ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 22:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 7 » Հայաստանը՝ որպես համագործակցության կամուրջ / Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ/
12:39
Հայաստանը՝ որպես համագործակցության կամուրջ / Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ/

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։
Նախագահ Մատարելլան ողջունել է հյուրին եւ մեծ պատիվ համարել նախագահ Սարգսյանի հետ երեք տարի առաջ ունեցած իր վերջին հանդիպումից հետո կրկին հյուրընկալել նրան Հռոմում։ Իտալիայի նախագահը խորհրդանշական է համարել, որ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին այցը կայանում է հենց Իտալիա։ Սերջիո Մատարելլան երախտագիտություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում հայ—իտալական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար բոլոր մակարդակներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային։
Իտալիայի նախագահը նշել է, որ Հայաստանը եւ Հարավային Կովկասն ընդհանրապես իր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Նա նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է այս տարվա ընթացքում՝ հավանաբար ամռանը, Հայաստան այցելելու եւ հայ—իտալական բարեկամությունը եւս մեկ անգամ վերահաստատելու իր մտադրության մասին։ Զրուցակիցների համոզմամբ՝ դա նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը։
Նախագահներ Սարգսյանը եւ Մատարելլան երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին շրջանում ակտիվացած հայ—իտալական տնտեսական հարաբերությունների մասին՝ փաստելով նաեւ ապրանքաշրջանառության ծավալների աճը։ Այս համատեքստում կարեւորվել է հայ—իտալական միջկառավարական հանձնաժողովի ձեւավորումն ու գործունեությունը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել ընդամենը մի քանի ամիս առաջ։ Նախագահ Սերջիո Մատարելլան նշել է, թե ուրախ է, որ Հայաստանի տնտեսության մեջ իտալական ներդրումները գնալով աճում են՝ այս պահին կազմելով շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստանյան շուկայում իտալական ընկերությունների ներկայացվածությունը, նրա դիտարկմամբ, եւս մեծանում է։
Խոշոր ներդրումների շարքում Սերժ Սարգսյանը հատկապես նշել է Երեւանում իտալական «Ռենկո» եւ գերմանական «Սիմենս» ընկերությունների ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում կկառուցվի տարածաշրջանում իր մեծ արդյունավետությամբ առանձնացող ՋԷԿ։ Իտալիայի նախագահը դա համարել է տնտեսական ոլորտում փոխգործակցության գերազանց օրինակ։
Սերջիո Մատարելլան ուրախությամբ է փաստել նաեւ մշակութային համագործակցության խորացումը եւ Հայաստանում իտալական մշակույթի ու իտալերենի հանդեպ աճող հետաքրքրությունը, որը, նրա գնահատմամբ, վկայում է հայերի եւ իտալացիների միջեւ առկա փոխադարձ համակրանքի մասին։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան—Եվրամիություն հարաբերություններին եւ ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը։ Իտալիայի նախագահը շնորհավորել է Հայաստանին՝ այդ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։
Սերջիո Մատարելլան այս կապակցությամբ նշել է, որ Հայաստանը առաջատար դեր ունի որպես համագործակցության կամուրջ եւ, իրոք, վառ օրինակ է, որտեղ Արեւելքը եւ Արեւմուտքը ոչ թե հակադրվում են, այլ՝ մեկ ամբողջություն են։ Հայաստանի օրինակը, ըստ Իտալիայի նախագահի, նաեւ լավ ազդակ է, թե որքան օգտակար կարող է լինել համագործակցությունը բոլորի համար։ Ըստ նրա, այս կերպ հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել նաեւ ԵԱՏՄ երկրների հետ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ Ընդգծելով, որ Հայաստանն աջակցում է 2018թ. ԵԱՀԿ—ում իտալական նախագահության առաջնահերթություններին՝ Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԱՀԿ սկզբունքներին համահունչ՝ Իտալիայի հավասարակշռված մոտեցումը հիմնախնդրի կարգավորման հարցում, ինչպես նաեւ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին ու նրանց մոտեցումներին։
Իտալիայի նախագահը շեշտել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ լուծմանը, եւ չի պատրաստվում բանակցությունների այլ ձեւաչափ քննարկել՝ հույս ունենալով, որ կազմակերպությունը հակամարտող կողմերի հետ միասին կգտնի լուծման ճիշտ ճանապարհ, եւ հիմնախնդիրը փոխզիջումների ճանապարհով հնարավորինս շուտ կլուծվի։ Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ—ում Իտալիայի նախագահության առաջնահերթություններից մեկն էլ ձգձգվող հակամարտությունների լուծումն է։
Սերջիո Մատարելլան, նախագահ Սարգսյանից տեղեկանալով, որ մի քանի օրից Հայաստանը լիովին անցնում է խորհրդարանական կառավարման համակարգին, նշել է, որ հիացմունքով է հետեւում, թե որքան սահուն է կատարվում այդ անցումը կառավարման մի համակարգից մյուսին։ Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական հանրապետության անցնելու համար Հայաստանին օրինակ է ծառայել նաեւ Իտալիան, որի սահմանադրական որոշակի սկզբունքներ կիրառվել են նաեւ մեր երկրում։
Նախագահները Հայաստանի եւ Իտալիայի բարեկամության եւս մեկ օրինակ են համարել միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակներում Լիբանանում հայ—իտալական համատեղ խաղաղապահ առաքելությունը։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 293 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024