ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 10:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 24 » Հայաստանը փորձ ունի, կարող է առաջատարի դերը վերադարձնել
14:06
Հայաստանը փորձ ունի, կարող է առաջատարի դերը վերադարձնել

ՌԴ նախագահի խորհրդականը մատնանշում է սարքաշինության եւ հաշվիչ տեխնիկայի ոլորտները

Երեւանում մեկնարկած երրորդ «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակներում երեկ սկսվեց Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը։ 
«ԵՏՄ երկրների տեխնոլոգիական բեկում եւ պոտենցիալ հնարավորություններ» լիագումար նիստի ժամանակ հետաքրքիր քննարկում ծավալվեց. պատրա՞ստ են արդյոք ԵԱՏՄ երկրները նոր արդյունաբերական հեղափոխության մարտահրավերներին, ինչպե՞ս ԵԱՏՄ—ն կօգնի իր անդամ երկրներին մրցունակ մնալ, ի՞նչ անել միջազգային շուկա դուրս գալու համար եւն։
Նիստին ներկա էր նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը հանդես եկավ իբրեւ համակարգող կոմիտեի նախագահ եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի բարի կամքի դեսպան։ Նա շեշտադրեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տրանսպորտային շրջափակումը խանգարում է Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Այդ շրջափակումը, որ միջազգային իրավական բոլոր նորմերի խախտում է, եվրասիական տիրույթում միակ խոչընդոտը չէ։  Սրան ավելանում են նաեւ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները։ Այն պարագայում, երբ բիզնեսը սիրում է կայունություն։ Ու ներդրումներ են արվում այնտեղ, որտեղ կա ծրագրման հստակ հորիզոն։ Այնուամենայնիվ, ըստ Ա. Աբրահամյանի, ԵԱՏՄ—ն ներուժ ունի, եւ ԵԱՏՄ երկրների միավորումը այդ մարտահրավերները հաղթահարելու հնարավորություն է տալիս։ Բանախոսը դա փաստեց ԵՏՄ ներքին շուկայի աճով։
Ավելին՝ եվրասիական շուկայի ներուժը 200 միլիոնանոց է, իսկ դա չի կարող չգրավել այլ երկրների։ «Հենց այդ պատճառով այս համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ— ի անդամ չհանդիսացող երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայկական սփյուռքից»,—ասաց Արա Աբրահամյանը՝ հավելելով, որ ԵԱՏՄ երկրների ներուժը դեռեւս լիովին գործադրված չէ։ Նա կարծում է, որ նպատակահարմար է ԵԱՏՄ ձեռնարկատերերի խոշոր համակարգ ստեղծել՝ գործարարների միջեւ հորիզոնական կապերի ամրապնդման եւ ընդլայնման եւ ներդրումների ներգրավման նպատակով։
Ի դեպ, ինչպես տեղեկացրեց Ռուսաստանի հայերի միության նախագահը, այս տարի առաջին անգամ «Եվրասիական շաբաթ» ի շրջանակներում կանցկացվի սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ նիստ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ, ինչպես ցույց է տալիս գլոբալ միտումը, նույնիսկ խոշոր երկրները միանշանակ ի վիճակի չեն առանձին դիմակայել մարտահրավերներին։ Նա ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին հարցրեց, թե ի՞նչ ներուժ է տեսնում տեխնոլոգիական առաջընթացի ուղղությամբ, եւ որո՞նք են այն ոլորտները, որոնք կօգնեն ոչ միայն ՀՀ—ին, այլեւ ԵԱՏՄ—ին։ Ի պատասխան Մհեր Գրիգորյանը հայտնեց, թե Հայաստանը լրացուցիչ մոտիվացիա ունի քիչ ծախսատար արտադրանքն ու ծառայությունները զարգացնելու համար՝ բիզնեսին անհրաժեշտ էներգապաշարների թանկարժեք լինելով պայմանավորված։ Այս պատճառով է, որ ՀՀ—ում ՏՏ ոլորտը համեմատաբար լավ է զարգացած։ Բայց կարծես այդ արտադրանքը ԵԱՏՄ տարածքում լավ տիրաժավորված չէ։ Այս խնդրից խոսելով՝ Մհեր Գրիգորյանն անկեղծացավ. «Ես չեմ զգում, որ այդ արտադրանքը ԵՏՄ տարածքում լավ է տիրաժավորվել։ Սա տարօրինակ է, քանի որ այդ արտադրանքն առաջինը տիրաժավորողը պետք է լինի ԵՏՄ շուկան»։
Մինչդեռ առաջին հերթին հենց ԵՏՄ—ում է պետք պայմաններ ստեղծել, որպեսզի «բարեփոխման մոտիվացիան զարգանա»։ Նաեւ հարկ է ջանքերը համախմբել նոր տեխնոլոգիական մշակումների համար եւ հետո արտադրանքը տիրաժավորել ԵԱՏՄ տիրույթում՝ ի բարօրություն բոլոր երկրների։ Այո, ըստ փոխվարչապետի պաշտոնակատարի, սա «թանկ ու բարդ հատված» է, բայց առանց ջանքերի համախմբման արդյունք չենք ունենա։
Մհեր Գրիգորյանը առաջարկ արեց։ Ըստ նրա, լավ կլինի, որ ԵԱՏՄ—ում բորսա գործի, ընդ որում՝ կոմերցիոն հիմունքներով, եւ որտեղ կներկայացվեն նոր տեխնոլոգիական եւ թվային լուծումները։ «Նաեւ անհրաժեշտ է ԵՏՄ տարածքում մտավոր սեփականության պաշտպանության օրենսդրության համակարգման առանձին «ճանապարհային քարտեզ»։ Միայն այդպիսի պաշտպանության դեպքում է հնարավոր գիտական ներուժի եւ սթարթափերի ներուժի համախմբումը, գաղափարների գեներացումը եւ դրանք համընդհանուր օգտագործման ներկայացնելը»,—ամփոփեց Մհեր Գրիգորյանը։
Գաղտնիք չէ, որ ՌԴ—ն լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, ինչը ԵԱՏՄ երկրների շրջանում մտահոգություններ է առաջացնում։ Տիգրան Սարգսյանին հետաքրքիր էր այս մասով լսել Գեորգի Կալամանովի տեսակետը, ով ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի տեղակալն է։ Դատելով Կալամանովի խոսքերից՝ այո, մտահոգություն կա, բայց սարսափելի բան չկա. «Մենք սկզբունքորեն ձեւավորել ենք արտահանման օժանդակության կենտրոնը։ Սա մի համակարգ է, որ կարող է առաջ մղել մեր ապրանքները»։
Ի դեպ, երեկ բանախոսները նիստերից դուրս առանձին չխոսեցին (մամուլի միջոցներին մոտենալու ժամերը չհաշված)՝ ձեւաչափից դուրս չխոսելու պայմանավորվածության համաձայն։ Նրանց տրված իմ հարցադրումները, որ, այսպես ասած, արագ քայլքի ընթացքում էին, կրկնվեցին, ասվեց այն, ինչ նիստերի ժամանակ։ Կալամանովը, օրինակ, ընդգծեց Հայաստանի դերը ազատ առեւտրի գոտու ծրագրի մասով (Իրանի հետ)։
Հետաքրքիր էր օրվա թեմայի շուրջ լսել Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովի տեսակետը՝ հաշվի առնելով այն, որ, ինչպես Տիգրան Սարգսյանը բնութագրեց, Հայաստանի ու Ղրղզստանի խնդիրները հաճախ նույնն են, ինչը նաեւ կապված է սոցիալական գործոնի հետ։ Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարը հիշեց, որ ԵԱՏՄ—ի ձեւավորման համատեքստում տեխնոլոգիաների մասին չէր էլ խոսվում, իսկ հիմա այդ հարցը անկյունաքարային է։ «Մեզ համար գերկարեւոր է. մենք էլ լեռնային երկիր ենք, դեպի ծով ելք չունենք, ոչ թանկ կենտրոններ էլ չենք կարողանում ստեղծել»,—ասաց Օ. Պանկրատովը՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ «առեւտրային համաշխարհային ճարտարապետությունը կարծես փլուզվում է», նոր միավորներ են ի հայտ գալիս, որոնցից մեկը ԵԱՏՄ—ն է։ Եվ միասնաբար հանդես գալու պարագայում մարտահրավերներին դիմակայելը շատ ավելի դյուրին կլինի։


Ինչպես լուծել փողի պակասի հարցը
 

Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը խոսեց ԵԱՏՄ—ում թվային դրամական շրջանառության ներդրման մասին։ Սա թույլ կտա լուծել փողի պակասի հարցը։ Եվ «ահռելի առավելություն» կստանան միության այն երկրները, որոնք դրամական շրջանառության թվային տեխնոլոգիաները առաջինը կներդնեն։ Ս. Գլազեւի խոսքով, եթե մենք կարողանանք դրամի մակնշում անցկացնել ազգային արժույթների մակարդակում, ապա դրամական հոսքերի զարմանալի հնարավորություններ կբացվեն (հոսքերի կառավարման մասին է խոսքը)։
ՌԴ նախագահի խորհրդականը խոսեց նաեւ փողերի թիրախային լինելու մասին. «Դրանք թիրախային կլինեն, եթե արդյունաբերական կոոպերացիայի ընդլայնման համար արտոնյալ վարկեր տալու, ինովացիաները խթանելու ցանկություն կա»։ Իսկ թվային տեխնոլոգիաների միջոցով կհասնեն փողի օգտագործմանը հենց նշյալ նպատակներով։ Եվ այս դեպքում այդ փողերը արտասահմանյան արժույթի չեն փոխվի, օֆշորներ դուրս չեն բերվի։


Ոլորտ, որտեղ Հայաստանը «բարձր զարգացած է»
 

Ի միջի այլոց, տեխնոլոգիաների ոլորտում կան հատվածներ, որտեղ Հայաստանը դեռ խորհրդային տարիներին առաջատար է եղել ու կարող է դեռ չկորցնել իր հնարավորությունները։ Լրագրողների հետ ճեպազրույցում Ս. Գլազեւը ընդգծեց, որ Հայաստանը կարող է ԵԱՏՄ—ում վերականգնել առաջատարությունը սարքաշինության եւ հաշվիչ տեխնիկայի ոլորտում։ Տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ էլ եւ ընդհանրապես նա կարեւորեց կոոպերացիոն հարցերը։ «Հարկ է մտածել այն մասին, որ ընդհանուր շուկայում մեր ապրանքները լինեն, ընդ որում՝ ոչ միայն հումքային, այլեւ եւ առաջին հերթին բարձր ավելացված արժեքով տեխնոլոգիական ապրանքներ»,–նշեց Գլազեւը։
Հայաստանը այս՝ կոոպերացիոն հարցերի առումով էլ փորձ ունի. Հայաստանում տասնամյակներ շարունակ ձեւավորվել է սարքաշինության, հաշվիչ տեխնիկայի, բարդ բարձր տեխնոլոգիական մեքենաշինության բազա, եւ սա դեռ խորհրդային տարիներին հիմնվել է վիթխարի կոոպերացիայի վրա, որին մասնակցել են հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր ձեռնարկություններ։ «Հայաստանն իրավամբ համարվում է հետխորհրդային տարածքում բարձր զարգացած երկիր,–շեշտեց ՌԴ նախագահի խորհրդականը,–եւ ուրախալի է տեսնել, որ Հայաստանի այս մասնագիտացումը այսօր վերականգնվում է»։ Ս. Գլազեւն ասաց, որ հայկական ձեռնարկությունները ակտիվ գործակցում են «Ռոստեխ» կորպորացիայի հետ։ «Ռոստեխը» միավորում է Ռուսաստանի մեծ թվով բարձր տեխնոլոգիական մեքենաշինական ձեռնարկությունների։ Սա հայկական տնտեսության վերելքի համար մեծ հնարավորություն է։


Եթե տեխնոլոգիա, ապա կիբերհանցագործություն, ուրեմն...
 

Լրագրողները երեկ հնարավորություն ունեցան լսելու նաեւ ԱՄՆ նախագահի՝ կիբերանվտանգության գծով խորհրդականին՝ Ռուդոլֆ Ջուլիանիին։
Տիգրան Սարգսյանի հարցին, թե ԵԱՏՄ—ի եւ ԱՄՆ—ի միջեւ կիբերանվտանգության ապահովման հարցում համագործակցության ի՞նչ հնարավորություններ կան, Ռուդոլֆ Ջուլիանին նշեց. «Չեմ կարող ասել՝ այն կա՞, թե՞ չկա, սակայն ակնհայտ է պատրաստակամության բացակայությունը։ Այնուամենայնիվ, ոչ մի վտանգ չեմ տեսնում, եթե կիսվենք կիբերանվտանգության ոլորտում գաղտնիքներով»։
Կիբերանվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդականը լինելով՝ անկեղծացավ. «Կիբերհանցագործությունները ավելի կտարածվեն ամբողջ աշխարհում, եւ անհրաժեշտ է հասկանալ, որ դրա դեմ պայքարում 100 տոկոսանոց արդյունքի հնարավոր չէ հասնել։ Եթե ինչ—որ մեկը ձեզ կտա այդ արդյունքին հասնելու երաշխիքը, ուրեմն ճիշտ չի ասում։ Մեր աշխարհում տեխնոլոգիաները դեռ չեն հասել այն մակարդակին, որ կիբերտիրույթում հաղորդակցությունը 100 տոկոսով անվտանգ լինի»։
Ավելին՝ Ռուդոլֆ Ջուլիանին հավելեց նաեւ, թե կասկածում է, որ գիտության զարգացումը երբեւէ կարող է հանգեցնել 100 տոկոսանոց անվտանգության։ Ու դա շատ պարզ բացատրություն ունի։ Ինչքան էլ տեղեկությունը սահմանափակ եւ անվտանգ լինի, միշտ էլ կգտնվի տեխնոլոգիաների հարցերով հանճարեղ մեկը, որ ունակ կլինի կոտրել պաշտպանության բոլոր մակարդակները։ Եվ երկրներն այլընտրանք չունեն, քան այս ոլորտում համագործակցությունը. «Հայաստանի պես փոքր երկիրն էլ չպետք է մոռանա կիբերանվտանգության մասին»։ Որովհետեւ կիբերհանցագործությունը, ըստ վտանգավորության, թիվ մեկ հանցագործությունն է։ Նա խորհուրդ տվեց մտածել ոչ թե ամեն մի գրոհ առանձին հետ մղելու մասին, այլ վտանգավոր սպառնալիքները բացահայտելու մասին («ուրվական կայքերի» միջոցով օրինակ)։ «Այնպես որ,–ամփոփեց ԱՄՆ նախագահի խորհրդականը,–եթե մի երկիր ունի արդյունավետ մշակում, ապա չպետք է վախենա այն մյուսներին հանձնելուց, որովհետեւ վաղը նրանք իրենց մշակումները կփոխանցեն ձեզ։ Միայնակ դիմակայելն անհնար է։ Եթե անվտանգության ոլորտում միշտ չէ, որ կարելի է համագործակցել, կիբերանվտանգության ոլորտում դա միակ հնարավոր տարբերակն է»։


Միասնական արժույթի մասին միայն լրագրողներն են խոսում
 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայային լրագրողները երեկ հարց ուղղեցին միասնական արժույթի մասին։ Հնարավո՞ր է ԵՄ օրինակով ԵԱՏՄ տարածքում էլ միասնական արժույթ լինի։
Ի պատասխան՝ Տ. Վալովայան ժպտաց. «Երբ խոսում են ԵՏՄ—ում միասնական արժույթի մասին, ժպտում եմ ի պատասխան, քանի որ ԵՏՄ—ում միասնական արժույթ ներդնելու մասին ոչ ոք չի խոսում, բացի լրագրողներից»։ Նա միաժամանակ հավելեց, թե թեման ներառված չէ օրակարգում, եւ դրա համար շատ պատճառներ կան, որոնցից մեկն այն է, որ «անգամ ԵՄ—ն, որում գործում է միասնական արժույթ, մանրամասն պատրաստվել է դրան»։
Փոխարենը նա խոսեց ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման մասին, որ մտադիր են նախաձեռնել մինչեւ 2025թ., եւ որ շատ հավակնոտ ծրագիր է, եւ, ընդ որում, ենթադրում է ազգային արժույթների օգտագործման ընդլայնում եւ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործում։
Ցանկացանք նաեւ ճշտել, թե Հայաստանում ներքին փոփոխությունները չե՞ն խանգարում ԵԱՏՄ աշխատանքներին։ «Հայաստանի ներկայացուցիչները շատ ակտիվ աշխատում են Եվրասիական տնտեսական միության բոլոր կառույցներում։ Որեւէ խնդիր չկա»,–եզրափակեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարարը։
Համաժողովը այսօր կշարունակի աշխատանքները։ Կխոսվի հեռանկարային գիտական մշակումների մասին։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 344 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024