ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 20:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 26 » Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով /Համոզմունք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը/
11:49
Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով /Համոզմունք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը/

Նախագահ Արմեն Սարգսյանը «WION TV» («World Is One News») լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով։
«Փոփոխություններն սկսվեցին ապրիլից, զարմանալիորեն դրանք սկսվեցին իմ երդմնակալությունից հետո։ Պետք է գիտակցել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրում, պարզապես հեղափոխություն չէր, որը ստացավ «թավշյա» անվանումը։ Այն մեծ նվաճում էր մեր ժողովրդի համար։ Եվ ես հատուկ ուզում եմ ընդգծել, որ սա նվաճում էր ժողովրդի, ոչ միայն անհատների համար, թեպետ անհատները, ինչպես ընդդիմության առաջնորդ պարոն Փաշինյանը, իրենց անձնական ներդրումն են ունեցել այս հեղափոխության խաղաղ իրականացման գործում։ Ցանկանում եմ նաեւ հավելել, որ նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանը եւս մեծ դերակատարում ունեցավ, քանի որ նախընտրեց հեռանալ պաշտոնից, այլ ոչ թե հակադրվել, ինչը խնդրահարույց իրավիճակ կառաջացներ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք ունեցանք այդ իրական, հայկական ոճի հեղափոխությունը, որի մասին խոսեցին ողջ աշխարհում՝ ընդգծելով, որ մենք հեղափոխություն իրականացրինք առանց արյունահեղության»,–ասել է Արմեն Սարգսյանը։
Նա հավելել է, որ Հայաստանն այժմ մեկ այլ «հեղափոխության» առաջ է կանգնած։ «Հայաստանը 27 տարի շարունակ եղել է նախագահական հանրապետություն։ Նախկինում, երբ մենք Խորհրդային Միության մաս էինք, այն բացարձակ նախագահական էր, քանի որ կառավարումն ուղղահայաց էր՝ վերեւից ներքեւ։ Այժմ մենք փոխում ենք համակարգը՝ անցնելով խորհրդարանական հանրապետության։ Իհարկե, այդ փոփոխությունները հեշտ չեն տրվում։ Պետք է ասեմ, որ սա նաեւ սերնդային հեղափոխություն է։ Երիտասարդ ասելով ես նկատի ունեմ ոչ թե տարիքով երիտասարդ, այլ ոգով, նոր մտածելակերպով, նոր աշխարհայացքով ու կառավարման մեթոդներով։ Կարող ես լինել 60—70 տարեկան, սակայն միեւնույն ժամանակ լինել երիտասարդ։ Ուստի ինձ համար երիտասարդ լինելը պայմանավորված է ոչ թե տարիների քանակով, այլ կյանքի նկատմամբ մոտեցմամբ»,– նշել է ՀՀ նախագահը։
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ոմանք ասել են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ինչ—որ առումով ներշնչված էր Գանդիի սատյագրահայից, որը եւս քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի շարժում էր, նախագահը պատասխանել է. «Չգիտեմ՝ որքանով են Մահաթմա Գանդիի գաղափարներն ու հնդկական փորձն ազդեցություն ունեցել փողոցում գտնվող անհատների, երիտասարդների վրա, սակայն դրանք, անկասկած, մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա։ Երբ ինձ առաջարկեցին դառնալ նախագահ, ինձ համար դա կյանքի արմատական փոփոխություն էր նշանակում։ Դա կենսակերպի լիակատար փոփոխություն էր։ Սակայն մյուս կողմից էլ գիտակցում ես, որ արժե այս ամենը զոհաբերել, քանի որ ծառայում ես քո երկրին։
Շարժումը շատ արագ հասավ առճակատման բարձր մակարդակի, անհրաժեշտ դարձավ հանրապետության նախագահի միջամտությունը։ Եվ հենց այստեղ էր, որ Գանդիի կերպարը ոգեշնչեց ինձ։ Ես գնացի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի ունեցավ ընդդիմության ղեկավարների, ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ առաջին հանդիպումը՝ շրջապատված հազարավոր մարդկանցով։ Անգամ այն դեպքում, երբ շարժումն ուղղված էր իշխանությունների դեմ, ինձ՝ որպես նախագահի շատ լավ դիմավորեցին։ Մարդիկ սատարում էին, նրանք սկզբում ապշեցին՝ տեսնելով, որ նախագահը քայլում է փողոցով ու գալիս է նրանց ընդառաջ։ Ես հանեցի փողկապս՝ դառնալու նրանցից մեկը, քանի որ ես միակն էի այդ հազարավոր մարդկանց մեջ, ով փողկապ էր կրում։ Պետք էր լինել նրանցից մեկը, պետք էր չտարբերվել նրանցից, անգամ եթե դու նախագահն էիր։ Եվ այժմ, կարծում եմ, մենք կարող ենք հպարտորեն հայտարարել ողջ աշխարհին, որ հայերը կարող են հեղափոխություն իրականացնել առանց արյունահեղության։
Ուստի պատասխանը հետեւյալն է՝ այո, Մահաթմա Գանդին հստակ ազդեցություն է ունեցել իմ մտածելակերպի ու զգացմունքների վրա»։
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում հեղափոխությունից հետո՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ շատ մեծ ակնկալիքներ կան, ինչպես միշտ է լինում հեղափոխություններից հետո։ «Կա մեծ դրական էներգիա։ Ամենամեծ մարտահրավերն է՝ չդավաճանել հեղափոխությանը՝ այն առումով, որ չի կարելի հուսախաբ անել այդ ակնկալիքները։
21—րդ դարում, երբ ամեն ինչ շատ արագ է զարգանում, մարդիկ ակնկալում են, որ տեղի կունենան փոփոխություններ։ Սակայն նրանք ակնկալում են ոչ թե մեկ, այլ՝ բազմաթիվ փոփոխություններ, ուզում են, որ հասարակությունը դառնա ավելի ազատ, որ լինի ազատություն, չլինի կաշառակերություն, ինստիտուտները գործեն այնպես, որ երկիրը զերծ լինի կաշառակերությունից, զարգանա ժողովրդավարությունը։ Ամենակարեւորը, տնտեսությունն ավելի լավ գործի՝ բարելավելու մարդկանց կենսամակարդակը»,–նշել է Արմեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ կարճ ժամանակահատվածում այս ամենին հասնելն իսկապես մեծ մարտահրավեր է լինելու, իսկ ճանապարհներից մեկը կրկին նույնն է՝ ժողովուրդը։ ՀՀ նախագահի գնահատմամբ՝ մարդիկ պետք է հավատան, որ իրենք լուծման մաս են կազմում կամ որ հենց իրենք են այդ լուծումը։ «Ի վերջո, մարդիկ ունեն պատրանք, մեծ ակնկալիքներ ղեկավարից կամ կառավարությունից՝ մտածելով, որ եթե իրենք իրականացրել են հեղափոխությունը, ապա այժմ նրանց հերթն է։ Պատահական չէ, որ 6 ամիս անց նրանք սկսում են հարց տալ, թե ինչու ավելի լավ չեն ապրում։ Այսինքն՝ կրկին վերադառնում ենք նույն պատմությանը։ Հնդկական փորձը ցույց է տալիս, որ Հնդկաստանում չես կարող փոփոխություններ անել առանց հասարակությանը ներգրավելու՝ լուծումները թողնելով միայն կառավարությանը կամ առաջնորդներին։ Այստեղ առանցքային է այդ գործընթացներում ներգրավվումն ու մասնակցությունը»,–ասել է Արմեն Սարգսյանը։
ՀՀ նախագահը խոսել է նաեւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին։ Նա նախ հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ մեր արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու, ինչը բնական է։ «Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է։ Այս համագործակցությունը չի սկսվել 10 կամ 100 տարի առաջ։ Մենք դարեր շարունակ լավ դաշնակիցներ ենք։ Կարծում եմ՝ մենք կանք, եղել ենք ու ապագայում կլինենք կայուն ու լավ դաշնակիցներ»,–ընդգծել է Արմեն Սարգսյանը։
ՀՀ նախագահն անդրադարձել է նաեւ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, թե իրենք առաջարկում են ամերիկյան զենք վաճառել Հայաստանին։ Արմեն Սարգսյանը նկատել է, որ դա պարզապես առաջարկ էր։ «Վաղը կարող են լինել այլ առաջարկներ եւս։ Կարծում եմ, որ պետք է կառավարությունը որոշի, թե ինչ տեսակի զենքեր է ուզում գնել։ Իրականությունն այն է, որ Հայաստանը միակ երկիրն է, որը կարող է լինել եւ արդեն իսկ կամուրջ է Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք, լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ։ Մեզ համար դա շատ կարեւոր քայլ առաջ էր, քանի որ երբ նայում ենք տեղական՝ հայկական շուկային, 3.5 մլն բնակչություն ունեցող երկրի տնտեսությունը շատ գրավիչ չի կարող լինել»,–ասել է նախագահ Սարգսյանը։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 304 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024