ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 00:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 28 » Հայկական պատվիրակությունն ակտիվ էր ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի արդյունքները
12:27
Հայկական պատվիրակությունն ակտիվ էր ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի արդյունքները

ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Միքայել Մելքումյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել նոյեմբերի 18—21—ը Ստամբուլում կայացած ՆԱՏՕ—ի ԽՎ—ի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։
Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ պատվիրակությունն ակտիվ մասնակցել է տարեկան նստաշրջանի աշխատանքներին, հարցադրումներով եւ առաջարկներով հանդես եկել հանձնաժողովներում եւ լիագումար նիստում։
Նիստում քննարկվել եւ ընդունվել է 6 բանաձեւ, հավանության է արժանացել 16 զեկույց, որոնք հիմնականում վերաբերել են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության տարբեր խնդիրների։ Խոսելով քննարկված հարցերի վերաբերյալ՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ այս նստաշրջանի ընթացքում ելույթներ են ունեցել նաեւ Թուրքիայի մի շարք պաշտոնատար անձինք՝ արտաքին գործերի նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, արդարադատության նախարարը, գիտության եւ տեխնոլոգիայի նախարարը եւ այլն։ Նրանց ելույթներին հաջորդել են հարցուպատասխանի ձեւաչափով քննարկումները, որոնց ընթացքում հայ պատվիրակները հնչեցրել են որոշակի հարցեր, ներկայացրել իրենց մտահոգությունները։ Պարոն Նահապետյանը նշել է, որ ՆԱՏՕ—ի ԽՎ—ի կանոնակարգով սահմանված ձեւաչափը հնարավորություն չի տվել հանդես գալ ելույթներով եւ ներկայացնել տեսակետներ։
Պարոն Նահապետյանը նաեւ տեղեկացրել է, որ ՆԱՏՕ—ի ԽՎ—ի նոր նախագահ է ընտրվել իտալացի պատվիրակ Պաուլո Ալին, ում հետ հայկական պատվիրակության անդամներն ունեն երկարատեւ եւ արդյունավետ համագործակցություն։
Պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Միքայել Մելքումյանը ներկայացրել են ՆԱՏՕ—ի ԽՎ—ի ոլորտային հանձնաժողովներում իրենց կատարած աշխատանքը, անդրադարձել քննարկված հարցերին, Թուրքիայի տնտեսական եւ ներքաղաքական իրավիճակին, Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո քաղաքացիների եւ պատգամավորների ձերբակալություններին, դրանց վերաբերյալ մի շարք եվրոպացի պատվիրակների բացասական գնահատականներին։ Ըստ այդմ, եվրոպացի պատվիրակներից ոմանք Թուրքիայում տեղի ունեցած այդ գործընթացները որակել են որպես ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունեցող գործողություններ։
Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին։
ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի ավարտված նստաշրջանում հայ պատվիրակները անհարմար ու ծիծաղելի դրության մեջ են դրել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուին, ով լիագումար նիստի ընթացքում զեկույցով հանդես գալուց հետո պատասխանել է պատգամավորների հարցերին։ Կորյուն Նահապետյանը նշեց, որ իր զեկույցի ընթացքում Չավուշօղլուն խոսել է սառեցված հակամարտությունների մասին եւ անդրադարձ կատարել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ 
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարի զեկույցից հետո պատգամավորներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղելու նրան։ Ես իմ հարցը սկսեցի նրանից, որ Թուրքիան շարունակում է բացասական ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Այնուհետեւ հարց եմ ուղղել տարբեր ահաբեկչական խմբավորումների հետ Թուրքիայի ունեցած կապերի մասին։ Թուրքիայի արտգործնախարարը իմ հարցերին տվեց ջղագրգիռ պատասխաններ։ Ըստ էության, որեւէ հստակ պատասխան չտալով իմ հարցադրումներին՝ նա հակահարձակման անցավ։ Նա սկսեց հայերին մեղադրել անարդար եւ անազնիվ լինելու մեջ, այնուհետեւ անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, թե հայերը ողջ աշխարհով սուտ տեղեկություններ են տարածում։ Չավուշօղլուն հիշեցրեց, որ Թուրքիան հանդես է եկել առաջարկով՝ ձեւավորել պատմաբաններից բաղկացած հանձնաժողով այդ հարցն ուսումնասիրելու համար»,–մանրամասնել է Նահապետյանը։
Պատգամավորը հավելել է, որ այդ պահին ինքն արձագանքելու իրավունք չուներ, սակայն Չավուշօղլուին պատասխանել է հաջորդ օրը պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին հարց տալու իրավունք է ստացել։ «Ես հստակ ներկայացրեցի, թե քանի երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ ասացի, որ այդ հարցն ուսումնասիրության կարիք չունի, եւ որեւէ հանձնաժողով ձեւավորելու անհրաժեշտություն չկա»,–ասել է Նահապետյանը։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցից հետո այնքան է խառնվել, որ սկսել է պատմել, թե ինչու է ինքը որոշել դիվանագետ դառնալ։ «Այստեղ մատնանշվեց ԱՍԱԼԱ—ն, թե այդ կազմակերպության կողմից ժամանակին կատարվել են գործողություններ, որոնց արդյունքում տուժել են թուրք դիվանագետներ։ Նա հիշեց, որ մայրը իրեն կոչ է արել չդառնալ դիվանագետ, որովհետեւ կարժանանա նույն ճակատագրին, եւ ինքն այսպես, չանսալով մոր հորդորներին, ամեն դեպքում որոշել է դառնալ դիվանագետ։ Այդ պահին սրահում ծիծաղելի իրավիճակ առաջացավ, բոլորը հասկացան, թե ինչ է տեղի ունենում։ Նա չէր կարողանում մեր պնդումներին եւ հարցադրումներին հստակ պատասխաններ տալ եւ հակահարձակման էր փորձում անցնել»,–ընդգծել է Նահապետյանը։
Հայկական պատվիրակության ղեկավարը Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հարց է հղել Սիրիայում եւ Իրաքում Թուրքիայի գործողությունների, ահաբեկչական խմբավորումների հետ կապերի վերաբերյալ, ինչին հետեւել է վերջինիս ջղագրգիռ պատասխանը, թե հայ պատվիրակը սուտ տեղեկություններ է տարածում, քանի որ հստակ ապացույցներ չկան, որ Թուրքիան կապեր ունի ահաբեկչական խմբավորումների հետ։ Նա նաեւ սկսել է հայերին մեղադրել ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունենալու մեջ։
Նստաշրջանի ընթացքում դաշինքի գլխավոր քարտուղարը հստակ պատասխան է տվել ադրբեջանցի պատվիրակի հարցին, ով փորձել է ԼՂ հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային խնդիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ադրբեջանցիները ողջ նստաշրջանի ընթացքում փորձել են տպավորություն ստեղծել, թե ԼՂ հակամարտությունը Հայաստանի, եւ Ադրբեջանի միջեւ տարածքային հակամարտություն է եւ այդ մասին պատվիրակներից մեկը հարց է հղել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ «ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի պատասխանը շատ հստակ էր։ Նա նշեց, որ ՆԱՏՕ—ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չի փոխվել։ ՆԱՏՕ—ն հակամարտության կարգավորմանը որեւէ մասնակցություն չունի, ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով ընթացող գործընթացը»,–ասել է Նահապետյանը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարն առաջին անգամ ընդգծել է, որ ՆԱՏՕ—Հայաստան եւ ՆԱՏՕ—Ադրբեջան հարաբերությունները որեւէ կերպ պայմանավորված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։ «Սա հստակ դիրքորոշում էր։ Գլխավոր քարտուղարի պատասխանը հստակ էր եւ սպառիչ»,–ընդգծել է Կորյուն Նահապետյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պատվիրակությունը հանձնաժողովների նիստերի ժամանակ էլ փորձեր է ձեռնարկել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածել։ Բանաձեւերի նախագծերից մեկում Ադրբեջանի պատվիրակությունն առաջարկել է ագրեսիայի եւ տարածքային ամբողջականության ձեւակերպումներում ներառել նաեւ Ադրբեջանը որպես տուժած պետություն։ «Սրա կապակցությամբ մեր գլխավոր զեկուցողի պարզաբանումներից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ նման ձեւակերպումը ուղղակի խաթարելու է իրավիճակը եւ կարող է առաջ բերել մոտեցումներ, որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,–մանրամասնել է Նահապետյանը՝ հավելելով, որ բոլոր պատվիրակների կողմից Ադրբեջանի պատվիրակության առաջարկը մերժվել է։
Միքայել Մելքումյանը մանրամասներ է ներկայացրել վեհաժողովի անվտանգության եւ էկոնոմիկայի հանձնաժողովի նիստից։ Նիստին մասնակցել է նաեւ Թուրքիայի փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Մեհմեդ Շիմշեքը, որին հայ պատգամավորը հարց է ուղղել։ Պատգամավորն ընդգծել է, որ Շիմշեքը հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է Թուրքիայում տնտեսական բարեփոխումների գործընթացը։
«Ես հարց ուղղեցի, թե ինչպե՞ս ստացվեց, որ մի երկիր ապրում է բարեփոխումներ, բայց 1993 թվականից հայ—թուրքական սահմանը փակ է։ Հարցրեցի՝ ինչպե՞ս են դա գնահատում, ապա խոսեցի այն մասին, որ այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Թուրքիան ոչ միայն հստակ իրավական եւ քաղաքական գնահատական չտվեց այդ գործընթացին, այլեւ սադրիչ եւ միակողմանի գնահատականներ հնչեցրեց։ Երրորդ հարցս վերաբերում էր նրան, որ օբյեկտիվորեն այսօր Թուրքիայի տնտեսությունը քայքայվում է։ Միայն ռուս—թուրքական ժամանակավոր կոնֆլիկտի ընթացքում ամբողջ տեքստիլ արտադրությունը, գյուղատնտեսությունը ուղղակի սթրեսային կազմալուծված վիճակում հայտնվեցին»,–ներկայացրել է Մելքումյանը։
Պատգամավորն ընդգծել է, որ ի պատասխան իր հարցերի՝ Շիմշեքը միայն նշել է, որ Ղարաբաղի նկատմամբ իրենք առանձնահատուկ մոտեցում ունեն։ Միքայել Մելքումյանը հաջորդ օրը նույն հարցերն ուղղել է Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարար Ֆարուք Օզլուին, ով նույնպես չի պատասխանել իր հարցերին։
 

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 285 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024