Հայոց
ցեղասպանության ճանաչման գործընթացն ընթացքի մեջ է, և այն կանգնեցնել
հնարավոր չէ: Այսօր այս կարծիք է հայտնել Սևծովյան- Կասպյան տարածաշրջանի
քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր
Զախարովը` Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող
օրինագծի ընդունման կապակցությամբ Մոսկվայում հրավիրված կլոր սեղանի
ընթացքում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը :
«Սա միտում է, ի դեպ` քաղաքական: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այլ
երկրների իշխանություններն էլ ճանաչեն ցեղասպանությունը: Իսկ դա անպայման
տեղի կունենա»,- ասել է փորձագետը:
Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի
հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը կարծիք է հայտնել, որ
«մի քանի ամսից ճանաչման գործընթացը կկայունանա»:
«Թուրքիայի համար շատ կարևոր են Ֆրանսիայի և ընդհանրապես Արևմուտքի հետ
հարաբերությունները, այդ իսկ պատճառով այն քայլերը, որոնք քննարկում են
թուրք գործիչները` ընդհուպ Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունների
կարգավիճակի իջեցում և թուրքական օդային տարածքով ֆրանսիական օդանավերի
թռիչքի արգելքը, հաշվարկված է ներքին լսարանի համար»,- ասել է նա:
Արեշևի խոսքով, եթե Թուրքիան պատրաստվում է արևմտյան կանոններով խաղալ, ուրեմն թուրք գործիչներն էլ պետք է առաջնորդվեն դրանցով:
ИТАР-ТАСС-ի տեղեկացմամբ՝ փորձագետները նաև առաջարկել են Ցեղասպանության
թանգարան հիմնել Մոսկվայում: Ինչպես նշել է Հայոց ցեղասպանության
թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, «հայերի ցեղասպանությունից
բացի, այստեղ պետք է ներկայացվեն մարդկության դեմ կատարված բոլոր
ոճրագործությունները»: «Միայն այդ դեպքում այս գաղափարը լիարժեք կդառնա»,-
ասել է Դեմոյանը:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի վերին պալատը` Սենատը, հավանության է
արժանացրել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը: 2001 թվականին
Ֆրանսիան համապատասխան օրենքով ընդունել է նաև Հայոց ցեղասպանության
իրողությունը: