշակութային կապերին։ Վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ պահպանելու քաղաքական երկխոսության ինտենսիվությունը եւ աշխատելու համագործակցության օրակարգն առավել բազմազանեցնելու ուղղությամբ, ինչին միտված են սույն այցի շրջանակներում ստորագրվող փաստաթղթերը։
Հայ—կիպրական համագործակցության զարգացման համատեքստում առանձնակի կարեւորեցինք ռազմական ոլորտում հաստատված արդյունավետ համագործակցությունը եւ դրա շարունակական ընդլայնումը։
Օգտվելով առիթից՝ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեցի, որ Կիպրոսի բարեկամ ժողովուրդը անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին, վերահաստատեց իր համերաշխությունն ու բարեկամական վերաբեմունքը հայ ժողովրդի նկատմամբ։ Դա դրսեւորվեց թե՛ Կիպրոսի բարձր ղեկավարության՝ նախագահ Անաստասիադիսի եւ ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Օմիրուի՝ ապրիլի 24—ին Երեւան այցելությամբ, թե՛ Կիպրոսի խորհրդարանի կողմից այդ ծանրագույն հանցագործության քրեականացման օրինագծի ընդունմամբ եւ թե՛ այն բազմաթիվ միջոցառումներով, որ անցկացվեցին ձեր երկրում։
Անշուշտ, համաձայնեցինք, որ առանձակի ուշադրության ու խթանման կարիք ունեն երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները։ Խոսեցինք այն զարգացումների մասին, որոնք նոր հնարավորություններ են բացում երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման, նոր նախաձեռնությունների կյանքի կոչման համար։ Խոսքը Կիպրոսի տնտեսության կայունացման, Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության եւ ԵՄ հետ խորացող տնտեսական կապերի, Իրանի ուղղությամբ ի հայտ եկած նոր հնարավորությունների եւ այլ նպաստավոր զարգացումների մասին է։
Անշուշտ, բարձր գնահատեցի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համապատասխան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված՝ Կիպրոսի Հանրապեության կառուցողական եւ հավասարակշռված դիրքորոշումը։ Հայաստանն էլ իր հերթին մշտապես բարձրաձայնել է կիպրական խնդրի արդար կարգավորման անհրաժեշտությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ՄԱԿ—ի համապատասխան բանաձեւերի համաձայն։ Հուսով եմ՝ խանգարողներ չեն լինի, եւ նախագահ Անաստասիադիսի կողմից կարգավորման ուղղությամբ գործադրվող հետեւողական ջանքերը շուտով արդյունքներ կտան։
Կարեւորեցի Կիպրոսի Հանրապետության շարունակական ներդրումը Հայաստան—ԵՄ հարաբերությունների զարգացման, մասնավորապես՝ Արեւելյան գործընկերության համատեքստում։ Շնորհակալ ենք այս հարցում նաեւ Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավորների ուշադրության եւ աջակցության համար։
Բոլորին է հայտնի, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջպետական հարաբերությունները խարսխված են երկու հնագույն քաղաքակրթությունների ներկայացուցիչների՝ հայ եւ կիպրացի ժողովուրդների դարավոր ջերմ կապերի, հոգեւոր ու մշակութային ընդհանրությունների վրա։ Այս առումով, անշուշտ, շեշտադրեցինք հումանիտար կապերի հետագա զարգացումը՝ մշակութային օրերի անցկացման եւ մշակութային ձեռնարկներին փոխադարձ մասնակցության միջոցով։ Ինձ համար շատ խորհրդանշական է, որ  մասնակցելու եմ Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հարակից պարտեզում Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակի տեղադրման արարողությանը։
Միմյանց մշակույթները հարստացնելու, ինչպես նաեւ քաղաքական հարբերությունները զարգացնելու տեսանկյունից, իհարկե, ընդգծեցինք կիպրահայ ծաղկուն եւ ստեղծագործ համայնքի ներդրումը, որն այդպիսին չէր լինի, եթե չլիներ Կիպրոսի ղեկավարության եւ ժողովրդի բարեհաճ վերաբերմունքը։
Հպարտ եմ, որ հայ—կիպրական բարեկամությունն իսկական բարեկամություն է, ամուր բարեկամություն։ Չէ՞ որ մեզ միավորում են ոչ միայն պատմամշակութային ընդհանրությունները, այլեւ համամարդկային արժեքների վրա հիմնված ապագա կերտելու տեսլականը։ Վստահ եմ, որ Հայաստանն ու Կիպրոսը շարունակելու են համատեղ աշխատել հանուն այդ ապագայի։ Առավել եւս, որ ես եւ իմ ընկեր Նիկոսն արդեն շատ երկար ժամանակ իրար ճանաչում ենք, գիտենք, թե ինչ պետք է անենք, եւ ինչ էլ անում ենք, անում ենք մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամպանդելու համար։

Շնորհակալություն։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 429 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024