ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 02:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 21 » Հայաստանում օճառի արտադրությունն աճում է /Տեղական արտադրության լվացքի պարագաները դառնում են մրցունակ նաեւ արտերկրում/
12:51
Հայաստանում օճառի արտադրությունն աճում է /Տեղական արտադրության լվացքի պարագաները դառնում են մրցունակ նաեւ արտերկրում/

Հայերը դեռեւս հին ժամանակներից ունեցել են օճառաստեղծման ավանդույթներ ու օճառարտադրության առանձնահատկություններ, հայկական լեռնաշխարհում տարածված է եղել անուշահոտ նյութեր օգտագործելը։ 
Պատմական բազմաթիվ աղբյուրներ վկայում են, որ մարդկությունն օճառ սկսել է օգտագործել անհիշելի ժամանակներից՝ առնվազն 6000 տարի առաջ։ Որոշ փաստեր վկայում են, որ հայերն օգտագործել են գիլ՝ սպիտակ կավ եւ բնական սոդա՝ սպիտակեցնելու համար, այդ նյութով հատկապես հարուստ էր Վանա լիճը, որի հարեւանությամբ դեպի արեւմուտք Սոդագյոլլու կամ սոդայի լճակ կա, օճառ եփել են նաեւ տարբեր ճարպերից՝ հատկապես անասունի ոսկրածուծի յուղից, կամ պարարտ անասունի թափանի ճրագուից, որին ավելացրել են բնական սոդա կամ գիլ։
Գիլը հատկապես շատ էին օգտագործում գյուղական վայրերում, այն համարվում էր վարսերի խնամքի համար լավագույն միջոց։ Օճառների արտադրության հիմնական հումքը կենդանական եւ բուսական ճարպերն են, սինթետիկ ճարպաթթուները եւ ալկալիները։ Այս խառնուրդը հատուկ եղանակով եփվում է, աղաջրով շերտավորվում, չորացվում եւ ենթարկվում մեխանիկական մշակման (ողորկում, մամլում), հետո բաժանվում է կտորների, դրոշմվում եւ փաթեթավորվում։
Ըստ կիրառության տարբերում են լվացքի, ձեռքի եւ հատուկ (բուժական) օճառներ, ըստ թանձրության՝ պինդ, հեղուկ (ջրասպիրտային լուծույթի ձեւով), փոշենման (օճառափոշի) եւ հատիկավոր։
Օճառների պատրաստման մասին առաջինը հիշատակել է հռոմեացի բժիշկ Գալենը։ Հնագույն գալլերն ու գերմանացիներն օճառը պատրաստել են այծի ճարպից ու հաճարենու մոխրից եւ օգտագործել մազերի ներկ պատրաստելու համար, իսկ արաբներն այն օգտագործում էին բժշկության մեջ։ 
Որպես լվացամիջոց՝ օճառը կիրառություն է ստացել 19—րդ դարի սկզբին, եւ սկսվել է օճառի արդյունաբերական արտադրությունը։ 19—րդ դարի գերմանացի քիմիկոս Յու. Լիբիխը համարում էր, որ օճառը պետության բարեկեցության եւ մշակույթի չափանիշն է։ 
Եվ հիրավի մինչեւ 20—րդ դարի կեսերը, երբ հայտնվեցին առաջին սինթետիկ լվացամիջոցները, օճառը համարվում էր անձնական հիգիենայի միակ միջոցը։
Մեզանում թեպետ օճառի արտադրությունը որպես այդպիսին հիմնականում համարվել է ռիսկային, Հայաստանում իրացվող օճառների եւ շամպունների հիմնական մասը միշտ ներկրվել է հիմնականում Թուրքիայից եւ Իրանից, քանի որ Հայաստանում բնական օճառների մեծածավալ արտադրություն կազմակերպելը թերեւս անիրատեսական էր՝ պայմանավորված գնային առաջարկով եւ տեղական օճառ գնելու մշակույթի բացակայությամբ։
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա հունվար—ապրիլին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24.3 տոկոսով եւ կազմել 112.2 տոննա։ 2017 թ հունվար—ապրիլին հանրապետությունում արտադրվել է 90.3 տոննա օճառ։
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 4.7 տոկոսով նվազել է լվացող, մաքրող եւ օսլայող միջոցների արտադրությունը։ Մասնավորապես, 2018թ. հունվար—ապրիլին արտադրվել են 985.1 տոննա լվացող, մաքրող եւ օսլայող միջոցներ, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 1 033.3 տոննա։
Մասնավորապես, 2017թ. տարվա հունվար—մարտին արտադրվել են 770.8 տոննա լվացող, մաքրող եւ օսլայող միջոցներ, իսկ 2016թ. առաջին եռամսյակում՝ 757.7 տոննա։
Վերջին տարիներին հայկական օճառի արտադրությունը նպատակաուղղվեց ոչ միայն տեղական շուկան գրավելուն, այլեւ արտահանվելուն եւ միջազգային հարթակում մրցունակ դառնալուն։
Որոշ գործարարներ այսօր ներգրավված են օճառի արտադրության բնագավառում՝ իրացնելով արտադրանքը ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում։
Դեղագետ, դասախոս Նելլի Ավետիսյանը պատմում է ոլորտում իր առաջին քայլերի մասին՝ նշելով, որ ռիսկի դիմեց, ամուսնու եւ որդու աջակցությամբ սկսեց արտադրել բնական օճառներ։
Սկզբնական փորձերը դրական արձագանք ունեցան թե՛ Հայաստանում, թե՛ առավել եւս՝ արտասահմանում։ Դրանից ոգեւորված՝ աստիճանաբար զարգացրեց արտադրությունը, բայց ոչ թե բիզնես անելու, այլ հայկական արտադրանքը դրսում ցույց տալու համար։
«Միջազգային շուկայում «Արտադրված է Հայաստանում» պիտակը ինքնանպատակ չպետք է լիներ։ Նախ՝ հումքը պետք է լիներ բացառապես տեղական, երկրորդ՝ այն պետք է արտասահմանցուն որոշակի տեղեկություն տար հայ ժողովրդի մասին, ինչն էլ ստիպեց ինձ անդրադառնալ հին ձեռագրերին»,–ասաց Նելլի Ավետիսյանը
Նա կատարել է սեփական հետազոտությունը, ըստ որի Հայաստանի ջրի մեջ ամենաշատը եւ ամենավնասակար նյութը, որ հայտնվում է, տրիկլոզանն է։ Այն, ըստ դեղագետի, օգտագործվում է օճառի, լվացքի փոշու եւ այլ մաքրող միջոցների արտադրության մեջ։
Մաքուր օճառ ստեղծելու գաղափարն առաջացել է ինքնըստինքյան։ Փոքր ծավալի մաքուր օճառ ստանալուց հետո Նելլի Ավետիսյանը մտածել է, թե ինչպես կարելի է այդ օճառներին ազգային՝ հայկական «կերպար» հաղորդել։
Որոնումները նրան տարել են դեպի 15—րդ դարի հայ գործիչ Ամիրդովլաթ Ամասիացու ձեռագրերը, որտեղ Նելլի Ավետիսյանը հայտնաբերել է օճառի բաղադրատոմս։ Այդպես ստեղծվել է «Ամասիացի» օճառը։ Հաջորդ օճառները ստեղծվել են Մխիթար Սեբաստացու եւ Մխիթար Հերացու բաղադրատոմսերով եւ նրանց անուններով։ Նա իր նորարարությունների համար 2013 ապրիլի 5—ին ստացել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակը «Լավագույն կին նորարար, նախաձեռնող» անվանակարգում։
Ամբողջ արտադրանքը ստացվում է ձեռքի աշխատանքով։ Նելլի Ավետիսյանը շեշտում է, որ թեեւ ցանկանում է ընդլայնել արտադրությունը, բայց ձգտում է, որ պահպանվի ձեռքի աշխատանքը։ Ասում է՝ ամբողջ յուրահատկությունը եւ առանձնահատկությունները ձեռքի աշխատանքի շնորհիվ են ստացվում։ Օճառների արտադրությունն արդեն գործում է երրորդ տարին անընդմեջ։ Հայկական բնական օճառները մեծ հետաքրքրություն են առաջացրել ԱՄՆ—ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում, Վրաստանում։
Հայկական արտադրության օճառներով հետաքրքրվողները տիկին Նելլիին գտնում են ծանոթ—ընկերների միջոցով կամ ցուցահանդեսներում։ Սակայն ձեռներեց կինը փոքր ու միջին բիզնեսի զարգացման գործում կարեւորում է նաեւ պետական աջակցությունը։ Այն, որ լավագույն արտադրողների համար արտագնա ցուցահանդեսների կազմակերպումը կխթանի արտահանումը, կասկած չի հարուցում։
Սիրիայում 5 բիզնես կորցրած ու բարեկեցիկ կյանքով ապրած Շանթ Խայալեանը 3,5 տարի առաջ Սիրիայից տեղափոխվել է Հայաստան։ Նա իր տարբեր բիզնեսներից եւ ոչ մեկը չի ցանկացել Հայաստանում շարունակել, այլ ընտրել է իր համար սիրելի զբաղմունք դարձած՝ բնական օճառների արտադրությունը։ Գործարարը իր բիզնեսը Հայաստանում սկսել է փոքր ծավալներով։ Հիմնականում պատրաստելով տան պայմաններում՝ արտադրությունը մեծացրել է՝ հասցնելով գրավել հայաստանցի սպառողների ուշադրությունը։ Ուսումնասիրելով շուկան՝ Շանթ Խայալեանը ընտրել է հենց բնական օճառների պատրաստման գործը, քանի որ, ըստ նրա, այստեղ այդ ուղղությունը զարգացած չէ։
Օճառները պատրաստվում են բացառապես մաքուր, բնական հումքից, դեղաբուսային, կաթնային, միրգ—բանջարեղենային՝ ցորենի, արմավենու կաթից, նուռի եւ խաղողի, խնկածաղկի եւ երիցուկի հումքից։ Մասնագետը նշում է, որ օճառները օժտված են նաեւ հակաբորբոքային, հակացելյուլիտային, հակակնճիռային հատկությամբ։ 
«Beauty products» ապրանքները վաճառվում են նաեւ միջազգային առեւտրային կամ վաճառքի կայքերում ու պորտալներում։ Ռուսաստանում դեղատների 12 ցանցեր եւս հետաքրքրություն են ցուցաբերում այդ ապրանքների նկատմամբ։
Արդեն մի քանի տարի Գյումրիում հիմնվել է գործարան, որտեղ արտադրվում է օճառի տեսականի «Նոյեմի» ապրանքանշանով։ Հայկական արտադրության այս օճառը իր որակական եւ գնային չափանիշներով մրցունակ է ոչ միայն ռուսական, թուրքական ու բուլղարական օճառների հետ, որոնք մեծ քանակներով ներկրվում են Հայաստան եւ սպառվում, այլեւ եվրոպական ֆիրմաների արտադրանքի։
Հայ սպառողն այսօր հնարավորություն ունի օգտագործելու նաեւ հայկական արտադրության բնական կոսմետիկա։ Ընկերության հիմնադիրները տարիներ առաջ Կալիֆորնիայից հայրենադարձած ամուսիններ Անահիտ եւ Արա Մարկոսյաններն են, ովքեր չորս տարի տեւած ներդրումների եւ ջանքերի շնորհիվ կարողացել են հիմնել մի ընկերություն, որը տալիս է բուսականի վրա հիմնված բնական արտադրանք
«90—ական թվականներին, երբ հեռանում էինք Հայաստանից, չէինք հեռանում ընդմիշտ։ Մեզ համար դա աշխարհ տեսնելու, գումար վաստակելու նպատակ ուներ։ Մենք չէինք գնում այն պնդմամբ, թե այստեղ ամեն ինչ վատ է։ Ամուսինս անընդհատ ասում էր, որ մենք պետք է վերադառնանք ու ընկերություն բացենք Հայաստանում»,–պատմում է Անահիտ Մարկոսյանը՝ հավելելով, թե սկզբում ինքը չէր մտածում, որ կվերադառնան կամ շուտ կվերադառնան Հայաստան, սակայն տարեցտարի փոխվեց նաեւ նրա մոտեցումը
«Նաիրիանի» մշակելի հողն ու արտադրական տարածքը գտնվում է Արագյուղում։ Ամուսինները վերահարմարեցրել են սովետական շրջանի կարի ֆաբրիկան եւ այն վերածել ժամանակակից կոսմետիկայի արտադրության պահանջներին բավարարող կառույցի, իսկ Կոտայքի մարզում վերականգնում են շրջակա տնտեսությունը եւ աշխատատեղերով ապահովում բնակիչներին
Ըստ տիկին Մարկոսյանի, Արագյուղի բնակլիմայական պայմաններն իդեալական են, քանի որ բույսերի լավ աճի համար անհրաժեշտ է բարձրավանդակային գոտի, արեւային օրերի մեծ քանակություն, մեծ տարբերություն գիշերվա եւ ցերեկվա ջերմաստիճանների միջեւ, փոքր—ինչ չոր կլիմա։ 
Հիմա, երբ հետ է նայում կատարված աշխատանքին, տիկին Մարկոսյանը հիշում է, որ ամենադժվարը համախոհներ, բիզնես գործընկերներ գտնելն էր, քանի որ տարիների ընթացքում միայն սեփական ներդրումներն անելով, լրացուցիչ ներդրումների կարիք կար։ hhpress.am

Լ. ՆԱԶԱՐՅԱՆ

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 600 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024