ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 20:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 10 » Հայաստանը եւ ֆրանկոֆոնիան. ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ
10:08
Հայաստանը եւ ֆրանկոֆոնիան. ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ

Որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ՝ Հայաստանն այս տարի առաջին անգամ հյուրընկալում է կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովը։ ՖՄԿ—ն միջազգային ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որի անդամների թիվը հասնում է 84—ի՝ ընդգրկելով տարբեր մայրցամաքներ։ Ստորեւ անդրադառնանք Հայաստանի՝ ՖՄԿ անդամակցությանը՝ ընդգծելով միջազգային այս կազմակերպության կարեւորությունը մեզ համար։
2003 թվականին Բուրկինա Ֆասոյում կայացած գագաթնաժողովում Հայաստանը ձեռք է բերել ՖՄԿ—ում դիտորդի կարգավիճակ, իսկ այնուհետեւ 2008 թվականի հոկտեմբերին՝ Քվեբեկի (Կանադա) գագաթնաժողովում դարձել է ՖՄԿ ասոցացված անդամ։ 2012 թվականի հոկտեմբերին Քինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ ձեռք է բերել ՖՄԿ լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով ՖՄԿ 54—րդ անդամ երկիրը։ Այս տարիների ընթացքում Հայաստանն ակտիվ ներգրավվածություն է ունեցել ՖՄԿ տարբեր ձեւաչափերում։ Միջազգային այս կազմակերպության դերակատարությունն ավելի համընդգրկուն ներկայացնելու համար անդրադառնանք կազմակերպության առանձին մարմիններին եւ դրանցում Հայաստանի ներգրավվածությանը։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովից բացի, որտեղ ներկայացված են անդամ երկրների ղեկավարները, ՖՄԿ մյուս երկու կարեւոր կառույցներ են համարվում նախարարական համաժողովը (ապահովում է գագաթնաժողովների քաղաքական որոշումների շարունակականությունը) եւ մշտական խորհուրդը (համախմբում է անդամ երկրների դեսպաններին՝ պլանավորելու գագաթնաժողովները)։ Նախարարական համաժողովում Հայաստանը ներկայացված է արտգործնախարարի մակարդակով, իսկ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ունի իր ներկայացուցիչը (ներկայումս՝ դեսպան Քրիստիան Տեր—Ստեփանյան)։
2014 թվականից ՀՀ Ազգային ժողովը ՖՄԿ մյուս գլխավոր կառույցի՝ խորհրդարանական վեհաժողովի լիարժեք անդամ է, որտեղ ներգրավված են 77 երկրների խորհրդարանների կամ միջխորհրդարանական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ըստ էության, սա կարեւոր հարթակ է միջխորհրդարանական կապերի ամրապնդման, միջազգային տարբեր կառույցներում համագործակցության խորացման, ինչպես նաեւ տարբեր հարցերի շուրջ սեփական մոտեցումները ներկայացնելու եւ շահերն առաջ տանելու տեսանկյունից։
ՖՄԿ հիմնական կառույցներում ներգրավվածությունից զատ, բավական կարեւոր է նաեւ ՀՀ—ՖՄԿ համագործակցությունը կազմակերպության առանձին գործակալությունների մակարդակում։ Օրինակ, Հայաստանն ակտիվ համագործակցում է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ, որը հնարավորություն է տալիս ՀՀ գիտնականներին եւ ուսանողներին իրականացնել փորձի փոխանակում եւ գործընկերային կապեր հաստատել ՖՄԿ անդամ երկրների տարբեր համալսարանների հետ։ Ներկայումս գործակալության գործընկեր համալսարաններից են Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Երեւանի պետական համալսարանը, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը։ Այս շարքն, իհարկե, պետք է ընդլայնել՝ ընդգրկելով համալսարաններ ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ Արցախից։
Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով կապերի զարգացման տեսանկյունից կարեւոր է ՖՄԿ մեկ այլ գործակալություն՝ Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիան (ՖՔՄԱ)։ Երեւանը 1998 թվականին դարձել է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի անդամ, իսկ 2011թ. հոկտեմբերին Երեւանում անցկացվել է ՖՔՄԱ—ի գլխավոր վեհաժողովը՝ անդամ քաղաքների ավելի քան 150 քաղաքապետների մասնակցությամբ։ Իհարկե, այս ձեւաչափում եւս համագործակցության շարունակական խորացման անհրաժեշտություն կա, ինչը թույլ կտա ընդլայնել գործակալության կազմում ընդգրկված ՀՀ քաղաքների թիվը։ Քանի որ տարբեր քաղաքների անդամակցությունը ՖՔՄԱ—ին կախված չէ համապատասխան երկրի ՖՄԿ անդամակցությունից, ցանկալի է դիտարկել նաեւ այս ձեւաչափում Արցախի քաղաքների ներգրավման հնարավորությունները։
ԶԼՄ—ների մակարդակով համագործակցության լայն հնարավորություն է ընձեռում ՖՄԿ շրջանակներում գործող «TV5 Monde» միջազգային հեռուստաալիքը, որն աշխարհի երեք ամենամեծ հեռուստատեսային ցանցերի շարքում է «BBC»—ի եւ «CNN»—ի հետ։ Միջազգային այս հեռուստաալիքի հետ ակտիվ համագործակցությունը կարող է դառնալ եւս մեկ արդյունավետ խողովակ՝ արտաքին աշխարհին մեր մոտեցումները, մեզ համար կարեւոր խնդիրները բարձրաձայնելու տեսանկյունից։

Ի՞նչ է տալիս ՖՄԿ անդամակցությունը եւ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանին

Նախ փաստենք, որ գագաթնաժողովը ՖՄԿ—ում որոշում կայացնող երկրների եւ կառավարությունների ղեկավարների ամենաբարձր քաղաքական մարմինն է, որը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ։ Մինչեւ հաջորդ գագաթնաժողովի անցկացումը, ՖՄԿ ղեկավարությունն ստանձնում է հյուրընկալող երկիրը, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը։ Կարեւոր է ընդգծել, որ ՖՄԿ ղեկավարության ստանձնումը չի իրականացվում ռոտացիոն կարգով, եւ Հայաստանն այս տարի այդ պատվին է արժանացել իր ցուցաբերած նախաձեռնողականության շնորհիվ։ Միջազգային նման մեծ կազմակերպության ղեկավարության ստանձնումը ՀՀ—ին կտա լայն հնարավորություններ մեզ համար կարեւոր խնդիրների վերաբերյալ հանդես գալու տարբեր նախաձեռնություններով՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով մեզ համար կարեւոր հարցերի վրա։
Ինչ վերաբերում է բուն գագաթնաժողովի անցկացման փաստին, ապա անկախությունից ի վեր իր նախադեպը չունեցող նման մեծամասշտաբ միջոցառման անցկացումը ՀՀ—ում (ավելի քան 80 անդամ պետությունների եւ կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25—ից ավելի պատվիրակությունները պետության ղեկավարների մակարդակով) թույլ կտա բարձրացնել մեր երկրի միջազգային հեղինակությունը։ Մյուս կողմից այն կարող է կարեւոր խթան հանդիսանալ ՖՄԿ անդամ երկրների հետ երկկողմ, ինչպես նաեւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության հետագա ամրապնդման ու ընդլայնման համար՝ նպաստելով տարբեր հարցերի շուրջ հետագա համագործակցությանը։
Կարեւոր են նաեւ գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող միջոցառումները։ Օրինակ, ֆրանկոֆոն ավանդույթի մաս հանդիսացող Ֆրանկոֆոնիայի ավանի ստեղծումը Երեւանում թույլ կտա Երեւան այցելած հյուրերին ներկայացնել հայկական, իսկ հայաստանցիներին՝ ֆրանկոֆոն մյուս երկրների մշակույթը։ Ուշագրավ է, որ միջոցառման շրջանակներում ներկայացվելու է նաեւ Արցախը, ինչը թույլ կտա եւս մեկ անգամ ընդգծել հայկական երկրորդ հանրապետության սուբյեկտայնությունը։ ՀՀ—ում ներդրումների խթանման տեսանկյունից բավական կարեւոր է ՖՄԿ գործարարների առաջին համաժողովի անցկացումը, որին կմասնակցեն մի քանի տասնյակ գործարարներ անդամ երկրներից։ Կարեւոր է նաեւ Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության (ՖՄՄ) 47—րդ նստաշրջանի անցկացումը։ Սա եւ փաստը, որ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանելու շուրջ 300 լրագրողներ, լայն հնարավորություններ են ստեղծում տեղի ԶԼՄ—ների համար՝ ընդլայնելու գործընկերային կապերը, ինչպես նաեւ Հայաստանն աշխարհին ներկայացնել նոր լույսի ներքո։
Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ ՖՄԿ անդամակցությունը ՀՀ համար ստեղծել է արտաքին աշխարհի հետ տարբեր մակարդակներում համագործակցության շարունակական ընդլայնման եւ խորացման հնարավորություններ, որոնց իրացումը, հետեւողական եւ հասցեական աշխատանքի պարագայում, առավել քան իրատեսական է։ hhpress.am

Լիանա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 397 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024